ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱՆԱՆՑ, ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ժողովրդական զարգացման անհրաժեշտ տեմպերի ապահովման, ընտանիքի հետագա ամրապնդման նպատակով, ընտանիքի, մայրության և մանկության հրատապ հիմնահարցերի լուծման անհրաժեշտությունից ելնելով, շուկայական հարաբերությունների պայմաններում կարևոր նշանակություն տալով նվազ ապահովված ընտանիքների սոցիալական պաշտպանվածության հարցերին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Սահմանել աշխատող կանանց համար նախածննդյան և հետծննդյան արձակուրդ, վճարելով լրիվ աշխատավարձը`
ա) 140 օր (70 օրացուցային օր` նախածննդյան, 70 օրացուցային օր` հետծննդյան ժամանակահատվածում).
բ) 155 օր (70 օրացուցային օր` նախածննդյան, 85 օրացուցային օր` հետծննդյան ժամանակահատվածում) բարդ ծննդաբերության դեպքում.
գ) 180 օր (70 օրացուցային օր` նախածննդյան, 110 օրացուցային օր` հետծննդյան ժամանակահատվածում) զույգ և ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Ժամկետից շուտ ծննդաբերելու դեպքում նախածննդյան մնացած օրերը գումարվում են հետծննդյան ժամանակահատվածի արձակուրդին:
2. Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդին` ՀԱՄԽ-ի հետ համատեղ մշակել երեխաներ ունեցող ընտանիքների համար պետական նպաստների համակարգ` հաշվի առնելով ընտանիքի տարատեսակը, բնակության վայրը, եկամուտը և ապրուստի արժեքի ինդեքսը, սահմանելով`
ա) միանվագ նպաստ երեխա ծնվելու դեպքում (զույգ և ավելի երեխաներ ծնվելու դեպքում` յուրաքանչյուր երեխայի համար).
բ) ամենամսյա նպաստ երեխայի խնամքի համար մինչև նրա 2 տարեկան դառնալը ըստ հետևյալ խմբերի`
աշխատող կանանց.
ուսանողուհիների (արտադրությունից կտրված ուսման դեպքում),
18 տարին չլրացած կանանց,
մինչև մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող կանանց,
միայնակ ծնողների կամ խնամակալների.
չաշխատող կանանց.
գ) ամենամսյա նպաստ մինչև երեխայի 16 տարեկան դառնալը, ելնելով տարիքային առանձնահատկություններից (սովորողներին կրթաթոշակ չստանալու դեպքում` մինչև 18 տարեկան դառնալը).
դ) նպաստի հավելավճար`
հաշմանդամ երեխաներին,
որբ երեխաներին,
խնամակալության տակ գտնվող երեխաներին,
ալիմենտ ստացող երեխաներին,
բացիլակիր երեխաներին,
ժամկետային ծառայության զինծառայողների երեխաներին.
ե) ժամանակավոր անաշխատունակության նպաստներով ապահովելու կարգը այն անձանց համար, որոնք զբաղված են փոքրահասակ (մինչև 3 տարեկան), որբ, հաշմանդամ երեխաների ( մինչև 16 տարեկան) խնամքով, երբ մայրը (խնամակալը) ի վիճակի չէ խնամել երեխային.
զ) նպաստի չափերի հաշվարկման այնպիսի կարգ, որը հաշվի առնի շրջաններում և առանձին վայրերում գործող աշխատավարձի շրջանային գործակիցները: Եթե տվյալ շրջանում գործում են աշխատավարձի տարբեր գործակիցներ, ապա կիրառվում են այն գործակիցները, որոնք սահմանված են ժողովրդական տնտեսության ոչ արտադրական ճյուղերի բանվորների և ծառայողների աշխատավարձի համար.
է) ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող կանանց համար` հիմնարկների, ձեռնարկությունների ղեկավարության համաձայնությամբ.
ը) վիճակագրական հաշվետվության ձևեր` աշխատող կանանց և մինչև 18 տարեկան անձանց զբաղվածության, աշխատողների կատեգորիաների, աշխատանքի կազմակերպման ձևերի ու պայմանների, հիվանդության, վնասվածքների և դրանց պատճառների հաշվառման համար:
3. Հաշմանդամ երեխայի խնամքի նպատակով ծնողներից մեկին (խնամակալին) վճարել երեխայի բուժման համար` ըստ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի, ինչպես նաև սահմանել ամսական մեկ լրացուցիչ հանգստյան օր` վճարելով օրական միջին վաստակի չափով, սոցիալական ապահովագրության միջոցների հաշվին:
4. Աշխատանքը շարունակելու ցանկություն ունեցող մայրերին մինչև երեխայի 2 տարեկան դառնալը վճարել նպաստի 50 տոկոսի չափով, պահպանելով լրիվ աշխատավարձը:
5. Հատկացնել`
ա) մեկ տարվա լրացուցիչ արձակուրդ մորը կամ երեխայի խնամողին իր դիմումի համաձայն` առանց աշխատավարձի պահպանման, մինչև երեխայի 3 տարեկան դառնալը, պահպանելով աշխատանքային ստաժը.
բ) ամենամյա արձակուրդ իրենց հարմար ժամանակ, այն տղամարդկանց, որոնց կանայք գտնվում են երեխայի խնամքի համար արձակուրդում:
6. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին, պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդներին`
ա) իրավունք տալ իրենց միջոցների շրջանակներում սահմանել գործող օրենսդրությամբ նախատեսված բոլոր տեսակի նպաստների հավելավճարներ երեխաներ ունեցող ընտանիքների համար, մտցնել նպաստների և արտոնությունների լրացուցիչ տեսակներ` նպատակ ունենալով առաջին հերթին բավարարել բազմազավակ, ոչ լրիվ և երիտասարդ ընտանիքների, հաշմանդամ երեխաներ դաստիարակող ընտանիքների, առանց ծնողների խնամքի մնացած երեխաների պահանջները: Ստեղծել հղի և կերակրող մայրերի համար արտոնությունների համակարգ` վիտամիններով հարուստ սննդամթերք ձեռք բերելու համար.
բ) տարածել մայրության առնչությամբ կնոջը տրվող արտոնությունները (գիշերային, արտաժամյա աշխատանքների, հանգստյան օրերին աշխատանքի ներգրավելու և գործուղման ուղարկելու սահմանափակումը, լրացուցիչ արձակուրդներ տալը, աշխատանքի արտոնյալ ռեժիմների սահմանումը և գործող օրենսդրությամբ սահմանված այլ արտոնություններ) առանց մոր երեխաներ դաստիարակող հայրերի (մոր մահվան, ծնողական իրավունքից զրկելու, տևական ժամանակով բուժհիմնարկներում գտնվելու և երեխաների նկատմամբ մոր խնամքի բացակայության մյուս դեպքերում), ինչպես նաև անչափահասների խնամակալների վրա: Գիշերային աշխատանքից առաջին հերթին ազատել այն կանանց, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխա.
գ) հղի կանանց անբարենպաստ արտադրական գործոնների ազդեցությունը բացառող ուրիշ ավելի թեթև աշխատանքի փոխադրումը ժամանակին ապահովելու համար`
- հիմնարկների, ձեռնարկությունների ղեկավարներին (անկախ սեփականության ձևից), արհմիութենական կոմիտեներին` սանիտարական հսկողության մարմինների հետ համատեղ և կանանց հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, բժշկական պահանջներին համապատասխան սահմանել այն աշխատատեղերն ու աշխատանքի տեսակները, որոնք կարող են կատարել հղի կանայք կամ որոնք կանայք կարող են կատարել տանը, ինչպես նաև ստեղծել նրանց աշխատանքի կիրառման հատուկ արտադրամասեր (տեղամասեր).
- արգելել հղիության և կրծքի երեխայի կերակրման պատճառներով կանանց աշխատանքի ընդունելու սահմանափակումները և նրանց աշխատավարձը իջեցնելը.
դ) կանանց և երեխաների առողջության պահպանության և ամրապնդման համար առաջնահերթ կարգով կատարել վալյուտային հատկացումներ` մանկական և ծննդանպաստ նոր տիպի բուժկանխարգելիչ հիմնարկների շինարարության, մանկական սննդի արտադրության կազմակերպման համար, ներմուծել պատվաստանյութեր, մանկական սննդամթերք, ընդլայնել մանկական դեղամիջոցների արտադրությունը.
- ապահովել ծննդանպաստ և մանկական հիմնարկների համար բուժախտորոշիչ սարքերի և գործիքների, հաշմանդամ երեխաների առողջության վերականգնման և պրոթեզավորման միջոցների արտադրությունը` արտասահմանյան ֆիրմաների և կազմակերպությունների հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման արտոնյալ պայմաններով:
7. Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որն ունի անչափահաս երեխաներ, ստանում է նպաստ հավասար իրավունքով, եթե օրենսդրությամբ այլ բան չի չի նախատեսվում:
8. Աշխատող կանանց համար սահմանել ամենամյա արձակուրդ ոչ պակաս, քան 24 օրացուցային օր տևողությամբ: Յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար մոր արձակուրդը ավելացնել 2 օրով:
9. Արտոնել 5 և ավելի երեխաներ ունեցող ծնողներից մեկին հանրապետության ներսում քաղաքային տրանսպորտից /բացի տաքսիից/ անվճար օգտվելու իրավունք:
10. Երիտասարդ ընտանիքներին տրամադրել կահույք և կենցաղային այլ իրեր ձեռք բերելու համար երկարաժամկետ վարկեր` Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված կարգով:
11. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին`
ա) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություններ գործող օրենսդրության մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
բ) կառավարման համակարգում ստեղծել ընտանիքի ամրապնդման և ժողովրդագրական քաղաքականության հարցերով զբաղվող համապատասխան մարմին.
գ) պատրաստել ժողովրդական տնտեսության ճյուղերի ծանր, թունավոր, վնասակար պայմաններ ունեցող այն արտադրությունների, մասնագիտությունների և աշխատանքների ցուցակները, որոնցում արգելվում է հղի, ծննդաբերելու ընդունակ տարիքի կանանց, դեռահասների աշխատանքի կիրառումը: Նրանց համար մշակել առավելագույն թույլատրելի բեռնվածության նորմաներ ձեռքով ծանրություններ բարձրացնելիս և տեղափոխելիս, ինչպես նաև այն աշխատանքների ու մասնագիտությունների մոտավոր ցանկը, որտեղ առավելապես աշխատելու են կանայք, անչափահասներ և սահմանափակ աշխատունակությամբ անձինք:
12. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի վրա:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ | Լ. Տեր-Պետրոսյան |
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար |
Ա. Սահակյան |
|