ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
09 նոյեմբեր 2022 թվականի |
N 76-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 59-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 23-ի ««Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N – 3.1.1-030-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» N 59-Ն հրամանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N – 3.1.1-030-2015 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հեպատիտներ Բ-ի, Ց-ի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N – 3.1.1-030-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն հավելվածի:
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 59-Ն հրամանի |
«ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N-3.1.1-030-2015 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ
ԳԼՈՒԽ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ՝ սանիտարական կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, որոնք իրականացնում են հեպատիտներ Բ-ի, Ց-ի դեպքերի հայտնաբերումը և բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն):
2. Սույն սանիտարական կանոնները սահմանում են բժշկական օգնության և սպասարկման դիմած անձանց (այսուհետ` պացիենտ) շրջանում հեպատիտներ Բ-ի, Ց-ի դեպքերի հայտնաբերմանը, ախտորոշմանը, հաշվառմանը և հաղորդմանը, պացիենտների հոսպիտալացմանը և դուրս գրմանը, շարունակական (դիսպանսեր) հսկողությանը, հեպատիտներ Բ-ով, Ց-ով անձի հետ շփված անձանց (այսուհետ` կոնտակտավոր) բժշկական հսկողությանը, լաբորատոր հետազոտությունների կազմակերպմանը ներկայացվող պահանջները:
ԳԼՈՒԽ 2. ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
3. Հեպատիտներ Բ-ի, Ց-ի հայտնաբերումն իրականացվում է բժշկական կազմակերպության բուժաշխատողների կողմից:
4. Բժշկական կազմակերպությունում հեպատիտներ Բ-ի, Ց-ի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով.
1) արյան դոնորները հետազոտվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 7-ի N 12-Ն հրամանի,
2) սերմնահեղուկի դոնորները հետազոտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 907-Ն որոշմամբ սահմանված կարգով,
3) ոսկրածուծի, հյուսվածքների, օրգանների դոնորները հետազոտվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի նոյեմբերի 21-ի N 54-Ն և 2019 թվականի փետրվարի 1-ի N 05-Ն հրամանների համաձայն,
4) սույն սանիտարական կանոնների Ձև 1-ով և Ձև 2-ով հաստատված նպատակային քանակակազմը ենթարկվում է պարտադիր լաբորատոր հետազոտման արագ թեստով և/կամ իմունաֆերմենտային անալիզի (այսուհետ՝ ԻՖԱ) մեթոդով:
5. Հեպատիտներ Բ-ի և Ց-ի դեպք հայտնաբերելիս բուժաշխատողը համաճարակաբանական ցուցանիշների վերաբերյալ գրանցումներ է կատարում պացիենտի բժշկական փաստաթղթերում և/կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում:
6. Հեպատիտ Բ-ի, Ց-ի լաբորատոր ախտորոշումն իրականացվում է արագ թեստով և/կամ ԻՖԱ մեթոդով, մոլեկուլյար-կենսաբանական մեթոդով՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայով (ՊՇՌ)՝ այն բժշկական կազմակերպություններում և լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում «այսուհետ՝ լաբորատորիա», որոնք ունեն գործունեության նման տեսակ իրականացնելու համապատասխան լիցենզիա:
7. Արագ թեստով կամ ԻՖԱ մեթոդով կատարված հետազոտությունների հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի դրական արդյունքներով հղիների արյան նմուշներն ուղեգրվում են Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» (այսուհետ՝ ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղ՝ ԻՖԱ մեթոդով ախտորոշումը հաստատելու համար՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 31-ի N 1154-Ա հրամանի:
8. Յուրաքանչյուր լաբորատոր հետազոտություն իրականացնելու դեպքում լաբորատորիայի կողմից տրվող փաստաթղթում նշվում է թեստի անվանումը:
9. Սուր և քրոնիկ հեպատիտներ Բ-ի և Ց-ի կլինիկական ախտորոշումը դրվում է՝ համաձայն սույն սանիտարական կանոնների գլուխ 3-ով և 4-ով սահմանված հեպատիտներ Բ-ի, Ց-ի դեպքի ստանդարտ բնորոշումների:
ԳԼՈՒԽ 3. ՀԵՊԱՏԻՏ Բ-Ի ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ
10. Սուր հեպատիտ Բ-ի կլինիկական չափանիշներ՝ առանձին հիվանդության սուր սկիզբ սուր վիրուսային վարակներին բնորոշ նշաններով/ախտանշաններով (տենդ, թուլություն, հոգնածություն) և լյարդի ախտահարման նշաններով, որոնք կարող են լինել կլինիկական (ախորժակի բացակայություն, սրտխառնոց, դեղնուկ, մեզի մգացում, բութ ցավ որովայնի աջ վերին քառորդում) և/կամ կենսաքիմիական (ալանին ամինատրանսֆերազների [ԱԼՏ] մակարդակը ավելի քան 10 անգամ գերազանցում են նորմայի վերին սահմանը):
11. Սուր հեպատիտ Բ-ի լաբորատոր չափանիշ՝ իմունագլոբուլին Մ հակամարմիններ հեպատիտ Բ-ի վիրուսի կորիզային հակածնի նկատմամբ՝ anti-HBc IgM (այսուհետ՝ իմունագլոբուլին Մ հակա-ՀԲկ):
12. Համաճարակաբանական չափանիշ՝ հետևյալներից առնվազն մեկը.
1) հաստատված վիրուսային հեպատիտով անձի հետ շփում,
2) արյան և արյան պատրաստուկների փոխներարկում,
3) բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում ինվազիվ միջամտություններ,
4) չպաշտպանված սեռական հարաբերություններ,
5) ներարկային թմրամիջոցների գործածում,
6) հաստատված դրական դեպք մորից ծնված երեխա:
13. Դեպքի դասակարգում.
1) սուր հեպատիտ Բ՝
ա. կասկածելի` կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք,
բ. հավանական` կլինիկական չափանիշներով ցանկացած անձ, համաճարակա-բանական վերհուշում հեպատիտ Բ-ի հնարավոր վարակվածության մասին տվյալների առկայություն ՀԲմ հակածնի հայտնաբերումից առաջ՝ 6 ամսվա ընթացքում,
գ. հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:
2) քրոնիկ հեպատիտ Բ՝
ա. կասկածելի՝ արյան մեջ ՀԲմ հակածնի հայտնաբերում, առանց սուր հեպատիտի Բ-ի չափանիշների (երբ պացիենտը հետազոտվում է լյարդի քրոնիկ հիվանդության հետազոտության համար),
բ. հավանական՝ կասկածելի դեպք, որի համաճարակաբանական վերհուշում առկա են հեպատիտ Բ-ի հնարավոր վարակվածության մասին տվյալներ,
գ. հաստատված՝ կասկածելի դեպք, ՀԲմ հակածնի երկու դրական թեստերի արդյունքներով՝ առնվազն 6 ամիս տարբերությամբ, ալանինամինատրանսֆերազի (այսուհետ՝ ԱԼՏ) մակարդակի մշտական կամ պարբերական բարձրացում, արյան շիճուկում ՀԲՎ ԴՆԹ-ի մակարդակը՝ ≥2000 ՄՄ/մլ:
ԳԼՈՒԽ 4. ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ
14. Սուր հեպատիտ Ց-ի կլինիկական չափանիշներ՝ առանձին հիվանդության սուր սկիզբ սուր վիրուսային վարակներին բնորոշ նշաններով/ախտանշաններով (տենդ, թուլություն, հոգնածություն) և լյարդի ախտահարման նշաններով, որոնք կարող են լինել կլինիկական (ախորժակի բացակայություն, սրտխառնոց, դեղնուկ, մեզի մգացում, բութ ցավ որովայնի աջ վերին քառորդում) և/կամ կենսաքիմիական (ալանին ամինատրանսֆերազների [ԱԼՏ] մակարդակը ավելի քան 10 անգամ գերազանցում են նորմայի վերին սահմանը):
15. Սուր հեպատիտ Ց-ի լաբորատոր չափանիշ՝ հետևյալներից առնվազն մեկը.
1) հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների՝ HCV (այսուհետ՝ հակա-ՀՑՎ) սերոկոնվերսիա,
2) հեպատիտ Ց-ի վիրուսի նուկլեինաթթվի՝ HCV RNA (այսուհետ՝ ՀՑՎ ՌՆԹ) հայտնաբերում հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների՝ հակա-ՀՑՎ բացակայության պարագայում,
3) դրական հակա-ՀՑՎ և բացասական հակա-HAV IgM, հակա-HBc IgM և հակա-HEV IgM-ի:
16. Համաճարակաբանական չափանիշ՝ հետևյալներից առնվազն մեկը.
1) շփում հաստատված վիրուսային հեպատիտով անձի հետ,
2) արյան փոխներարկում,
3) բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում ինվազիվ միջամտություններ,
4) չպաշտպանված սեռական հարաբերություններ,
5) ներարկային թմրամիջոցների գործածում,
6) հաստատված դրական դեպք մորից ծնված երեխա:
17. Դեպքի դասակարգում.
1) սուր հեպատիտ Ց՝
ա. կասկածելի` կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք,
բ. հավանական` կլինիկական չափանիշներով ցանկացած անձ, համաճարակաբանական վերհուշում հեպատիտ Ց-ի հնարավոր վարակվածության մասին տվյալների առկայություն հակա-ՀՑՎ-ի հայտնաբերումից առաջ՝ 6 ամսվա ընթացքում,
գ. հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:
2) քրոնիկ հեպատիտ Ց՝
ա. կասկածելի՝ արյան մեջ հակա-ՀՑՎ-ի հայտնաբերում, առանց սուր հեպատիտի Ց-ի չափանիշների (երբ պացիենտը հետազոտվում է լյարդի քրոնիկ հիվանդության հետազոտության համար),
բ. հավանական՝ կասկածելի դեպք, որի համաճարակաբանական վերհուշում առկա են հեպատիտ Ց-ի հնարավոր վարակվածության մասին տվյալներ,
գ. հաստատված՝ հավանական դեպք, որի արյան շիճուկում ՀՑՎ ՌՆԹ-ի կամ հեպատիտ Ց վիրուսի կորիզային հակածնի՝ HCV-coreAg առկայություն (այսուհետ՝ ՀՑՎ-կ հակածին), առանց սուր հեպատիտի նշանների:
ԳԼՈՒԽ 5. ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ԴԵՊՔԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
18. Հեպատիտներ Բ-ով, Ց-ով, ինչպես նաև՝ այն պացիենտները (այդ թվում լյարդի ցիռոզով և լյարդի առաջնային քաղցկեղով), որոնց մոտ հայտնաբերվել է ՀԲմ հակածին կամ հակա-ՀՑՎ, ենթակա են հաշվառման (գրանցման):
19. Սանիտարական կանոնների 18-րդ կետում ներկայացված դեպքերի (այսուհետ՝ դեպքեր) հայտնաբերումը, հաղորդումը, հաշվառումը և հաշվետվությունը իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների:
20. Բժշկական կազմակերպությունում յուրաքանչյուր դեպք հաշվառվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի N 21-Ն հրամանի հավելվածի Ձև 1-ով հաստատված «Վարակիչ հիվանդությունների հաշվառման մատյանում»:
21. Դեպքերի հաշվառման, ինչպես նաև՝ դրանց մասին ժամանակին և օպերատիվ հաղորդման համար պատասխանատու է բժշկական կազմակերպության ղեկավարը:
22. Բժշկական կազմակերպության կողմից ախտորոշումը փոխելու կամ հաստատելու դեպքում, անմիջապես (ըստ տեղակայման վայրի) ուղարկվում է նոր շտապ հաղորդում` նշելով սկզբնական ախտորոշումը, փոխված (հաստատված) ախտորոշման ամսաթիվը և լաբորատոր հետազոտման արդյունքները` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների:
23. Հեպատիտ Ց-ով և ՀԲմ հակածնի նկատմամբ դրական մայրերից ծնված երեխաների մասին տվյալները ծննդատնից հաղորդվում են երեխայի հաշվառման առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն` հետագա հետազոտությունները սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի և Ձև 2-ի համաձայն կազմակերպելու նպատակով:
ԳԼՈՒԽ 6. ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
24. Բժշկական կազմակերպության բժիշկները սուր հեպատիտներ Բ-ով կամ Ց-ով պացիենտ հայտնաբերելիս հեռախոսով հայտնում են արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություն՝ կոնտակտավորների հաշվառում, հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի տևողությամբ հսկողություն կազմակերպելու և, անհրաժեշտության դեպքում, լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով: Վերջիններիս վերաբերյալ տվյալները գրանցվում են ամբուլատոր բժշկական քարտում և/կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում:
25. Բժշկական կազմակերպությունում վտանգավոր բժշկական թափոնների անվտանգ գործածությունը և աշխատանքի ընթացքում պատահական ծակոցների ընթացակարգն ապահովվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն և 2020 թվականի օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանների պահանջների:
26. Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունում ստացիոնար բուժման ընթացքում հեպատիտ Բ-ի կամ Ց-ի ստանդարտ բնորոշումներին համապատասխան ախտանշաններով պացիենտ հայտնաբերելիս ապահովվում է վարակաբանի խորհրդատվություն՝ ախտորոշման և բուժման նպատակով:
27. Հաստատված սուր հեպատիտ Բ և Ց ախտորոշմամբ պացիենտները հոսպիտալացվում են հիվանդանոցային պայմաններում վարակիչ հիվանդությունների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում:
28. Սուր հեպատիտ Բ-ով պացիենտի կոնտակտավորների նկատմամբ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի և/կամ վարակաբանի կողմից իրականացվում է հսկողություն 6 ամիս ժամկետով: Երկու ամիսը մեկ անգամ իրականացվում է լաբորատոր հետազոտություն՝ ՀԲմ հակածնի որոշման համար: Հետազոտությունների արդյունքները գրանցվում են պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում և/կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում:
29. Հեպատիտ Բ-ի, Ց-ի ներհիվանդանոցային վարակի կանխարգելման նպատակով իրականացվում են`
1) ստացիոնար բուժման համար դիմող անձանց և բուժաշխատողների լաբորատոր հետազոտություններ հեպատիտ Բ-ի նկատմամբ` սահմանված ժամկետներում` համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի,
2) բուժանձնակազմի և պացիենտի արյան լաբորատոր հետազոտություններ հեպատիտ Ց-ի դրոշմների նկատմամբ՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 2-ի և Ձև 3-ի,
3) հեպատիտներ Բ-ի, Ց-ի յուրաքանչյուր դեպք հայտնաբերելիս՝ համաճարակաբանական հետազոտություն, հնարավոր վարակի աղբյուրի հայտնաբերում և կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների ժամանակին կազմակերպում և իրականացում,
4) բուժանձնակազմի շրջանում մասնագիտական վարակման կանխարգելում.
ա. կենսաբանական գործոններից բուժանձնակազմի պաշտպանություն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի N 3354-Ա հրամանի պահանջների,
բ. բժշկական կազմակերպությունում բուժաշխատողների առողջական վիճակի նախնական և պարբերական բժշկական զննությունների գործընթացի ապահովում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման պահանջների,
գ. աշխատանքի ընթացքում բուժանձնակազմի լորձաթաղանթի և մաշկի հետ պացիենտի կենսաբանական հեղուկների և արյան շփման ժամանակ հեպատիտ Բ-ի արտակարգ կանխարգելում (հեպատիտ Բ-ի իմունագլոբուլինի ներարկում առաջին 24 ժամվա ընթացքում), իսկ հետագայում նաև մասնահատուկ (սպեցիֆիկ) կանխարգելում (պատվաստում արագ սխեմայով) համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության 2020 թվականի օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանի հավելվածի Ձև 15-ի,
դ. բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների համաճարակաբանական հսկողություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի N 3847-Լ հրամանի պահանջների,
ե. վարակի հսկողության ծրագրի մշակում և ներդրում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հունվարի 4-ի N 2117-Ա հրամանի պահանջների:
30. Դոնորական արյուն վերցնելիս բժշկական կազմակերպությունում ապահովվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 7-ի N 06-Ն հրամանի պահանջները:
31. Սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ով կամ Ց-ով պացիենտների հոսպիտալացումը, դուրս գրումն իրականացվում է կլինիկական չափանիշներով:
32. Բժշկական կազմակերպությունում բուժաշխատողն ապահովում է պացիենտներին խորհրդատվության տրամադրումը` հեպատիտ Բ-ի, Ց-ի փոխանցման ուղիների, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների, անվտանգ վարքագծի վերաբերյալ և վերջինիս մասին կատարում գրառումներ հիվանդության պատմագրի մեջ կամ պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում:
33. Պացիենտի ապաքինումից հետո նրա՝ աշխատանքին / ուսմանը վերադառնալու ժամկետը որոշվում է բուժող բժշկի կողմից՝ ելնելով պացիենտի բուժումից հետո կատարված կլինիկա-լաբորատոր հետազոտությունների արդյունքներից և աշխատանքի / ուսման բնույթից:
34. Դոնորական արյան և դրա բաղադրիչների, դոնորական օրգանների և հյուսվածքների անվտանգությունը հաստատվում է արյան միջոցով փոխանցվող վարակների հարուցիչների առկայության, այդ թվում՝ հեպատիտ Բ-ի, Ց-ի նկատմամբ դոնորական նյութի յուրաքանչյուր վերցման ժամանակ դոնորի արյան նմուշների լաբորատոր հետազոտության բացասական արդյունքների հիման վրա:
35. Արգելվում է արյան փոխներարկումային միջոցների և արյան պատրաստուկների ներարկումը մեկ փաթեթից մեկից ավելի պացիենտի:
36. Դոնորական արյան և դրա բաղադրիչների, օրգանների և հյուսվածքների նախապատրաստում, վերամշակում, պահպանում և անվտանգության ապահովում իրականացնող անձնակազմը ենթակա է ՀԲմ հակածնի և հակա-ՀՑՎ-ի նկատմամբ հետազոտության՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի և Ձև 3-ի:
37. Իմունաանբավարարությամբ (ուռուցքաբանական պացիենտները, հեմոդիալիզ ստացողները, իմունաճնշիչ դեղորայք ստացողները) անձանց մոտ, ինչպես նաև սուր հեպատիտ Ց-ի վաղ շրջանում (վարակվելուց հետո մինչև 12 շաբաթը) հակա-ՀՑՎ-ն կարող է բացակայել: Պացիենտների տվյալ խմբերում հեպատիտ Ց-ի ախտորոշումը իրականացվում է հակա-ՀՑՎ-ի և ՀՑՎ ՌՆԹ-ի միաժամանակյա հայտնաբերման միջոցով՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 2-ի:
38. Հղիներին արյան շիճուկում (պլազմայում) հակա-ՀՑՎ-ի նկատմամբ հետազոտություն կատարում են (հաշվառման դեպքում) առաջին և երրորդ եռամսյակում: Հակա-ՀՑՎ հայտնաբերելիս հղին ուղեգրվում է վարակաբանի խորհրդատվության:
39. Եթե հղիության առաջին եռամսյակում լաբորատոր հետազոտության ժամանակ հակա-ՀՑՎ-ն կյանքի ընթացքում առաջին անգամ է հայտնաբերվում, սակայն ՀՑՎ ՌՆԹ չի հայտնաբերվում, ապա հաջորդ հետազոտությունը այս դրոշմի նկատմամբ իրականացվում է երրորդ եռամսյակում:
40. Մորից երեխային փոխանցվող հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 31-ի N 1154-Ա հրամանի:
41. Բժշկական կազմակերպություններում բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման, մանրէազերծման գործընթացները իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանի պահանջների:
ԳԼՈՒԽ 7. ՀԵՊԱՏԻՏ Բ-ՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
42. Սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ով բոլոր հիվանդացածների նկատմամբ իրականացվում է շարունակական հսկողություն բժշկական կազմակերպությունում, որտեղ նրանք հաշվառված են:
43. Շարունակական հսկողության ընթացքում առաջին զննությունն իրականացվում է ստացիոնարից դուրս գրվելուց հետո ոչ ուշ, քան մեկ ամիս անց: Եթե պացիենտը դուրս է գրվել ԱԼՏ-ի և ԱՍՏ-ի (ասպարտատ ամինատրանսֆերազների) նշանակալի բարձր արդյունքներով, ապա հսկողական զննումն անցկացվում է դուրս գրվելուց հետո 10-14-րդ օրը:
44. Սուր հեպատիտ Բ-ով հիվանդացածները վերադառնում են իրենց աշխատանքային գործունեությանը և ուսմանը՝ դուրս գրվելուց հետո ոչ շուտ, քան մեկ ամիս անց՝ նորմալ լաբորատոր ցուցանիշների դեպքում: Նրանք ազատվում են ծանր ֆիզիկական աշխատանքից և սպորտային պարապմունքներից առնվազն 6-12 ամիս:
45. Սուր հեպատիտ Բ-ով հիվանդացածների նկատմամբ իրականացվում է շարունակական հսկողություն 6-12 ամիս ժամկետով: Կլինիկական զննումը, կենսաքիմիական, շճաբանական և վիրուսաբանական թեստերն իրականացվում են ստացիոնարից դուրս գրվելուց հետո 1-ին, 3-րդ և 6-րդ ամիսներին: Հիվանդության կլինիկական ախտանշանների առկայության և/կամ լաբորատոր ցուցանիշների շեղումների դեպքում պացիենտի շարունակական հսկողությունը երկարաձգվում է:
46. Քրոնիկ ՀԲՎ վարակով անձինք գտնվում են շարունակական հսկողության ներքո, մինչև ՀԲմ հակածնի նկատմամբ հետազոտության բացասական արդյունքների ստացումը: Հետազոտությունների ծավալը որոշվում է բժիշկ-վարակաբանի կամ ընտանեկան բժշկի կողմից՝ կախված դրոշմների հայտնաբերումից, սակայն ոչ ուշ, քան 6 ամիսը 1 անգամ:
47. Սուր կամ քրոնիկ հեպատիտ Բ-ով մորից ծնված երեխան ենթակա է մանկաբույժի և վարակաբանի կողմից շարունակական հսկողության այն բժշկական կազմակերպությունում, որտեղ նա հաշվառված է, ԱԼՏ ֆերմենտի ակտիվության որոշման և ՀԲմ հակածնի նկատմամբ հետազոտության՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի:
ԳԼՈՒԽ 8. ՀԵՊԱՏԻՏ Ց-ՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
48. Սուր կամ քրոնիկ հեպատիտ Ց-ով պացիենտները և այն անձինք, ում մոտ հայտնաբերվել է հակա-ՀՑՎ (ՀՑՎ-ի ՌՆԹ-ի բացակայության պայմաններում), ենթակա են պարտադիր շարունակական հսկողության բժիշկ-վարակաբանի մոտ այն բժշկական կազմակերպությունում, որտեղ նրանք հաշվառված են:
49. Սուր հեպատիտ Ց-ով պացիենտները հիվանդության բացահայտումից 6 ամիս անց ենթարկվում են կլինիկական զննման և լաբորատոր հետազոտության՝ ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտության: Այս անձանց մոտ ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության դեպքում նրանք համարվում են քրոնիկ հեպատիտ Ց-ով պացիենտներ և ենթակա են շարունակական հսկողության: ՀՑՎ ՌՆԹ (կամ ՀՑՎ-կ հակածնի նկատմամբ) բացասական անձինք ենթակա են կրկնակի լաբորատոր հետազոտության՝ ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտության 12 և 24 շաբաթ անց:
50. Քրոնիկ հեպատիտ Ց-ով պացիենտների և այն անձանց, ում մոտ սկրինինգի ժամանակ հայտնաբերվել են հակա-ՀՑՎ (ՀՑՎ ՌՆԹ-ի բացակայության պայմաններում), շարունակական հսկողությունն իրականացվում է 6 ամիսը մեկ անգամ՝ համալիր կլինիկա-լաբորատոր հետազոտություններով՝ ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտությամբ:
51. Հակա-ՀՑՎ-ի առկայությամբ անձինք, ում մոտ բացակայում է ՀՑՎ ՌՆԹ-ի շարժընթացն առնվազն 2 տարի, համարվում են հեպատիտ Ց-ի ռեկոնվալեսցենտներ և հանվում են շարունակական հսկողությունից:
52. Հեպատիտ Ց-ով մորից ծնված երեխան բժշկական կազմակերպությունում ենթակա է դիսպանսեր հսկողության՝ արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտության հակա-ՀՑՎ-ի և ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ:
53. Հեպատիտ Ց-ով մորից ծնված երեխան կյանքի առաջին տարում հետազոտվում է ՀՑՎ ՌՆԹ-ի նկատմամբ, կյանքի 18-րդ ամսում կամ դրանից հետո՝ հակա-ՀՑՎ-ի նկատմամբ: Հակա-ՀՑՎ դրական երեխան հետազոտվում է ՀՑՎ ՌՆԹ-ի նկատմամբ 3 տարեկանից հետո՝ քրոնիկ հեպատիտ Ց ախտորոշումը հաստատելու նպատակով:
ԳԼՈՒԽ 9. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
54. Բնակչության բժշկահիգիենիկ կրթությունը և առողջ ապրելակերպի քարոզչությունն ընդգրկում է հեպատիտներ Բ-ով և Ց-ով վարակման ուղիների, գործոնների, մեխանիզմների, ախտորոշման մեթոդների, ժամանակին հետազոտության, ժամանակին բուժման, շարունակական դիտարկման հարցերը:
55. Բնակչության բժշկահիգիենիկ կրթությունը և առողջ ապրելակերպի քարոզչությունն իրականացնում է բժշկական կազմակերպությունների բուժանձնակազմը՝ պացիենտներին խորհրդատվություն տրամադրելիս, այդ մասին կատարելով գրառումներ հիվանդության պատմագրի մեջ կամ պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում:
Ձև 1
ՔԱՆԱԿԱԿԱԶՄ
ԱՐՅԱՆ ՄԵՋ ՀԵՊԱՏԻՏ Բ-Ի ՎԻՐՈՒՍԻ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՀԱԿԱԾՆԻ (HBSAg) ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ
N |
Քանակակազմեր |
Հետազոտության ժամանակաշրջան |
1. |
Դոնորներ |
Յուրաքանչյուր արյունատվության ժամանակ |
2. |
Հղիներ |
Հղիության I, III եռամսյակում |
3. |
Արյան և դրա բաղադրիչների ռեցիպիենտներ |
Հեպատիտ Բ-ի կասկածի ժամանակ և վերջին փոխներարկումից հետո 6 ամսվա ընթացքում |
4. |
Սուր (հղիության III եռամսյակում) և քրոնիկ հեպատիտ Բ-ով հիվանդ, ինչպես նաև ՀԲմ հակածնի նկատմամբ դրական մայրերից ծնված երեխաներ |
Ծնվելուց հետո մինչև 12 ժամվա ընթացքում, անկախ քաշից, ստանում են հեպատիտ Բ-ի դեմ պատվաստում և հեպատիտ Բ-ի իմունագլոբուլին՝ տարբեր վերջույթներին: 9-12 ամսականում իրականացվում է հետազոտություն ՀԲմ հակածնի և հակամարմինների նկատմամբ: Եթե հեպատիտ Բ-ի պատվաստումները կատարվել են ուշացումով, ապա հետազոտությունն իրականացվում է վերջին դեղաչափից 1-2 ամիս հետո |
5. |
Դոնորական արյան և դրա բաղադրիչների, օրգանների և հյուսվածքների նախապատրաստում, վերամշակում, պահպանում և անվտանգության ապահովում իրականացնող անձնակազմը |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ, լրացուցիչ՝ համաճարակաբանական ցուցումով |
6. |
Մանկաբարձագինեկոլոգիական, 18 տարեկանից ցածր անձանց բժշկական օգնություն և սպասարկում, ստոմատոլոգիական, վիրաբուժական, մաշկավեներաբանական, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, հոգեբուժական, շտապ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, ինֆեկցիոն, այդ թվում՝ հակատուբերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների, կաբինետների), վերակենդանացման, հեմոդիալիզի բաժանմունքների, ախտորոշիչ լաբորատորիաների, մանրէազերծման բաժանմունքների, արյան հավաքագրման և փոխներարկման կետերի կամ բաժանմունքների, միջամտություններ իրականացնող կաբինետների՝ միայն միջամտություններ իրականացնող կամ արյան և դրա բաղադրիչների հետ առնչվող անձնակազմը |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ, լրացուցիչ՝ համաճարակաբանական ցուցումով |
7. |
Հեմոդիալիզի, երիկամների փոխպատվաստման, վերակենդանացման, վիրաբուժական և հեմատոլոգիայի բաժանմունքների պացիենտները |
Բաժանմունք ընդունվելիս և հետագայում՝ համաճարակաբանական ցուցումով |
8. |
Ցանկացած քրոնիկ ախտաբանությամբ պացիենտ (շաքարային դիաբետ, ՄԻԱՎ-վարակ, տուբերկուլոզ, օնկոլոգիա, հոգենևրոլոգիա) |
Առաջնային կլինիկա-լաբորատոր հետազոտության ժամանակ և հետագայում՝ ըստ ցուցումների |
9. |
Լյարդի քրոնիկ ախտահարմամբ կամ դրանց կասկածով պացիենտները (քրոնիկ հեպատիտ, լյարդի ցիրոզ, լյարդի առաջնային քաղցկեղ և հեպատոբիլիար համակարգի այլ քրոնիկ հիվանդություններ) |
Առաջնային կլինիկա-լաբորատոր հետազոտության ժամանակ և հետագայում՝ ըստ ցուցումների |
10. |
Նարկոլոգիական, մաշկա-վեներաբանական դիսպանսերների, կաբինետների և ստացիոնարների պացիենտները (բացառությամբ մաշկային, սնկային և քոս հիվանդությամբ պացիենտների) |
Հաշվառման վերցնելիս և հաջորդիվ՝ ոչ պակաս տարին 1 անգամ, լրացուցիչ՝ ըստ ցուցումների |
11. |
Վիրաբուժական միջամտությունների համար ստացիոնար ընդունված պացիենտները բացառությամբ 0-18 տարեկան ազգաբնակչությունը |
Ստացիոնար ընդունվելուց առաջ |
12. |
Քիմիաթերապիա և իմունասուպրեսիվ թերապիա ստացողները |
Թերապիա ստանալուց առաջ |
13. |
Մանկատան, հատուկ մանկական հաստատությունների երեխաները |
Ընդունվելիս և հաջորդիվ` ըստ ցուցումների |
14. |
Հեպատիտ Բ-ի (սուր և քրոնիկ ձևեր) օջախների կոնտակտավորները` այդ թվում սեռական զուգընկերները |
Օջախը հայտնաբերելիս և հաջորդիվ՝ |
Ձև 2
ՔԱՆԱԿԱԿԱԶՄ
ԱՐՅԱՆ ՄԵՋ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ
(ՀԱԿԱ-ՀՑՎ–Ի) ԵՎ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՎԻ (ՌՆԹ-Ի) ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ
Քանակակազմ |
Հետազոտության ժամանակաշրջան | |
1. |
Արյան (դրա բաղադրամասերի), օրգանների և հյուսվածքների, սերմի դոնորներ |
Յուրաքանչյուր արյունատվության ժամանակ կամ յուրաքանչյուր անգամ դոնորական նյութ վերցնելիս |
2. |
Հեպատիտ Ց-ով վարակված մայրերից ծնված մինչև 12 ամսական երեխաները |
2, 6 և 12 ամսականում (2 ամսականում ՀՑՎ ՌՆԹ-ի բացակայության պայմաններում) |
3. |
Իմունաանբավարարությամբ անձինք (ուռուցքաբանական պացիենտները, հեմոդիալիզ ստացողները, իմունաճնշիչ դեղորայք ստացողները) |
Բաժանմունք ընդունվելիս և հետագայում՝ համաճարակաբանական ցուցումով |
4. |
Լյարդի անհայտ ծագման հիվանդություն ունեցող անձինք |
Առաջնային կլինիկա-լաբորատոր հետազոտության ընթացքում |
5. |
Հեմոդիալիզի, հեմատոլոգիայի և փոխպատվաստումների բաժանմունքների պացիենտները, որոնք բժշկական կազմակերպությունում անընդմեջ անցկացնում են 30 օրից ավելի |
Ընդունվելուց 30 օր անց և հաջորդիվ՝ յուրաքանչյուր ամիս |
6. |
Սուր հեպատիտ Ց-ի օջախում կոնտակտավորներ՝ այդ թվում սեռական զուգընկերներ |
Օջախ արձանագրելիս և հաջորդիվ՝ 30 օրից՝ միանվագ |
7. |
Քրոնիկ հեպատիտ Ց-ի օջախում կոնտակտավորներ՝ սեռական զուգընկերներ |
Օջախ արձանագրելիս |
Ձև 3
ՔԱՆԱԿԱԿԱԶՄ
ԱՐՅԱՆ ՄԵՋ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՀԱԿԱ-ՀՑՎ–Ի) ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ
|
»: |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 15-րդ օրը:
Ա. Ավանեսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 նոյեմբերի 2022 թվական: