ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«07» մարտի 2025 թ. |
N 31-Ն |
ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒՅԹԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՎԱՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1․ Հաստատել առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների ու հավաքածուների թվայնացված տեղեկույթի ստեղծման, վարման, օգտագործման և տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար՝
3/7/2025 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի մարտի 7-ի N 31-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒՅԹԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՎԱՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակում (այսուհետ՝ առարկայացուցակ) ընդգրկված թանգարանային առարկաների ու հավաքածուների թվայնացված տեղեկույթի ստեղծման, վարման, օգտագործման և տրամադրման հետ կապված գործընթացները:
2. Առարկայացուցակի թվայնացված տեղեկույթը պետական, համայնքային, հավատարմագրված ոչ պետական թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված՝ հավաքածու ունեցող ոչ պետական թանգարանների թանգարանային առարկաների և հավաքածուների վերաբերյալ տեղեկույթն է, որը ներառված է մեկ միասնական էլեկտրոնային շտեմարանում (այսուհետ՝ շտեմարան)։
3. Առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների վերաբերյալ տեղեկույթը շտեմարանում ներկայացվելու է առարկայի և հավաքածուի նկարագրության հիմնական բնութագրիչների սահմաններում:
2․ ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒՅԹԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
4. Շտեմարանը կազմված է կենտրոնական սպասարկող հանգույցից (սերվեր), դրա ծրագրային ապահովումից և սուբյեկտների համակարգչային տեղեկատվական ցանցերին միացնող կապուղիներից (այսուհետ` կապուղի):
5. Շտեմարանի կենտրոնական սպասարկող հանգույցն ունենալու է թանգարանային առարկաների և հավաքածուների վերաբերյալ ստացված տեղեկույթը միասնական ձևաչափին համապատասխանեցնող և սպասարկող ծրագրեր ու համապատասխան գործիքներ:
6. Պետական, համայնքային, հավատարմագրված ոչ պետական թանգարանները և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված՝ հավաքածու ունեցող ոչ պետական թանգարանները յուրաքանչյուրն իր մասով ստեղծում է առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների մասին թվայնացված տեղեկույթ և ներմուծում շտեմարան:
7. Շտեմարանում թվայնացված տեղեկույթը ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) վարձակալած կապուղով:
8. Թվայնացված տեղեկույթը ստեղծվում է հետևյալ բնութագրիչներով`
1) թեմատիկ պատկանելությունը և դասակարգումը (թեման, ենթաթեման, տեսակը` ըստ շտեմարանի ծրագրի ընտրանու).
2) անվանումը (անունը, վերնագիրը, խորագիրը).
3) ստեղծողի (ստեղծողների` հեղինակի, վարպետի, կազմողի, գրչի, ծաղկողի, պատվիրողի կամ ստացողի, կատարողի, թարգմանչի, սցենարի հեղինակի, բեմադրող ռեժիսորի, օպերատորի, նկարչի, հնչյունային օպերատորի, պրոդյուսերի, բանասացի, գրառողի և ուրիշների) անունը, ազգանունը, ծածկանունը (եթե այդպիսիք կան) կամ արտադրողի անվանումը.
4) ստեղծման կամ արտադրման վայրը.
5) ստեղծման կամ արտադրման ժամանակը (թվագրումը).
6) նյութը.
7) չափսը (քաշ, ծավալ, էջ, սյունակ, տող, լայնություն, երկարություն (մետրաժ) և այլն` ըստ արժեքի առանձնահատկությունների).
8) քանակը (բաղադրիչները` լրակազմ, ներդիրներ, պատկերներ, ձևավորման և զարդարման տարրեր, մասեր և այլն` ըստ արժեքի առանձնահատկությունների).
9) նկարագրությունը (բնութագրում, բովանդակություն, լեզու, գրային կամ թվային կամ պատկերային նշումներ ու նշաններ, ձևավորումը` նկարներ, պատկերներ, խորաններ, կիսախորաններ, ճակատազարդեր, զարդագրեր, լուսանցազարդեր, գույներ, գունային լուծումներ և այլն` ըստ արժեքի առանձնահատկությունների).
10) պատրաստման (ստեղծման) տեխնիկան (տեխնոլոգիա, գրատեսակ, ժապավենի տեսակ և այլն` ըստ արժեքի առանձնահատկությունների).
11) վիճակը.
12) պատկերը կամ լուսանկարը (տպագրման համար ոչ պիտանի խտությամբ, ձեռագրերի և ձայնագրությունների դեպքում` ընտրովի հատված կամ կադր, իսկ գրքերի դեպքում` տիտղոսաթերթ).
13) պետական, համայնքային, հավատարմագրված ոչ պետական թանգարանի և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված՝ հավաքածու ունեցող ոչ պետական թանգարանների տառային պայմանանիշը (շիֆր) և հաշվառանիշը (գույքահամար):
3. ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒՅԹԻ ՎԱՐՈՒՄԸ
9. Շտեմարանը վարում է նախարարությունը: Շտեմարանի վարումն իրականացվում է անվճար սկզբունքով:
10. Շտեմարանը գործում է շուրջօրյա` ապահովելով պահպանվող տեղեկույթի անվտանգությունն ու պետական, համայնքային, հավատարմագրված ոչ պետական թանգարանների հետ անխափան կապը:
11. Պետական, համայնքային, հավատարմագրված ոչ պետական թանգարաններից և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված՝ հավաքածու ունեցող ոչ պետական թանգարաններից վերցված տեղեկույթը շտեմարանում մշակվելուց և համակարգվելուց հետո անվտանգության նպատակով վերարտադրվում ու պահպանվում է համապատասխան կրիչների վրա անժամկետ:
12. Շտեմարանի թվայնացված տեղեկույթն այցելուների համար պետք է դիտելի լինի համապատասխան կայքէջի միջոցով:
13. Նախարարությունը պետական, համայնքային, հավատարմագրված ոչ պետական թանգարաններում և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված՝ հավաքածու ունեցող ոչ պետական թանգարաններում իրականացնում է մոնիթորինգ:
14. Շտեմարանում ընդգրկված հավատարմագրված ոչ պետական թանգարանի կամ Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված հավաքածու ունեցող ոչ պետական թանգարանի թանգարանային առարկաների և հավաքածուների (ամբողջական կամ առանձին) թվայնացված տեղեկույթը կարող է հանվել շտեմարանից սեփականատիրոջ կամ հիմնադրի որոշմամբ` այդ մասին նախապես գրավոր տեղեկացնելով նախարարությանը:
4․ ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
15. Շտեմարանի թվայնացված տեղեկույթը կարող է օգտագործվել միայն որպես տեղեկույթի և ճանաչողության աղբյուր:
16. Բացառությամբ «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքով նախատեսված դեպքերի, արգելվում է շտեմարանի տեղեկույթի օգտագործումը գովազդային նպատակով և որպես խորհրդանիշ՝ հուշանվերների կամ այլ ապրանքների արտադրության համար:
17. Շտեմարանի թվայնացված տեղեկույթն այլ նպատակներով (գիտահետազոտական, հրատարակչական) օգտագործումը կարգավորվում է դրանք պահպանող կազմակերպությունների հետ` վերջիններիս կողմից ներկայացվող պայմաններով և փոխադարձ համաձայնությամբ:
18. Շտեմարանի թվայնացված տեղեկույթը վարողը կարող է տրամադրել միայն առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաներն ու հավաքածուները պահպանող կազմակերպությունների հետ համաձայնեցման դեպքում:
19. Բացառիկ դեպքերում շտեմարանի թվայնացված տեղեկույթը կարող է տրամադրվել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2025 թվական:
