ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«27» հունվարի 2025 թ. |
N 05-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 249-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 30-ի «Ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացվող բնության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատմանը, բնության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը և հանքի փակման ծրագրին ներկայացվող պահանջների մասին» N 249-Ն հրամանի 3-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի․
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Նախարար`
1/27/2025 |
Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ |
|
Հավելված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հունվարի 27-ի թիվ 05-Ն հրամանի |
|
«Հավելված N 3 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 249-Ն հրամանի |
Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր
ՀԱՆՔԻ ՓԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ
1. Սույն հավելվածով սահմանվում են հանքի փակման ծրագրի (այսուհետ՝ նաև Ծրագիր) կազմմանը ներկայացվող նվազագույն պահանջները:
2. Սույն հավելվածով սահմանված պահանջները տարածվում են այն բոլոր իրավաբանական անձանց վրա, որոնք, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 49-րդ, 55-րդ, 56-րդ և 58-րդ հոդվածների համաձայն, դիմում են լիազոր մարմին` օգտակար հանածոների արդյունահանման իրավունք հայցելու, օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման, օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման կամ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարվելու նպատակով, ինչպես նաև օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձանց վրա, որոնց կողմից Օրենսգրքի 58․1-ին հոդվածի համաձայն՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետի ավարտից երկու տարի առաջ լիազոր մարմին է ներկայացվում հանքի փակման ծրագիր։
3. Օգտակար հանածոների արդյունահանման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացվող հանքի փակման ծրագրում ներառվում են․
1) հանքի ֆիզիկական փակման ծրագիրը, որում ներառվում է ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների և շինությունների ապամոնտաժումը,
2) օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի, ներառյալ` ռեկուլտիվացիայի ծրագիրը հանքի գոյության ընթացքում (ելնելով հանքավայրի շահագործման եղանակից),
3) աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով,
4) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը,
5) հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագրի կազմման հավաստումը,
6) հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները։
4. Ծրագիրը կազմվում է Շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 369-Ն հրամանի 3-րդ հավելվածով հաստատված ուղեցույցին համապատասխան և ներառում է հետևյալ բաժինները՝
1) օգտագործվող սահմանումներ և տերմիններ.
2) նախաբան.
3) ընդհանուր տեղեկություններ.
4) բնության և շրջակա միջավայրի նկարագիրը.
5) շահագրգիռ կողմերի դիրքորոշումը.
6) հանքի փակման միջոցառումների նկարագիրը՝ հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման իրականացման դրույթների ներառմամբ, փակման ծրագրի կառավարումը.
7) աշխատուժի սոցիալական մեղմացմանն ուղղված աշխատանքների նկարագիրը՝ հանքի փակումից հետո աշխատատեղերի ստեղծման, մասնագիտական վերաորակավորման և ուսուցման դրույթների ներառմամբ,
8) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը.
9) հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագրի կազմման հավաստումը.
10) հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները:
5. Ընդերքօգտագործման իրավունք կրողը պարտավոր է հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժումն իրականացնել Ծրագրին համապատասխան։
6․ Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից, լիազոր մարմին ներկայացվող դիմումին կից բացի սույն հավելվածի 3-րդ կետին համապատասխան կազմված հանքի փակման ծրագրից, ներկայացնում է նաև հանքի փակման ծրագրով նախատեսված՝ օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի, ներառյալ` հանքի գոյության ընթացքում կատարված ռեկուլտիվացման աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթեր։
7․ Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետի ավարտից երկու տարի առաջ ընդերքօգտագործողի կողմից Օրենսգրքի 58․1-ին հոդվածի համաձայն՝ լիազոր մարմին ներկայացված հանքի փակման ծրագրում ներառվում են`
1) ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների և շինությունների ապամոնտաժումը,
2) օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի ծրագիրը, ներառյալ` հանքի գոյության ընթացքում կատարված ռեկուլտիվացման աշխատանքները և այդ աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթերը.
3) աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը, որը ներառում է հանքի փակումից հետո աշխատատեղերի ստեղծման, մասնագիտական վերաորակավորման և ուսուցման դրույթներ,
4) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը.
5) հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները։
8․ Հանքի փակման ծրագիրն ունի չորս բաղադրիչ՝ ֆիզիկական փակում, շրջակա միջավայրի վերականգնում, աշխատուժի մեղմացում և ֆինանսական երաշխիքներ:
1) Ֆիզիկական փակում
ա․ Հանքի փակման ծրագիրը ներառում է ֆիզիկական վերականգնումը:
բ․ Ֆիզիկական փակումն, ըստ նպատակահարմարության, պետք է նախատեսի ծրագրի շահագործման ողջ ժամկետի ընթացքում զուգահեռ տարվող վերականգնողական աշխատանքների իրականացումը:
գ․ Ծրագրի ենթակառուցվածքները (շենքերը և սարքավորումները) պետք է ապամոնտաժվեն և կրկին օգտագործվեն (վերամշակվեն) հեռացվեն՝ ըստ նպատակահարմարության:
դ․ Ֆիզիկական վտանգ առաջացնող խանդակները, ողողափոսերը և աղուրափոսերը պետք է մեկուսացվեն, որպեսզի չվտանգեն հասարակության անվտանգությունը:
ե․ Ընդերքօգտագործման աշխատանքների արդյունքում առաջացող փոսորակները, օգտագործված հանքաքարերի կուտակումները, թափոնները, ջրափոսերը, ամբարտակները և այլ նման խոչընդոտները պետք է ամրակցվեն (օրինակ՝ թեքվածքները կայունացնելու միջոցով), որպեսզի վերացվի ֆիզիկական փլուզման կամ վատթարացման վտանգը:
զ․ Մակերեսային և գրունտային ջրերը պետք է պաշտպանվեն ընդերքօգտագործման աշխատանքների արդյունքում աղտոտված (հոսող) ծորացող արդյունաբերական հոսքերից (օրինակ՝ հանքաքարի թթվային ջրաքաշման և ցիանիդի հոսքից):
է․ Հանքի փակման ծրագրի կանխարգելիչ միջոցառումների համապատասխանությունը գնահատելու համար անհրաժեշտ է շարունակական մշտադիտարկման իրականացում, որի տևողությունը որոշվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 22-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 15-րդ կետով սահմանված ժամկետները։
2) Շրջակա միջավայրի վերականգնում
ա․ Հանքի փակման նպատակն է ընդերքօգտագործման աշխատանքներից հետո շրջակա միջավայրի բնական բաղադրիչների վերականգնումը` հանքի փակումից հետո ռեսուրսների համաձայնեցված օգտագործմամբ:
բ․ Ռեսուրսների նախընտրելի օգտագործումը և վերականգնողական աշխատանքների որակը սահմանվում է խորհրդակցելով համապատասխան շահագրգիռ անձանց և ազդակիր համայնքի հետ:
գ․ Հանքի շահագործմանը զուգահեռ իրականացվող շրջակա միջավայրի շարունակական վերականգնումը թույլ է տալիս հանքի փակումից հետո ապահովել ռեսուրսների կայուն օգտագործում և որակ:
դ․ Շահագործման ընթացքում հանքաքարի թթվային ջրաքաշման (ARD) և ցիանիդի մակարդակի մշտադիտարկումը չափազանց կարևորվում է ցիանիդի և հանքաքարի թթվային ջրաքաշման մնացորդների չեզոքացման ազդանյութերի ընտրության համար:
ե․ Շրջակա միջավայրի վերականգնման աշխատանքների շրջանակում պետք է դիտարկվի շրջակա միջավայրի բնական բաղադրիչների վերականգնումը: Վերականգնման միջոցառումները պետք է լինեն հստակ, ներառեն բովանդակային և ժամկետային սահմանումներ:
3) Աշխատուժի մեղմացում
ա․ Մինչ հանքի փակումը սկսելն անհրաժեշտ է կազմել հանքի փակման աշխատանքներում ներգրավված աշխատուժի առողջության և աշխատանքային անվտանգության ապահովման ծրագիրը:
բ․ Հանքի և մշակող արտադրությունների փակման հետևանքով ազդակիր աշխատուժի մեղմացման ծրագիրը հանքի փակման ծրագրի մասն է և պետք է արտացոլվի վերջնական ծրագրում` խորհրդակցելով աշխատակիցների և նրանց միավորումների հետ:
4) Ֆինանսական երաշխիքներ
ա․ Հանքի փակման ծախսերի իրատեսական նախահաշվի առկայությունը հանքի փակման ծրագրի (ֆիզիկական փակման, շրջակա միջավայրի վերականգնման և աշխատուժի մեղմացման) ֆինանսական երաշխիքի հիմքն է:
բ․ Հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները՝ ֆինանսական երաշխիքներն են, որոնք ներկայացվում են հանքի փակման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով.
գ․ Ֆինանսական երաշխիքը պետք է տրվի իրավաբանական անձի կողմից, որը բավարարում է ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 885-Ն որոշմամբ սահմանված չափանիշներին։
դ․ Փակման աշխատանքների ֆինանսավորման մեխանիզմները պետք լրացվեն` օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված Ծրագրի փոփոխությունների համաձայն:
ե․ Ֆինանսական երաշխիքը ուժի մեջ է այնքան ժամանակ, մինչև որ արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկման արդյունքները կվկայեն, որ ֆիզիկական փակումը, շրջակա միջավայրի վերականգնումը և աշխատուժի մեղմացումը բավարար են:
9․ Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, մշտադիտարկումների իրականացման վճարների չափերի հաշվարկման և վճարման կարգերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 22-Ն որոշմամբ։
10․ Հանքի փակման ծրագրում նախատեսված աշխատանքների մանրամասների ծավալը և մակարդակը պետք է համապատասխանեն հանքի փակումից հետո առաջացող հնարավոր ազդեցություններին, ռիսկերին և օգուտներին:
11․ Հանքի փակման ծրագիրը պետք է նախատեսի երաշխիքներ շահագործման ժամանակավոր դադարեցման կամ հանքի վաղաժամկետ վերջնական փակման դեպքերում:
12․ Հանքի փակման ծրագիրը պետք է ներառի շահագրգիռ կողմերի լայն շրջանակի, այդ թվում՝ հողի սեփականատերերի, տեղական համայնքների, կարգավորող մարմինների կամ այլ ազդակիր շահագրգիռ անձանց հետ խորհրդատվության արդյունքները:»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2025 թվական: