ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«07» փետրվարի 2025 թ. |
N 18-Ն |
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանության և ժամանակավոր պահպանության ընթացակարգը և պայմանակարգը՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 1 ամիս հետո:
Նախարար՝
2/7/2025 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի փետրվարի 7-ի N 18-Ն հրամանի |
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԿԱՐԳ
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում է թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանության և ժամանակավոր պահպանության ընթացակարգի և պայմանակարգի հետ կապված հարաբերությունները:
2. Թանգարանային առարկաները և հավաքածուները թանգարանում պահպանվում են անժամկետ, եթե սահմանված չեն այլ ժամկետային պայմաններ:
3. Թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանությունն իրականացվում է հատուկ այդ նպատակով առանձնացված տարածքում՝ պահոցում:
4. Պահոցը պետք է համապատասխանի թանգարանային առարկաները և հավաքածուները բոլոր տեսակի ռիսկերից պաշտպանման և վտանգների կանխարգելման պայմաններին և ապահովված լինի թանգարանի հավաքածուին համապատասխան գիտականորեն հիմնավորված պահպանության հատուկ պայմանակարգով (այսուհետ՝ ռեժիմ):
5. Թանգարանային առարկաների և հավաքածուների ցուցադրության մեջ օգտագործման ժամանակ գործում է սույն կարգով սահմանված պահպանության հատուկ ջերմախոնավային, լուսային, օդի աղտոտվածության և կենսաբանական ռեժիմները:
2. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱԽՈՆԱՎԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ
6. Թանգարանային առարկաների և հավաքածուների պահոցներում (այսուհետ՝ պահոց) և թանգարանի ցուցասրահներում (այսուհետ՝ ցուցասրահ) արգելվում են ջեռուցման ընդհատումները և ջերմաստիճանի ու օդի խոնավության կտրուկ տատանումները:
7. Պահոցում և ցուցասրահում տարբեր նյութերից բաղկացած թանգարանային առարկաների համալիր պահպանության դեպքում օդի ջերմաստիճանը պետք է լինի 18+/-1 աստիճան C, իսկ օդի հարաբերական խոնավությունը՝ 55% +/- 5%:
8. Թանգարանային առարկաների և հավաքածուների տարբեր խմբի նյութերի ջերմախոնավային ռեժիմի թույլատրելի չափանիշներն են՝
Նյութ |
Ջերմաստիճանը C-ով |
Խոնավությունը %-ով |
մետաղ |
+ 18 - + 20 |
մինչև 50 |
ապակի, արծն, խեցեղեն |
+ 12 - + 20 |
55-65 |
կիսաթանկարժեք քարեր |
+ 15 - + 18 |
50-55 |
փայտ |
+ 15 - + 18 |
50-60 |
գործվածք |
+ 15 - + 18 |
55-65 |
կաշի, մագաղաթ, մորթի |
+ 16 - + 18 |
50-60 |
ոսկոր, եղջյուր, կրիա |
+ 14 - + 15 |
55-60 |
թուղթ |
+ 17 - + 19 |
50-55 |
գեղանկար |
+ 12 - + 18 |
60-70 |
սև-սպիտակ լուսանկար |
+ 12 |
40-50 |
գունավոր լուսանկար |
+ 5 |
40-50 |
9. Օդորակիչների և ջերմակարգավորման սարքերի բացակայության դեպքում՝ ջերմախոնավային թույլատրելի սահմաններն են 50-65%-ը, իսկ ջերմաստիճանը՝ 18-20 աստիճան C:
10. Օդի հարաբերական խոնավության օրական տատանումները չպետք է գերազանցեն 5 %-ի սահմանները:
11. Անագե առարկաների, ֆորմալինի պատրաստուկների պահպանումը թույլատրելի է ջերմաստիճանի +18 աստիճան C-ի սահմանում: Անագախտով վարակված առարկաները անհապաղ մեկուսացվում են +20 աստիճան C-ից ոչ ցածր ջերմաստիճան ունեցող տարածքում:
12. Մոմից և ծեփամածիկից (պլաստիլին) առարկաների պահպանման համար օդի թույլատրելի ջերմաստիճանը չպետք է գերազանցի +25-ը և չպետք է ցածր լինի +16 աստիճան C-ից:
13. Մետաղյա, ապակյա և արծնե առարկաների համար օդի թույլատրելի խոնավությունը չպետք է գերազանցի 40%-ը:
14. Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և սաթե զարդերի պահպանումը արգելվում է չջեռուցվող տարածքներում կամ 0 աստիճան C-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում:
15. Մետաղյա համաձուլվածքից թանգարանային առարկաների և հավաքածուների կայուն պահպանման համար պետք է ապահովվի 37% հարաբերական խոնավություն:
16. Թանգարանային առարկաների և հավաքածուների ճիշտ պահպանության համար պահոցներում և ցուցասրահներում ջերմաստիճանի և խոնավության գրանցման համար պետք է տեղակայել խոնավաչափ և ջերմաչափ կամ ինքնագրող ջերմաչափ կամ խոնավաչափ: Ջերմաստիճանի և խոնավության ցուցանիշները գրանցվում են պահոցի ավանդապահի կողմից ջերմաստիճանի և խոնավության տվյալների գրանցման համար նախատեսված մատյանում` օրը երկու անգամ, նույն ժամերին:
17. Պահոցներում օդի չափից ավելի չորության դեպքում կիրառվում են օդը խոնավեցնող սարքեր, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ջրով լցված բաց անոթներ` դրանք դնելով ջեռուցման մարտկոցների կամ սարքերի մոտ:
18. Բարձր խոնավություն ունեցող պահոցներում անհրաժեշտ է ուժեղացնել ջեռուցումը, իսկ բարենպաստ եղանակային պայմաններում` ակտիվացնել օդափոխությունը:
19. Չջեռուցվող պահոցներում և ցուցասրահներում խոնավությունից պաշտպանվելու համար կիրառվում է տարածքը հաճախ օդափոխելու հետևյալ սկզբունքները՝
1) оդափոխությունը իրականացվում է պարզ օրերին, երբ դրսի օդի և տարածքի ներսի ջերմաստիճանների միջև կտրուկ տարբերություն չկա.
2) оդափոխության ժամանակ տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացումն ու իջեցումը չպետք է գերազանցի 2 աստիճանը.
3) չջեռուցվող տարածքներում գարնանը պետք է դրսի ու ներսի ջերմաստիճանն աստիճանաբար հավասարեցնել:
20. Օդափոխության ժամանակ օդային հոսանքները չպետք է գերազանցեն 0,1 մ/վ-ը:
21. Թանգարանային կահույքը պահոցներում և ցուցադրությունում պետք է դասավորել այնպես, որ չխանգարի օդաշրջանառությանը:
22. Աշնանային օդափոխությունը թույլատրվում է իրականացնել տաք եղանակային օրերին, երբ դրսի ջերմաստիճանը մոտ է ներսի ջերմաստիճանին:
23. Ջեռուցման դադարեցման, վատ եղանակային պայմանների և տարածքներում օդի հարաբերական խոնավության 85 %-ից ավելի աճի դեպքերում՝ թանգարանը կրճատում է կամ լիովին դադարեցնում է այցելուների մուտքը:
24. Չջեռուցվող թանգարաններում այցելուների մուտքը թույլատրվում է միայն տարվա տաք և չոր ժամանակահատվածներում: Ջերմախոնավային ռեժիմի փոփոխությունը կատարվում է դանդաղ և աստիճանաբար:
25. Նոր թանգարանային առարկաների և հավաքածուների ընդունման դեպքում՝ իրականացվում է պահոցներում կիրառվող ռեժիմների միջին պայմաններին դրանց աստիճանական օդաընտելացում:
26. Բարձր խոնավություն ունեցող տարածքներից (օրինակ` չջեռուցվող շենքերից) թանգարանային առարկաներ և հավաքածուներ ընդունելու դեպքում՝ դրանք նախապես պահպանվում են ցածր ջեռուցման պայմաններում: Արգելվում է թանգարանային առարկաները և հավաքածուներն անմիջապես դասավորել պահարաններում, մինչև ամբողջական օդաընտելացումը:
27. Թանգարանային առարկաները և հավաքածուները մի շենքից մյուս շենք կամ այլ քաղաք տեղափոխելիս անհրաժեշտ է նախատեսել առարկաների և հավաքածուների աստիճանական օդաընտելացման հետևյալ պայմանները՝
1) թանգարանային առարկաների և հավաքածուների տեղափոխումն իրականացնել բարենպաստ եղանակային պայմանների դեպքում.
2) ջերմախոնավային ռեժիմի անկանխատեսելի և արտակարգ փոփոխության դեպքում թանգարանային առարկաները և հավաքածուները տեղափոխել այլ տարածք:
3. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ
28. Թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանությունը արևի ուղիղ ճառագայթների տակ խստիվ արգելվում է:
29. Թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանությունը և ցուցադրումը ուլտրամանուշակագույն ճառագայթներով հարուստ սառը լուսարձակման (լյումինեսցենտային) լամպերի տակ խստիվ արգելվում է: Կարելի է կիրառել միայն էլեկտրալամպեր, սակայն դրանց թիվը պետք է սահմանափակվի այնքանով, որ չառաջացնի ջերմախոնավային ռեժիմի տատանումներ:
30. Ոչ լուսադիմացկուն նյութերի (ջրաներկ, գոբելեն, տեքստիլ) համար պահպանման ամենացածր սահմանված չափը 30-50 լյուքսն է, միջին լուսադիմացկուն նյութերի (գեղանկար, փայտ, կաշի) համար սահմանված չափը` 75-150 լյուքսը, լուսադիմացկուն նյութերինը (մարմար, խեցի, մետաղ)` 200-500 լյուքսը: Թանգարանի տարածքներում ուլտրամանուշակագույն ճառագայթները լուսային հոսքերում չպետք է գերազանցեն 75 մկՎտ/լմ-ն:
31. Բնական լույսից թանգարանային առարկաները և հավաքածուները պաշտպանելու համար պահոցների և ցուցասրահների պատուհանները պետք է ապահովված լինեն հատուկ լուսացիր վարագույրներով:
32. Լույսի նկատմամբ առավել զգայուն նյութերի համար վարագույրները պետք պատրաստվեն ավելի կոպիտ և մուգ կտորներից: Լույսի ներգործման նկատմամբ առավել զգայուն թանգարանային առարկաներ և հավաքածուներ ունեցող ցուցասրահներում լրացուցիչ կիրառվում են ցանկացած դեկորատիվ կտորից, ոչ լուսաթափանց վարագույրներ:
33. Յուղաներկային և տեմպերային նկարների, ինչպես նաև ոսկրից առարկաների պահպանության համար ցերեկային ժամերին պետք է ապահովել կանոնավոր լուսավորում (բնական կամ արհեստական):
34. Սովորական էլեկտրալամպերի կիրառման դեպքում դրանք պետք է տեղակայել այնպիսի հեռավորության վրա, որպեսզի թանգարանային առարկայի վերնամասը չտաքանա:
35. Թանգարանի տարածքում կինոնկարահանման, հեռուստահաղորդումների և լուսանկարահանման ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ ջերմության նկատմամբ զգայուն թանգարանային առարկաները և հավաքածուները տաքացումից պաշտպանելու համար: Լույսի աղբյուրը թանգարանային առարկայից պետք է լինի 4 մետր հեռավորության վրա, իսկ լույսի վառման տևողության առավելագույն նվազագույն ժամանակը` 3-5 րոպեից ոչ ավելի:
4. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕԴԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄՈՒՄ
36. Պահոցների ու ցուցասրահների փոշուց մաքրումն իրականացվում է փոշեկուլի կամ կիսաչոր կտորների միջոցով։
37. Թանգարանի տարածք փոշու ներթափանցման կանխարգելման նպատակով՝ անհրաժեշտ է թանգարանի մուտքի մոտ տեղակայել այցելուների կոշիկները ցեխից մաքրելու համար մետաղական ճաղավանդակներ և խոզանակներ:
38. Ամիսը մեկ անգամ հայտարարվում է պահոցների մանրակրկիտ մաքրման օր: Ցուցադրական տարածքներում փոշուց մաքրումն իրականացվում է ամեն օր:
39. Բարդ մակերեսով թանգարանային առարկաները և հավաքածուները՝ կահույքը, քանդակը՝ հատկապես գիպսից պատրաստված, մեծածավալ խեցեղենը աղտոտումից պաշտպանելու նպատակով այցելուների համար թանգարանը փակելուց հետո անհրաժեշտ է դրանք ծածկել բամբակյա կտորներով:
40. Պահոցներում պահպանվող կահույքը, քանդակը, չջնարակված ճենապակին, հագուստը, խրտվիլակները մշտապես պետք է ծածկված լինեն բամբակե կտորով:
5. ՊԱՀՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՌԵԺԻՄԸ
41. Բորբոսի կանխարգելման հիմնական պայմանը ջերմախոնավային ռեժիմի պահպանումն է: Պահոցում և ցուցասրահներում օդի խոնավությունը չպետք է գերազանցի 65%-ը, իսկ ջերմաստիճանը՝ +25 աստիճան C-ն:
42. Բորբոսից խուսափելու համար օրգանական նյութերից պատրաստված թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանման համար նախատեսված թանգարանային կահույքը պետք է պարբերաբար մաքրել ֆորմալդեհիդի 2 %-ով սպիրտային լուծույթի մեջ թրջած մաքուր կտորով:
43. Արգելվում է թանգարանի շենքում և տարածքում կառույցի կամ ջեռուցման համակարգերի տաքացման համար տեխնիկական թաղիքների օգտագործումը:
44. Արգելվում է թանգարանի ցուցասրահներում բրդյա կտորների օգտագործումը:
45. Ոչ պակաս, քան տարին երկուսից չորս անգամ իրականացվում է թանգարանի կանխարգելիչ զննում` միջատներով վարակվածությունը որոշելու համար: Վարակ հայտնաբերելու դեպքում՝ իրականացնել շտապ ախտահանում:
46. Թանգարանային նոր առարկա կամ հավաքածու ձեռք բերելիս նախընտրելի է մուտքի փաստաթղթերում նշել առարկայի հնարավոր վարակվածության մասին: Վնասատուների բազմացման օջախ կարող են հանդիսանալ գիտարշավային նյութերը, չմաքրված ոսկորները և այլն: Այդպիսի թանգարանային առարկաները և հավաքածուներն արգելվում են պահել հիմնական հավաքածուների հետ:
47. Թանգարանային առարկաների և հավաքածուների վարակի ստուգման և ախտահանման համար թանգարանը պետք է ունենա մեկուսարան:
6. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՄԵԿ ՏԱՐԱԾՔՈՒՄ
(ՀԱՄԱԼԻՐ ՊԱՀՊԱՆՈՒՄ)
48. Թանգարանային տարբեր նյութերից պատրաստված առարկաները պետք է առանձնացվեն և պահվեն տարբեր պահարաններում, դարակներում, տուփերում և այլն:
49. Լուսավորության, խոնավության տարբեր կանոնակարգեր պահանջող (օրինակ` խեցե և ապակյա, մանր և խոշոր, փխրուն և ծանր նյութեր) առարկաների և հավաքածուների միասին պահպանումն անթույլատրելի է:
50. Համալիր պահպանման դեպքում պահոցներում և ցուցասրահներում ջերմախոնավային ռեժիմը սահմանվում է 50-65% օդի հարաբերական խոնավություն, օդի ջերմաստիճանը` +18 աստիճան C-ից ոչ ցածր:
51. Պահոցի լուսավորման համակարգը երկու ռեժիմների համար պետք է նախատեսված լինի`
1) սովորական աշխատանքային ռեժիմ` լուսավորությունը` 50-75 լյուքս
2) թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանվածությունը դիտելու ռեժիմ` 150 լյուքս:
52. Ոչ լուսադիմացկուն թանգարանային առարկաները և հավաքածուները (գործվածք, թուղթ, գիրք, լուսանկարչական նյութեր, ոչ դիմացկուն ներկերով կատարված ստեղծագործություններ և այլն) պահպանությունն իրականացվում է փակ, ոչ լուսաթափանց սարքավորումներում, եթե պահոցի ջերմախոնավային ռեժիմը բարձր կամ ցածր շեղումներ ունի, ապա ցածր խոնավության դեպքում անհրաժեշտ է օգտագործել պահոցը ընդհանուր խոնավեցնելու միջոցներ, իսկ բարձր խոնավության դեպքում չի թույլատրվում ամուր փակվող, պատերին սեղմված պահարանների տեղակայումը պահոցում: Սարքավորման և պատի միջև նվազագույն հեռավորությունը պետք է կազմի 10-15 սմ:
53. Աշխատանքային օրվա վերջում նպատակահարմար է պահարանների և դարակների դռները թողնել բացված վիճակում:
7. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՆՅՈՒԹԵՐԻ
54. Գեղանկարների պահպանությունը պահոցներում կազմակերպվում է հետևյալ ձևերով՝
1) նկարները կախվում են շարժական կեռիկներ ունեցող ամուր պարաններով կամ մետաղալարերով: Պարանի մի ծայրն ամրացվում է պատի վերևում ամրացված մետաղական ձողին, մյուս ծայրն անց է կացվում նկարի շրջանակի մեջ երկու կողմերում ներպտուտակված օղակների մեջ, այնուհետև կապվում է ձողին: Նկարները կախվում են մետաղական ցանցով ձգված շարժական և անշարժ (վահանակների շարժումը հնարավորինս քիչ տատանումներ պետք է առաջացնի) վահանակների վրա: Շարժական վահանակները լինում են երկու տեսակի` կախովի և հատակին հատուկ գծերի վրա սահող: Նկարների համար առավել նպատակահարմար են անշարժ վահանակները: Ցանցի վրա նկարների կախումը իրականացվում S-աձև կեռիկով կամ թելով.
2) նկարները չի կարելի կախել ջեռուցման սարքերի, օդանցքների, օդափոխության և այլ սարքավորումների մոտ.
3) կտավի կամ տախտակի վրա արված նկարները կարելի է պահել դարակաշարերում՝ ամեն մի ստեղծագործության համար առանձնացնելով մեկ բնիկ: Հաստ տախտակների վրա արված ստեղծագործությունների (հիմնականում հին ռուսական գեղանկարչություն) համար դարակները պետք է ունենան վանդակապատ հատակ (հիմք), որը կապահովի օդի շրջապտույտը: Ստեղծագործության կողային հարթությունը պետք է ուղղահայաց լինի ուղղորդող տախտակամածին.
4) ենթաշրջանակով նկարների համար 55-րդ կետի 3-րդ ենթակետում նշված վանդակապատ հատակին ուղղահայաց, ստեղծագործության հարթությանը զուգահեռ, պատրաստվում են ստեղծագործություններն անջատող տախտակյա հարթություններ` միջնորմներ, ինչը հնարավորություն է տալիս կանգնեցնել թանգարանային առարկաները` առանց իրար կպչելու.
5) դարակները պետք է պատրաստված լինեն չոր, չվարակված օլիֆապատ փայտից` հատակից 25 սմ բարձրությամբ: Պահոցների տարածքներում դարակների և դրանց արանքների անցումները պետք է լինեն մեկ մետրից ոչ պակաս լայնությամբ:
55. Գեղանկարների պահպանությունը գլանների վրա իրականացվում է հետևյալ պայմանների պահպանմամբ՝
1) հաստոցային գեղանկարչական ստեղծագործությունների փաթաթման գլանները պատրաստվում են չոր, միկրոօրգանիզմներով չվնասված փայտից: Գլանի տրամագիծը կարող է լինել 50 սմ և ավելի (կրկնօրինակված նկարների և կորպուսային գեղանկարների համար 70 սմ-ից ոչ պակաս): Այն գեղանկարի ներկաշերտը և հիմնաշերտը պաշտպանում է ջարդվածքներից, իսկ երկարությունը պետք է 5-10 սմ-ով գերազանցի նկարի լայնքին: Գլանի հիմնակմախքը պատվում է նրբատախտակով, իսկ վրայից փաթաթվում է թուղթը: Գլանի վերին մակերեսը պետք է լինի հարթ: Գլանի երկու ծայրերին հագցվում են ճախարակներ, որոնց տրամագիծը գլանի տրամագծից պետք է մեծ լինի այնքան, որ գլանի վրա փաթաթված նկարները կանգնեն հատակից 10-15 սմ բարձր.
2) մեկ գլանի վրա կարելի է պահպանել մի քանի նկար (10-ից ոչ ավելի): Գլանի վրա փաթաթված նկարների վնասվածքներից և դեֆորմացումից խուսափելու համար գլանը պահել միայն հորիզոնական դիրքով: Տարին երկու անգամ գլանը պետք է պտտեցնել առանցքի շուրջը 180 աստիճանով: Գլանի վրա փաթաթված մեծամասշտաբ նկարների վիճակը պետք է ստուգվի 2-3 տարին մեկ.
3) ենթաշրջանակի վրայից նկարի հանումը և գլանի վրա փաթաթումն իրականացվում է վերականգնողի կողմից կամ նրա հսկողությամբ:
56. Տեմպերայի տեխնիկայով և սոսնձման եղանակով, ինչպես նաև խառը տեխնիկայով, կավճով կատարված նկարները թույլատրվում է պահել միայն ապակեպատ վիճակում:
57. Ցուցադրություններում գեղանկարչական ստեղծագործությունները պետք է պահել ապակու տակ` հատկապես ներքևի շարքերում կախվածները: Ապակին նկարի հետ չշփվելու համար ծայրերում 2-5 մմ հաստությամբ ստվարաթղթե կամ խցանե միջադիրներ են դրվում:
58. Արգելվում է գեղանկարչական ստեղծագործությունների մաքրումը խոնավ կտորով ինչպես դիմերեսից` այնպես էլ դարձերեսից:
59. Արգելվում է կտավի վրա ինչպես դիմերեսից, այնպես էլ դարձերեսից բացատրագրեր և համարներ փակցնելը, կնիքներ, կապարակնիքներ դնելը, թանաքով, քիմիական մատիտով և ներկերով գրառումներ կատարելը:
60. Արգելվում է նկարների տեղափոխումը հատակի վրայով սահեցնելով: Դրանք տեղափոխելիս հարկ է բռնել շրջանակից կամ ենթաշրջանակի խաչակապից` չշփվելով կտավի հետ:
61. Մեծ չափսերի նկարները տեղափոխում են ուղղահայաց դիրքով` առնվազն երկու կամ մի քանի աշխատակիցների միջոցով:
8. ԹՂԹԵ ՀԻՄՔՈՎ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
62. Թղթե հիմքի վրա արված թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանման համար անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ թղթային հիմքը քայքայվում է լույսի և չոր միջավայրում: Ջրաներկերը, կեղևակտորի ներկումը և փորագրությունը, թանաքը, տպագրական մեքենաներով տպագրված տեքստերը լույսի ազդեցությամբ հեշտությամբ գունազրկվում են, մատիտով արված տեքստերն ու պատկերները, չամրացված ածուխով նկարները, գունամատիտները հեշտությամբ մաքրվում ու փշրվում են, այդ իսկ պատճառով ծայրահեղ զգայուն են ցնցումների, տատանումների, տեղափոխությունների հանդեպ:
63. Արգելվում է թղթային հիմքով թանգարանային առարկայի ճկելը (բացի ծալքերի վրա հատուկ փափուկ նյութից շերտեր ունեցող քարտեզներից, և բնական ծալք ունեցող արխիվային նյութերից), գրաֆիկական աշխատանքը խողովակաձև փաթաթելը, կոճգամներով և մեխերով ամրացնելը, հեղինակային ստորագրություններով և նշաններով դաշտերը ծալելը կամ կտրելը, ամբողջությամբ ստվարաթղթի կամ չափափոխ շրջանակն անմիջապես նկարի կամ փորագրության դաշտում սոսնձելը, գրասենյակային սոսինձ կամ գործարանային արտադրության սոսնձային ժապավեն օգտագործելը, ձկան սոսինձն անմիջապես գրաֆիկական ստեղծագործությանը քսելը:
64. Արգելվում է թղթային նյութը պահպանել բաց, անծածկ վիճակում սեղանների, դարակների վրա: Դրանք պահպանում են շարժական դարակներով փակ պահարաններում:
65. Փորագրությունները և նկարները պահպանվում են երեսի կողմը վեր` միայն հորիզոնական դիրքով ամուր կողերով թղթապանակներում (նյութապատ փայտ):
66. Մատիտանկարների թղթապանակները պետք է պահել պահարաններում` ըստ չափսերի: Արգելվում է չորսից ավելի փափուկ թղթապանակները տեղադրել մեկը մյուսի վրա:
67. Թղթապանակներում գրաֆիկական ստեղծագործությունների քանակը չպետք է գերազանցի 30 թերթը (կրկնակի չափափոխ շրջանակով կամ 45 թերթ` եզակիով): Թղթապանակներում պահպանվող թերթերը պետք է խստորեն ընտրվեն ըստ չափերի` անհավասարաչափ ճնշումից ու դեֆորմացիաներից խուսափելու համար:
68. Գունամատիտով կամ չամրացված ածուխով նկարներն անհրաժեշտ է պահպանել ապակու տակ` բացառելով ապակու անմիջական շփումը նկարի մակերեսի հետ: Գունամատիտով, ածուխով, փափուկ մատիտով արված ստեղծագործությունները մոնտաժելու համար օրգանական ապակու օգտագործումն արգելվում է:
69. Եզրագոտի կամ շրջանակ ունեցող ջրաներկերը կամ նկարները, որոնց դարակներն ունեն ուղղահայաց միջնորմներ, անհրաժեշտ է պահել հատուկ պահարաններում:
70. Փաստաթղթերը պահպանվում են պահարաններում և դարակներում՝ արխիվային կանոնների և կարգերի պահանջներին համապատասխան: Դրանք պետք պահպանվեն չեզոք թթվայնությամբ ստվարաթղթի թղթապանակներով կամ պինդ փակվող տուփերում: Փոքր փաստաթղթերը պահպանվում են սպիտակ չեզոք թթվայնությամբ թղթե ծրարներում, իսկ առավել արժեքավոր փաստաթղթերը ` պահպանման հատուկ ռեժիմ ապահովող չհրկիզվող պահարաններում:
71. Ձեռագիր գրքերը (մագաղաթի, պերգամենտի կամ թղթի վրա) պահպանվում են լույսից ու փոշուց պաշտպանված հատուկ պահարաններում` հին տպագիր գրքերից առանձին: Հնամաշ ձեռագրերը կամ տպագիր գրքերը պահպանվում են ծածկաշապիկներով կամ հատուկ տուփերում:
72. Թղթագալարները պահվում են հատուկ թղթապանակներում` հորիզոնական դիրքով կամ գլանակների վրա փաթաթված պատյանում:
73. Ձեռագրերի և հին տպագիր գրքերի, պատվոգրերի, թղթագալարների և առանձնակի արժեքավոր փաստաթղթերի պահպանությունն իրականացնելու նպատակով՝ անհրաժեշտ է ստեղծել դրանց վերարտադրությունները (էլեկտրոնային տարբերակ, միկրոֆիլմ, լուսանկար, մուլյաժ), որոնք կփոխարինեն բնօրինակին գիտական ուսումնասիրությունների և ցուցադրության կազմակերպման ժամանակ:
74. Թղթային նյութերի, գրքերի կամ ձեռագրերի թղթապանակների պահպանման պահարանների և տուփերի օդափոխությունն անհրաժեշտ է իրականացնել շաբաթը մեկ անգամ` արկղները, ցուցափեղկերը բաց պահելով 5-6 ժամ, հնարավորության դեպքում` ամբողջ օրը: Պահոցը պետք է սարքավորված լինի ներհոսող-քաշող օդափոխության համակարգով:
9. ԳՈՐԾՎԱԾՔԵ, ԿԱՇՎԵ, ՈՍԿՐԵ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
75. Գործվածքի քայքայման հիմնական պատճառ են հանդիսանում վառ լույսը, արևային ճառագայթները, ոչ բնականոն ջերմախոնավային ռեժիմը, բորբոսասնկերը, միջատները, փոշու և օդի գազային խցանիչների ներգործությունը:
76. Արգելվում է գործվածքի պահպանման համար նախատեսված ցուցափեղկի, կոմոդի, պահարանի և արկղի երեսապատումը բրդյա գործվածքով:
77. Հագուստը պահվում է պահարաններում` մանեկենների կամ կախիչների վրա: Մարգարտով և թանկարժեք քարերով հագուստը պահվում է ծածկոցով` զարդերի կորստից խուսափելու համար:
78. Գլխարկը պահպանվում է փայտե, ստվարաթղթե կամ օրգանական ապակուց կաղապարների վրա կամ լցոնվում է միկալենտ թղթով` ձևը փոփոխության չենթարկելու համար: Գլխարկները անհրաժեշտ է պահպանել առանձին՝ ստվարաթղթից անհատական տուփում:
79. Գորգը ու կարպետը պահպանվում են հետևյալ պայմաններում՝
1) գլանի վրա` երեսամասով դեպի ներս փաթաթած, գլանի տրամագիծը պետք է լինի 10 սմ-ից ոչ պակաս.
2) պառկած դիրքով պահելու դեպքում գլանը հենման համար պետք է ունենա կտրվածքներով կամարակալ.
3) գլանի կամարակալի տրամագիծը պետք է 5 սմ-ով գերազանցի գլանի վրա փաթաթած գորգի տրամագծին.
4) գորգերով գլանները բարձակների վրա տեղադրման դեպքում գլանները կամարակալ չեն ունենում.
5) գորգերն ու կարպետները գլանների վրա պահպանելու անհնարինության դեպքում անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ դրանք վերադասավորել` փոփոխելով ծալատեղերը:
80. Դրոշները պահվում են բռնակոթի վրա փաթաթած, ծածկաշապիկի մեջ: Բացառություն են այն դրոշները, որոնց վրա պատկերներն ու ստորագրությունները կատարված են ներկերով: Դրանք պահվում են հորիզոնական դարակներում:
81. Ոսկյա, արծաթյա, մարգարտյա և այլ ռելիեֆային ասեղնագործություններով և մորթե զարդերով առարկաները պահվում են առանձին` յուրաքանչյուրը փաթաթելով թղթով, իսկ առարկաների արանքում բամբակե խավով կտոր կամ թղթի մի քանի շերտերից միջադիրներ դնելով: Չեզոք թթվայնության թուղթը պահպանում է արծաթյա զարդերն ու ասեղնագործությունները մգացումից:
82. Անհրաժեշտ է պարբերաբար օդափոխել, մաքրել պահարանները, կոմոդները և արկղները, որտեղ պահպանվում են գործվածքները:
83. Արգելվում է կաշվե իրերի պահպանումը բնափայտից պատրաստված պահարաններում: Պահարանները թանգարանային առարկաները և հավաքածուները պետք է պաշտպանեն փոշուց ու միջատներից: Անհրաժեշտ է ստուգել և օդափոխել պահարանները տարին 2-3 անգամից ոչ պակաս:
84. Կաշվե հագուստները պահպանվում են կախիչների վրա՝ անկյուններում բամբակյա բարձիկաձև միջադիրներով: Կոշկեղենը անհրաժեշտ է պահպանել փայտե կաղապարների վրա կամ մեջը փափուկ թղթով լցոնված:
85. Ոսկորը պահպանում են ապակեպատ, փոշի չթափանցող պահարաններում:
10. ՓԱՅՏԵ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
86. Փայտե քանդակները, մեծ չափսերի արկղերը, ճախարակները և նմանատիպ այլ առարկաները և հավաքածուները պահպանվում են լինոլիումով կամ պլաստիկով պատված դարակների վրա: Փայտից փորագրությունները և նման այլ թանգարանային առարկաները և հավաքածուները պահվում են պատերին ամրացված հատուկ հենակների վրա:
87. Կահույքը պահպանվում է հետևյալ պայմաններում՝
1) դարակներում, որոնք բաժանվում են 2 հարկի՝ առաջին հարկում` խոշոր, ծանրաշարժ ու ծանր առարկաներ, իսկ ոչ մեծ չափսերի առարկաները` կահ-կարասի, սպասք, խաղալիքներ և այլն, պահպանվում են ապակեպատ պահարաններում.
2) արգելվում է կահույքի ծանր մասերը տեղաշարժելն անմիջապես հատակի վրա` ոտնակների կոտրվելուց և կարկասի տատանումներից խուսափելու համար.
3) կահույքը փոշուց և լույսից պաշտպանելու համար անհրաժեշտ է ծածկել շապիկով.
4) ցուցադրությունում գտնվող կահույքի վրայից ծածկաշապիկը հանվում է միայն ցուցասրահներն այցելուների համար բացելու ժամանակահատվածում:
88. Փայտե, այդ թվում` կոկած, փորագրված, ոսկեջրած թանգարանային առարկաների և հավաքածուների վրայից փոշու հեռացումն իրականացվում է միայն թանզիֆով փաթաթված փափկավրձինով` փոշեկուլի օգտագործմամբ:
89. Կահույքի պաստառների վրայից փոշու հեռացումն իրականացվում է փափուկ մազերով խոզանակի վերջույթ ունեցող փոշեկուլով: Այն մաքրվող մակերեսին պետք է հպվի թեթև` առանց ճնշման:
90. Արգելվում է կահույքի հնամաշ պաստառների մաքրումը փոշեկուլի միջոցով:
91. Արգելվում է փայտից առարկաներ պահպանող տարածքները միջանցիկ քամով օդափոխելը։
11․ ՃԵՆԱՊԱԿՈՒՑ, ԽԵՑՈՒՑ, ԱՊԱԿՈՒՑ, ԿՐԱՔԱՐԻՑ, ՄԱՐՄԱՐԻՑ, ԳԻՊՍԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
92. Ճենապակուց, խեցուց, ապակուց, կրաքարից, գիպսից, մարմարից և նման այլ նյութերից պատրաստված թանգարանային առարկաները և հավաքածուները պահպանվում են ապակեպատ պահարանների դարակներում հետևյալ պայմաններում՝
1) անհրաժեշտ է հետևել թանգարանային առարկաների և հավաքածուների ճիշտ դասավորությանը՝ հաշվի առնելով դրանց ճնշումը դարակների վրա.
2) առավել ծանր թանգարանային առարկաները և հավաքածուներն անհրաժեշտ է դասավորել ներքևում.
3) թանգարանային առարկաները դասավորելու համար նախընտրելի են փայտե դարակները.
4) թանգարանային առարկաները և հավաքածուները դասավորելիս, մեկը մյուսին չկպչելու համար անհրաժեշտ է մեծ առարկաները հենել հետևի պատին, իսկ փոքրերը` դասավորել առջևում:
93. Ճենապակյա, հախճապակյա և խեցե ափսեներն անհրաժեշտ է պահպանել ուղղահայաց դիրքով հատուկ փայտե «սանրերի» վրա: Արգելվում է խեցե և ապակե թանգարանային առարկաների միջև դնել այլ առարկաներ: Դրանք պետք է պահպանել առանձին:
94. Չջնարակված ճենապակուց և խեցուց խոշոր թանգարանային առարկաները պահպանվում են դարակների կամ տակդիրների վրա` կափարիչների կամ պինդ կտորից ծածկաշապիկների տակ:
95. Ճենապակե, հախճապակե` առանց ճեղքերի և չվնասված ջնարակով թանգարանային առարկաների լվացումն անհրաժեշտ է իրականացնել միայն փափուկ վրձինով` տաք ջրի մեջ սպիրտի ավելացմամբ:
96. Արգելվում է ապակին լվանալ ջրով: Ջրով լվացումը նպաստում է ապակու կազմի մեջ մտնող աղերի լվացմանը: Ապակին անհրաժեշտ է տարին երկու անգամ լվանալ թորած սպիրտով: Ապակյա թանգարանային առարկաների հետ պետք է աշխատել կտորե ձեռնոցներով:
97. Մեծ և միջին չափի քանդակներն անհրաժեշտ է պահվել պատվանդանների, տակդիրների, դարակների վրա, դրանք ծածկելով պլաստիկով:
98. Արգելվում է մեծ չափերի քանդակների տեղավորումը ձեղնահարկային տարածքում, ինչպես նաև հատակին կամ մուտքերի մոտ: Պահոցում դրանց դիրքը պետք է լինի կայուն:
99. Գիպսից, կրաքարից, մարմարից և այլնից կազմված միջին և մեծ չափի քանդակներն անհրաժեշտ է պահպանել ծածկաշապիկներով: Ծածկաշապիկներն անհրաժեշտ է մաքրել պարբերաբար:
100. Ամուր հանքաքարերից պատրաստված (մարմար, գրանիտ, բազալտ, կվարց) լավ պահպանված մակերեսով թանգարանային առարկաները և հավաքածուները, որոնք չունեն մետաղական տարրեր, թույլատրվում է լվանալ տարին մեկ անգամ: Արգելվում է քանդակը շատ խոնավեցնել: Լվանալուց հետո ցանկալի է ջրազրկել վրձինով:
101. Երանգավորված մարմարե` վնասված մակերեսով կարծր ապարներից քանդակների, ինչպես նաև փափուկ ապարներից (կրաքար, փափուկ ավազաքար, խեցեքար, ալեբաստր, անհիդրիտ, գիպս) քանդակների մաքրումը պետք է իրականացնի միայն վերականգնողը:
12․ ՄԵՏԱՂԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
102. Կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի պետական պահուստների և դրա բաղկացուցիչ մաս կազմող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի համալրման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու կարգը հաստատելու մասին» N 484-Ն որոշմամբ:
13․ ՖՈՏՈՆՅՈՒԹԵՐԻ, ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
103. Նեգատիվները պահպանվում են բնիկներով արկղերի կամ «կռաֆտ» տիպի ամուր թղթի կամ յուղաթղթի մեջ` հատուկ մետաղական պահարաններում կամ տուփերում:
104. Նեգատիվները պահպանվում են հետևյալ պայմաններում՝
1) արգելվում է տարբեր չափսերի նեգատիվները տեղավորել մի տուփի մեջ.
2) պահարանների կամ դարակների մեջ տուփերը դասավորվում են ուղղահայաց դիրքով.
3) տուփերի կափարիչների կողերեսին գրվում են պահպանման համարները և հնարավորության սահմաններում` համառոտագրությունները:
105. Փոքր ձևաչափերի նեգատիվները, այդ թվում նաև ժապավենները, պահպանվում են ծրարներում` դասավորելով հատուկ քարտարանատիպ տուփերի կամ արկղների մեջ: Ժապավենները կտրտում են ըստ կադրերի և պահում համապատասխան ծրարներում: Մեծ քանակի ժապավենների և փոքր ձևաչափի նեգատիվների առկայության դեպքում անհրաժեշտ է դրանք պահել քարտարանի տիպի շարժական դարակներով մետաղյա պահարաններում:
106. Արգելվում է նեգատիվի էմուլսիայի շերտին մատներով հպվել: Ապակե նեգատիվը չի կարելի բռնել անկյունից:
107. Կինոժապավենները պահպանվում են մետաղյա ստանդարտ տուփերում, ձայնագրման ժապավենները` հատուկ ստվարաթղթե տուփերում:
108. Ձայնասկավառակները պահպանվում են անհատական ծրարներով ուղղահայաց պահարաններում: Պահարանների դարակները բաժանվում են ուղղահայաց միջնորմներով հատվածների` հաշվարկած 10-12 սկավառակի համար:
109. Մագնիսական ժապավենները պահպանվում են փայտյա դարակների վրա` ուղղահայաց դիրքով իր առաջին փաթեթավորմամբ կամ հատուկ պատրաստված ստվարաթղթե տուփերում: Պահպանման ընթացքում տուփերի և թղթե պարկերի մակերեսները պարբերաբար մաքրվում են փոշուց:
110. Մագնիսական ժապավենները վեց ամիսը մեկ պետք է վերափաթաթել: Արգելվում է մագնիսական ժապավենների պահոցներին մոտ տեղադրել մագնիսական դաշտեր ստեղծող սարքավորումներ (տրանսֆորմատորներ, էլեկտրաշարժիչներ և այլն):
14․ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ-ՀԱՆՔԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
111. Հանքաբանական և քարաբանական նյութերից կազմված թանգարանային առարկաները և հավաքածուները ենթակա են պահպանության ջերմաստիճանի կտրուկ տատանումներից, պաշտպանված խոնավությունից ու փոշուց: Փոշուց հատկապես անհրաժեշտ է պահպանել բյուրեղային գոյացությունների հանքակտորը: Դրանք ցուցադրության մեջ անհրաժեշտ է ցուցադրել ապակու տակ:
112. Հեղուկ պատրաստուկների պետք է պահպանվեն խցանված տեսքով (հեղուկի տարածման համար թողնելով մոտավորապես 1/6 պահուստային ծավալ), իսկ սառչող օբյեկտները (օրինակ` հանքային աղբյուրները) պետք է պահել ցածր ջերմաստիճանում:
113. Բնական գազերից կազմված թանգարանային առարկաները և հավաքածուները պահպանվում են շշերում` շրջված տեսքով:
114. Երկրաբանահետախուզական մետաղական թանգարանային առարկաները և հավաքածուները (երկրաբանական մուրճ, հատիչ, թեթևացրած հորատող հավաքածուներ և այլն) անհրաժեշտ է պահպանել և ցուցադրել` նախապես դրանց մակերևույթները մաքրելով վազելինի յուղով, իսկ միացման տեղերում (կցորդիչ, պարուրակ և այլն) տեխնիկական յուղ (կամ վազելին) քսելով:
115. Երկրաբանության թանգարանային առարկաները և հավաքածուները են հնէաբանական հավաքածուները: Բույսերի, միջատների, ձկների և այլ օրգանիզմների հետքերը հնէաբանական օբյեկտների վրա անհրաժեշտ է պահպանել մեխանիկական վնասվածքներից: Դրանք պահպանում են բամբակի, տուփի կամ արկղների մեջ, ծածկում են տեխնիկական բամբակով, մանր տաշեղներով և այլն, մանրամասն փաթաթում են սկզբից պերգամենտով, իսկ հետո` ամուր թղթով:
116. Բնահողի միաձուլվածքներ հանդիսացող թանգարանային առարկաները և հավաքածուները պահպանվում են հատուկ արկղներում` պատին անկյունով հենած:
15. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆ ՈՒ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ
117. Թանգարանային առարկաների տեղափոխումը կազմակերպվում է տնօրենի հրամանով այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի միջոցով:
118. Աշխատանքային խմբի կազմում ընդգրկվում են թանգարանի պատասխանատու աշխատակիցները (ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչը, գլխավոր ավանդապահը և տվյալ պահոցի ավանդապահը):
119. Աշխատանքային խումբը մանրամասն զննում է տեղափոխման ենթակա թանգարանային առարկաները և կազմում է արձանագրություն, տալիս է հանձնարարական՝ փաթեթավորման ու տեղափոխման վերաբերյալ:
120. Թանգարանային առարկաների պահպանվածության վիճակը ոչ բավարար լինելու դեպքում՝ տեղափոխումը թույլատրվում է միայն ֆոնդային գնահատող հանձնաժողովի առաջարկած պայմաններին համապատասխան։
121. Տեղափոխման ենթակա բոլոր առարկաները բաժանվում են համապատասխան փաթեթավորում պահանջող խմբերի։ Այդ խմբերին համապատասխան՝ պատվիրվում են փաթեթավորման տարաներ (արկղեր):
122. Առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային առարկաների, ինչպես նաև բավարար պահպանվածության վիճակ չունեցող թանգարանային առարկաների համար հաշվի են առնվում յուրաքանչյուր միավորի առանձնահատկությունները և նախատեսվում հատուկ տարաների պատրաստում։
123. Արգելվում է թանգարանային առարկաների փաթեթավորումը փափուկ արկղում, բացառությամբ այն դեպքերի, երբ առարկան տեղափոխում է ուղեկցողը, ինչպես նաև՝ քաշով և պատրաստման նյութով միմյանցից տարբերվող թանգարանային առարկաների փաթեթավորումը մեկ արկղում։
124. Թանգարանային առարկաների փաթեթավորումն իրականացնում են թանգարանի գլխավոր ավանդապահը կամ փաթեթավորման համար պատասխանատու աշխատակիցը։
125. Փաթեթավորումը պետք է ապահովի թանգարանային առարկաների մեկուսացումն արտաքին մթնոլորտային ազդակներից ու մեխանիկական վնասվածքներից և արկղի ներսում հուսալիորեն ամրացվի։
126. Յուրաքանչյուր արկղի մեջ տեղադրվում է փաթեթավորված թանգարանային առարկաների ակտը, որը ստորագրում են գլխավոր ավանդապահը կամ փաթեթավորման պատասխանատուն՝ թանգարանի գիտական աշխատակիցը:
127. Թանգարանային առարկաներն առաքող կազմակերպությունը պետք է ժամանակին թանգարանային առարկաները (այսուհետ՝ բեռը) ստացող կազմակերպությանը տեղեկացնի բեռի ուղարկման և ուղեկցողի մասին (հեռագրով, հեռախոսագրով և այլն)՝ այն ստանալու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով։
128. Փոխադրող կազմակերպությունից բեռի ընդունումն իրականացնում է ընդունող կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ կազմված պատասխանատու աշխատակիցների խումբը։ Ընդունումն իրականացվում է բեռն ուղեկցողի մասնակցությամբ՝ կազմելով համապատասխան ակտ, իսկ նրա բացակայության դեպքում՝ բեռն ուղարկողին տեղեկացվում է ընդունման ամսաթվի ու տեղի մասին՝ անհրաժեշտության դեպքում իրենց ներկայացուցչին գործուղելու համար։
129. Բեռն ընդունվում է արկղ առ արկղ, արկղերում գտնվող թանգարանային առարկաները մանրամասն զննվում են և անհրաժեշտության դեպքում վնասված թանգարանային առարկաների նկատմամբ վերականգնողական-ամրակայման միջոցներ ձեռնարկվում: Ընդունման արդյունքների վերաբերյալ կազմվում է ակտ, որտեղ նշվում է յուրաքանչյուր արկղով ստացված թանգարանային առարկաների առկայությունը, փաստվում է յուրաքանչյուր թանգարանային առարկայի պահպանվածությունը և վերջինների վնասման հնարավոր պատճառները։
130. Բեռնափոխադրող կազմակերպության մեղքով բեռներն ուշացնելու, դրանց վնասվելու կամ կորստի դեպքերում բեռներն ուղարկող և ստացող կազմակերպությունները փոխադրամիջոցների համակարգում գործող կարգի համաձայն, փոխադրող կազմակերպությանը ներկայացնում են պահանջ (հայց):
131. Ավտոմեքենաներով բեռների փոխադրումն իրականացվում է միայն այդ նպատակներին ծառայող փակ թափք ունեցող մեքենաներով։ Բեռները բարձելիս արկղերը դասավորում են մեքենայի շարժման ուղղությանը համընթաց։ Արկղերի տեղափոխության ժամանակ պետք է ապահովվի դրանց լրիվ անշարժությունը։
132. Արկղերը բացվում են թանգարանում կամ ընդունող կազմակերպության տարածքում, որտեղ ջերմախոնավային պայմանները պետք է մոտ լինեն թանգարանային սահմանված ռեժիմին։ Ձմռանը, ինչպես նաև վաղ գարնանն ու ուշ աշնանը (երբ ջերմաստիճանի մեծ տարբերություն կա դրսի և փակ տարածության միջև), արկղերը պետք է բացվեն միայն դրանց փակ տարածություն բերվելու հաջորդ օրը։
133. Թանգարանային առարկաները տեղափոխելու համար նախատեսված տարաները և փաթեթավորման նյութերը պետք է պահել փակ, չոր տեղում։ Այն թանգարանային առարկաները, որոնք արկղերում փաթեթավորված վիճակում երկար ժամանակ են պահվելու, պարբերաբար պետք է բացվեն՝ ստուգելու համար դրանց պահպանվածության վիճակը։
134. Մեծածավալ կտավները կարելի է տեղափոխել գլանի վրա փաթաթված։ Գլանի համար արկղը պատրաստվում է գլանի երկարության և ծայրերի կամարակալների տրամագծով։ Ներսի կողմից արկղն երիզվում է երկաթյա գոտիներով։
135. Փաթեթավորման նյութը (թուղթը, տաշեղները, գրաֆիկայի համար նախատեսված ստվարաթղթե թղթապանակները և այլն) պետք է լինի չոր։
136. Հաստոցային գեղանկարչական ստեղծագործությունների փաթեթավորումը՝
1) գեղանկարչական ստեղծագործությունները փաթեթավորվում են ինչպես շրջանակներով, այնպես էլ առանց շրջանակի։ Ապակեծածկ շրջանակներով կտավներ փոխադրելիս՝ նախքան փաթեթավորումը կտավը քանդվում է և շրջանակի ու ապակու միջև կտավի չափով տեղադրվում է օրգալիտի կտոր կամ ամուր ստվարաթուղթ, որից հետո կտավը տեղադրվում է շրջանակի մեջ։ Ցանկալի է, որ կտավներով արկղերի քաշը չգերազանցի 100 կգ-ը.
2) բոլոր առարկաները նախապես փաթաթվում են փափուկ բամբակյա կամ բրդյա խավոտ կտորով՝ ֆլանելով կամ բայկայով, այնուհետ՝ կրաֆտով կամ փաթեթավորման թղթով։ Արգելվում է թղթի եզրերը ամրացնել կոճգամներով՝ ցուցանմուշը վնասվելուց պաշտպանելու համար.
3) արտերկիր ուղարկվող կտավները փաթեթավորումից առաջ տեղադրվում են անջրաթափանց ծածկաշապիկի կամ ծրարի մեջ, որոնց եզրերը սոսնձվում են։ Ծածկաշապիկներ կամ ծրարներ պատրաստելու համար խորհուրդ է տրվում օգտագործել սինթետիկ, էլաստիկ կտորներ։ Ջրային տրանսպորտով կտավներ տեղափոխելու դեպքում թանգարանային առարկաները նախքան փաթեթավորելը տեղադրում են անջրաթափանց, սոսնձված կրկնակի տոպրակներում.
4) արկղերի մեջ կտավները դասավորվում են զույգ-զույգ, ամուր շարքերով, յուղաներկի (ճիշտ) երեսի կողմով դեմ-դիմաց՝ ներկաշերտերը նախապես ծածկելով միկալենտ թղթով կամ ծխախոտաթղթով, որից հետո վրան փռում են ֆլանելե կամ բայկայի կտոր։ Ապա երկու կտավներն էլ փաթեթավորում են թղթով կամ կրաֆտով։ Պաստոզային (թեթև ուռած) ստեղծագործությունների դեպքում կտավները դասավորվում են զույգերով՝ առանց շրջանակների։ Վերջինները դասավորվում են այնպես, որ մի կտավի անկյունը չճնշի մյուսի ներկաշերտին։ Յուրաքանչյուր զույգ կամ առանձին կտավ ամրացվում է փայտյա ձողով և ոչ մեծ հեսաններով.
5) արկղում դատարկ մնացած բոլոր տարածքներն ամուր լցվում են փափուկ թղթով կամ փրփրապլաստով և պարալոնով, եթե նկարները դասավորվում են շրջանակներով։ Փաթեթավորման լավագույն եղանակ է կտավներն արկղում պտուտակավոր շրջանակներով (կասսետաներով) տեղադրելը.
6) հաստոցային յուղաներկ գեղանկարներով լի արկղերը ստուգողական բացելուց հետո առարկաները մի քանի օր պետք է պահել լույսի տակ (բայց՝ ոչ արևի) և հետո կրկին փաթեթավորել.
7) մեծ չափերի կտավները (երբ կողմերից մեկի երկարությունը 1 մ և ավելի է), որպես կանոն, մեկ արկղում դրվում են 5-ից ոչ ավելի։ Կտավները դասավորվում են հորիզոնական դիրքով, զույգ-զույգ, միմյանց նկատմամբ դիմային մասով։ Կտավների յուրաքանչյուր զույգ ամրացվում է փայտյա ձողերով և փոքրիկ հեսաններով.
8) ոչ մեծ ծավալի տարբեր չափերի կտավներն արկղում տեղադրվում են հատուկ դրանց համար պատրաստված փայտյա շրջանակներում` մեկը մյուսի վրա դնելով։ Փաթեթավորվող շրջանակները ներսի կողմից պետք է ունենան բութ անկյունով ակոս՝ նկարն իր կտավով փաթեթավորման շրջանակին չկպչելու համար.
9) փաթեթավորելուց առաջ նկարներն ընտրվում են ըստ չափերի և դասավորվում արկղում՝ յուղաներկային շերտը դեպի ներքև, հորիզոնական դիրքով՝ արկղի ներքևի կողմի անկյուններից մեկին մոտեցրած։ Ծեփածո կամ փորագիր շրջանակների անկյունները ծածկում են պարալոնե կամ բամբակե բարձիկներով.
10) նկարների գլխամասի հատվածների և արկղի պատերի միջև առկա դատարկ տարածքները ամբողջությամբ, լցվում են պարալոնով կամ ծալծլված թղթի փաթեթով։ Նկարի դիմային մասը պետք է պաշտպանված լինի ծեփածո շրջանակից պատահաբար վնասվելուց.
11) կտավի վրա արված հաստոցային գեղանկարչական աշխատանքները տեղափոխվում են այնպես, որ փաթեթավորված նկարները, անկախ դրանց դասավորության վիճակից (հորիզոնական թե ուղղահայաց), անպայման գտնվեն ուղղահայաց դիրքում.
12) մեծ չափսերի նկարը փռվում է մաքուր հատակի վրա՝ յուղաներկային երեսը դեպի ներքև, ծածկվում է կտավով կամ սպիտակ փաթեթավորման թղթով։ Նկարի հակառակ կողմը նույնպես ծածկվում է սպիտակ փաթեթավորման թղթով։ Նկարի վրա, եզրերին զուգահեռ, տեղադրվում է կամարակալով գլանը։ Նկարի եզրերն ամուր սեղմում են գլանին, ամրացնում պաստառային մեխերով և ծածկում փաթեթային թղթով։ Կտավը գլանի վրա պետք է պտտեցվի կես պտույտով։ Գլանի վրա նկարի պատումը թույլատրվում է միայն փորձառու վերականգնողի ներկայությամբ՝ երեք կամ առնվազն երկու մարդու միջոցով։ Փաթաթելու ընթացքում պետք է հետևել, որ կտավը չծալվի.
13) գլանի վրա կարելի է փաթաթել մինչև 10 նկար՝ ելնելով նկարների չափերից։ Կախված գլանի վրա նկարների պտույտից, յուրաքանչյուր հաջորդ փաթաթվող նկարի եզրերը նախորդ նկարի եզրերի հետ ամրացվում են ժապավենով կամ, բացառության կարգով, կարվում են թելով։ Վերջին կտավի եզրերի անկյուններին երիզահանգույց է արվում, որոնք ամրացվում են գլանի երկու կողմերում մեխված պաստառային մեխերին։ Երբ թելերը կապվում են, մեխերն ամրացվում են վերջնականապես։ Գլանի վրա փաթաթված կտավների եզրերը չպետք է հասնեն կամարակալի եզրերին, յուրաքանչյուր կողմից պետք է պակաս լինեն 5-10 սմ-ով.
14) նկարներով ոլորված գլանը փաթաթում են փաթեթավորման թղթով, հետո անջրաթափանց սինթետիկ թաղանթով կամ մոմլաթով և տեղադրում արկղի մեջ։ Գլանով նկարները տեղափոխում են հորիզոնական դիրքով։
137. Գրաֆիկական ստեղծագործությունների փաթեթավորումը՝
1) ջրաներկ, ուրվանկար և փորագրանկար աշխատանքներն արկղերում դասավորվում են ճիշտ նույն թղթապանակներով, ինչով պահվում են պահոցներում։ Թղթապանակները խմբավորվում են ըստ չափերի, փաթաթվում են թղթի մեջ, դրվում են անխոնավաթափանց կրկնակի տոպրակների մեջ, հետո հորիզոնական դիրքով տեղադրում արկղերի մեջ։ Արկղի հատակին փռվում է պենոպլաստե միջադիր։ Արկղի ազատ մնացած բոլոր հատվածները լցվում են փաթեթավորման նյութերով՝ պարալոնի կտորներով կամ ճմռթված թղթի կտորներով։ Արկղերը ներսի կողմից սոսնձվում են դերմանտինով կամ մոմլաթով։ Մեկ արկղում պետք է տեղադրել գրաֆիկական աշխատանքների ոչ ավելի, քան 4 թղթապանակ.
2) գրաֆիկական ստեղծագործականները պետք է փաթեթավորել չափափոխ շրջանակով։ Անհրաժեշտության դեպքում այն ծածկում են նաև ապակիով և դնում շրջանակի մեջ։ Փաթեթավորումից առաջ ապակին ամրացվում է ասուրե սոսնձով պատված կամ սինթետիկ կպչուն ժապավենով։ ժապավենի եզրերը պետք է շրջանակից 1 սմ կարճ լինեն.
3) վերականգնված ստեղծագործությունները նախքան արկղում տեղադրելը դրվում են փայտյա պտուտակավոր շրջանակների մեջ, ընդ որում` ապակու և հակառակ կողմից դրվում է պարալոնե, իսկ կողային մասերում՝ փրփրապլաստե միջադիր.
4) պաստելային և ածուխով ստեղծագործությունների տեղափոխումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում և պարտադիր ապակեպատ։ Ապակին նախապես ամրացվում է։ Պաստելով արված աշխատանքների փաթեթավորման ժամանակ ոչ մի ցնցում չի թույլատրվում (գամումը կտրականապես արգելվում է): Ապակեպատ պաստելային աշխատանքները տեղափոխվում են ուղղահայաց վիճակով։
138. Քանդակների փաթեթավորումը՝
1) քանդակի անջատվող մասերը փաթեթավորվում են առանձին-առանձին։ Փաթեթավորումից առաջ յուրաքանչյուր թանգարանային առարկա փաթաթում են թղթով, կապում բարակ թելով և դնում թափանցիկ, չծալվող կտորե ծածկաշապիկի մեջ (չեխոլ).
2) մոմված և պարաֆինապատված թղթերի օգտագործումը կտրականապես արգելվում է.
3) միջին և մեծ չափերի քանդակները (բացառությամբ գիպսե քանդակների) արկղում ամրացվում են փափուկ միջադիրներով փայտե ձողերով կամ տախտակե ամրաններով, դրանք պետք է ապահովեն քանդակի անշարժությունը և կանխեն հավանական ճնշումից փխրուն մասերը։ Արկղի ազատ մնացած բոլոր հատվածները լցվում են փաթեթավորման նյութերով.
4) փոքր քանդակները փաթեթավորվում են սույն կարգի 141-րդ կետին համապատասխան:
139. Դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցանմուշների փաթեթավորումը՝
1) ճենապակե և հախճապակե ափսեներն ու սկուտեղները՝ կախված չափից և ձևից, տեղադրվում են 2-ից ոչ ավելի շարքով նախատեսված արկղներում։ Յուրաքանչյուր թանգարանային առարկա փաթաթվում է ամուր փաթեթավորման թղթով և դրվում է կողքի վրա՝ կիպ սյուների ձևով.
2) գործվածքի տեղափոխման արկղերը պետք է ապահովված լինեն ներքին պաշտպանական կափարիչով և հանովի դարակներով, որոնց վրա դրանք դասավորվում են։ Գործվածքից առարկաները տեղադրում են արկղում՝ խուսափելով գործվածքի ավելորդ ծռմռվածքից, այնուհետև ծածկում են մաքուր թղթերով։ Նախապես գործվածքը տեղադրում են անջրաթափանց ծրարներում.
3) գորգերն ու կարպետները, պաստառագորգերը տեղափոխումից առաջ փաթաթվում են գլանի վրա, ծածկվում երկու շարք թղթով, այնուհետև. խավը դեպի ներս վիճակով պտտում գլանի վրա։ Վերին շերտի թուղթը պետք է մշակված լինի սկիպիդարով.
4) պտտեցման ժամանակ պետք է հետևել, որ գորգի վրա ծալքեր չառաջանան։ Գլանի երկարությանը փաթաթվող գորգի լայնությունից յուրաքանչյուր կողմից պետք Է ավել լինի 10 սմ-ով։ Նախքան գորգով փաթաթված գլանը արկղում տեղադրելն այն փաթաթում են անխոնավաթափանց նյութով և ամրացնում են արկղում այնպես, որ դրանք չկպչեն արկղի պատերին։ Ոչ մեծ չափերի գորգերն ու պաստառագորգերը փաթեթավորվում են ինչպես մյուս գործվածքները.
5) կահույք փաթեթավորելու համար նախատեսված արկղերը պատրաստում են դրանց ձևին ու չափին համապատասխան.
6) փաթեթավորելուց առաջ կահույքը փաթաթում են թղթով և քաթանե կտորով։ Կահույքը արկղում ամրացվում է փայտե ձողերով։ Դրանց ամրացման կետերում դրվում են տաշեղներով լի բարձիկներ, որոնք պարուրվում են խսիրով կամ քաթանե կտորով.
7) կահույքի դուրս եկող հատվածները կամ վատ ամրացված մասերը փաթեթավորման ժամանակ առանձնացվում են, փաթաթվում են թղթով և ամրացվում են այն հատվածներին, որոնց մասն են կազմում.
8) մետաղյա թանգարանային առարկաները փաթեթավորվում են կավե և ապակե առարկաների նման։ Սկզբից փաթաթում են թղթով կամ փայտաբամբակով, հետո կապում թղթե լարաններով, փաթաթում կրկին թղթով կամ տեղադրում են առանձին տուփերում.
9) փաթեթավորված գործվածքը երկար պահպանելու դեպքում պետք է տարին առնվազն 3 անգամ քանդել-բացել, գարնանն ու աշնանը օդափոխել և փոխել գործվածքի ծալքերի տեղը, նորից ծալել։
16. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆԵՐՍՈՒՄ
140. Ցուցասրահների, պահոցների դռները, ինչպես նաև պահարանները և ցուցափեղկերը պետք է ունենան իրենց հերթական համարը, հուսալի ներքին փական` յուրաքանչյուրն առնվազն երկու բանալիով և ունենա կնքման հնարավորություն:
141. Յուրաքանչյուր բանալի պետք է ունենա պիտակ` հերթական համարով, սենյակի, պահարանի, ցուցափեղկի և այլնի անվանումով:
142. Ցուցասրահները և պահոցները պարտադիր կապարակնքում կամ կնքում են, ինչը բացառում է կողմնակի անձանց մուտքը թանգարանի տարածք և ապահովում է թանգարանային առարկաների և հավաքածուների անվտանգությունը:
143. Պահոցների և ցուցասրահների բոլոր բանալիների առաջին նմուշները պահվում են հատուկ փակվող չհրկիզվող պահարանում՝ համարակալված, տախտակի հետ միասին: Չհրկիզվող պահարանի բանալին պահվում է թանգարանի պահակակետում գտնվող հերթապահի մոտ: Բանալիները տրամադրվում են միայն այն անձանց, ովքեր նշված են թանգարանի տնօրինի հրամանում:
144. Պահոցների բանալիների երկրորդ օրինակները և կնիքները գտնվում են գլխավոր ավանդապահի մոտ (պահվում չրհրկիզվող պահարանում), իսկ ցուցասրահների բանալիների երկրորդ օրինակները և կնիքները՝ թանգարանի տնօրենի հրամանով լիազորված աշխատակցի մոտ (պահվում չրհրկիզվող պահարանում):
145. Յուրաքանչյուր աշխատանքային օրվա սկզբին և վերջում թանգարանի յուրաքանչյուր ցուցասրահի՝ թանգարանի տնօրենի հրամանով լիազորված աշխատակիցը պարտավոր է բացել և փակել ցուցասրահները, ստուգել ցուցանմուշների առկայությունը, վիճակը, ստենդների, ցուցափեղկերի, ցուցահանդեսային այլ սարքավորումների տեխնիկական ամրությունը, ինչպես նաև անվտանգության սարքավորումների շահագործումը:
146. Ցուցասրահների, պահոցների չարտոնված բացման, թանգարանային առարկաների բացակայության, կնիքի վնասման կամ կնիքի կոտրման, դրա տեխնիկական անսարքության, ինչպես նաև անվտանգության և հակահրդեհային ազդանշանային համակարգերի աշխատանքի անսարքության դեպքում թանգարանի տնօրենի հրամանով լիազորված աշխատակիցները պետք է անհապաղ տեղեկացնեն թանգարանի ղեկավարությանը և թանգարանի անվտանգության կազմակերպությանը:
147. Բանալիների ընդունման և հանձնման մասին գրառումները կատարվում են հատուկ մատյանում, որը պահվում է թանգարանի ներքին պահպանության հերթապահի մոտ:
148. Արգելվում է բանալիների դուրս-բերումը թանգարանից:
149. Թանկարժեք մետաղ և քարեր պարունակող թանգարանային առարկաների և հավաքածուների պահոցը պետք է մեկուսացվի մնացած ֆոնդերից և ապահովված լինի պատուհանների մետաղյա շերտավարագույրներով և երկաթյա դռներով: Թանկարժեք մետաղ և քարեր պարունակող թանգարանային առարկաների և հավաքածուների պահոցի կամ չհրկիզվող պահարանների բանալիները պահվում են մետաղյա արկղում՝ կնքված հատուկ պահոցի ավանդապահի կողմից:
150. Կողմնակի անձանց մուտքը պահոցներ և վերականգնման արհեստանոցներ իրականացվում է միայն թանգարանի տնօրենի կամ գլխավոր ավանդապահի թույլտվությամբ հատուկ միանգամյա անցաթղթերով, որոնք այցելության ավարտից հետո մնում են ավանդապահի մոտ` սպասարկման մատյանում այդ մասին համապատասխան նշումներ կատարելով:
151. Թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանության կազմակերպման առանձնահատկությունները յուրաքանչյուր թանգարանի ներսում կարգավորվում է թանգարանի ներքին կանոնակարգով:
17. ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
152. Թանգարանի անվտանգության ապահովման համար պատասխանատուն թանգարանի տնօրենն է, որը պարտավոր է որոշել թանգարանի անվտանգության քաղաքականությունը։
153. Թանգարանի անվտանգության համար նշանակված պատասխանատուն՝ գլխավոր ավանդապահն է, որը ուսումնասիրելով թանգարանի բոլոր հնարավոր վտանգների աստիճանը, մշակում է իրավիճակների վերահսկման ձևեր և պարբերաբար վարում է զրույցներ աշխատակիցների հետ:
154. Թանգարանի տնօրենը կամ անվտանգության պատասխանատուն որոշում են վտանգի թույլատրելի աստիճանը թանգարանի բոլոր սրահների համար՝ կիրառելով 5 բալային համակարգ (աննշան, ցածր, միջին, բարձր, աղետալի):
155. Թանգարանը միշտ պետք է պատրաստ լինի բնական աղետներին, որոնք կարող են պատճառել ահռելի վնասներ։ Թանգարանն իր անվտանգության համակարգերի ռազմավարությունում պետք է ընդգրկի այդ աղետներին դիմակայելու համակարգեր։
156. Վտանգների վերլուծման հիման վրա թանգարանը մշակում է իր անվտանգության ռազմավարությունը՝ հաշվի առնելով թանգարանների առանձնահատկությունները, գտնվելու վայրը, արտաքին և ներքին կառուցվածքը, հավաքածուների տեսակները և այլն։
18. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
157. Ժամանակավոր պահպանության ընդունված թանգարանային առարկաները գլխավոր մատյանում չեն գրանցվում:
158. Ժամանակավոր պահպանության ընդունված թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանությունն իրականացվում է սույն կարգի պահանջներին համապատասխան ռեժիմներով:
159. Թանգարանային առարկաները և հավաքածուները ժամանակավոր պահպանության հանձնվում են առավելագույնը երեք տարի ժամկետով ՝ լիազոր մարմնի հրամանի հիման վրա:
160. Թանգարանային առարկաները և հավաքածուները կարող են ժամանակավոր պահպանության հանձնվել ցուցադրության, գիտական, կրթական, հետազոտական, վերականգնման, ամրակայման, ախտահանման, մաքրման նպատակներով:
161. Թանգարանային առարկաների և հավաքածուների ժամանակավոր պահպանության հանձնման ժամանակ պետք է ապահովվեն դրանց տեղափոխման, ցուցադրման և պահպանման համար անհրաժեշտ անվտանգությունը, ջերմախոնավային ռեժիմը, հասանելիությունը: Սահմանված նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը։ Սահմանված նորմերի անհամապատասխանությունը հիմք է ժամանակավոր պահպանության հանձնելու հարցը մերժելու համար:
162. Պետական կամ համայնքային թանգարանները թանգարանային առարկաները և հավաքածուները կարող են ցուցադրության նպատակով ժամանակավոր պահպանության հանձնել այլ թանգարանների կամ կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց (Հայաստանի Հանրապետության տարածքում), այլ պետությունների իրավաբանական անձանց` միջազգային պայմանագրերին և միջկառավարական համաձայնագրերին, «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ համաձայն N 1, 2 Ձևերի:
163. Արարողակարգային և նստավայրերում ցուցադրության նպատակով պետական կամ համայնքային թանգարանների թանգարանային առարկաները և հավաքածուները ժամանակավոր պահպանության կարող են հանձնվել միայն Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի աշխատակազմերին, փոխվարչապետի գրասենյակին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ պայմանով, որ ապահովվեն թանգարանային առարկաների տեղափոխության, ցուցադրության, պահպանության ռեժիմները և դրանց անվտանգությունը:
164. Սույն կարգի 163-րդ կետով նախատեսված դեպքերում «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի հավաքածուից թանգարանային առարկաները և հավաքածուները ժամանակավոր պահպանության են հանձնվում միայն` հայ գեղանկարիչների ստեղծագործություններ` սկսած 20-րդ դարից:
165. Այլ պետությունների իրավաբանական անձանց` միջազգային պայմանագրերին և միջկառավարական համաձայնագրերին համապատասխան, ինչպես նաև` պետական և ոչ պետական թանգարաններին թանգարանային առարկաները և հավաքածուները ժամանակավոր պահպանության են տրամադրվում առանց ստեղծման ժամանակի սահմանափակումների` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
166. Իրավաբանական և ֆիզիկական անձանց թանգարանային առարկաները և հավաքածուները ժամանակավոր պահպանության է հանձնվում հավաքածուի ապահովագրության պայմանով:
167. Թանգարանային առարկաների և հավաքածուների ապահովագրության պայմանագիրը պետք է կնքված լինի`
1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապահովագրական ընկերության կամ օտարերկրյա պետությունում գրանցված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված համապատասխան վարկանիշ ունեցող ապահովագրական ընկերության հետ.
2) թանգարանային առարկաների և հավաքածուների ժամանակավոր պահպանության հանձնման ողջ ժամանակահատվածի համար` թանգարանի կողմից թանգարանային առարկան և հավաքածուն հանձնելու պահից մինչև հետ ընդունելը (մեխից մեխ).
3) թանգարանային առարկաների և հավաքածուների ապահովագրական արժեքի չափով, որը չի կարող ցածր լինել թանգարանային առարկայի կամ հավաքածուի գնահատված արժեքից.
4) ապահովագրական ընկերության կողմից թանգարանային առարկաները և հավաքածուները բոլոր ռիսկերից ապահովագրելու` ընկերության կողմից պատշաճ ձևով վավերացված ապահովագրության պայմաններով,
168. Թանգարանային առարկաները և հավաքածուները ժամանակավոր պահպանության ընդունելու համար լիազոր մարմին են ներկայացնում գրություն (դիմում)` ուղղված մարմնի ղեկավարին, նշելով` ինչ տարածքներում, ինչ նպատակով և ինչ թանգարանային առարկաներ կամ հավաքածուներ են ցանկանում ժամանակավոր պահպանության ընդունել, հանձնվող թանգարանային առարկաների կամ հավաքածուների համար պայմանագիր կնքելու և դրանով ամրագրված պահպանության պարտադիր պայմաններն ապահովելու պատրաստակամության մասին:
169. Լիազոր մարմինը սահմանված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանության պայմաններին համապատասխանելու դեպքում տալիս է դրական եզրակացություն, իսկ չբավարարելու դեպքում՝ բացասական եզրակացություն՝ 5-օրյա ժամկետում տեղեկացնելով դիմումատուին:
170. Լիազոր մարմնի կողմից բացասական եզրակացություն ստանալուց հետո դիմումատուն սահմանված պահանջները բավարարելու դեպքում նույն ընթացակարգով կրկին կարող է դիմել:
171. Պետական թանգարանների թանգարանային առարկաների և հավաքածուների ժամանակավոր պահպանության հանձնումն իրականացվում է լիազոր մարմնի որոշմամբ, իսկ համայնքային թանգարանի թանգարանային առարկայի կամ հավաքածուի ժամանակավոր պահպանության հանձնումը` մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, համայնքի ավագանու որոշմամբ։
172. Համապատասխան որոշումը ստանալուց հետո մշակութային արժեքների փորձաքննություն իրականացվող կազմակերպությունների կողմից իրականացվում է որոշմամբ ժամանակավոր հանձնվող թանգարանային առարկաների և հավաքածուների փորձաքննություն՝ թանգարանին տրամադրելով փորձագիտական եզրակացություն(ներ)ը:
173. Համապատասխան որոշումը և թանգարանային առարկաների փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո թանգարանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում թանգարանային առարկաների և հավաքածուների ժամանակավոր պահպանության ընդունող իրավաբանական կամ ֆիզիկական անձի (այսուհետ` Պահառու) հետ կնքում է պայմանագիր և հանձնման-ընդունման ակտով` առարկաների լուսանկարների առկայությամբ, թանգարանային առարկաները և հավաքածուները հանձնում է Պահառուին: Հանձնման-ընդունման ակտը ստորագրում է(են) նաև փորձաքննություն իրականացրած փորձագետ(ներ)ը:
174. Թանգարանային առարկաները և հավաքածուները ժամանակավոր պահպանության հանձնելու մասին պայմանագիրը կնքելուց հետո թանգարանը երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի է ներկայացնում պայմանագրի պատճենը:
175. Օտարերկրյա պետություններ թանգարանային առարկաների և հավաքածուների ժամանակավոր պահպանության հանձնումն իրականացվում է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
176. Պայմանագրի որևէ կետի չկատարման (խախտման) դեպքում թանգարանը պարտավոր է այդ մասին տեղեկանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հայտնել լիազոր մարմնին:
177. Պահառուից թանգարանային առարկաների և հավաքածուների հետ ընդունման ժամանակ ժամանակավոր հանձնման ժամանակ իրականացված փորձաքննության փաստաթղթերի հիման վրա փորձագետները տեղում կատարում են վերադարձվող թանգարանային առարկաների և հավաքածուների նույնականացում, անհրաժեշտության դեպքում` նաև նոր փորձաքննություն:
178. Հանձնման-ընդունման ակտը ստորագրվում է թանգարանի և Պահառուի ներկայացուցիչների ու փորձագետ(ներ)ի կողմից, որից հետո թանգարանը երեք աշխատանքային օրվա ընթացքում թանգարանային առարկաները և հավաքածուները Պահառուից ընդունելու վերաբերյալ տեղեկանք է ներկայացնում լիազոր մարմին:
Ձև N
Պայմանագիր N
ՀՀ պետական կառավարչական հիմնարկներին և իրավաբանական անձանց (պետական և ոչ պետական թանգարաններին) թանգարանային առարկաների և հավաքածուների ժամանակավոր պահպանության հանձնելու մասին
ք. Երևան |
« » 20 թ. |
(այսուհետ` «Պահատու»), ի դեմս
կազմակերպության
____________________________
(թանգարանի անվանումը)
կանոնադրության հիման վրա գործող տնօրեն _____________________________ ի, մի կողմից, և
(ազգանուն- անունը)
__________________________________________________________________________
(իրավաբանական անձի կամ հիմնարկի անվանումը)
(այսուհետ` «Պահառու»)` ի դեմս կազմակերպության կամ հիմնարկի կանոնադրության հիման վրա գործող
_______________________,
(ազգանուն-անունը)
մյուս կողմից (երկուսը միասին այսուհետ` «Կողմեր»), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. Պայմանագրի առարկան
1. Սույն պայմանագրով Պահատուն (նշել ժամանակավոր պահպանության հանձնման տեղը) շենքում ցուցադրելու նպատակով Պահառուի ժամանակավոր պահպանությանը է հանձնում իրեն ամրացված (նշել քանակը) թանգարանային առարկաները և հավաքածուները (այսուհետ` «Հավաքածու»), համաձայն սույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող «Հանձնման-ընդունման- ակտի», իսկ Պահառուն պարտավորվում է պահպանել թանգարանային առարկաները և հավաքածուները պատշաճ վիճակում, սույն պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան` դրանց համար նախատեսված տեղում (ջերմախոնավային, հակահրդեհային անվտանգության, ինչպես նաև պահպանության այլ հատկանիշներին համապատասխան) և այն պահպանված վիճակում վերադարձնել սույն պայմանագրով սահմանված ժամկետում:
II. Կողմերի իրավունքները և պարտականությունները
2. Պահատուն պարտավոր է`
1) թանգարանային առարկաները և հավաքածուները հանձնել Պահառուին՝ սույն պայմանագրի ստորագրման պահից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում.
2) Պահառուին նախազգուշացնել պահատվության հանձնվող թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանման առանձնահատկությունների (ջերմախոնավային, հակահրդեհային անվտանգության, երրորդ անձանց արտաքին շփման, ինչպես նաև այլ պահպանական հատկանիշների) մասին.
3) թանգարանային առարկաների և հավաքածուների առկայության, պահպանվածության ստուգման և խնամքի համար (մաքրում, պահպանության պայմանների ուսումնասիրում և այլն) տրամադրել համապատասխան մասնագետ.
4) սույն պայմանագրի 6-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո հետ վերցնել ի պահ հանձնված թանգարանային առարկաները և հավաքածուները,
5) մինչև թանգարանային առարկաները և հավաքածուները ընդունելը ստորագրել ընդունման-հանձնման ակտը, իսկ թերություններ հայտնաբերելու դեպքում անմիջապես կազմել թերությունների ակտ:
3. Պահատուն իրավունք ունի`
1) պահանջել Պահառուից ձեռնարկել սույն պայմանագրով, ինչպես նաև այլ իրավական ակտերով նախատեսված միջոցները թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանվածությունն ապահովելու համար.
2) պահանջել վերադարձնել թանգարանային առարկաները և հավաքածուները սույն պայմանագրի ժամկետը լրանալուց և համապատասխան ընդունման-հանձնման ակտը ստորագրելուց հետո.
3) պայմանագրի գործողության ողջ ընթացքում պարբերաբար (ամեն ամիս) թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանության պատշաճ վիճակի հսկողություն իրականացնելու համար անարգել տեսնել դրանք, կազմել համապատասխան արձանագրություն, որը ստորագրում է նաև Պահառուն:
4. Պահառուն պարտավոր է`
1) թանգարանային առարկաները և հավաքածուները ընդունել (նշել հասցեն) պահատվության.
2) թանգարանային առարկաների և հավաքածուների ցուցադրության վայրում ապահովել պահատվության հետևյալ պայմանները.
ա. օդի ջերմաստիճանը` +18-20 C.
բ. օդի հարաբերական խոնավությունը` 50%.
գ. լուսավորությունը` 70 լյուքս` զերծ արևի ուղիղ ճառագայթներից.
դ. թանգարանային առարկաները և հավաքածուները տեղակայել ջեռուցման մարտկոցներից և ջերմության այլ աղբյուրներից 3-4 մետր հեռավորության վրա (խստիվ արգելվում է դրանց տեղակայումը ջեռուցման մարտկոցների և ջերմության այլ աղբյուրների վերևում, ինչպես նաև միջանցիկ քամու առկայությունը տարածքում).
3) պահատվության հանձնված թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանվածության ապահովման համար ձեռնարկել սույն պայմանագրի, նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներին, ներառյալ՝ պահատվության հանձնված թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանությանը համապատասխանող բոլոր միջոցները.
4) սույն պայմանագրով սահմանված ժամկետում վերադարձնել Պահատուի կողմից պահատվության հանձնված Հավաքածուն` ընդունման-հանձնման ակտի հիման վրա,
5) սույն պայմանագրի հավելվածի համաձայն` վերադարձնել Հավաքածուն այն վիճակում, որով այն ի պահ է ընդունվել.
6) Պահատուին և նրա կողմից կցված մասնագետին հնարավորություն ընձեռնել հետևելու թանգարանային առարկաների և հավաքածուների ֆիզիկական վիճակին պարբերաբար այցելության միջոցով` տրամադրելով անցաթուղթ կամ վկայական` իր կողմից լիազորված պատասխանատու անձի հետ հսկողություն կատարելու համար.
7) ապահովել թանգարանային առարկաները և հավաքածուներն ի պահ ընդունելու և վերադարձնելու ժամանակ դրա տեղափոխումն իր ուժերով.
8) առանց Պահատուի գրավոր համաձայնության` թանգարանային առարկաները և հավաքածուները չտրամադրել երրորդ անձի.
9) թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանման ընթացքում առաջացած թերությունները վերացնել իր միջոցների հաշվին` Պահատուի կողմից նշանակված մասնագետների միջոցով.
10) վճարել սույն պայմանագրի 7-րդ կետով նախատեսված տույժն ու տուգանքները:
5. Պահառուն իրավունք ունի՝
1) թանգարանային առարկաները և հավաքածուները պահատվության ընդունելու ժամանակ Պահատուի ներկայացուցչի ներկայությամբ կատարել դրանց արտաքին զննումը, անհրաժեշտության դեպքում իր հաշվին հրավիրել փորձագետ-մասնագետի.
2) մինչև սույն պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Պահատուին տեղեկացնել սույն պայմանագրի վաղաժամկետ լուծման մասին և թանգարանային առարկաները և հավաքածուները վերադարձնել վերջինին.
3) առանց Պահատուի համաձայնության` թանգարանային առարկաները և հավաքածուներն ի պահ հանձնել երրորդ անձի, եթե նա ստիպված է դա կատարել հանգամանքների ուժով` Պահատուի շահերից ելնելով (արտակարգ իրավիճակներում թանգարանային առարկաները և հավաքածուները պահպանելու նպատակով) և զրկված է նրա համաձայնությունն ստանալու հնարավորությունից:
III. Պայմանագրի ժամկետը
6. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրության պահից և գործում է մինչև երեք տարի:
IV. Այլ պայմաններ
7. Մինչև թանգարանային առարկաները և հավաքածուները Պահատուին վերադարձնելն առաջացած թերությունների համար վճարել տուգանք թանգարանային առարկաների և հավաքածուների վերականգնման արժեքի չափով, իսկ սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարել տույժ` թանգարանային առարկաների և հավաքածուների ապահովագրական արժեքների 1 %-ի չափով:
8. Սույն պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Կողմերը ազատվում են պատասխանատվությունից, եթե դա առաջացել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով (մեղքի բացակայություն), որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսիք են տարերային աղետների, արդյունաբերական և այլ վթարների, զանգվածային հասարակական անկարգությունների, պատերազմի կամ այլ նման պարագաների հետևանքներն ու դրանց վերացնելու դեպքերը կամ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից ընդունված և ուժի մեջ մտած ակտերը, եթե դրանք անմիջականորեն կապված են սույն պայմանագրով նախատեսված Կողմերի պարտավորությունների կատարման պատշաճության, ժամկետների կամ ծավալների հետ:
9. Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է անընդմեջ 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի սույն պայմանագրով սահմանված կարգով լուծել սույն պայմանագիրը` այդ մասին գրավոր տեղյակ պահելով մյուս Կողմին՝ այդ հիմքով որևէ տույժ կամ հատուցում չհաշվարկելով ու դրանց վճարման պահանջ չներկայացնելով։
10. Սույն պայմանագրում Կողմերի գրավոր համաձայնությամբ կարող են կատարվել ցանկացած փոփոխություններ և լրացումներ` պետական լիազոր մարմնի գրավոր թույլտվության հիման վրա:
11. Սույն պայմանագիրը կնքելուց Կողմերը հաստատում են, որ դրանով իրենց շահերը և օրինական իրավունքները ոչ մի կերպ չեն խախտվում կամ սահմանափակվում:
12. Սույն պայմանագրով չկարգավորված հարցերը և Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Սույն պայմանագրի կատարման հետ կապված բոլոր տեսակի փաստաթղթերը, ծանուցումները, տեղեկատվությունը և հաղորդագրությունները Կողմերին պետք է հանձնվեն առձեռն կամ ուղարկվեն պատվիրված նամակներով՝ փոստային հետ ծանուցումով` սույն պայմանագրում նշված հասցեներով: Ծանուցումների, նամակների և այլ փաստաթղթերի ներկայացման (ուղարկման, հանձնման)` սույն պայմանագրով սահմանված ժամկետներ են համարվում հասցեատիրոջ կողմից դրանք փաստացի ստանալու (առձեռն հանձնելու) պահը, իսկ հասցեատիրոջ բացակայության կամ դրանից անկախ որևէ այլ պատճառով փոստային ծառայության կողմից դրանք վերադարձնելու դեպքում` նամակը (առաքանին) վերադարձնելու մասին կապի բաժանմունքի կողմից կատարված նշման օրը:
Սույն պայմանագիրը կազմված է 3 հավասարազոր օրինակներից (յուրաքանչյուրը բաղկացած է թերթից, որից մեկ թերթը` N 1 հավելվածը): Օրինակներից մեկը հանձնվում է Պահառուին, իսկ երկուսը՝ Պահատուին:
V. Տեղեկություններ Կողմերի մասին
Պահատու՝ _________________________________________
կազմակերպություն
ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հաշվառման N ______________, վկայական _____ N _________ տրված __ ____ ________ թ., ՀՎՀՀ, հասցեն՝ հաշվարկային հաշիվ N, բանկ, հեռ.՝ :
Պահառու՝ _____________________________________________
(իրավաբանական անձի կամ հիմնարկի անվանումը)
աշխատակազմ ՀՎՀՀ , Հասցեն` ք. , ՀՀ ֆին. նախ. գործառնական վարչություն հ/հ հեռ.`
Պահառու` | Պահառու` |
Կ.տ.–––––––––––– |
Կ.տ.–––––––––––– |
Պայմանագրի N 1 հավելված
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
Տնօրեն _______________________
(ստորագրություն) Կ.Տ
«_____» _______________20 թ.
ԱԿՏ ԺՕՀ № _____
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
□_____□_________20 թ.
Սույն ակտը կազմված է այն մասին, որ _______________________________________________
________________________________________________________________________________
(գլխավոր ֆոնդապահը, հաշվառման բաժնի /սեկտորի/ վարիչը, բաժնի վարիչը, պատասխանատու ֆոնդապահ)
№_____«____»________20 թ. գործող պայմանագրի համաձայն
_____________________________________________________________________________ թույլտվությամբ
(լիազոր մարմնի)
հանձնեցին, իսկ ________________________________________________________________
(իրավաբանական անձը)
հանձին իր ներկայացուցչի __________________________________________________________
(պաշտոնը, ԱԱՀ)
«_____»_____20 թ. №______ լիազորագրի հիման վրա
____________________ ժամկետով ժամանակավոր օգտագործման ընդունեց հետևյալ թանգարանային առարկաները.
№№ |
Թանգարանային առարկայի անվանումը և համառոտ նկարագիրը, նյութը, տեխնիկան, չափսերը, թանկարժեք մետաղների հարգն ու քաշը, թանկարժեք քարերի քանակը և քաշը |
Վիճակը |
Հաշվառման նիշերը |
Ապահո- վագրական արժեքը |
Ծանոթու-թյուն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
Սույն ակտով հանձնված է և ընդունված ընդամենը ________________________ առարկա
(թվերով և տառերով)
Ակտին կցվում են հանձնման թույլտվությունը,
պայմանագրի պատճենը
Ակտը կազմված է ______ օրինակից և հանձնված է Կողմերին
Հանձնեցին` /_________________/ _____________________________________
(ստորագրություն) |
(անունը, ազգանունը, պաշտոնը) |
Ընդունեցին` /_________________/ _____________________________________
(ստորագրություն) |
(անունը, ազգանունը, պաշտոնը) |
Ձև N 2
Պայմանագիր N
Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց հավաքածուի ժամանակավոր պահպանության հանձնելու և փոխհատուցում ստանալու մասին
ք. Երևան |
ՙ ՚ 20 թ. |
(այսուհետ` «Պահատու»)` ի դեմս
կազմակերպության
___________________________
(թանգարանի անվանումը)
կանոնադրության հիման վրա գործող տնօրեն _________________________________ ի, մի կողմից, և
(ազգանուն-անունը)
__________________________________________________________________________
(իրավաբանական անձի կամ հիմնարկի անվանումը)
(այսուհետ` «Պահառու»)` ի դեմս կազմակերպության կամ հիմնարկի կանոնադրության հիման վրա գործող
__________________________,
(ազգանուն-անունը)
մյուս կողմից (երկուսը միասին այսուհետ` «Կողմեր»), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. Պայմանագրի առարկան
1. Սույն պայմանագրով Պահատուն (նշել ժամանակավոր պահպանության հանձնման տեղը) շենքում ցուցադրելու նպատակով Պահառուի ժամանակավոր պահպանությանը և օգտագործմանն է հանձնում իրեն ամրացված (նշել քանակը) թանգարանային առարկաները և հավաքածուները՝ համաձայն սույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող «Հանձնման-ընդունման ակտի» (համաձայն ձևաչափի), իսկ Պահառուն պարտավորվում է պահպանել թանգարանային առարկաները և հավաքածուները պատշաճ վիճակում, սույն պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան դրանց համար նախատեսված տեղում (ջերմախոնավային, հակահրդեհային անվտանգության, ինչպես նաև պահպանության այլ հատկանիշներին համապատասխան) և այն պահպանված վիճակում վերադարձնել սույն պայմանագրով սահմանված ժամկետում:
II. Կողմերի իրավունքները և պարտականությունները
2. Պահատուն պարտավոր է`
1) թանգարանային առարկաները և հավաքածուները հանձնել Պահառուին՝ սույն պայմանագրի ստորագրման պահից սկսած 10 օրվա ընթացքում.
2) Պահառուին նախազգուշացնել պահատվության հանձնվող թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանման առանձնահատկությունների (ջերմախոնավային, հակահրդեհային անվտանգության, երրորդ անձանց արտաքին շփման, ինչպես նաև այլ պահպանական հատկանիշների) մասին.
3) թանգարանային առարկաների և հավաքածուների առկայության, պահպանվածության ստուգման և խնամքի համար (մաքրում, պահպանության պայմանների ուսումնասիրում և այլն) տրամադրել համապատասխան մասնագետի.
4) սույն պայմանագրի 6-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո հետ վերցնել ի պահ հանձնված թանգարանային առարկաները և հավաքածուները.
5) մինչև թանգարանային առարկաների և հավաքածուների ընդունելը ստորագրել ընդունման-հանձնման ակտը, իսկ թերություններ հայտնաբերելու դեպքում անմիջապես կազմել թերությունների ակտ:
3. Պահատուն իրավունք ունի`
1) պահանջել Պահառուից ձեռնարկել սույն պայմանագրով, ինչպես նաև այլ իրավական ակտերով նախատեսված միջոցները` թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանվածությունն ապահովելու համար.
2) պահանջել վերադարձնել թանգարանային առարկաները և հավաքածուները սույն պայմանագրի Ժամկետը լրանալուց և համապատասխան ընդունման-հանձնման ակտը ստորագրելուց հետո.
3) Պայմանագրի գործողության ողջ ընթացքում պարբերաբար (ամեն ամիս) թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանության պատշաճ վիճակի հսկողություն իրականացնելու նպատակով անարգել տեսնել դրանք, կազմել համապատասխան արձանագրություն, որը ստորագրում է նաև Պահառուն:
4. Պահառուն պարտավոր է`
1) ընդունել (նշել հասցեն) թանգարանային առարկաները և հավաքածուները պահատվության.
2) թանգարանային առարկաները և հավաքածուները ցուցադրության վայրում ապահովել պահատվության հետևյալ պայմանները.
ա. օդի ջերմաստիճանը` +18-20 C.
բ. օդի հարաբերական խոնավությունը` 50%.
գ. լուսավորությունը` 70 լյուքս` զերծ արևի ուղիղ ճառագայթներից.
դ. թանգարանային առարկաները և հավաքածուները տեղակայել ջեռուցման մարտկոցներից և ջերմության այլ աղբյուրներից 3-4 մետր հեռավորության վրա (խստիվ արգելվում է Հավաքածուի տեղակայումը ջեռուցման մարտկոցների և ջերմության այլ աղբյուրների վերևում, ինչպես նաև միջանցիկ քամու առկայությունը տարածքում).
3) պահատվության հանձնված թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանվածության ապահովման համար ձեռնարկել սույն պայմանագրի, նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանող բոլոր միջոցները.
4) սույն պայմանագրով սահմանված ժամկետում վերադարձնել Պահատուի կողմից պահատվության հանձնված թանգարանային առարկաները և հավաքածուները` ընդունման-հանձնման ակտի հիման վրա.
5) սույն պայմանագրի հավելվածի համաձայն` վերադարձնել թանգարանային առարկաները և հավաքածուները այն վիճակում, որով այն ի պահ է ընդունվել.
6) Պահատուին և նրա կողմից կցված մասնագետին հնարավորություն ընձեռնել հետևելու թանգարանային առարկաները և հավաքածուները ֆիզիկական վիճակին ամենամյա այցելության միջոցով` տրամադրելով անցաթուղթ կամ վկայական` իր կողմից լիազորված պատասխանատու անձի հետ հսկողություն կատարելու համար.
7) ապահովել թանգարանային առարկաները և հավաքածուներն ի պահ ընդունելու և վերադարձնելու ժամանակ դրա տեղափոխումն իր ուժերով.
8) առանց Պահատուի գրավոր համաձայնության` թանգարանային առարկաները և հավաքածուները չտրամադրել երրորդ անձի.
9) Պահատուին վճարել սույն պայմանագրի 7-րդ կետով սահմանված վճարը.
10) թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանման ընթացքում առաջացած թերությունները վերացնել իր միջոցների հաշվին` Պահատուի կողմից նշանակված մասնագետների միջոցով.
11) Վճարել սույն պայմանագրի 8-րդ կետով նախատեսված տույժն ու տուգանքները:
5. Պահառուն իրավունք ունի՝
1) թանգարանային առարկաները և հավաքածուները պահատվության ընդունելու ժամանակ Պահատուի ներկայացուցչի ներկայությամբ կատարել դրանց արտաքին զննումը, անհրաժեշտության դեպքում իր հաշվին հրավիրել մասնագետի.
2) մինչև սույն պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Պահատուին տեղեկացնել սույն պայմանագրի վաղաժամկետ լուծման մասին և թանգարանային առարկաների և հավաքածուների վերադարձնել վերջինին.
3) առանց Պահատուի համաձայնության` թանգարանային առարկաները և հավաքածուները ի պահ հանձնել երրորդ անձի, եթե նա ստիպված է դա կատարել հանգամանքների ուժով` Պահատուի շահերից ելնելով (արտակարգ իրավիճակներում թանգարանային առարկաները և հավաքածուները պահպանելու նպատակով) և զրկված է նրա համաձայնությունն ստանալու հնարավորությունից:
III. Պայմանագրի ժամկետը և վճարման կարգը
6. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրության պահից և գործում է մինչև 3 տարի:
7. Սույն պայմանագրի N 1 հավելվածով տրամադրվող Հավաքածուի` որպես փոխհատուցում ամսական վճարել ապահովագրական արժեքի 1%-ը` ՀՀ դրամ, բայց ոչ ուշ, քան մինչև հաջորդ ամսվա 15-ը` Պահատուի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով:
IV. Այլ պայմաններ
8. Մինչև թանգարանային առարկաները և հավաքածուները Պահատուին վերադարձնելն առաջացած թերությունների համար վճարել տուգանք թանգարանային առարկաների և հավաքածուների վերականգնման արժեքի չափով, իսկ սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարել տույժ` թանգարանային առարկաների և հավաքածուների ապահովագրական արժեքների 1 %-ի չափով:
9. Սույն պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Կողմերը ազատվում են պատասխանատվությունից, եթե դա առաջացել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով (մեղքի բացակայություն), որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսիք են տարերային աղետների, արդյունաբերական և այլ վթարների, զանգվածային հասարակական անկարգությունների, պատերազմի կամ այլ նման պարագաների հետևանքներն ու դրանց վերացնելու դեպքերը կամ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից ընդունված և ուժի մեջ մտած ակտերը, եթե դրանք անմիջականորեն կապված են սույն պայմանագրով նախատեսված Կողմերի պարտավորությունների կատարման պատշաճության, ժամկետների կամ ծավալների հետ:
10. Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է անընդմեջ 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի սույն պայմանագրով սահմանված կարգով լուծել սույն պայմանագիրը` այդ մասին գրավոր տեղյակ պահելով մյուս Կողմին՝ այդ հիմքով որևէ տույժ կամ հատուցում չհաշվարկելով ու դրանց վճարման պահանջ չներկայացնելով։
11. Սույն պայմանագրում Կողմերի գրավոր համաձայնությամբ կարող են կատարվել ցանկացած փոփոխություններ և լրացումներ` պետական լիազոր մարմնի գրավոր թույլտվության հիման վրա:
12. Սույն պայմանագիրը կնքելուց Կողմերը հաստատում են, որ դրանով իրենց շահերը և օրինական իրավունքները ոչ մի կերպ չեն խախտվում կամ սահմանափակվում:
13. Սույն պայմանագրով չկարգավորված հարցերը և Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
14. Սույն պայմանագրի կատարման հետ կապված բոլոր տեսակի փաստաթղթերը, ծանուցումները, տեղեկատվությունը և հաղորդագրությունները Կողմերին պետք է հանձնվեն առձեռն կամ ուղարկվեն պատվիրված նամակներով՝ փոստային հետ ծանուցումով` սույն պայմանագրում նշված հասցեներով: Ծանուցումների, նամակների և այլ փաստաթղթերի ներկայացման (ուղարկման, հանձնման)` սույն պայմանագրով սահմանված ժամկետներ են համարվում հասցեատիրոջ կողմից դրանք փաստացի ստանալու (առձեռն հանձնելու) պահը, իսկ հասցեատիրոջ բացակայության կամ դրանից անկախ որևէ այլ պատճառով փոստային ծառայության կողմից դրանք վերադարձնելու դեպքում` նամակը (առաքանին) վերադարձնելու մասին կապի բաժանմունքի կողմից կատարված նշման օրը:
Սույն պայմանագիրը կազմված է 3 հավասարազոր օրինակներից (յուրաքանչյուրը բաղկացած է թերթից, որից մեկ թերթը` N 1 հավելվածը): Օրինակներից մեկը հանձնվում է Պահառուին, իսկ երկուսը՝ Պահատուին:
V. Տեղեկություններ Կողմերի մասին
Պահատու՝ ____________________________
(կազմակերպություն)
ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հաշվառման N ______________, վկայական _____ N _________ տրված __ ____ ________ թ., ՀՎՀՀ , հասցեն՝ , հաշվարկային հաշիվ N , բանկ, հեռ.՝ :
Պահառու՝ ________________________________________
(իրավաբանական անձի կամ հիմնարկի անվանումը)
աշխատակազմ ՀՎՀՀ , Հասցեն` ք. , ՀՀ ֆին. նախ. գործառնական վարչություն հ/հ հեռ.`
Պահառու` | Պահառու` |
Կ.տ.–––––––––––– |
Կ.տ.–––––––––––– |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 փետրվարի 2025 թվական:
