ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«27» օգոստոսի 2024 թ. |
N 66-Ն |
ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի պահանջով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել պետական թանգարանային աշխատողների ատեստավորման կարգի օրինակելի ձևը համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար`
8/27/2024 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. օգոստոսի 27-ի N 66-Ն/ հրամանի |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են թանգարանների հավաքածուների պահպանության, հետազոտական գործունեության, ցուցադրությունների թանգարանային կրթության, շրջայցերի կազմակերպման գործառույթներ իրականացնող Աշխատակիցների (այսուհետ՝ Աշխատակից) ատեստավորման (այսուհետ՝ ատեստավորում) կազմակերպման և իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Ատեստավորման նպատակն է թանգարանների Աշխատակիցների մասնագիտական գիտելիքների իմացության գնահատումը և դրա արդյունքում վերջիններիս դրույքաչափի փոփոխությունը:
3. Թանգարանում համապատասխան պաշտոնի առաջին անգամ նշանակված Աշխատակիցը կարող է ատեստավորում անցնել պաշտոնի նշանակվելուց ոչ շուտ, քան վեց ամիս անց։ Նա ատեստավորման համար դիմում է վեցամսյա ժամկետը լրանալուց հետո երկու տարվա ընթացքում։
4. Թանգարանում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի նշանակվելուց հետո Աշխատակցի ատեստավորման արդյունքները պահպանվում են, իսկ առաջխաղացմամբ պաշտոնի նշանակվելիս Աշխատակիցը ենթակա է ատեստավորման: Մինչև հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորվելն առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված Աշխատակիցը պահպանում է նախորդ պաշտոնում հաշվարկված ատեստավորման արդյունքները: Հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում Թանգարանում այլ պաշտոնի նշանակվելիս Աշխատակիցներն ատեստավորման ենթակա չեն, իսկ ատեստավորված Աշխատակիցները պահպանում են ատեստավորման արդյունքները, բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալու դեպքերի:
5. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:
6. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի համար սահմանված չափով հավելավճար ստացող Աշխատակիցներն ատեստավորվում են յուրաքանչյուր 7 տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված Աշխատակիցը հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար դիմում է պաշտոնի նշանակվելուց հետո մեկ տարվա ընթացքում:
7. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող Աշխատակիցը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց վեց ամիս հետո: Սույն մասով նախատեսված Աշխատակիցները ատեստավորման համար կարող են դիմել վեցամսյա ժամկետի ավարտից հետո երեք տարվա ընթացքում:
8. Ատեստավորումն ըստ ոլորտների ու պաշտոնների (տնօրենի տեղակալ գիտական աշխատանքների գծով, գլխավոր ֆոնդապահ և ֆոնդային աշխատողներ, հետազոտական աշխատանքների, ցուցադրությունների, թանգարանային կրթության և շրջայցերի կազմակերպման գործառույթներ իրականացնող) իրականացվում է գրավոր և բանավոր եղանակներով:
9. Սույն կարգով նախատեսված ատեստավորման կազմակերպման նպատակով ընդունվում է նախարարի համապատասխան հրաման, որը ներառում է՝
1) ատեստավորման անցկացման ժամանակահատվածը.
2) ատեստավորմանը մասնակցելու համար դիմումի ընդունման սկիզբը և վերջնաժամկետը.
3) տվյալ հրամանը Աշխատակիցներին էլեկտրոնային եղանակով կամ գրավոր պարտադիր ծանոթացնելու վերաբերյալ նշում։
10. Ատեստավորումն անցկացվում է նախարարի հրամանն ուժի մեջ մտնելուց հետո ոչ շուտ, քան մեկ ամիս հետո:
2. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
11. Ատեստավորմանը մասնակցելու համար հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակվում է Նախարարության և թանգարանների պաշտոնական կայքէջերում:
12. Հայտարարության մեջ պարտադիր նշվում են՝
1) հայտերի ընդունման սկիզբը և վերջնաժամկետը:
2) հայտագրման գործընթացի մանրամասները.
3) թեստերով հանձնվող ոլորտային ուղղությունների ցանկը, որոնց Աշխատակիցները կարող են հայտ ներկայացնել.
4) տվյալ թեստի անցկացման համար հատկացվող ժամանակահատվածը:
13. Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն քննարկվում և վերադարձվում են հայտ ներկայացրած աշխատակցին՝ նշելով պատճառը:
14. Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկությունը՝
1) աշխատակցի անունը, ազգանունը, հայրանունը.
2) թանգարանի անվանումը, հասցեն.
3) աշխատանքի ոլորտային ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել.
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.
5) աշխատակցի էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը
6) կրթությունը հավաստող փաստաթղթեր:
15. Ատեստավորման նախապատրաստական և կազմակերպչական բնույթի աշխատանքները և անցկացման գործընթացն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ նաև` Նախարարություն) կամ Նախարարության լիազորած կազմակերպության կադրային աշխատանքների համար պատասխանատու ստորաբաժանումը (այսուհետ նաև` Կադրային ստորաբաժանումը):
16. Ատեստավորմանը մասնակցելու համար Աշխատակիցները հայտերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով: Կադրային ստորաբաժանումը հաշվառում է ներկայացված հատերը և կազմում ատեստավորման ենթակա Աշխատակիցների ցուցակները։
17. Ատեստավորման ժամանակացույցի վերաբերյալ նախարարի համապատասխան հրամանն ուժի մեջ մտնելուց հետո՝ Կադրային ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ տեղեկացնում է համապատասխան թանգարանների տնօրեններին՝ նշելով ատեստավորման անցկացման վայրը, օրը և ժամը, որոնք սույն կարգի 17-րդ կետում նշված գրությունն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում են Աշխատակցին:
18. Աշխատակիցների ատեստավորման գործընթացի կազմակերպման, համակարգման և դրա արդյունքների ամփոփման նպատակով Նախարարի հրամանով ձևավորվում է ատեստավորման հանձնաժողով: Ատեստավորման հանձնաժողովը կազմված է 7 հիմնական անդամից՝ երկուսը Նախարարության ներկայացուցիչներ, երեքը՝ թանգարանների ներկայացուցիչներ, երկուսը՝ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ: Բացի հիմնական անդամներից հանձնաժողովի կազմում ընդգրկվում են թեստավորման փուլի կազմակերպման և իրականացման համար համապատասխան ոլորտի երեք մասնագետ (այսուհետ նաև՝ Թեստավորման փուլի պատասխանատուներ):
19. Նույն հրամանով ատեստավորման հանձնաժողովի կազմից նշանակվում է ատեստավորման հանձնաժողովի նախագահ և հանձնաժողովի քարտուղարը: Ատեստավորման հանձնաժողովի քարտուղար է նշանակվում Նախարարության ոլորտային ստորաբաժանման պետի տեղակալը կամ բաժնի պետը, որը կազմակերպում է ատեստավորման գործընթացը և ատեստավորման արդյունքների արձանագրումը:
20. Ատեստավորման հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը:
21. Նախարարությունը յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակում է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
22. Ատեստավորումն իրականացվում է փուլերով` հետևյալ հերթականությամբ.
1) մասնագիտական բաժնի թեստավորում` էլեկտրոնային կամ թղթային եղանակով
2) հարցազրույց (միայն ղեկավար պաշտոնների և շրջավարների համար):
23. Ատեստավորման հաջորդ փուլին մասնակցում են նախորդ փուլում անցողիկ միավորներ ապահոված Աշխատակիցները։
24. Թեստավորման մասնագիտական բաժնի թեստերը կազմվում են Նախարարության կողմից։
25. Թեստավորման մասնագիտական բաժնի թեստերը կազմվում են՝ ըստ թանգարանների գործունեության ոլորտների և Աշխատակիցների ատեստավորման մակարդակների: Թեստերը հաստատվում են Նախարարի հրամանով։
26. Թեստավորումն իրականացվում է այդ նպատակով առանձնացված սենյակում (այսուհետ` թեստավորման սենյակ):
27. Աշխատակիցների ատեստավորման թեստավորման փուլը տեսաձայնագրվում է:
28. Թղթային եղանակով անցկացվող թեստավորման աշխատանքներն սկսվելուց մեկ ժամ առաջ թեստավորման պատասխանատուները թեստավորման սենյակում ատեստավորման հանձնաժողովի անդամներին են տրամադրում թեստի պատասխանների լրացման ձևաթղթերի ծրարը և ատեստավորմանը մասնակցող Աշխատակիցների անվանացուցակը:
29. Թեստավորման պատասխանատուները թեստի պատասխանների լրացման ձևաթղթերը տրամադրում են Աշխատակիցներին:
30. Ատեստավորմանը մասնակցող Աշխատակիցների մուտքը թեստավորման սենյակ սկսվում է թեստավորման համար նշանակված ժամին՝
1) Թեստավորման համար նշանակված ժամից հետո ատեստավորման ենթակա ուշացած Աշխատակիցների մուտքը թեստավորման սենյակ չի թույլատրվում, և վերջիններս համարվում են թեստավորման փուլին չներկայացած․
2) Թեստավորման սենյակում ատեստավորմանը մասնակցող Աշխատակիցը ստանում է պատասխանների լրացման ձևաթուղթը, ատեստավորմանը մասնակցող Աշխատակիցների անվանացուցակում իր անվան դիմաց ստորագրությամբ հաստատում է պատասխանների լրացման ձևաթուղթը ստանալու փաստը և տեղ զբաղեցնում թեստավորման սենյակում տեղադրված՝ համարակալված որևէ նստարանի:
31. Մինչև թեստավորման սկիզբը թեստավորման պատասխանատուներից որևէ մեկը ատեստավորմանը մասնակցող Աշխատակիցների համար ընթերցում է թեստավորման անցկացման կարգը:
32. Ատեստավորմանը մասնակցող Աշխատակիցները պատասխանների լրացման ձևաթղթում լրացնում են իրենց անունը, ազգանունը, հայրանունը, այնուհետև թեստավորման պատասխանատուները մոտենում են, կտրում պատասխանների լրացման ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող հատվածները:
33. Թեստավորման պատասխանատուներից մեկը մյուս պատասխանատուների և ատեստավորման հանձնաժողովի համապատասխան անդամների մասնակցությամբ հաշվում է պատասխանների լրացման ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող հատվածները, ստուգում, այնուհետև տեղավորում է այդ նպատակով նախատեսված ծրարում՝ ծրարի վրա գրելով պատասխանների լրացման ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող կտրված հատվածների թիվը:
34. Թեստավորման պատասխանատուներից մեկը համապատասխան թեստերի փաթեթները ցուցադրում է ատեստավորմանը մասնակցող Աշխատակիցներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա, որից հետո բացում է դրանք` բոլորին տեսանելի ձևով: Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում թեստավորման պատասխանատուները կատարում են նշում:
35. Թեստավորման պատասխանատուները թեստերը բաժանում են ատեստավորմանը մասնակցող Աշխատակիցներին՝
1) Ատեստավորմանը մասնակցող Աշխատակիցը, ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը և նստարանի համարը․
2) Հայտարարվում են թեստավորման սկիզբը, տևողությունը, ցուցատախտակի վրա կատարվում է նշում՝ թեստավորման սկզբի և ավարտի վերաբերյալ:
36. Էլեկտրոնային եղանակով անցկացվող թեստավորման դեպքում ատեստավորման հանձնաժողովն ապահովում է ատեստավորմանը մասնակցող Աշխատակցի նույնականացման բացառումը՝ Աշխատակցի անձնական տվյալները ծածկագրելու միջոցով՝
1) Ատեստավորման մասնակիցը մինչև առաջադրանքի վերջնական պահպանումը կարող է փոփոխել ընտրված պատասխանները:
2) Թեստավորման անցկացման էլեկտրոնային համակարգը պետք է ունենա հնարավորություն՝ ինքնաշխատ եղանակով պարբերաբար պահպանելու մասնակցի կատարած նշումները․
3) Թեստային առաջադրանքների կատարման համար սահմանված ժամանակի ավարտից անմիջապես հետո թեստավորման անցկացման էլեկտրոնային համակարգն ապաակտիվացնում է թեստը: Եթե մասնակիցը որևէ պատճառով չի պահպանել իր կատարած առաջադրանքը մինչ հատկացված ժամանակի ավարտը, ապա առաջադրանքի կատարման վերջնական տարբերակ է համարվում թեստն ապաակտիվացնելու պահին թեստավորման անցկացման էլեկտրոնային համակարգում ինքնաշխատ եղանակով պահպանված տարբերակը:
37. Էլեկտրոնային եղանակով անցկացվող թեստավորման՝ օբյեկտիվ պատճառներով (հոսանքազրկում, ծրագրային խափանում և այլն) ընթացքն ընդհատվելու դեպքում, եթե մասնակիցը չի ավարտել թեստավորումը, և եթե ընթացքը հնարավոր չէ վերականգնել 60 րոպեի ընթացքում, թեստավորումը ատեստավորման հանձնաժողովի նախագահի որոշմամբ անցկացվում է կրկին՝ ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը` նախորդ արդյունքների զրոյացմամբ, իսկ թեստավորման ընթացքի վերականգնման դեպքում թեստավորման ժամանակն ավելացվում է ընդհատված ժամանակի չափով։
38. Թեստավորման մասնակիցներին արգելվում է իրենց հետ թեստավորման սենյակ տանել կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր:
39. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` ատեստավորման հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից․
1) Թեստավորման ընթացքում մասնակիցների կողմից աղմկելու, հուշելու, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալու դեպքում ատեստավորման հանձնաժողովի նախագահը կամ թեստավորման պատասխանատուները մեկ անգամ բանավոր նախազգուշացնում են ատեստավորմանը մասնակցող Աշխատակցին, իսկ խախտումը կրկնվելու դեպքում՝ դադարեցվում է վերջինիս թեստավորումը և դուրս հրավիրում թեստավորման սենյակից՝ արձանագրելով խախտումը և տվյալ Աշխատակցի տվյալները․
2) Թեստավորման ընթացքում մասնակիցների կողմից որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից օգտվելու դեպքում դադարեցվում է ատեստավորմանը մասնակցող Աշխատակցի թեստավորումը, և վերջինիս դուրս են հրավիրում թեստավորման սենյակից՝ արձանագրելով խախտումը և տվյալ Աշխատակցի տվյալները:
40. Թեստավորման ընթացքում ատեստավորմանը մասնակցող Աշխատակիցը թեստավորման սենյակից կարող է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` թեստավորման հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ՝ թեստավորման հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ուղեկցությամբ:
41. Թեստավորման ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների լրացման ձևաթղթերը նորերով փոխարինում են թեստավորման պատասխանատուները` արձանագրությունների համապատասխան տողում այդ մասին կատարելով նշում: Թերություններ ունեցող պատասխանների լրացման ձևաթղթերի կամ թեստերի վրա գրվում են «Խոտանված է» բառերը:
42. Թեստավորման սենյակում, բացի ատեստավորմանը մասնակցող Աշխատակիցներից, կարող են գտնվել միայն ատեստավորման հանձնաժողովի նախագահը, անդամներն ու քարտուղարը, թեստավորման պատասխանատուները, ինչպես նաև ատեստավորման հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ՝ այլ անձինք:
43. Թեստավորման ավարտից 10 րոպե առաջ թեստավորման պատասխանատուները ատեստավորմանը մասնակցող Աշխատակիցների ուշադրությունը հրավիրում են ժամանակի վրա:
44. Թեստավորումն ավարտելուց հետո ատեստավորմանը մասնակցող Աշխատակիցը թեստը և պատասխանների լրացման ձևաթուղթը հանձնում են թեստավորման պատասխանատուներին` ստորագրելով ատեստավորմանը մասնակցող Աշխատակիցների անվանացուցակում՝ իր անվան դիմաց․
1) Թեստավորման պատասխանատուները համեմատում են թեստի և պատասխանների լրացման ձևաթղթում նշված թեստի համարները, պատճենահանում պատասխանների լրացված ձևաթուղթը և պատճենը հանձնում են ատեստավորմանը մասնակցող Աշխատակցին․
2) Չի թույլատրվում պատասխանների ձևաթղթերի վրա կատարել ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ, մեկ հարցի համար նշել մեկից ավելի պատասխաններ: Նման դեպքերում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:
45. Սույն կարգի 48-րդ կետերում նշված՝ թեստավորման առաջադրանքի կատարման համար հատկացված ժամանակի ավարտից հետո թեստավորման պատասխանատուները պատասխանների լրացման ձևաթղթերի (օգտագործված, չօգտագործված, խոտանված), ատեստավորմանը մասնակցած Աշխատակիցների անվանացուցակի ծրարները, պատասխանների լրացման ձևաթղթերի՝ անձնական տվյալ պարունակող հատվածները և թեստերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված) հաշվում են և արձանագրում:
46. Պատասխանը ստուգելուց և Աշխատակցին նույնականացնելուց հետո համապատասխան միավորը գրանցվում է որպես Աշխատակցի թեստավորման արդյունք:
1) Թղթային եղանակով թեստավորման պատասխանները ստուգվում են ատեստավորման հանձնաժողովի ներկայությամբ․
47. Թեստավորման առաջադրանքը բաղկացած է 50 հարցից, որից 10-ը՝ մշակույթի ոլորտի օրենսդրության, 30-ը՝ թանգարանների ոլորտին առնչվող, իսկ 10-ը՝ գործառութային պարտականությունների վերաբերյալ: Թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:
48. Թեստավորման առաջադրանքը կատարելու համար Աշխատակցին տրվում է 80 րոպե ժամանակ:
49. Թեստավորման արդյունքներով Աշխատակցի մասնագիտական գիտելիքները գնահատվում են «գերազանց», «լավ», «բավարար» և «անբավարար» հետևյալ համամասնությամբ՝
1)
Գնահատականը |
Ճիշտ պատասխանների |
գերազանց |
45-50 |
լավ |
35-44 |
բավարար |
26-34 |
անբավարար |
0-25 |
50. Թեստավորման ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի կողմից ամփոփվում են թեստավորման արդյունքները և կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է ատեստավորման հանձնաժողովի նախագահի ու անդամների կողմից:
51. Սույն կարգի 50-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, թեստավորման արդյունքներով կազմված արձանագրությունը՝ թեստավորման պատասխանատուների կողմից ուղեկցող գրությամբ ուղարկվում է Կադրային ստորաբաժանում:
52. Կադրային ստորաբաժանումը թեստավորման արդյունքներով կազմված արձանագրությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է թեստավորման փուլը հաղթահարած և չհաղթահարած Աշխատակիցների անվանացուցակները, դրանք ուղարկում համապատասխան թանգարաններին:
53. Համապատասխան թանգարանների տնօրենները, սույն կետում նշված գրությունն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում, այն պարտադիր ծանոթացնում են թեստավորման փուլին մասնակցած Աշխատակիցներին։
54. Հարցազրույցն իրականացվում է այդ նպատակով առանձնացված սենյակում, որտեղ ներկա են գտնվում միայն հարցազրույցին մասնակցող Աշխատակիցները, ատեստավորման հանձնաժողովը և ատեստավորման հանձնաժողովի քարտուղարը:
55. Հարցազրույցի ընթացքում ստուգվում են Աշխատակցի՝ թիմային աշխատանքի, որոշումների կայացման կարողությունները և բարեվարքությունը:
56. Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած բոլոր մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է միևնույն՝ մեկ և ավելի ձևաչափերով:
57․ Հարցազրույցի անցկացման ժամանակ օգտագործվում են հետևյալ ձևաչափերը՝
1) հարցարան. կոնկրետ հարցերի միջոցով մասնակցի գիտելիքների, ունակությունների, հմտությունների և վարքագծի գնահատում.
2) աշխատանքային իրավիճակներ. կոնկրետ առաջադրանքի միջոցով աշխատանքային իրավիճակում մասնակցի կարողությունների գնահատում.
3) արդի հիմնախնդիրներ. ոլորտի հրատապ լուծում պահանջող արդիական խնդիրների մասին մասնակցի տեսակետի, վերլուծական մտքի և հաղորդակցության հմտությունների արտահայտում, տվյալ խնդրի դրական, բացասական հետևանքների և դրանց արդյունավետ լուծման հնարավոր տարբերակների առաջարկում։
58․ Հարցազրույցի փուլը համարվում է հաղթահարված ատեստավորման հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի կողմ քվեարկության արդյունքում: Քվեարկությանը մասնակցում են միայն ատեստավորման հանձնաժողովի անդամները, որոնք իրավունք չունեն ձեռնպահ մնալու քվեարկությունից: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի դիրքորոշումը։
59․ Հարցազրույցի արդյունքներով, դրա ավարտից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում ատեստավորման հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է համապատասխան արձանագրություն, որն ստորագրվում է ատեստավորման հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից:
60․ Ատեստավորման արդյունքներով ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր Աշխատակցի վերաբերյալ կայացնում է համապատասխան եզրակացություն:
61․ Ատեստավորման արդյունքներով եզրակացությունները երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են կադրային ստորաբաժանում։
62․ Ատեստավորման արդյունքներով եզրակացությունը կայացվում է գրավոր, որը ստորագրում են ատեստավորման հանձնաժողովի նախագահը և անդամները։
63․ Սույն կարգի 59-րդ կետով նախատեսված եզրակացությունները հաստատվում են տվյալ Աշխատակցին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով, որը ներառում է համապատասխան Աշխատակիցների անվանական ցանկը՝ ըստ եզրակացությունների տեսակների և արդյունքների։
64․Կադրային ստորաբաժանումը կայացված գրավոր եզրակացությունները ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան թանգարանների տնօրեններին գրությամբ տեղեկացնում է ատեստավորման արդյունքների մասին՝ կից ուղարկելով նաև ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող Աշխատակցի վերաբերյալ կայացված գրավոր եզրակացության պատճենը: Թանգարանի տնօրենը՝ կադրային ստորաբաժանումից սույն կետով նախատեսված գրությունը և կից ուղարկված ատեստավորմանը մասնակցած Աշխատակցի վերաբերյալ կայացված գրավոր եզրակացության պատճենն ստանալու պահից մեկօրյա ժամկետում դրանք պարտադիր ծանոթացնում է ատեստավորմանը մասնակցած Աշխատակցին:
65․ Ատեստավորմանը մասնակցած Աշխատակցի վերաբերյալ կայացված գրավոր եզրակացությունը կցվում է վերջինիս անձնական գործին:
66․ Թեստավորմանը կամ հարցազրույցին չներկայանալու դեպքում Աշխատակիցն իրավունք ունի ներկայացնելու դիմում` նշելով չներկայանալու պատճառը: Ատեստավորման հանձնաժողովի նախագահի կողմից Աշխատակցի ատեստավորմանը չներկայանալը հարգելի համարվելու դեպքում Աշխատակիցն իրավունք է ձեռք բերում մասնակցել հերթական հաջորդ ատեստավորմանը՝ այն փուլից, որին նա չի ներկայացել։
67․ Թեստավորմանը կամ հարցազրույցին անհարգելի չներկայացած Աշխատակիցների վերաբերյալ կազմվում է համապատասխան եզրակացություն:
68․ Սույն կարգի 63-րդ կետով նախատեսված ժամկետների ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կադրային ստորաբաժանումը ատեստավորման արձանագրության ու գրավոր եզրակացությունների պատճենները, ինչպես նաև Աշխատակցին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանը ուղարկում է թանգարանի պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում՝ հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի վճարումը դադարեցնելու համար:
69․ Ատեստավորմանը մասնակցած Աշխատակիցը իրավունք ունի ատեստավորման արդյունքները և կայացված գրավոր եզրակացությունը վերադասության կարգով բողոքարկել Նախարարին՝ դրանց ստանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով:
70․ Ատեստավորման արդյունքների և կայացված գրավոր եզրակացության՝ վերադասության կարգով բողոքարկումը չի կարող հանգեցնել նոր ատեստավորման անցկացման: Քննարկելով բերված բողոքը` Նախարարն իրավունք ունի`
1) բավարարել բողոքն ամբողջությամբ՝ հանձնարարելով ատեստավորման հանձնաժողովին կայացնելու նոր եզրակացություն, իսկ թերություններն ի հայտ գալու, ինչպես նաև թեստավորման կամ հարցազրույցի փուլին չներկայանալու հանգամանքը հարգելի համարվելու դեպքում՝ հանձնարարելով ատեստավորման հանձնաժողովին կազմակերպել համապատասխան Աշխատակիցների թեստավորման կամ հարցազրույցի անցկացումը՝ սույն կարգով նախատեսված ընթացակարգին համապատասխան.
2) մերժել բողոքը` ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը թողնելով անփոփոխ:
3. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
71. Նախարարությունը սույն կարգի 68-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարի հրամանով հաստատում է ատեստավորում անցած թանգարանային աշխատողների ցուցակը՝ ըստ տրամադրվող հավելավճարի չափի:
72. Սույն կարգի 49-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերած աշխատակիցների դրույքաչափը փոխվում է մեկ դրույք զբաղվածության համար, որի նկատմամբ կիրառվում է համապատասխան չափով հավելավճարը:
73. Սույն հավելվածի 70-րդ կետով սահմանված հրամանը հաստատվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, Նախարարությունն ատեստավորում անցած թանգարանային աշխատողների ցուցակը տրամադրում է թանգարաններին, որում նշվում են միայն ատեստավորում անցած թանգարանային աշխատողների ատեստավորման արդյունքը:
74. Ատեստավորման արդյունքում`
1) 60-100 տոկոս արդյունք ցուցաբերած աշխատողները համարվում են ատեստավորված տրվում է հավելավճար․
2) 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած աշխատողները համարվում են ատեստավորված, աշխատավարձը պահպանվում է առանց դրույքաչափի փոփոխության և հավելավճարի.
3) 0-50 տոկոս արդյունքի դեպքում աշխատողը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում:
75. Սույն կարգի 73-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված արդյունքների դեպքում աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ երկրորդ անգամ դիմել և մասնակցել ատեստավորման գործընթացին՝
1) նախորդ արդյունքի համեմատ ավելի բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում աշխատողը հավելավճար է ստանում վերջին արդյունքի հիման վրա, որի համար սահմանվում է հավելավճար ստանալու հնգամյա նոր ժամկետ.
2) նախորդ արդյունքին հավասար արդյունք ցուցաբերելու դեպքում աշխատողի հավելավճարի չափը պահպանվում է, որի համար սահմանվում է հնգամյա նոր ժամկետ.
3) նախորդ արդյունքի համեմատ ավելի ցածր արդյունք ցուցաբերելու դեպքում հավելավճարը պահպանվում է արդեն սահմանված ժամկետով:
76. Սույն կարգի 66-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված արդյունքի դեպքում Նախարարությունը, կազմակերպում է պարտադիր վերապատրաստում:
77. Եթե աշխատողը ատեստավորման արդյունքում չի ապահովել սույն կարգի 73-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված արդյունքը, ապա հաջորդ ատեստավորմանը մասնակցում է չհաղթահարած թեստի մասով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2024 թվական: