Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ԵՎ ԵԱՀԿ ԵրԵՎանյան գրասենյակի միջԵՎ համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության Ոստիկանությունը (այսուհետ` Ոստիկանություն) և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը (այսուհետ` ԵԱՀԿ), այսուհետ` Կողմեր,
հաշվի առնելով, որ ԵԱՀԿ-ն ցանկանում է երկարաժամկետ օգնություն ցուցաբերել Ոստիկանությանը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ոստիկանական գործելակերպ զարգացնելու հարցում,
հաշվի առնելով, որ Կողմերը գիտակցում են Ոստիկանության և բնակչության միջև փոխվստահության և գործակցության խորացման կարևորությունը` համայնքահեն ոստիկանական ծառայության միջոցով հանցագործությունների կանխման և բացահայտման հարցում,
հաշվի առնելով, որ Կողմերն ընդունում են Հայաստանում Ոստիկանության և բնակչության կարիքներին համահունչ և միջազգային չափանիշներին համապատասխանող ոստիկանական կրթական համակարգ մշակելու անհրաժեշտությունը,
հաշվի առնելով, որ ԵԱՀԿ-ն ցանկանում է աջակցել Ոստիկանությանը վերջինիս` հասարակական կարգի պահպանման կարողությունների ամրապնդման հարցում,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Ոստիկանություն-բնակչություն գործընկերության ամրապնդման հարցերով աշխատանքային խմբի ստեղծումը
1. Սույն Հուշագիրն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում, Կողմերը կստեղծեն Ոստիկանության և ԵԱՀԿ-ի համատեղ աշխատանքային խումբ: Նշված խումբը իր առաջարկությունների և համաձայնեցված գործողությունների միջոցով նպաստելու է ոստիկանություն-բնակչություն` Հայաստանում կիրառելի գործընկերության ամրապնդմանն ուղղված մոդելի ընդունման գործընթացին` հաշվի առնելով Ոստիկանության Արաբկիրի բաժնում ներկայումս իրականացվող համայնքահեն ոստիկանության փորձնական ծրագրից ստացված արդյունքները:
2. Աշխատանքային խումբը համանախագահելու են Ոստիկանության պետի տեղակալներից մեկը և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով պատասխանատուն:
3. Աշխատանքային խմբի համանախագահների առաջարկությամբ աշխատանքային խմբի անդամներ համատեղ նշանակվելու են Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետի և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի կողմից:
Աշխատանքային խմբում պետք է ընդգրկվեն Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետը, Ոստիկանության Արաբկիրի բաժնի տեղամասային փորձնական ստորաբաժանման համակարգողը և ԵԱՀԿ ոստիկանության գծով փորձագետները:
4. Աշխատանքային խմբի անդամները պետք է ուսումնասիրեն համայնքահեն ոստիկանության և համայնքների անվտանգության ապահովման հետ կապված գործողությունները` խմբի շրջանակներում իրենց աշխատանքը առավել նպատակահարմար և արդյունավետ դարձնելու նպատակով:
5. ՏՈՍ-ի գործունեության և համայնքահեն ոստիկանության լավագույն գործելակերպի հիման վրա աշխատանքային խումբը կմշակի ոստիկանություն-բնակչություն գործընկերության ամրապնդմանն ուղղված այնպիսի մոդելի ներմուծման վերաբերյալ առաջարկություններ, որը կիրառելի է Հայաստանում:
6. Աշխատանքների ընթացքի մասին միջանկյալ հաշվետվությունը կքննարկվի Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի հետ՝ աշխատանքային խմբի ստեղծումից երեք ամիս անց:
7. Վերջնական հաշվետվությունը` առաջարկության հետ մեկտեղ կներկայացվի Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին աշխատանքային խմբի ստեղծումից վեց ամիս անց:
Հոդված 2
Ոստիկանության կրթական համակարգի բարելավման հարցերով աշխատանքային խմբի ստեղծումը
1. Ոստիկանության կրթական համակարգը բարելավելու նպատակով սույն Հուշագիրն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում, կստեղծվի Ոստիկանության և ԵԱՀԿ-ի համատեղ աշխատանքային խումբ: Խումբը մշակելու է ոստիկանության կրթական համակարգի բարեփոխումների ռազմավարությունը` հիմնված Ոստիկանության և բնակչության գործընկերության վրա:
2. Աշխատանքային խումբը համանախագահելու են Ոստիկանության ուսումնական կենտրոնի պետը և ԵԱՀԿ քարտուղարության` ոստիկանության ռազմավարական հարցերով ստորաբաժանման` ոստիկանության գծով պատասխանատուն:
3. Աշխատանքային խմբի համանախագահների առաջարկությամբ աշխատանքային խմբի անդամները համատեղ նշանակվելու են Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետի և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի կողմից:
4. Աշխատանքների ընթացքի մասին միջանկյալ հաշվետվությունը կքննարկվի Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի հետ՝ աշխատանքային խմբի ստեղծումից երեք ամիս անց:
5. Վերջնական հաշվետվությունը` առաջարկությունների հետ մեկտեղ, կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետին և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարին աշխատանքային խմբի ստեղծումից վեց ամիս անց:
Հոդված 3
Առաջարկությունների իրականացումը
Վերը նշված աշխատանքային խմբերի վերջնական առաջարկությունները Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ համաձայնեցնելուց հետո Ոստիկանության հետ կմշակվի «Իրականացման մասին» համաձայնագիր, որտեղ կսահմանվեն առաջարկությունների իրականացման ժամանակացույցը և Ոստիկանության և ԵԱՀԿ համապատասխան պարտականությունները:
Հոդված 4
Հասարակական կարգի պահպանումը
Կարիքները, ժամանակացույցը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները որոշելու նպատակով ԵԱՀԿ-ն կանցկացնի գնահատում` հասարակական կարգի պահպանման հարցում օգնություն տրամադրելու համար: Կարիքների գնահատման եզրակացությունը ծառայելու է որպես հիմք այս ոլորտում ԵԱՀԿ կողմից հետագա օգնության համար:
Հոդված 5
Համագործակցությունը այլ կազմակերպությունների և պետությունների հետ
ԵԱՀԿ-ն տրամադրվող իր օգնությունը կհամաձայնեցնի Ոստիկանության հետ` խուսափելու միջոցների օգտագործման ընթացքում մասնակի համընկնումներից, կրկնություններից, անարդյունավետությունից կամ վերացնելու դրանք: Ոստիկանությունը իր կողմից կտեղեկացնի ԵԱՀԿ-ին ոստիկանությանը տրամադրվող ցանկացած տեսակի օգնության մասին, որն առնչվում է սույն Հուշագրի առարկային:
Հոդված 6
Այլ տեսակի օգնությունը
Ոստիկանության խնդրանքով` ԵԱՀԿ-ն պատրաստ է տրամադրելու ցանկացած այլ տեսակի օգնություն իր մանդատի և ֆինանսական միջոցների շրջանակներում:
Հոդված 7
Վեճերի կարգավորումը
Սույն Հուշագրի մեկնաբանումից, կիրարկումից և (կամ) կիրառումից ծագող բոլոր վեճերը, տարաձայնությունները կամ պահանջները Կողմերի միջև կարգավորվում են բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 8
Փոփոխությունները
Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով: Արձանագրություններն ուժի մեջ են մտնում Հուշագրի 9-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի համաձայն և կազմում են դրա անբաժանելի մասը:
Հոդված 9
Ուժի մեջ մտնելը և դադարեցնելը
1. Սույն Հուշագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին գրավոր ծանուցումը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ստանալու օրվանից և վավերական է անորոշ ժամկետով:
2. Սույն Հուշագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից մեկի՝ այդպիսի մտադրության մասին դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին ծանուցելու օրվանից վեց ամիս հետո:
Սույն Հուշագիրը ստորագրվել է Երևան քաղաքում 2008 թվականի նոյեմբերի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և անգլերեն: Երկու տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Հուշագրի դրույթների մեկնաբանության ժամանակ տարաձայնություն առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տարբերակը:
Հուշագիրն ուժի մեջ է մտել 2009թ. հունվարի 13-ին:
