Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
3 մարտի 2016 թվականի N 8
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԹԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ`
Հայաստանի Հանրապետության տարածքում ճառագայթային և միջուկային վթարի դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանին՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 4 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի նիստի N 8 |
ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԹԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ճառագայթային և միջուկային վթարի դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանով (այսուհետև՝ պլան) սահմանվում են ռադիոակտիվ նյութերի հետ կապված ճառագայթային միջադեպերը, ճառագայթային իրավիճակի դասակարգումը, ճառագայթային միջադեպերի դեպքում իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից բնակչության պաշտպանության միջոցառումները, դրանց իրականացման կարգը և միջոցառումների իրականացման պատրաստվածության նկատմամբ պահանջները:
Միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումներն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 22-ի թիվ 2328-Ն որոշմամբ սահմանված կարգի:
2. Սույն պլանի դրույթները չեն վերաբերվում գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ կապված ճառագայթային միջադեպերին, ինչպես նաև պատերազմական իրավիճակում տեղի ունեցած միջադեպերին:
3. Սույն պլանով չեն սահմանվում ռադիոակտիվ նյութերի հետ կապված ճառագայթային միջադեպերի հետևանքների վերացման միջոցառումներն ու դրանց իրականացման համար պատասխանատուները:
4. Սույն պլանի իրավական հիմքն են կազմում հետևյալ իրավական ակտերը.
1) «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
2) «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N1219-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N1489-Ն որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N553 -Ն որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի N931-Ն որոշումը:
5. Սույն պլանի մշակման ժամանակ օգտագործվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետևյալ փաստաթղթերի պահանջները`
1) «Միջուկային կամ ճառագայթային վթարների հակազդման պատրաստվածությունն ու հակազդումը» (Preparedness and Response for a Nuclear or Radiological Emergency.GSR part 7),
2) «Միջուկային կամ ճառագայթային վթարների հակազդման պատրաստվածության ու հակազդման նպատակով օգտագործվող չափանիշները (Criteria for Use in Preparedness and Response for a Nuclear or Radiological Emergency. GSG-2),
3) «Միջուկային կամ ճառագայթային վթարների հակազդման պատրաստվածության ու հակազդման միջոցառումները (Arrangements for preparedness for a nuclear or radiological emergency),
4) Ռադիոակտիվ նյութի փոխադրման ժամանակ տեղի ունեցած տրասպորտային միջադեպերի հակազդման գործողությունների պլանավորումն ու պատրաստվածությունը (Planning and Preparing for Emergency Response to Transport Accidents Involving Radioactive Material. TS-G-1.2):
6. Սույն պլանի իրականացման գործընթացում ներգրավված են հետևյալ պետական կառավարման մարմիններն ու կազմակերպությունները`
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն.
4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առնթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առնթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.
6) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.
7) «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» փակ բաժնետիրական ընկերությունը.
8) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը:
II. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ
7. Ռադիոակտիվ նյութերի հետ կապված միջադեպերը, որոնց դեպքում անհրաժեշտ կլինի իրականացնել բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումներ հետևյալն են`
1) բետտա ճառագայթմամբ ռադիոիզոտոպային աղբյուր պարունակող սարքի (էլեկտրագեներատոր, տաքացուցիչ և այլն) վնասում, որի դեպքում հնարավոր է ռադիոիզոտոպային աղբյուրի ապահերմետիկացումը, ինչը կարող է բերել մարդկանց ներքին ճառագայթահարման.
2) ռադիոիզոտոպային աղբյուրի հետ աշխատանքի համար չնախատեսված վայրում աղբյուրի մեխանիկական վնասման պատճառով ճառագայթային անվտանգության նորմերով սահմանված մակարդակների գերազանցմամբ գամմա ճառագայթում կամ ռադիոակտիվ աղտոտվածություն.
3) ռադիոակտիվ նյութերի հայտնաբերում.
4) ռադիոակտիվ նյութերի կորուստ կամ գողություն.
5) ռադիոակտիվ նյութերի կիրառմամբ ահաբեկչական ակտի իրական սպառնալիք կամ իրականացում.
6) ճառագայթային անվտանգության նորմերով սահմանված մակարդակները գերազանցող ռադիոակտիվ աղտոտվածությամբ տրանսպորտային միջոցի հայտնաբերում.
7) ռադիոիզոտոպային աղբյուրների հետ աշխատանքների իրականացման օբյեկտում կամ ռադիոիզոտոպային աղբյուրների պահեստարանում հրդեհ կամ պայթյուն.
8. սույն պլանի 7-րդ կետի 7-րդ ենթակետում նշված ճառագայթային միջադեպերի դեպքում հնարավոր են հետևյալ իրավիճակները`
1) տագնապ` երբ գերճառագայթահարված անձիք չկան, սակայն իրական է բնակչության ճառագայթահարման հավանականությունը,
2) ներքին վթար` երբ ռադիոիզոտոպային աղբյուրի հետ աշխատող անձնակազմը գերճառագայթահարվել է, իսկ ռադիոակտիվ աղտոտման է ենթարկվել ռադիոիզոտոպային աղբյուրի հետ աշխատանքների համար նախատեսված շենքը (լաբորատորիան, կաբինետը և այլն) կամ իրական է նման աղտոտման հավանականությունը,
3) տեղական վթար` երբ ռադիոիզոտոպային աղբյուրի հետ աշխատող անձնակազմը գերճառագայթահարվել է, իսկ ռադիոակտիվ աղտոտման են ենթարկվել աղբյուրի հետ աշխատանքների համար նախատեսված շենքից դուրս տարածքները կամ իրական է նման աղտոտման հավանականությունը:
9. Բացի սույն պլանի 7-րդ կետի 8-րդ ենթակետում նշվածից, ճառագայթային միջադեպերն ըստ բնույթի լինում են`
1) լիցենզավորված անձանց մոտ տեղի ունեցող միջադեպեր` երբ դրանք տեղի են ունենում լիցենզավորված գործունեություն իրականացնելիս,
2) իրավախախտում պարունակող միջադեպեր` երբ դրանք չարամիտ գործողությունների արդյունք են անորոշ միջադեպեր, երբ դրանք կապված են ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման, չպարզված հանգամանքների և (կամ) աղբյուրների հետ:
III. ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍԻՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄԸ, ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
10. Ճառագայթային միջադեպերի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման համար պետք է իրականացվի միջադեպի մասին ահազանգում և իրավիճակի գնահատում:
Ճառագայթային միջադեպի մասին ահազանգում պետք է իրականացվի`
1) լիցենզավորված անձանց մոտ միջադեպերի դեպքում՝ ռադիոիզոտոպային աղբյուրների հետ գործունեության համար լիցենզավորված անձանց կողմից օբյեկտային վթարային պլանի կամ հրահանգի համաձայն.
2) ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ կապված միջադեպերի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 553-Ն որոշմամբ սահմանված կարգով.
3) այլ միջադեպերի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճաների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կողմից ահազանգման հրահանգներով սահմանված կարգով:
11. Ճառագայթային միջադեպի մասին միջազգային ահազանգը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից սահմանված կարգով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
12. Իրավիճակի նախնական գնահատումն իրականացնում են`
1) լիցենզավորված անձանց մոտ միջադեպերի դեպքում՝ ռադիոիզոտոպային աղբյուրների հետ գործունեության համար լիցենզավորված անձանց կողմից՝ օբյեկտային վթարային պլանի կամ հրահանգի համաձայն.
2) ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ կապված միջադեպերի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 553-Ն որոշմամբ սահմանված կարգով.
3) ռադիոակտիվ աղտոտվածությամբ տարածքների հայտնաբերման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության ճառագայթային մոնիթորինգի խմբերի կողմից՝ ուղղորդվելով ճառագայթային անվտանգության նորմերով սահմանված միջամտման աշխատանքային մակարդակներով:
13. Իրավիճակի հետագա գնահատումը, իրավիճակի փոփոխության կանխատեսումը, անհրաժեշտ պաշտպանական միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունների պատրաստումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից՝ կոմիտեի վթարային հակազդման կենտրոնի հրահանգներով սահմանված կարգով:
IV. ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
14. Ճառագայթային միջադեպերի դեպքում իրավիճակի կայունացման ու բնակչության պաշտպանության նպատակով պետք է իրականացվեն հետևյալ գործողությունները`
1) ռադիոիզոտոպային աղբյուրի (ռադիոիզոտոպային աղբյուր պարունակող սարքի) վնասման դեպքում այն պետք է բերվի անվտանգ վիճակի (աղբյուրը կամ սարքը պետք է տեղադրվի պաշտպանիչ կոնտեյների մեջ, փոխադրվի անվտանգ պահեստավորման վայր).
2) ազդակիր տարածքի ճշտման նպատակով կազմակերպվում է ճառագայթային մոնիթորինգ.
3) ռադիոակտիվ աղտոտվածությամբ տարածքը, շենքը կամ շինությունը շրջափակվում են (անվտանգության շրջագծի նվազագույն չափերը ներկայացված են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. օգոստոսի 18-ի թիվ 1219-Ն որոշմամբ սահմանված ճառագայթային անվտանգության նորմերի N30 աղյուսակում).
4) ազդակիր տարածքից բնակչության ազդարարում և տարահանում.
5) իրականացվում է ռադիոակտիվ աղտոտվածությամբ տարածքների ապաակտիվացում.
6) իրականացվում է անվտանգության գոտիներում հասարակական կարգի պահպանություն.
7) իրականացվում է անվտանգության գոտիներից նյութական արժեքների դուրսբերման կանխարգելում.
8) իրականացվում է վթարային անձնակազմի դոզիմետրիկ հսկողություն.
9) իրականացվում է ճառագայթահարված մարդկանց մասնագիտացված բուժհիմնարկներ տեղափոխում և բուժման կազմակերպում.
10) իրականացվում է անվտանգության գոտիներից ռադիոակտիվ նյութեր և աղբյուրներ փոխադրող տրասպորտային միջոցների ուղղեկցում:
15. Պետական կառավարման մարմինները ճառագայթային միջադեպերի արձագանքման ուղղությամբ իրականացնում են օրենքով և այլ իրավական ակտերով իրենց վերապահված լիազորություններ:
V. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
16. Բնակչության տեղեկատվական ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
17. Տրամադրվող տեղեկատվությունը պետք է լինի օպերատիվ և հավաստի:
18. Տրամադրվող տեղեկատվությունը ձևավորվում է ճառագայթային մոնիթորինգի և իրավիճակի գնահատման արդյունքների հիման վրա:
19. Տրամադրվող տեղեկատվությունը ենթակա է համաձայնեցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հետ:
VI. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
20. Ճառագայթային միջադեպի դեպքում ճառագայթային իրավիճակի հսկման ու դրա փոփոխման ժամանակին հայտնաբերման, վթարային անձնակազմի դոզիմետրիկ հսկողության ապահովվման նպատակով պետք է անցկացվի ճառագայթային մոնիթորինգ:
21. Ճառագայթային մոնիթորինգն անցկացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության քիմիական ու ճառագայթային մոնիթորինգի շարժական (մոբիլ) խմբերի կողմից: Անհրաժեշտության դեպքում, ճառագայթային մոնիթորինգի անցկացմանը կարող են ներգրավվել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասնագիտական կազմավորումները:
