ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«21» դեկտեմբերի 2023 թ. ք. Երևան |
Հր. 3471-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 2/757-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը տրամադրելու, հաշվառելու, տրամադրումը մերժելու, հետ վերցնելու և անվավեր ճանաչելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրեր տալու, հաշվառելու և հետ վերցնելու կարգը սահմանելու մասին» N 2/757-Ն հրամանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` |
Ա. ՄԻՐԶՈՅԱՆ |
Հավելված Արտաքին գործերի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 3471-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը (այսուհետ՝ դիվանագիտական անձնագիր) տրամադրելու, հաշվառելու, տրամադրումը մերժելու, անվավեր ճանաչելու և հետ վերցնելու իրավահարաբերությունները, ինչպես նաև սահմանվում է դիվանագիտական անձնագիր ստանալու մասին դիմումի և դիվանագիտական անձնագրերի հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանի ձևը:
2. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ
2. Դիվանագիտական անձնագիրը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից տրամադրվում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 49-րդ հոդվածում նշված անձանց՝ ծառայողական գործուղումների նպատակով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի հիման վրա առավելագույնը հինգ տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետով.
1) իրավասու մարմնի աշխատակազմից նախարարության գլխավոր քարտուղարին ուղղված գրության հիման վրա,
2) Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակի ղեկավարի՝ նախարարության գլխավոր քարտուղարին ուղղված գրության հիման վրա,
3) դիվանագետի ստորաբաժանման ղեկավարից կամ նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարից գլխավոր քարտուղարին ուղղված զեկուցագրի հիման վրա,
4) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության գործուղվող դիվանագետին և նրա ընտանիքի անդամներին՝ գործուղման մասին համապատասխան հրամանի հիման վրա,
5) Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարից արտաքին գործերի նախարարին ուղղված գրության հիման վրա:
3. Դիվանագիտական անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է նախարարության հյուպատոսական վարչություն (այսուհետ՝ հյուպատոսական վարչություն) ներկայացնել.
1) Դիվանագիտական անձնագիր ստանալու մասին դիմում՝ համաձայն սույն կարգի Ձև N 1-ի,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավեր անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) 35 x 45 մմ չափսի մինչև վեց ամսվա վաղեմության երկու գունավոր լուսանկար, բացառությամբ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի դեպքում,
4) ընտանիքի անդամների համար առաջին անգամ դիվանագիտական անձնագիր ստանալու դեպքում ներկայացվում է՝
ա. ամուսնու համար՝ սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը և ամուսնության վկայականը,
բ. 16 տարեկանը չլրացած երեխաների դեպքում՝ սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը, ծննդյան վկայականը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավեր անձնագրի պատճենը,
գ. նախազորակոչային տարիքի քաղաքացիների համար` նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների համար` զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչված քաղաքացիների դեպքում՝ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք:
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը ստուգվում են հյուպատոսական վարչությունում 2 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում դիմողին եռօրյա ժամկետում տեղեկացվում է բացակայող փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտության մասին:
5. Դիվանագիտական անձնագիրը տրվում է սույն կարգով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Անձնագիրը տպագրելու համար ներկայացված փաստաթղթերից և տպագրված անձնագրի պատճենից կազմվում են անձնական գործեր՝ էլեկտրոնային եղանակով, որոնք պահվում են հյուպատոսական վարչությունում՝ ըստ անձնագրի տրամադրման տարեթվի, ամսի, ամսաթվի:
7. Տպված դիվանագիտական անձնագրերը հյուպատոսական վարչության պատասխանատու աշխատակցի կողմից անմիջապես հաշվառվում են էլեկտրոնային գրանցամատյանում (այսուհետ՝ գրանցամատյան)՝ համաձայն սույն կարգի Ձև N 2-ի:
8. Տպագրված անձնագիրը հյուպատոսական վարչության պատասխանատու աշխատակցի կողմից հանձնվում է անձնագրի անվանատիրոջը կամ նրա կողմից լիազորված անձին, իսկ անչափահասի դեպքում՝ վերջինիս օրինական ներկայացուցչին: Անձնագիրը ստացողն իր ստորագրությամբ հաստատում է անձնագիրը ստանալու փաստը: Ստորագրության հետ նշվում է նաև օրը, ամիսը և տարեթիվը: Դիվանագիտական անձնագիր ստանալու մասին դիմումի «Դիմող» և «Ստացա» տողերում ստորագրում է անձնագրի անվանատերը, իսկ 16 տարին չլրացած անչափահասի դեպքում՝ վերջինիս օրինական ներկայացուցիչը:
3. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
9. Դիվանագիտական անձնագրի տրամադրումը մերժվում է Օրենքով նախատեսված հիմքերի առկայության պարագայում:
10. Պաշտոնավարման ավարտից հետո Օրենքի 49-րդ հոդվածում նշված անձինք, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետը, իրենց դիվանագիտական անձնագրերը 10 աշխատանքային օրվա ընթացքում անձամբ կամ ներկայացուցչի միջոցով հանձնում են հյուպատոսական վարչություն:
11. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության ավարտից հետո Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, վերադարձած դիվանագետների ընտանիքի անդամներն իրենց դիվանագիտական անձնագրերն ի պահ են հանձնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
12. Կորած, կեղծված կամ օրենքի պահանջների խախտմամբ ձեռք բերված դիվանագիտական անձնագրերը, ինչպես նաև սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով նախարարություն չհանձնված դիվանագիտական անձնագիրն արտաքին գործերի նախարարությունը ճանաչում է անվավեր.
1) պաշտոնավարման կամ դիվանագետի ծառայության ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում,
2) դիվանագիտական անձնագիրը սույն կարգի պահանջների խախտմամբ տրված լինելու փաստը հաստատվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
13. Անվավեր ճանաչված դիվանագիտական անձնագրերն անմիջապես հյուպատոսական վարչության կողմից մուտքագրվում են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ (ՍԷԿՏ), որից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում անվավեր ճանաչված անձնագրերի ցանկը գրավոր փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կորած, գողացված, ուժը կորցրած, անվավեր ճանաչված փաստաթղթերի «ՍԼԹԴ» («SLTD») պահոցում հաշվառելու նպատակով:
14. Ժամկետանց դիվանագիտական անձնագիրն ի պահ է հանձնվում հյուպատոսական վարչությանը կամ անվանատիրոջ ցանկությամբ կարող է թողնվել իրեն՝ դակելուց հետո:
15. Անձնագրի անվանատերն անձնագրի կորստի մասին գրավոր տեղեկացնում է նախարարությանը: Նրան տրվում է նոր անձնագիր՝ սույն կարգով սահմանված ընթացակարգով:
16. Դիվանագիտական խոտանված անձնագրի մասին գրանցամատյանում անմիջապես կատարվում է «խոտանված է» նշում և դիվանագիտական խոտանված անձնագրի գրքույկը մարվում է` դակելով կամ երկու անկյունները կտրելով:
17. Կորած և այնուհետև գտնված դիվանագիտական անձնագրերը հանձնվում են հյուպատոսական վարչություն:
18. Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո հյուպատոսական վարչությանը հանձնված, կորստի հիմքով անվավեր ճանաչված, գտնված և հյուպատոսական վարչություն հանձնված, խոտանված և օգտագործման համար ոչ պիտանի դարձած, վարչություն հանձնված ժամկետանց դիվանագիտական անձնագրերը հինգ տարին մեկ անգամ ակտավորվում են հյուպատոսական վարչության առնվազն երեք աշխատակիցներից բաղկացած հանձնաժողովի կողմից և ոչնչացվում այրման կամ մանրացման եղանակով: Ոչնչացման ակտը հաստատվում է հյուպատոսական վարչության պետի կողմից և պահվում օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության |
|
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Խնդրում եմ ինձ տրամադրել դիվանագիտական անձնագիր
Իմ մասին հայտնում եմ հետևյալ տեղեկությունները`
1. ____________________________ |
2. ____________________ |
3. _______________________________ |
(ազգանունը) |
(անունը) |
(հայրանունը) |
4. Ծնվել եմ ____ ______________ ______ թ.
_____________________________________________________________________________________________
(երկիրը, մարզը, քաղաքը, գյուղը)
5. Սեռը _______________________
6. Ազգությունը _______________________
7. Հեռախոսահամարը _______________________
8. Էլ-փոստի հասցեն _______________________
Դիմող ______________________________ ____ _______________ 20 թ.
(ստորագրությունը)
Գործ N ________
Պաշտոնատար անձ |
____________________________ Կ. Տ. |
(ստորագրությունը, ազգանունը) |
____ ________________ 20 թ.
Ստացա անձնագիրը ____________________
(ստորագրություն, ամսաթիվ)
Ձև N 2
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
№ |
Ազգանուն |
Անուն |
Հայրանուն |
Անձնագրի N |
Տրված |
Վավեր է |
Ծնված |
Սեռ |
ՀԾՀ |
Կազմակերպություն |
Պաշտոն |
Նշում |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական: