Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
24 նոյեմբերի 2016 թվականի N 47
5. ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ, ՆՐԱ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի նիստի N 47 |
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ, ՆՐԱ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն
I. Ամփոփ համառոտագիր
1. Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի մշակման հայեցակարգը (այսուհետ՝ հայեցակարգ) վերաբերում է համայնքի տարածքում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1929-Ն որոշմամբ հաստատված ցուցակում ընդգրկված հուշարձաններին և դրանց հետագա պահպանության նպատակով նախատեսված գործընթացների կանոնակարգմանը և սահմանված կարգով հուշարձանների բնույթին ու նշանակությանը նպատակաուղղված գործողությունների իրականացմանը:
2. Դիլիջան քաղաքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանները և դրանց պատմական միջավայրը վերջին հարյուրամյակի ընթացքում զգալիորեն փոփոխվել և աղճատվել են, պատմաճարտարապետական հուշարձանների կառուցողական առանձնահատկությունները վերակառուցումների և նորոգումների պատճառով մատնվել են կորստյան կամ խիստ վնասվել, պատմական քաղաքի և առանձին հատվածների պատմագեղարվեստական նկարագիրը ենթարկվել է անկանխատեսելի վերափոխումների, առանձին պատմամշակութային հուշարձաններ ընդհանրապես քանդվել են և տեղերում իրականացվել են նոր կառույցներ:
3. Քաղաքի հեռանկարային զարգացման և պատմականորեն ձևավորված կերպարի վերականգնման համար Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 28-ի N 1019-Ա որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով նախատեսվել է «Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը, որը թույլ կտա իրականացնել քաղաքի պատմական կերպարի, պատմական միջավայրի և պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքների ծրագրավորումը:
4. Հայեցակարգի նպատակն է սահմանել Դիլիջանի հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության միջոցառումների օրենսդրորեն ապահովված համակարգը՝ ծրագրելով պատմական քաղաքի զգալիորեն փոփոխված և աղճատված պատմաճարտարապետական համակարգերի և դրանց պատմագեղարվեստական տեսքի վերականգնման, նպատակային օգտագործման աշխատանքները՝ որպես հատուկ կարգավորվող օբյեկտ, կանոնակարգել քաղաքի հեռանկարային զարգացման նպատակով կառուցապատման աշխատանքները՝ հստակորեն ապահովելով պատմական քաղաքի ձևավորված միջավայրին համապատասխան բոլոր գործընթացները և դրանց իրականացման աստիճանական փուլերը:
5. Քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի հայեցակարգի խնդիրն է մեկ միասնական փաստաթղթով ապահովել քաղաքի պատմական հատվածների և թաղամասերի, հուշարձանների պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման (մշակութային, զբոսաշրջության և առողջարանային գործառույթների զարգացման) լուծումները: Այդ նպատակի իրականացման համար դիտարկվում է հուշարձանների ներկա պահպանվածության և զբաղեցրած դերի ուսումնասիրությունների և իրավիճակային վերլուծության իրականացումը և այդ համապատասխանությամբ՝ նախագծի մշակումը:
6. Հայեցակարգը նախատեսում է դրա մշակումը տեքստային և գծագրական մասերով, որոնք ներառվում են Դիլիջան համայնքի գլխավոր հատակագծում՝ հնարավորություն ստեղծելով հատուկ կարգավորման ենթակա օբյեկտի սահմաններում առանձնացնել հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության խնդիրները համայնքի զարգացման հեռանկարային ծրագրերի շրջանակում՝ ողջ ժամանակաշրջանում ապահովելով պատմական քաղաքին բնորոշ կենսագործունեությունը, ինչպես նաև զբոսաշրջային ծրագրերի իրականացման նպատակով հուշարձանների տեսանելի ներկայացման և հանրահռչակման խնդիրները:
7. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ուղղությամբ ներկայացվող հայեցակարգային լուծումները և դրանց արդյունավետ իրականացումը հնարավորություն կտան լուծել Հայաստանի Հանրապետության պատմական քաղաքներից մեկի պատմագեղարվեստական ինքնատիպության պահպանման խնդիրը և այն լիարժեք ընդգրկել զբոսաշրջային երթուղիներում:
8. Հայեցակարգի մշակումը, ըստ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 28-ի N 1019-Ա որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի, նախատեսվել է իրականացնել այլ միջոցների հաշվին:
II. Ներածություն
9. Դիլիջան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, պատմական միջավայրի պահպանության ու վերականգնման, քաղաքի զարգացման և կենսամիջավայրի բարելավման նպատակով 2015 թ. հունիսի 23-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-103-Ն): Կարևորելով Դիլիջան քաղաքի հետագա զարգացման խնդիրը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 28-ի N 1019-Ա որոշմամբ նախատեսվել է միջոցառումների համակարգ, ինչը հնարավորություն է տալիս լուծելու քաղաքաշինական, սոցիալ-տնտեսական, մշակութային և զբոսաշրջության զարգացման՝ մասնավորապես քաղաքի պատմականորեն ձևավորված միջավայրի ու պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության խնդիրները: Պատմամշակութային հուշարձանների, պատմական միջավայրի պահպանության և օգտագործման խնդիրների կանոնակարգման ուղղությամբ հիշյալ որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով նախատեսվել է «Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը, ինչը հնարավորություն կտա լուծել բազմաթիվ արժեքավոր կառույցների պահպանության ու վերականգնման, նպատակային օգտագործման խնդիրները:
10. Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի մշակումը թույլ կտա բացահայտել և քաղաքի համամշակութային համակարգում ըստ արժանվույն ներկայացնել դարերի ընթացքում ստեղծված նյութական մշակույթի արժեքավոր հուշարձանները և դրանց պահպանական պայմանակարգը, նախանշել ինքնատիպության պահպանման համար քաղաքի բնականոն զարգացման հնարավորությունները, պատմական միջուկի վերակառուցման հայեցակարգը և քաղաքում մշակութային, զբոսաշրջության ու առողջարանային գործառույթների զարգացման հնարավորությունները:
11. Պատմամշակութային հիմնավորման նախագծի մշակման հայեցակարգով կսահմանվի հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության միջոցառումների օրենսդրորեն ապահովված համակարգը՝ ծրագրելով հարյուրամյակի ընթացքում պատմական քաղաքի զգալիորեն փոփոխված և աղճատված պատմաճարտարապետական համակարգերի և դրանց պատմագեղարվեստական տեսքի վերականգնման, նպատակային օգտագործման աշխատանքները՝ որպես հատուկ կարգավորվող օբյեկտ, կկանոնակարգվեն քաղաքի հեռանկարային զարգացման նպատակով կառուցապատման աշխատանքները՝ հստակորեն ապահովելով պատմական քաղաքի ձևավորված միջավայրին համապատասխան բոլոր գործընթացները և դրանց իրականացման աստիճանական փուլերը:
III. Հայեցակարգի մշակման ելակետային նյութերը
12. Հայեցակարգի նախագծի մշակման համար ելակետային փաստաթղթերն են՝
1) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (2015 թվականի հունիսի 23-ի, ՀՕ-103-Ն),
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1723-Ն որոշմամբ հաստատված Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագիծը,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի « Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1929-Ն որոշումը,
4) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1019-Ա որոշումը,
5) Տարբեր ժամանակներում կատարված քաղաքի տեղահանույթները և գլխավոր հատակագծերը,
6) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Դիլիջան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վկայագրերը և պահպանական գոտիների նախագծերը,
7) Քաղաքի տարածքում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիները.
ա. առաջին անգամ քաղաքի հուշարձանների պահպանական գոտիները կազմվել են 1992 թվականին.
բ. նոր ձևաչափով պահպանական գոտիների նախագծերը կազմվել են 2012-2014 թվականներին (թվով 15 հուշարձան) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Կազմվել են նաև քաղաքի տարածքում հաշվառված հուշարձանների վավերագրական փաստաթղթերը (վկայագիր, լուսանկարներ և այլն).
8) Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի պատմության պետական թանգարանի, մատենագրական նյութերը և պատմական աղբյուրները,
9) Բնակավայրի պատմությանն ու մշակութային ժառանգությանը վերաբերող բազմաթիվ աշխատություններն ու մենագրությունները, ինչպես նաև պատմական քաղաքների հետազոտման, ուսումնասիրման, պահպանման և վերակառուցման վերաբերյալ ժամանակակից գիտամեթոդական աշխատությունները:
IV. Նախապատմություն
13. Դիլիջան քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում, Աղստև գետի հովտում, ծովի մակերևույթից 1100-1510 մ բարձրության վրա: Քաղաքի հյուսիս-արևելյան մասում ձգվում են Բազումի, արևմտյան և հարավ-արևմտյան կողմերից՝ Արեգունի լեռները: Քաղաքը շրջապատված է անտառներով, որոնց լեռնային կատարներին մոտ փոխարինում են ալպյան մարգագետինները:
14. Դիլիջանը գտնվում է մայրաքաղաք Երևանից 96 կմ, իսկ մարզկենտրոն Իջևանից՝ 41 կմ հեռավորության վրա: 1986 թվականին երկաթուղով կապվել է հանրապետության երկաթուղային ցանցին: Քաղաքում 2011 թվականի մարդահամարի տվյալներով ապրում է մոտ 19 հազար մարդ:
15. Տեղացիների վկայությամբ Դիլիջան անվանումը ծագել է Փոքր Դիլի գյուղի անվանումից, որը գտնվել է ներկայիս քաղաքից մոտ 3-4 կմ հյուսիս: Տեղի և հարևան գյուղերի բնակչությունն աստիճանաբար տեղափոխվել է քաղաքի ներկայիս տարածք: Առաջին անգամ Դիլիջան անվանումն իր գրառումներում հիշատակել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդինը 1661 թվականին: 19-րդ դարում Դիլիջանում հաստատվել են Ռուսաստանից արտաքսված աղանդավորները՝ մոլոկանները, որոնք ստեղծել են Պապանինո և Գոլովինո թաղամասերը, որտեղ առանձին հատվածներում պահպանվում են նրանց տները:
16. Դիլիջան քաղաքի վարչական սահմաններում հաշվառված է թվով 304 հուշարձան` 146 պահպանական միավորով: Դրանցից 118-ը` 62 պահպանական միավորով, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Քաղաքի վարչական սահմաններում գտնվող հուշարձանների կազմում առկա են՝ 1 ամրոց (մ.թ.ա. 2-1-ին հազ.), 2 բնակատեղի (մ.թ.ա. 2-1-ին հազ.), յոթ դամբարանադաշտ (մ.թ.ա. 2-1-ին հազ.), 32 միջնադարյան գյուղատեղի, խաչքարերով գերեզմանոցներ, երկու վանական համալիր (Մաթոսավանք-13-րդ դ. և Ջուխտակվանք–12-13-րդ դդ.), ժողովրդական ճարտարապետության օրինակ հանդիսացող 72 բնակելի տուն, 20-րդ դ. կառուցված շենքեր, հուշահամալիրներ և այլ մեմորիալ հուշարձաններ: Դիլիջանում է գտնվում «Թուֆենկյան Հին Դիլիջան» համալիրը:
17. Համայնքների խոշորացման արդյունքում Դիլիջան համայնքի սահմաններում ներառված համայնքների վարչական սահմաններում ընդհանուր առմամբ գտնվում է 553 հուշարձան:
18. Հայաստանի Հանրապետության «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ սահմանվում է պատմամշակութային հուշարձանների երկու դասակարգում՝
1) հանրապետական նշանակության հուշարձաններ, որոնք հուշարձանների բարձրարժեք, հնագույն, տիպական կամ հազվագյուտ նմուշներ են և մարդկության պատմության, նյութական և հոգևոր մշակույթի համար մեծ նշանակություն ունեն,
2) տեղական նշանակության հուշարձաններ, որոնց կարգին են դասվում հանրապետության որևէ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, տեղական առանձնահատկությունները բնութագրող հուշարձանները:
19. Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է նաև հուշարձանների դասակարգումը ըստ բնույթի: Հուշարձանների դասակարգումները, ըստ նշանակության և տեսակի, կարևոր սկզբունքներ են, որոնց վրա հիմնվում է հուշարձանների պահպանության հայեցակարգը.
1) պատմամշակութային նշանակալիության հայեցակարգ, որում ներառվում են հնագիտական, պատմական, քաղաքաշինական, ճարտարապետական և մոնումենտալ հուշարձանները,
2) ամբողջականության հայեցակարգ, որը, համաձայն միջազգայնորեն ընդունված նորմերի, սահմանվում է հետևյալ չափորոշիչներով՝ տեղակայնություն (գտնվելու վայր)՝ շրջակա պատմական միջավայր, դիզայն, նյութեր, վարպետություն, զգացողություն և զուգորդում, համաձայն որոնց՝ ապահովվում է հուշարձանների հիմնական պատմական նկարագիրը:
20. Քաղաքում մինչև 2005 թվականը գործել է Դիլիջանի ժողովրդական ճարտարապետության թանգարանը, որի տարածքը և շենքերը հանձնվել են «Թուֆենկյան հոսպիտալիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, իսկ թանգարանը դադարեցրել է իր գործունեությունը:
21. Դիլիջանը, որպես պատմական քաղաք, իր պատմամշակութային հուշարձաններով և պատմական ինքնատիպ միջավայրով 2009 թվականից պատմական տասը համայնքների հետ միասին ընդգրկվել է «Կիևյան նախաձեռնության» «Պատմական քաղաքների մշակութային ժառանգության վերականգնում» պիլոտային ծրագրում, ինչը նպատակ ունի խթանելու մշակութային քաղաքականությունների և ռազմավարությունների զարգացումը՝ ի շահ տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդման, միջմշակութային երկխոսության և մշակութային բազմազանության: Քաղաքի վերաբերյալ տեղեկությունն ընդգրկվել է Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համատեղ մշակած «Ազգային բրոշյուրում»:
22. 2014 թվականից ծրագիրը շարունակվում է նոր ձևաչափով` «Համայնքի կողմից իրականացվող քաղաքաշինական ռազմավարություններ» CՕMՍS» վերնագրով: Դիլիջանը ծրագրին մասնակից քաղաքների ասոցիացիայի անդամ է:
V. Նպատակները և խնդիրները
23. Պատմական, հնագիտական, պատմաճարտարապետական և պատմաքաղաքաշինական որակական հատկանիշների, ինչպես նաև քաղաքի զարգացման ընթացքում նրա տարածական (շերտագրություն), կառուցվածքային վիճակի ու կերպարային փոփոխությունների բացահայտում:
24. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վիճակի ուսումնասիրում, վերլուծություն և դասակարգում`
1) քաղաքաշինական կազմավորումները և քաղաքային տարածքի առանձին հատվածներն ըստ պատմական միջավայրի ու կերպարի պահպանվածության և զբաղեցրած դիրքի կարևորության,
2) գնահատված օբյեկտներն ըստ բարոյական ու ֆիզիկական մաշվածության, գործնական կիրառության, մշակութային բնույթի և արժեքի,
3) քաղաքային համայնապատկերների, պատմաճարտարապետական և պատմական լանդշաֆտի առանձնակի արժեք ունեցող հատվածների, հուշարձանախմբերի ու հուշարձանների համար տեսողական ընկալման առավել բարենպաստ դիտակետերի հնարավորությունները:
25. Ուսումնասիրության արդյունքների հիման վրա մշակում և կազմում`
1) քաղաքում պատմական հատվածների ու թաղամասերի վերականգնման և օգտագործման (մշակութային, զբոսաշրջային և առողջարանային գործառույթների զարգացման) հայեցակարգային առաջարկներ` ապահովելով պատմական միջավայրի պահպանության և վերականգնման խնդիրները,
2) համայնքի վարչական սահմաններում գտնվող հուշարձանախմբերի ու հուշարձանների պահպանության նպատակով անհրաժեշտ միջոցառումներ՝ ըստ բնույթի և տեսակի:
26. Մշակման ընթացքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական միջոցառումների սահմանում.
1) պատմաքաղաքաշինական հատվածների ու թաղամասերի տարբեր նշանակության գոտիներ և դրանցում նախատեսվող պայմանակարգեր,
2) հուշարձանների և հուշարձանախմբերի միասնական պահպանական գոտիների համակարգեր (պահպանության, կառուցապատման կարգավորման և լանդշաֆտի պահպանման) և պայմանակարգեր դրանց մեջ,
3) խմբային կամ առանձին հուշարձանների օգտագործման պայմանակարգեր` նշելով թույլատրելի բնույթների կամ սահմանափակումների տեսակները,
4) նորակառույցների առավելագույն բարձրության, մասշտաբայնության և ծավալի սահմանափակումներ` հաշվի առնելով առավել բարենպաստ դիտակետերի հնարավորությունները:
5) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների զբաղեցրած տարածքներում սողանքային երևույթների առկայության ուսումնասիրում և սողանքային գոտիների սահմանների հստակեցում` առաջնահերթ կանխարգելիչ միջոցառումներ նախատեսելու նպատակով:
27. Նախագծի մշակման ընթացքում անհրաժեշտ է բացառել.
1) հուշարձանների, դրանց պահպանված հատվածների և տարածքների պատմականորեն ձևավորված եզակի արժեքների (լուծումների) հատակագծային և ծավալատարածական փոփոխությունները,
2) հուշարձանի համայնապատկերը խաթարող և տեսողական ընկալման բարենպաստ ուղիներին խոչընդոտող շենքերի և շինությունների հարկայնության բարձրացման հնարավորությունները,
3) պատմական նյութերի հեռացումը կամ ճարտարապետական այլ տարրերի ավելացումը, ինչպես նաև հուշարձանի պատմական զարգացման մասին սխալ տպավորություն ստեղծող փոփոխությունները,
4) այնպիսի լուծումներ, որոնք կարող են առաջացնել հուշարձանների տարածքներում վտանգավոր և դինամիկ ազդեցություններ, ինչպես օրինակ՝ պատմական նյութերին վնաս հասցնող քիմիական կամ ֆիզիկական մշակումը,
5) հուշարձանի նախնական տեսքից տարբերվող արտաքին փոփոխությունները՝ չափը, մասշտաբը և այլ ճարտարապետական առանձնահատկություններ,
6) վատթար վիճակում գտնվող հուշարձանի պատմական առանձնահատկությունների բացակայող մասերի փոխարինումը այնպես, որ նոր առանձնահատկությունը համապատասխանի հնին՝ դիզայնով, գույնով և այլ որակներով: Բացակայող մասերի փոխարինումը պետք է հիմնավորվի համապատասխան տեսաընկալման փաստաթղթերով,
7) հնագիտական հուշարձանների և դրանց պահպանական գոտիներում քաղաքի զարգացմանը միտված քաղաքաշինական միջոցառումները:
VI. Առաջարկվող լուծումները
28. Դիլիջան համայնքի պատմամշակութային հիմնավորման նախագծի մշակման հայեցակարգի ընդունումը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման միջոցառումների շրջանակում ծրագրային կարգավորման հստակ պահանջներ կսահմանի՝ քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ու պատմականորեն ձևավորված կերպարի վերականգնման նպատակով քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի կազմման համար:
VII. Առավելությունները
29. Առավել ճանաչելի կլինեն քաղաքի և հարակից տարածքներում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները, լիարժեք կբացահայտվի դրանց պատմամշակութային արժեքը, առավել արդյունավետ կպահպանվեն հուշարձանները, իսկ կառուցապատման դեպքում կկիրառվեն գործընթացը կանոնակարգող դրույթներ:
VIII. Ֆինանսական ապահովվածությունը
30. Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի պատվիրատուն Դիլիջան համայնքն է, որի համար հիմք է հանդիսանում Դիլիջան համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 9-ի «Դիլիջանի քաղաքային համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագծում փոփոխությունների կատարման մասին նախագծման առաջադրանքին հավանություն տալու մասին» N 44-Ն որոշումը: Նախագիծը 2015 թվականի հոկտեմբերի 28-ի N 1019-Ա որոշման 7-րդ կետի համաձայն՝ իրականացվում է ֆինանսական այլ միջոցների հաշվին:
IX. Ամփոփ եզրակացություն
31. Սույն հայեցակարգը ուղեցույց կհանդիսանա Դիլիջան համայնքի պատմամշակութային հիմնավորման նախագծի մշակման համար, ինչը թույլ կտա համակարգել և կանոնակարգել քաղաքի պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության խնդիրները՝ նպաստելով քաղաքի պատմագեղագիտական գրավչության աճին, զբոսաշրջային երթուղիներում նրա ակտիվ ներգրավման և զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև քաղաքի բնակչության զբաղվածության հարցերի լուծմանը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|