ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 ապրիլի 2021 թ. |
N 23-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՁԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԴՈՆՈՐ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԳՐԱՎՈՐ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել անձի մահից հետո դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու կարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պաշտոնակատար` |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված |
ԿԱՐԳ
ԱՆՁԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԴՈՆՈՐ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԳՐԱՎՈՐ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են կենդանության օրոք անձի՝ իր մահից հետո որպես օրգանների և (կամ) հյուսվածքների դիակային դոնոր (այսուհետ` դիակային դոնոր) հանդես գալու գրավոր անհամաձայնության ներկայացման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N 48-Ն հրամանի 1-ին կետով հաստատված ընթացակարգով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող ընտանեկան բժշկի կամ թերապևտի (այսուհետ` բժիշկ) մոտ գրանցվելիս կամ հերթական այցի ժամանակ, քաղաքացին ծանուցվում է դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու իր իրավունքի վերաբերյալ, ինչի մասին գրառում է կատարվում քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտում:
(2-րդ կետը փոփ. 20.08.24 N 263-Ն)
3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված կարգով ծանուցվելուց և քաղաքացու կողմից դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու որոշում կայացնելուց հետո, բժիշկը քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտում կատարում է գրառում` դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության վերաբերյալ, որը ստորագրվում է քաղաքացու կողմից։
4. Բժիշկը էլեկտրոնային առողջապահության համակարգ է մուտքագրում անձի՝ որպես դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու մասին տեղեկությունը:
5. Անձը դիակային դոնոր հանդես գալու գրավոր ներկայացված անհամաձայնությունը կարող է գրավոր հետ վերցնել և կրկին ներկայացնել իր բժշկի մոտ` առանց սահմանափակումների:
(5-րդ կետը խմբ. 20.08.24 N 263-Ն)
(հավելվածը փոփ., խմբ. 20.08.24 N 263-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2021 թվական: