ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 հուլիս 2024 թ. |
N 215-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել, բժշկական միջամտության համար գրավոր համաձայնություն տալու դեպքերը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունում սույն հրամանի հավելվածով սահմանված բժշկական միջամտությունների իրականացման համար անձը գրավոր համաձայնություն է տալիս մեկ անգամ` օրենսդրությամբ սահմանված կարգով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի մոտ գրանցվելիս, իսկ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի մոտ գրանցված և սույն ենթակետում նշված մեկանգամյա համաձայնությունը չտված անձինք այդ համաձայնությունը տալիս են սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո հերթական առաջին այցի ժամանակ,
2) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում սույն հրամանի հավելվածով սահմանված բժշկական միջամտությունների իրականացման համար անձը գրավոր համաձայնություն է տալիս մեկ անգամ` տվյալ դեպքի շրջանակներում, բացառությամբ մարդու կյանքին վտանգ սպառնացող դեպքերի,
3) արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում, սույն հրամանի հավելվածով սահմանված բժշկական միջամտությունների իրականացման համար անձը գրավոր համաձայնություն է տալիս մեկ անգամ՝ տվյալ դեպքի շրջանակներում, բացառությամբ սույն հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերի,
4) բժշկական կազմակերպությունից դուրս պայմաններում բժշկական օգնություն և սպասարկումն իրականացնելիս սույն հրամանի հավելվածով սահմանված բժշկական միջամտությունների իրականացման համար անձը գրավոր համաձայնություն է տալիս մեկ անգամ՝ տվյալ դեպքի շրջանակներում, բացառությամբ մարդու կյանքին վտանգ սպառնացող դեպքերի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
10.07.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված Առողջապահության նախարարի «10» հուլիս 2024 թվականի N 215-Ն հրամանի |
ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ
1. Բոլոր տեսակի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ:
2. Բոլոր տեսակի ներարկումներ:
3. Մանկաբարձագինեկոլոգիական, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ընթացքում իրականացվող միջամտություններ:
4. Ուռուցքաբանական բժշկական օգնության և սպասարկման ընթացքում իրականացվող միջամտություններ:
5. Վիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման ընթացքում իրականացվող միջամտություններ:
6. Մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների, ինչպես նաև ոսկրածուծի/արյունաստեղծ ցողունային բջիջների դոնորության և փոխպատվաստման նպատակով բժշկական օգնության և սպասարկման ընթացքում իրականացվող միջամտություններ:
7. Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման ընթացքում իրականացվող միջամտություններ։
8. Հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ընթացքում իրականացվող միջամտություններ:
9. Աֆերեզի նպատակով բժշկական օգնության և սպասարկման ընթացքում իրականացվող միջամտություններ։
10. Բոլոր տեսակի անզգայացման ծառայություններ:
11. Ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ընթացքում իրականացվող միջամտություններ:
12. Թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ընթացքում իրականացվող միջամտություններ:
13. Վերականգնողական և պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ընթացքում իրականացվող միջամտություններ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հուլիսի 2024 թվական: