ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 հունիսի 2023 թ. |
N 333-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՇՏԱՐԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հաշտարարության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին և 7.2-րդ մասերով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել արտոնագրված հաշտարարի թեկնածուի ընտրության և նշանակման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել հաշտարար նշանակելու վերաբերյալ դիմումի տիպային ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել հաշտարարի թեկնածու առաջարկելու վերաբերյալ պահանջագրի տիպային ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Գ. Մինասյան |
Հավելված N 1 Արդարադատության նախարարի2023 թվականի հունիսի 22-ի N 333-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ
I. ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
1. Արդարադատության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից օրենքով սահմանված դեպքերում հաշտարարի թեկնածուի ընտրությունը կատարվում է հատուկ համակարգչային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) միջոցով կատարվող վիճակահանությամբ:
2. Վիճակահանությունը իրականացվում է արտոնագրված հաշտարարների ռեեստրում հաշվառված և «Հաշտարարության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան ձևավորված ցանկերից որևէ մեկում ընդգրկված հաշտարարների թվից, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով սահմանված դեպքերի: :
3. Յուրաքանչյուր հաշտարարի ընթացիկ ծանրաբեռնվածությունը որոշելու համար համակարգը ինքնաշխատ եղանակով գեներացնում է ներկայացված դիմումների և պահանջագրերի հիման վրա հաշտարարին մակագրված այն գործերի քանակը, որոնցով հաշտարարն իրականացնում է հաշտարարություն:
II. ՊԱՀԱՆՋԱԳՐԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
4. Հաշտարարի թեկնածու ներկայացնելու վերաբերյալ դատարանի պահանջագիրը կամ հաշտարար նշանակելու վերաբերյալ անձի դիմումը ներկայացվում են ծրագրի միջոցով՝ էլեկտրոնային եղանակով: Պահանջագիրը կամ դիմումը թղթային եղանակով ուղարկվելու դեպքում այն ոչ ուշ, քան ստանալու հաջորդ աշխատանքային օրը ծրագիր է մուտքագրվում նախարարության աշխատակցի կողմից:
5. Դատարանի կողմից ներկայացված պահանջագիրը կամ անձի կողմից ներկայացված դիմումը մուտքագրման պահից հասանելի են դառնում ծրագրում և ոչ ուշ, քան ստանալու հաջորդ աշխատանքային օրը հաստատվում են նախարարության աշխատակցի կողմից:
III. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
6. Տվյալ օրվա ընթացքում մուտքագրված և նախարարության աշխատակցի կողմից հաստատված պահանջագրերի կամ դիմումների հիման վրա վիճակահանություններն անցկացվում են ծրագրի միջոցով ինքնաշխատ եղանակով` առանց նախարարության միջամտության` ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա ավարտը:
7. Վիճակահանությունն իրականացվում է պատահականության սկզբունքով՝ հիմք ընդունելով հաշտարարների մասնագիտացումը և ծանրաբեռնվածության աստիճանը:
8. Վիճակահանությունն իրականացվում է ռեեստրում առանձնացված Ցանկ 1-ում ընդգրկված հաշտարարների թվից, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված գործերով հաշտարարություն իրականացնելու նպատակով դիմում կամ պահանջագիր ներկայացվելու դեպքում:
9. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով հաշտարարություն իրականացնելու նպատակով դիմում կամ պահանջագիր ներկայացվելու դեպքում վիճակահանությունն իրականացվում է ռեեստրում առանձնացված Ցանկ 2-ում ընդգրկված հաշտարարների թվից:
10. Ծրագրում իրականացվող վիճակահանությանը չեն մասնակցում Ցանկ 1-ում կամ Ցանկ 2-ում չընդգրկված կամ նշված ցանկերում մասնակցությունը կասեցրած կամ դադարեցրած կամ որակավորումը կասեցված կամ որակավորումը դադարեցված հաշտարարները: Այն դեպքերում, երբ վիճակահանությամբ ընտրված հաշտարարը չի նշանակվում դատարանի կողմից և միևնույն գործով Նախարարություն պահանջագիր է ներկայացվում կամ եթե հաշտարարը հրաժարվել է իրականացնել հաշտարարություն կամ փոխկապակցվածության հիմքերի կամ օրենքով սահմանված հիմքերի առկայությամբ պայմանավորված հաշտարարություն չի իրականցվել, ապա միևնույն գործով հաշտարար նշանակելու վերաբերյալ Նախարարություն դիմում կամ պահանջագիր ներկայացվելու դեպքում նախորդ վիճակահանությամբ ընտրված հաշտարարը վիճակահանությանը չի մասնակցում:
11. Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված Ցանկ 1-ում կամ Ցանկ 2-ում ընդգրկված հաշտարարների թիվը երեքից պակաս լինելու դեպքում (ներառյալ, երբ ցանկում ընդգրկված հաշտարարների թիվը ֆիզիկապես երեքից պակաս չէ, սակայն սույն կարգի 10-րդ կետին համապատասխան՝ վիճակահանությանը մասնակցող հաշտարարների թիվը պակաս է երեքից) ծրագիրը վիճակահանությունն իրականացնում է արտոնագրված բոլոր հաշտարարների տվյալները պարունակող ռեեստրում հաշվառված հաշտարարների թվից:
12. Միևնույն անձանց միջև միևնույն դատական գործով դատարանի կողմից կրկին ներկայացված պահանջագրի հիման վրա վիճակահանությանը չի մասնակցում այն հաշտարարը, որի թեկնածությունը տվյալ գործով նախկինում ներկայացվել է դատարան և հաշտարարը «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ 9.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայությամբ պայմանավորված չի իրականացրել հաշտարարություն:
IV. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
13. Վիճակահանության անցկացումից հետո դրա արդյունքներն արտացոլվում են ծրագրում: Հաշտարարն իր թեկնածության ընտրության մասին ծանուցվում է իր էլեկտրոնային փոստի հասցեի, ինչպես նաև ծրագրում ունեցած անձնական էջի միջոցով:
14. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված ծանուցումը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հաշտարարը կարող է ծրագրի միջոցով հայտնել իր համաձայնությունը տվյալ գործով հաշտարար նշանակվելու վերաբերյալ կամ հրաժարվել հաշտարարություն իրականացնելուց: Եթե հաշտարարը սույն կետով նախատեսված ժամկետում հաշտարար նշանակվելու վերաբերյալ համաձայնություն չի հայտնում, սույն կետով սահմանված ժամկետի ավարտից հետո համարվում է, որ հաշտարարը հրաժարվել է հաշտարարություն իրականացնելուց: Հաշտարարի հրաժարվելու դեպքում ծրագիրն ինքնաշխատ եղանակով իրականացնում է նոր վիճակահանություն, որին չի մասնակցում այդ գործով հաշտարարություն իրականացնելուց հրաժարված հաշտարարը:
15. Մեկ տարվա ընթացքում երեքից ավելի անգամ հաշտարարություն իրականացնելուց հրաժարվելու դեպքում հաշտարարի էլեկտրոնային փոստի հասցեին և ծրագրում ունեցած անձնական էջին, ինչպես նաև նախարարության աշխատակցին ուղարկվում է ծանուցում հաշտարարի կողմից մեկ տարվա ընթացքում հաշտարարություն իրականացնելուց չորրորդ անգամ հրաժարվելու և «Հաշտարարության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված պահանջի խախտման վերաբերյալ:
16. Հաշտարարի կողմից սույն կարգի 14-րդ կետով սահմանված կարգով հաշտարարություն իրականացնելու վերաբերյալ համաձայնություն հայտնելու դեպքում ծրագրի միջոցով գեներացվում և արտաբերվում է վիճակահանության արդյունքների մասին արձանագրություն՝ յուրաքանչյուր պահանջագրի և դիմումի մասով առանձին: Դատարանի կողմից ներկայացված պահանջագրի հիման վրա իրականացված վիճակահանության դեպքում արձանագրությունը տվյալներ է պարունակում դատարանի կողմից ներկայացված պահանջագրի (դատարանի անվանում, գործի համար, դատավորի անուն, ազգանուն), պահանջագրի հերթական համարի, վիճակահանության ամսաթվի, վիճակահանությանը մասնակցած հաշտարարների թվի, վիճակահանության արդյունքում ընտրված հաշտարարի թեկնածուի (անուն, ազգանուն, որակավորման վկայագրի համար, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե) վերաբերյալ: Դիմումների հիման վրա իրականացված վիճակահանության դեպքում արձանագրությունը տվյալներ է պարունակում կողմերի, վիճակահանության ամսաթվի, վիճակահանությանը մասնակցած հաշտարարների թվի, վիճակահանության արդյունքում ընտրված հաշտարարի թեկնածուի (անուն, ազգանուն, որակավորման վկայագրի համար) վերաբերյալ:
17. Դատարանի կողմից պահանջագրի ներկայացման հիման վրա վիճակահանության իրականացման դեպքում սույն կարգի 16-րդ կետով նախատեսված արձանագրությունը դատարան է ներկայացվում ծրագրի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով, իսկ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության անհնարինության դեպքում` թղթային եղանակով:
18. Կողմի դիմումի հիման վրա վիճակահանության իրականացման դեպքում սույն կարգի 16-րդ կետով նախատեսված արձանագրությունը կողմին ուղարկվում է ծրագրի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով, կողմի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև ծրագրում ունեցած անձնական էջին:
19. Վիճակահանության արդյունքները արխիվացվում են և պահպանվում են ծրագրում:
Հավելված N 2 Արդարադատության նախարարի2023 թվականի հունիսի 22-ի N 333-Ն հրամանի |
ԴԻՄՈՒՄ
/Հաշտարար նշանակելու վերաբերյալ/
Արդարադատության նախարարությանը
Դիմումատու՝
Խնդրում ենք նշել՝ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ
Ֆիզիկական անձի դեպքում՝
Անուն_____________
Ազգանուն ________
Հայրանուն (առկայության դեպքում) ___________
Իրավաբանական անձի դեպքում՝
Լրիվ անվանում _______
Գտնվելու վայրի հասցե, ներառյալ՝ Երևան քաղաքի կամ մարզի մասին նշումով ________
Պետական գրանցման համար ______________
Իրավաբանական անձի ներկայացուցչի ներկայացուցչի անուն ազգանուն ______
Դիմումատուի ծանուցման հասցե ___________________
Դիմումատուի հեռախոսահամար ___________________
Դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցե (առկայության դեպքում) __________
Կապի այլ միջոցներ (առկայության դեպքում)_________________
Վեճի մյուս կողմ՝
Ֆիզիկական անձի դեպքում՝
Անուն_____________
Ազգանուն ________
Հայրանուն (առկայության դեպքում) ___________
Իրավաբանական անձի դեպքում՝
Լրիվ անվանում _______
Գտնվելու վայրի հասցե, ներառյալ՝ Երևան քաղաքի կամ մարզի մասին նշումով________
Պետական գրանցման համար ______________
Իրավաբանական անձի ներկայացուցչի ներկայացուցչի անուն ազգանուն ______
Վեճի մյուս կողմի ծանուցման հասցե ___________________
Վեճի մյուս կողմի հեռախոսահամար ___________________
Վեճի մյուս կողմի էլեկտրոնային փոստի հասցե (առկայության դեպքում) __________
Վեճի մյուս կողմի կապի այլ միջոցներ (առկայության դեպքում) _________________
Ներկայացնելով սույն դիմումը` խնդրում եմ հաշտարարի թեկնածու առաջարկել ____________________________________________ (ընտրե՛լ նշված տարբերակներից որևէ մեկը՝ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման, այլ քաղաքացիաիրավական գործով) վեճի արտադատական կարգով լուծման նպատակով:
Հավելված N 3 Արդարադատության նախարարի2023 թվականի հունիսի 22-ի N 333-Ն հրամանի |
ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
/Հաշտարարի թեկնածու առաջարկելու վերաբերյալ/
Արդարադատության նախարարությանը
Դատարան ____________
Դատարանի նստավայր _____________
Դատավորի անուն և ազգանուն ______________
Քաղաքացիական գործի համար _____________
Ներկայացնելով սույն պահանջագիրը` խնդրում եմ հաշտարարի թեկնածու առաջարկել _____________________________________________ (ընտրե՛լ նշված տարբերակներից որևէ մեկը՝ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման, այլ քաղաքացիաիրավական գործով) վեճի արտադատական կարգով լուծման նպատակով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2023 թվական: