ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
06 դեկտեմբերի 2022 թ. |
N 77-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 396-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
|
Վ. Դումանյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի N 77-Ն հրամանի |
«Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 396-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննության անցկացման և հավաստագրման գործընթացը իրականացնող Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի` հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հանրակրթության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք), սույն կարգով և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան:
3. Հանձնաժողովի գործունեության նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար հավակնող անձանց (այսուհետ` Հավակնորդ) քննության կազմակերպումը, անցկացումը և հավաստագրի տրամադրումը:
4. Հանձնաժողովը բաղկացած է 3 անդամից:
5. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ` Նախարար):
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
6. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) ներկայացուցիչներ:
7. Հանձնաժողովը կազմվում է հավաստագրումը անցկացնելուց 24 ժամ առաջ` հետևյալ համամասնությամբ.
1) ոլորտը համակարգող փոխնախարար, ով ի պաշտոնե Հանձնաժողովի նախագահն է, իսկ նրա բացակայության դեպքում` Նախարարության հանրակրթության վարչության պետ, իսկ նրա բացակայության դեպքում ևս` նույն վարչության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը,
2) Նախարարության հանրակրթության վարչության 1 այլ ներկայացուցիչ,
3) մեկ ներկայացուցիչ Նախարարության անձնակազմի կառավարման վարչությունից, ով Հանձնաժողովի քարտուղարն է:
8. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատվելու պահից և դադարեցնում է տվյալ հավաստագրման գործողություններն ավարտվելուց հետո:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Հանձնաժողովի խնդիրը հավաստագրման անցկացման կազմակերպումն է:
10. Հանձնաժողովի գործունեությունը նպատակաուղղված է Հավակնորդների.
1) քննությունների անցկացմանը,
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) շնորհման ներկայացմանը,
3) բողոքների քննարկմանը և դրանց հիման վրա` արդյունքների վերանայմանը:
11. Հանձնաժողովը`
1) Նախարարության համապատասխան ստորաբաժանումից ստանում է հավաստագրման ենթակա հավակնորդների ցանկը և Նախարարի 2010 թվականի մայիսի 18 N 395 հրամանով սահմանված փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև Հավաստագրման հանձնաժողովի կնիքը և հավակնորդների վերաբերյալ ամփոփ տեղեկանքը,
2) անցկացնում է հավաստագրում, առկայության դեպքում` բողոքների քննարկում և հավաստագրման շնորհման ներկայացնում` Նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
12. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
13. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են, եթե դրանց մասնակցում են Հանձնաժողովի բոլոր անդամները:
14. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
15. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է Հանձնաժողովի նիստերը.
3) կազմակերպում է հավաստագրման գործընթացի հսկողությունը.
4) որոշում է հավաստագրման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.
6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
16. Հանձնաժողովի քարտուղարը`
1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.
2) բացատրում է քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
17. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է Հավաստագրմանը և հսկում դրա ընթացքը, կասեցնում հավակնորդների կողմից կատարված և հանձնաժողովի կողմից նկատված խախտումները.
2) մասնակցում է քննության արդյունքում Հանձնաժողովի կողմից անցկացվող քվեարկություններին.
3) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2022 թվական: