ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 ապրիլ 2023 թ. |
N 13-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՈՆՍԻԼԻՈՒՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3.1-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հրամայում եմ
1. Հաստատել`
բժշկական կազմակերպություններում կոնսիլիումի կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Ավանեսյան |
Հավելված |
ԿԱՐԳ
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՈՆՍԻԼԻՈՒՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կոնսիլիումի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Կոնսիլիումը կազմակերպվում է բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում (այսուհետ` Բժշկական կազմակերպություն):
3. Կոնսիլիումը կազմակերպվում է հետևյալ դեպքերում.
1) ախտորոշման ճշտման անհրաժեշտություն,
2) բուժման ընթացքի ոչ արդյունավետություն,
3) հետազոտման և բուժման առավել արդյունավետ մարտավարության ընտրության անհրաժեշտություն,
4) պացիենտին այլ բժշկական կազմակերպություն տեղափոխելու հիմնավորվածություն,
5) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի և բուժող բժշկի միջև հակասությունների առկայություն,
6) պացիենտի օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի բացակայության դեպքում` բժշկական միջամտության վերաբերյալ որոշում կայացնելիս, եթե բժշկի կարծիքով բժշկական միջամտությունը ենթակա չէ հետաձգման, և պացիենտի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը:
4. Կոնսիլիումը կազմակերպվում է առնվազն երեք բժիշկների մասնակցությամբ:
5. Կոնսիլիումը վարում է Բժշկական կազմակերպության ղեկավարը կամ բուժական գծով տեղակալը կամ այն բաժանմունքի ղեկավարը, որտեղ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով գտնվում է պացիենտը:
6. Կոնսիլիումին մասնակցում են բժշկական գիտությունների ոլորտում գիտական կոչում և առնվազն հինգ տարվա մասնագիտական գործունեություն իրականացնող ու գործնական հմտությունների տիրապետող բժիշկներ:
7. Կոնսիլիումն իրականացվում է պացիենտի անամնեստիկ տվյալների հավաքագրման, պացիենտի զննման, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների գնահատման միջոցով:
8. Եթե կոնսիլիումին հրավիրվում են այլ բժշկական կազմակերպությունների բժիշկներ, Բժշկական կազմակերպության ղեկավարը կամ նրա հրամանով նշանակված պատասխանատու անձը հեռախոսակապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով կոնսիլիումի հրավերը ուղարկում է այն բժշկական կազմակերպության ղեկավարին, որի աշխատակից համարվող բժիշկը հրավիրվում է կոնսիլիումին` նշելով բժշկի անունը, ազգանունը, պաշտոնը: Միաժամանակ, հրավերը ուղարկվում է նաև կոնսիլիումի մասնակից բժշկին:
9. Կոնսիլիումին կարող է մասնակցել պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի նախընտրած բժիշկը` վերջինիս համաձայնությամբ:
10. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում կոնսիլիումը կազմակերպվում է հրավերը ստանալուց հետո երկու ժամվա, իսկ պլանային դեպքերում` հրավեր ստանալուց հետո` 1 օրվա ընթացքում:
11. Կոնսիլիումի արդյունքում քվեարկության միջոցով, ձայների պարզ մեծամասնությամբ կայացված որոշման հիման վրա կազմվում է եզրակացություն: Ձայների հավասարության դեպքում վճռորոշ է կոնսիլիում վարողի կարծիքը:
12. Կոնսիլիումի արդյունքներն ամրագրվում են սույն կարգով նախատեսված կոնսիլիումի եզրակացության Ձև-ում:
13. Եթե կոնսիլիումի մասնակիցներից որևէ մեկի կարծիքը չի համապատասխանում ընդհանուր եզրակացությանը և մասնակիցն ունի հատուկ կարծիք, ապա վերջինս կազմում է առանձին եզրակացություն, որը հաստատվում է նրա ստորագրությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
14. Կոնսիլիումի եզրակացությունը, ինչպես նաև հատուկ կարծիք պարունակող եզրակացությունը կցվում է պացիենտի բժշկական փաստաթղթերին:
15. Կոնսիլիումի եզրակացությունը ենթակա է կատարման, որի կազմակերպումը իրականացվում է Բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից:
16. Կոնսիլիումի եզրակացության հիման վրա այլ բժշկական կազմակերպություն պացիենտի տեղափոխման կազմակերպման համար պատասխանատու է Բժշկական կազմակերպության ղեկավարը:
17. Պացիենտի տեղափոխման ողջ ընթացքում վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտության դեպքում տեղափոխումն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով` էպիկրիզով, իսկ մնացած դեպքերում պացիենտի տեղափոխումը կազմակերպում է տեղափոխումը նախաձեռնող բժշկական կազմակերպությունը` էպիկրիզով և բուժանձնակազմի ուղեկցությամբ` նախօրոք ստանալով այն բժշկական կազմակերպության ղեկավարության համաձայնությունը, որտեղ տեղափոխվելու է պացիենտը:
18. Բժշկական կազմակերպության ղեկավարը, որտեղ կոնսիլիումի եզրակացության հիման վրա տեղափոխվում է պացիենտը, պարտավոր է ընդունել և իրականացնել պացիենտի անհրաժեշտ բժշկական օգնությունը և սպասարկումը:
Հավելված |
Ձև
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԿՈՆՍԻԼԻՈՒՄԻ
Կոնսիլիումի կազմակերպման ամսաթիվը, ժամը_______________________________________________
Բժշկական կազմակերպության անվանումը___________________________________________________
Պացիենտի անունը, ազգանունը____________________________________________________________
Ծննդյան օրը, ամիսը, տարին_______________________________________________________________
Սեռը____________________________________________________________________________________
Դիմելու / ընդունման ամսաթիվը օրը, ամիսը, տարին ___________________________________________
Հիվանդության պատմագրի կամ ամբուլատոր բժշկական քարտի N_______________________________
Ախտորոշումը_____________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
Կոնսիլիումի եզրակացությունը_______________________________________________________________
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
Առաջարկություններ_______________________________________________________________________
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
Կոնսիլիումը վարող` (անունը, ազգանունը, պաշտոնը,ստորագրությունը)___________________________
_________________________________________________________________________________________
Կոնսիլիումի մասնակիցներ` (անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը)____________________
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________________
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2023 թվական: