ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
ԹԻՎ 3-Ն
ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍԱՌԸ ԵՎ ՆԵՏՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԻ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԶԵՆՔ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱԿՈՍԱՓՈՂ ՀՐԱԶԵՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝
Հրամայում եմ`
1. Սահմանել բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություն հանձնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի 2023 թվականի մայիսի 5-ի «Առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացիների կողմից կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 3-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու օրը։
Վ. Ղազարյան |
28 օգոստոսի 2023թ․ ք․ Երևան |
Հավելված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի օգոստոսի 28-ի թիվ 3-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍԱՌԸ ԵՎ ՆԵՏՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԻ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԶԵՆՔ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱԿՈՍԱՓՈՂ ՀՐԱԶԵՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ
1. Սույն կարգը սահմանում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 17-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություն հանձնելու իրավահարաբերությունները:
1․1 Գործնական քննությունից ազատվում են այն քաղաքացիները, որոնք ծառայում են կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները, կամ նրանք, ովքեր դիմելու պահին վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կազմակերպած վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին և ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք, և ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, իսկ պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո չի անցել հինգ տարի:
(1.1-ին կետը լրաց. 16.05.24 թիվ 7-Ն)
2․ Զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ անցկացնելու իրավունք ունեն «Հայաստանի հրաձգության ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը, լիցենզավորված հրաձգարանը, թիկնապահի և պահնորդի մասնագիտական ուսուցում իրականացնող՝ իրավաբանական անձ հանդիսացող և համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունը (այսուհետ՝ կազմակերպություն)։
3․ Կազմակերպությունը քննություններ անցկացնելու համար գրավոր դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին, որին կից ներկայացնում է համապատասխան լիցենզիան։ Ներքին գործերի նախարարը երկու աշխատանքային օրվա ընթացքում կամ բավարարում է դիմումը կամ գրավոր մերժում՝ նշելով պատճառը։
4․ Սույն կարգի խախտումով քննություն անցկացնելու դեպքում կազմակերպությունը զրկվում է քննություն անցկացնելու իրավունքից։
5․ Քննություններին մասնակցելու նպատակով կազմակերպություն կարող են դիմել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի պահանջներին համապատասխանող քաղաքացիները:
6․ Քննություններին մասնակցելու համար քաղաքացին դիմում է կազմակերպություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, իսկ պետական մարմինների կողմից քննություն անցկացվելու դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթ և քննությանը մասնակցելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր կամ դրա պատճեն։ Քաղաքացին կազմակերպություն կարող է դիմել ինչպես գրավոր, այնպես էլ՝ էլեկտրոնային տարբերակով։ Դիմումում պետք է ներառված լինեն նաև քաղաքացու անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, հեռախոսահամար)։
(6-րդ կետը խմբ. 19.06.24 թիվ 9-Ն)
7․ Քննությունների անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ տեղեկատվությունը նախապես հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և համապատասխան կազմակերպության պաշտոնական կայքերում՝ քննությունից առնվազն 5 օր առաջ: Դիմում ներկայացրած քաղաքացիներին ծանուցումը պետք է տրվի ոչ ուշ, քան դիմում ներկայացնելու պահից սկսած՝ մինչև երրորդ օրը։ Ծանուցումը տրվում է գրավոր` ըստ քաղաքացու նշած հասցեի, իսկ նրա ցանկությամբ` նաև հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով:
8․ Քաղաքացին քննություններին պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով։
9․ Տեսական և գործնական քննությունների ժամանակացույցը հաստատվում է կազմակերպության ղեկավարի կողմից: Տեսական և գործնական քննության հարցաշարերը հաստատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության լիազոր ստորաբաժանման ղեկավարը։ Քննական հարցաշարը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում՝ https://mia.gov.am և կազմակերպության պաշտոնական կայքում:
(9-րդ կետը խմբ. 19.06.24 թիվ 9-Ն)
10․ Պետական մարմինների կողմից անցկացվող տեսական և գործնական քննությունների համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով։
(10-րդ կետը խմբ. 19.06.24 թիվ 9-Ն)
11․ Քննությունները անցկացվում են հայերենով։
12․ Քննություններին՝ որպես դիտորդ, կարող են ներկա գտնվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ներկայացուցիչներ:
13. Քննությունների գործընթացն իրականացնելու նպատակով կազմակերպության ղեկավարի իրավական ակտով ստեղծվում է քննական հանձնաժողով՝ բաղկացած երեք անդամից, որից մեկը՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ներկայացուցիչ։
14․ Տեսական և գործնական քննությունների ընթացքը տեսաձայնագրվում է: Նախքան քննության մեկնարկը կազմակերպության կողմից անհրաժեշտ աշխատանքներ են տարվում տեսաձայնագրությունը պատշաճ կերպով իրականացնելու համար: Տեսաձայնագրությունն իրականացնում է քննություն անցկացնող կազմակերպությունը։ Կազմակերպությունը պարտավոր է տեսաձայնագրությունները պահել երեք ամիս և տրամադրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը՝ վերջինիս գրավոր պահանջի դեպքում։ Քննության մասնակիցներին տեսաձայնագրությունները տրամադրվում են նրանց դիմումի հիման վրա՝ էլեկտրոնային կրիչի միջոցով:
15․ Տեսական քննությունը անցկացվում է համակարգչային թեստավորման եղանակով՝ հարցատոմսում ընդգրկված հարցերին պատասխանելու միջոցով: Հարցատոմսը բաղկացած է 10 հարցից, յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր։ Անցողիկ շեմ է համարվում 8 միավորը։ Կազմակերպությունը պետք է ունենա անհրաժեշտ ծրագրային ապահովումներով հագեցած համակարգիչներ։
16․ Տեսական քննությանը ներկայացած քաղաքացին հարցատոմսում լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, որից հետո լրացնում է համապատասխան պատասխանները, որի համար նրան տրամադրվում է 30 րոպե ժամանակ։ Հարցատոմս փոխելն արգելվում է:
17. Քաղաքացուն արգելվում է՝
1) իր մոտ ունենալ բջջային հեռախոս, այլ էլեկտրոնային սարքեր, տեխնիկական միջոցներ, ուսումնական նյութեր կամ ծածկագրեր․
2) հաղորդակցվել քննությանը մասնակցող այլ քաղաքացիների հետ, միմյանց փոխանցել հարցատոմսերը կամ նշումների համար տրամադրված թերթիկները․
3) աղմկել կամ այլ կերպ խոչընդոտել քննության անցկացմանը:
18. Եթե հանձնաժողովի անդամը հայտնաբերում է, որ պատասխանող քաղաքացին թույլ է տվել սույն կարգի 17-րդ կետի պահանջների խախտում, ապա դադարեցնում է քննությանը տվյալ քաղաքացու մասնակցությունը՝ այդ մասին կազմելով արձանագրություն:
19. Տեսական քննությանը քաղաքացու մասնակցությունը դադարեցնելու դեպքում՝ որպես գնահատական, ամրագրվում է 0 միավորը:
20․ Տեսական քննության գնահատականը քաղաքացուն հայտարարվում է նույն օրը:
21․ Տեսական քննությունը հաղթահարած քաղաքացուն նույն օրը տրվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 7-րդ կետով նախատեսված՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթ՝ հավաստագիր (Ձև 1), որտեղ լրացվում է միայն տեսական քննության գնահատականը։
22․ Տեսական քննության անցողիկ շեմը չանցած քաղաքացին կարող է կրկին դիմել տեսական քննության մասնակցելու համար ոչ շուտ, քան 3 օր անց, բայց ոչ ուշ, քան տեսական քննությունը հանձնելու տասնհինգերորդ օրը։
(22-րդ կետը լրաց. 19.06.24 թիվ 9-Ն)
23․ Գործնական քննությանը մասնակցելու հնարավորություն է ստանում տեսական քննությանը անցողիկ միավոր ստացած քաղաքացին ոչ ուշ, քան տեսական քննությունը հանձնելու տասնհինգերորդ օրը։
(23-րդ կետը փոփ. 19.06.24 թիվ 9-Ն)
24․ Գործնական քննությանը քաղաքացին ներկայանում է սույն կարգի 21-րդ կետով նախատեսված հավաստագրով և անձը հաստատող փաստաթղթերով։
25․ Մինչև գործնական քննության մեկնարկը հրաձգության ղեկավարի հրահանգով դիմորդը մոտենում է կրակակետում դրված սեղանին։
(25-րդ կետը խմբ. 19.06.24 թիվ 9-Ն)
26․ Գործնական քննությունը բաղկացած է 3 վարժությունից`
1) զենքի կառուցվածքի և ռազմամթերքի վերաբերյալ գիտելիքների ստուգում.
2) հրաձգություն և նշանակետի խոցում.
3) անվտանգության կանոնների պահպանում և հրաձգության հրահանգների ճիշտ կատարում։
(26-րդ կետը խմբ. 19.06.24 թիվ 9-Ն)
27․ Զենքի կառուցվածքի և ռազմամթերքի վերաբերյալ գիտելիքները ստուգելիս թեկնածուն ընտրում է քննական տոմսերից մեկը և հարցերին պատասխանում ըստ իր նախընտրած հերթականության` ցույց տալով ռազմամթերքի կամ զենքի այն մասերը և մեխանիզմները, որոնք նշված են քննական տոմսում։ Քննական տոմսերից յուրաքանչյուրը բաղկացած է 3 հարցերից, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 1 միավոր: Արդյունքում՝ 1 միավորը համարվում է անբավարար, 2-3 միավորները՝ անցողիկ։ Հանձնաժողովի անդամը զենքի ձեռքբերման գործնական քննության գնահատման թերթիկում (Ձև 2) լրացնում է վարժության գնահատականը։ Քննական տոմսը փոխելն արգելվում է։
(27-րդ կետը խմբ. 19.06.24 թիվ 9-Ն)
28․ «Հրաձգություն և նշանակետի խոցում» վարժությունն իրականացվում է հետևյալ պայմաններով՝
1) 100 մետր հեռավորության վրա՝ 50սմ x 50սմ չափսերով թիրախի վրա կամ 50 մետր հեռավորության վրա՝ 25սմ x 25սմ չափսերով թիրախի վրա (թիրախի տեսակը՝ ըստ հայեցողության), 5,45 մմ կամ 7,62 մմ քաղաքացիական ակոսափող զենքից․
2) դիմորդին հատկացվում է փամփուշտատուփ և 7 փամփուշտ՝ 2 փորձնական, 5 ստուգարքային կրակոցի համար․
3) հրաձգության հրահանգիչը տալիս է «Մարտի՛» հրահանգը․
4) դիմորդը զննում է փամփուշտները, լիցքավորում է փամփշտատուփը, այն ամրացնում զենքին և ընդունում հարմար դիրք՝ հայտարարելով «Պատրաստ եմ»․
5) հրաձգության հրահանգչի «Լիցքավորե՛լ» հրահանգից հետո դիմորդը ապահովիչը փոխադրում է կրակի դիրք (ներքև), փակաղակի շրջանակը գազամխոցով և փակաղակով քաշում է հետ ու բաց թողնում՝ փամփուշտը մղելով փամփշտանոց․
6) հրաձգության հրահանգչի «Կրա՛կ» հրահանգից հետո դիմորդը կատարում է 2 փորձնական կրակոց և զենքը դնում «Ապահովիչ» ռեժիմի վրա․
7) կրակելուց հետո հրաձգության հրահանգիչը դիմորդին տեղեկացնում է` խոցում եղել է, թե ոչ, իսկ վրիպելու դեպքում՝ մոտավորապես որքանով և ինչ ուղղությամբ է եղել շեղումը․
8) եթե փորձնական կրակոցներից հետո ակնհայտ խոչընդոտներ (զենքի կամ փամփուշտի խափանում) չեն առաջացել գործնական հրաձգությունը շարունակելու համար, ապա դիմորդը կրկին ընդունում է հարմար դիրք, փոխադրում ապահովիչը կրակի դիրք, կատարում ևս 5 ստուգարքային կրակոց և միացնում ապահովիչը․
9) կրակելուց հետո դիմորդը կատարում է զենքի լիցքաթափում։ Զենքի լիցքաթափում իրականացնելիս անհրաժեշտ է փամփշտատուփը առանձնացնել զենքից, անջատել ապահովիչը (իջեցնել ներքև), փակաղակի շրջանակը բռնակից քաշել հետ և պահել, տեսողական զննությամբ ստուգել փամփշտանոցը։ Փամփուշտի բացակայության դեպքում պետք է բաց թողնել փակաղակի շրջանակը գազամխոցով և փակաղակով, անվտանգ ուղղությամբ (կրակադաշտի՝ թիրախների ուղղությամբ) կատարել ստուգիչ կրակոց, որից հետո միացնել ապահովիչը (բարձրացնել վերև)։ Այնուհետև պետք է զենքն ու փամփշտատուփը դնել սեղանին՝ հայտարարելով «Ավարտեցի»․
10) հրաձգության հրահանգիչը ստուգում է, թե արդյոք պահպանված են բոլոր կանոնները։ Դիմորդը հրաձգության հրահանգչի վերահսկողությամբ մոտենում է թիրախին, այն բերում և հանձնում է հրաձգության հրահանգչին․
11) հրաձգության հրահանգիչը գրանցում է վարժության արդյունքները։ Հանձնաժողովի անդամը զենքի ձեռքբերման գործնական քննության գնահատման թերթիկում լրացնում է վարժության գնահատականը․
12) հրաձգության համար վերը նշված ակնհայտ խոչընդոտների առկայության պարագայում դիմորդին տրամադրվում է այլ զենք և փամփուշտ։
(28-րդ կետը խմբ. 19.06.24 թիվ 9-Ն)
29․ Անվտանգության կանոնների պահպանումը և հրաձգության հրահանգների ճիշտ կատարումը գնահատվում են՝ հետևելով վարժությունների կատարման ամբողջ ընթացքին։ Անվտանգության կանոններն են՝
1) զենքը վերցնելիս ստուգել և լիցքաթափել այն․
2) արգելվում է զենքի փողն ուղղել կրակադաշտից՝ թիրախների ուղղությունից բացի որևէ այլ ուղղությամբ, անկախ այն բանից՝ զենքը լիցքավորված է, թե ոչ․
3) արգելվում է մատը անհարկի դնել ձգանի վրա, քանի դեռ չի ստացվել «Կրա՛կ» հրահանգը․
4) հետևել հրաձգության հրահանգչի հրահանգներին․
5) կրակն ավարտելուց հետո կամ հրահանգչի հրահանգով կատարել զենքի լիցքաթափում։
(29-րդ կետը խմբ. 19.06.24 թիվ 9-Ն)
30․ Գործնական քննության ամբողջ ընթացքում 29-րդ կետում նշված անվտանգության կանոններից և հրաձգության հրահանգներից որևէ մեկի խախտման դեպքում հրաձգության հրահանգիչն իրավունք ունի քննական հանձնաժողովի հաստատմամբ ընդհատել գործնական քննությունը և այն գնահատել անբավարար։
(30-րդ կետը խմբ. 19.06.24 թիվ 9-Ն)
31․ Վարժությունների գնահատումն իրականացվում է՝ ըստ հետևյալ աղյուսակի.
Վարժություն |
Գնահատական և չափորոշիչ |
1) Զենքի կառուցվածքի և ռազմամթերքի վերաբերյալ գիտելիքների ստուգում |
Կատարվում է՝ ըստ քննական տոմսի հարցերի միավորների։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար գումարվում է 1 միավոր։ |
2) Հրաձգություն և նշանակետի խոցում |
Թվով 5 ստուգարքային կրակոցներից 1-ի՝ թիրախը խոցելու դեպքում տրվում է 1 միավոր և հրաձգությունը համարվում է հաջողությամբ հանձնած, իսկ բոլոր կրակոցների վրիպման դեպքում գործնական հրաձգությունը գնահատվում է անբավարար։ |
3) Անվտանգության կանոնների պահպանում և հրաձգության հրահանգների ճիշտ կատարում |
1) Զենքը վերցնելիս ստուգել, որ այն լիցքաթափված է - 1 միավոր 2) Արգելվում է զենքի փողն ուղղել կրակադաշտից՝ թիրախների ուղղությունից բացի որևէ այլ ուղղությամբ, անկախ այն բանից՝ զենքը լիցքավորված է, թե ոչ - 1 միավոր 3) Արգելվում է մատը անհարկի դնել ձգանի վրա, քանի դեռ չի ստացվել «Կրա՛կ» հրահանգը - 1 միավոր 4) Հետևել հրաձգության հրահանգչի հրահանգներին - 1 միավոր 5) Կրակն ավարտելուց հետո կամ հրահանգչի հրահանգով կատարել զենքի լիցքաթափում - 1 միավոր |
(31-րդ կետը լրաց. 19.06.24 թիվ 9-Ն)
32․ Գործնական քննության վերջնական գնահատականը ձևավորվում է բոլոր 3 վարժություններից ստացված գնահատականների հանրագումարից և անցողիկ շեմ է համարվում 8 (ութ) գնահատականը (միավորը), որից՝
1) զենքի կառուցվածքի և ռազմամթերքի վերաբերյալ գիտելիքների ստուգման փուլի առավելագույն 3 (երեք) միավորից անցողիկ շեմ է համարվում 2 (երկու) միավորը․
2) հրաձգություն և նշանակետի խոցման ստուգման փուլի առավելագույն 5 (հինգ) կրակոցներից ցանկացած թվով թիրախի խոցման (1-5 խոցում) դեպքում գնահատվում է 1 (մեկ) միավոր, որը համարվում է անցողիկ շեմ․
3) անվտանգության կանոնների պահպանման և հրաձգության հրահանգների ճիշտ կատարման ստուգման փուլից առավելագույն 5 (հինգ) միավորից անցողիկ շեմ է համարվում 5 (հինգ) միավորը։
(32-րդ կետը լրաց. 19.06.24 թիվ 9-Ն)
33․ Գործնական քննության անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքացին գործնական քննությանը մասնակցելու համար կարող է կրկին դիմել ոչ շուտ, քան գործնական քննությունից 3 օր անց և ոչ ուշ, քան տեսական քննության անցողիկ շեմը հաղթահարելուց հետո 6 ամսվա ընթացքում։ Նշված ժամկետները բաց թողնելու դեպքում տեսական և գործնական քննությունները պետք է հանձնել նորից՝ կատարելով տեսական և գործնական քննությունների համար նախատեսված վճարը։
(33-րդ կետը լրաց. 19.06.24 թիվ 9-Ն)
34․ Գնահատականները լրացնում է հանձնաժողովի անդամը զենքի ձեռքբերման գործնական քննության գնահատման թերթիկում։ Քննության ընթացքում առանձին վարժությունների գնահատականները չեն ներկայացվում դիմորդին։ Վերջնական գնահատականը դիմորդին հայտնում է հանձնաժողովը։ Քննությունը դիմորդի խնդրանքով ընդհատելու պարագայում չկատարված կամ ընթացիկ (եթե վարժության կատարումը կիսատ է մնացել) վարժությունները գնահատվում են 0 միավոր։
(34-րդ կետը լրաց. 19.06.24 թիվ 9-Ն)
35․ Գործնական քննությունը հաղթահարած քաղաքացու՝ սույն կարգի 21-րդ կետով նախատեսված փաստաթղթում, գործնական քննությունը հաղթահարելու օրը, լրացվում է գործնական քննության գնահատականը։
(35-րդ կետը լրաց. 19.06.24 թիվ 9-Ն)
36. Քննության արդյունքները կարելի է գրավոր բողոքարկել քննությունից անմիջապես հետո՝ հանձնաժողովին։ Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ գրավոր, իսկ բողոքարկողի պահանջով՝ հեռախոսազանգով կամ էլեկտրոնային նամակով։ Բողոքը բավարարելու դեպքում դիմորդի քննությունը համարվում է հանձնված։
(36-րդ կետը լրաց. 19.06.24 թիվ 9-Ն)
37․ Կազմակերպությունը պարտավոր է ստուգումների արդյունքների մասին տեղեկությունների հաշվառումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը դրանց փոխանցումն իրականացնել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին համապատասխան:
(37-րդ կետը լրաց. 19.06.24 թիվ 9-Ն)
Ձև 1
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ԶԵՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տրվում է՝ _____________________________________________________________ին, (անուն, հայրանուն, ազգանուն)
ծնված՝ _______________, անձնագրի սերիա և համար՝___________________________, որ նա հանձնել է զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները և ստացել հետևյալ գնահատականները՝
Տեսական՝______________միավոր, քննության օրը՝ _________________, Կ․Տ․
Գործնական՝______________միավոր, քննության օրը՝ _________________, Կ․Տ․
Տրվում է՝ ներկայացնելու ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։
——————————————— Կազմակերպության տնօրեն/նախագահ՝
————————————————————— Կ․Տ․ (անուն, ազգանուն, ստորագրություն) |
Ձև 2
ԹԵՐԹԻԿ
ԶԵՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
|
Դիմորդ՝ ____________________________________________ Ազգանուն, անուն, հայրանուն |
« » _________ 20 թ.
Քննության օր, ամիս, տարեթիվ
Հ/Հ |
Վարժության անվանումը |
Վարժության միավորներ |
Ընդհանուր | ||||
1. |
Զենքի կառուցվածքի և ռազմամթերքի վերաբերյալ գիտելիքների ստուգում |
1 |
1 |
1 |
Անցողիկ՝ առնվազն 2 | ||
2. |
Հրաձգություն և նշանակետի խոցում |
1 |
Անցողիկ 1 | ||||
3. |
Անվտանգության կանոնների պահպանում և հրաձգության հրահանգների ճիշտ կատարում |
1 |
1 |
1 |
1 |
1 |
Անցողիկ 5 |
Քննությունը ընդունող՝
Հանձնաժողովի նախագահ՝ ______________________________________________________.
Ստորագրություն Ազգանուն, անուն, հայրանուն
(ձևը լրաց. 19.06.24 թիվ 9-Ն)
(հավելվածը լրաց. 16.05.24 թիվ 7-Ն, խմբ., լրաց., փոփ. 19.06.24 թիվ 9-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2023 թվական: