ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
31 հոկտեմբերի 2022 թ. |
N 18-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿԱՄ ՆԵՐՔԻՆ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՌԻՉՔ-ՎԱՅՐԷՋՔԻ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 28-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով․
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Սահմանել ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար նախատեսված թռիչք-վայրէջքի հարթակների շահագործման թույլտվության տրման կարգը և շահագործման պայմանները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` |
Գ. Սանոսյան |
Հավելված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 31-ի N 18-Ն հրամանի |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿԱՄ ՆԵՐՔԻՆ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՌԻՉՔ-ՎԱՅՐԷՋՔԻ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար նախատեսված թռիչք-վայրէջքի հարթակների (այսուհետ՝ Հարթակ) շահագործման թույլտվության տրման և դրա շահագործման պայմանների հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի նպատակն է ապահովել Հարթակների շահագործման թռիչքային անվտանգությունը:
3. Սույն կարգը մշակված է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) թիվ 14 հավելվածի թիվ 1 և 2 հատորների, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) դոկ 9774 և դոկ 9981 ղեկավար ձեռնարկների և Եվրոպական հանձնաժողովի 2014 թվականի փետրվարի 12-ի թիվ 139/2014 կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) դրույթների հիման վրա։
4. Սույն կարգի դրույթները չեն տարածվում մեկանգամյա վայրէջքների համար օդանավի հրամանատարի կողմից օդից ընտրված վայրէջքի հարթակներին կամ եթե տարեկան կտրվածքով Հարթակում իրականացվող թռիչք-վայրէջքների քանակը չի գերազանցում 30-ը:
5. Հարթակում կարող են շահագործվել միայն այն օդանավերը, որոնց առավելագույն թռիչքային քաշը չի գերազանցում 3000 կգ:
6. Հարթակը չի կարող տեղակայվել գործող աերոդրոմի տեղորոշիչ կետից (ARP` Aerodrome Reference Point) 5 կմ շառավիղով շրջանի սահմաններում և 15 կմ-ից մոտ հեռավորության վրա՝ գործող աերոդրոմի թռիչք-վայրէջքների ուղղությամբ:
7. Ինքնաթիռների համար նախատեսված Հարթակը չի կարող տեղակայվել բնակավայրերից և հասարակական վայրերից 700 մետրից մոտ: Ինքնաթիռների համար նախատեսված Հարթակը պետք է տեղակայված լինի այնպես, որպեսզի թռիչք-վայրէջքների ուղղություններով գտնվող բնակավայրերի հեռավորությունը կազմի առնվազն 2500 մետր:
8. Հարթակի շահագործման թույլտվությունը տրվում է առավելագույնը երեք տարի գործողության ժամկետով:
2. ՀԱՐԹԱԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
9. Հարթակը կարող է շահագործվել միայն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից սույն կարգի պահանջների համաձայն տրված թույլտվության հիման վրա:
10. Թույլտվություն ստանալու նպատակով Հարթակ շահագործողը թղթային կամ էլեկտրոնային եղանակով Կոմիտե է ներկայացնում հայտ՝ համաձայն Ձև 1-ի: Թղթային եղանակով հատը ներկայացվում է հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնաշենք, իսկ էլեկտրոնային եղանակով՝ Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի gdca@gdca.am հասցեով: Հայտին կից ներկայացվում է հետևյալ տեղեկությունը՝
1) տեղեկատվություն հարթակ շահագործողի վերաբերյալ.
ա. իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, կապի միջոցները (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ),
բ. ֆիզիկական անձի դեպքում՝ անձի անձնագրի կամ նույնականացման քարտի (այսուհետ` անձնագիր) տվյալները, բնակության կամ հաշվառման հասցեն, կապի միջոցները (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ).
2) օդանավի սեփականության իրավունքի գրանցման կամ օդանավ շահագործողի վկայականը (առկայության դեպքում),
3) Հարթակի շրջանի կադաստրային քարտեզը՝ Հարթակի աշխարհագրական կենտրոնից 5 կմ շառավղով, որտեղ արտացոլված կլինեն բնակավայրերը, արտադրական օբյեկտները (ծուխ արտանետող, աղբանոցներ, լույս արտացոլող) և հասարակական վայրեր,
4) Հարթակի տեղանքի օգտագործման իրավական հիմքերը (սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը), այդ թվում՝ հարթակի տեղանքի նպատակային նշանակությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի,
5) Հարթակի նպատակը՝ ուսումնական թռիչքներ, ոչ կանոնավոր առևտրային փոխադրումներ, սիրողական, անձնական, փորձարարական:
6) Հարթակի շահագործողական ցուցանիշերի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.
ա. աշխարհագրական կոորդինատները (WGS-84 համակարգով) և բացարձակ բարձրությունը,
բ. թռիչք-վայրէջքի հիմնական ուղղությունները (մագնիսական ուղղվածությունները),
գ. Հարթակի տարրերի (վազուղի, ղեկուղի, կայանատեղ, վայրէջքի և պոկման գոտի, վայրէջքի և թռիչքի վերջնական փուլի գոտի, անվտանգության գոտիներ) ֆիզիկական բնութագրերը,
դ. Հարթակի խոչընդոտներից ազատ գոտիներում առկա արհեստական խոչընդոտների վերաբերյալ (աշխարհագրական կոորդինատները՝ WGS-84 համակարգով, բացարձակ բարձրությունը),
ե. Հարթակի տեսողական միջոցները (քամու ուղղության ցուցիչ, ցերեկային մականշում կամ վերգետնյա նշաններ),
զ. Հարթակի թռիչքային և ավիացիոն անվտանգությանն ուղղված միջոցառումները (կողմնակի մարդկանց և կենդանիների մուտքը դեպի Հարթակի տարածք կանխարգելող միջոցառումները): Հարթակում արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում գործողությունների ծրագիրը.
7) շահագործվող օդանավերի կատեգորիաները կամ տիպերը, շահագործվող օդանավերի և Հարթակի համապատասխանության հիմնավորումները (օդանավերի թռիչքատեխնիկական բնութագրերը, Հարթակի շահագործողական ցուցանիշերը. համաձայն Կարգի III և IV Գլուխների պահանջների),
8) Հարթակում թռիչքների իրականացման հրահանգը, որում պետք է ներկայացված լինեն.
ա. թռիչքների և վայրէջքների իրականացման սխեմաները.
բ. կապի ապահովման միջոցները՝ առկայության դեպքում.
գ. թռիչքային սահմանափակումները՝ կապված եղանակային պայմանների հետ.
դ. օդային երթևեկության սպասարկման մարմինների (այսուհետ՝ ՕԵՍ) հետ համագործակցության ընթացակարգը:
9) հրդեհաշիջման միջոցների և թռիչքների վթարափրկարարական ապահովվմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ։
11. Կարգի 10-րդ կետի համաձայն ներկայացված հայտն ուսումնասիրվում է Կոմիտեի նախագահի կողմից ձևավորված աշխատանքային խմբի կողմից՝ հայտը Կոմիտեում մուտքագրվելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում:
12. Հայտը և դրան կից փաստաթղթերը Կոմիտեում մուտքագրվելուց հետո Կոմիտեն իրականացնում է դրանց ամբողջականության գնահատում: Հայտում և կից փաստաթղթերում թերություններ կամ անճշտություններ լինելու կամ դրանք ոչ ամբողջական լինելու դեպքում Հայտատուին այդ մասին թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է Կոմիտեում հայտը մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել կամ համալրել դրանք:
13. Այն դեպքում, երբ հայտը և կից փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված Հայտատուի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը Կոմիտեում մուտքագրվելու օրվանից, որը չի կարող ավել լինել, քան թերությունների և (կամ) անճշտությունների մասին առաջին գրավոր տեղեկացումը Հայտատուի մոտ ստացվելուց հետո 30 աշխատանքային օրը:
14. Հայտը և կից փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրություններն իրականացվում են հայտի և հայտին կից ներկայացված տեղեկությունների տեսական գնահատման և Կարգի III կամ IV գլուխներով սահմանված պահանջներին համապատասխանության ուսումնասիրությունների միջոցով:
15. Հայտատուի մոտ ուսումնասիրություններն իրականացվում են Չիկագոյի կոնվենցիայի թիվ 14 հավելվածի թիվ 1 և 2 հատորների, ԻԿԱՕ-ի դոկ 9774 և դոկ 9981 ղեկավար ձեռնարկների և Կանոնակարգի պահանջների հիման վրա։
16. Ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա աշխատանքային խմբի կողմից կազմվում է համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ եզրակացություն և ներկայացվում Կոմիտեի նախագահին:
17. Հայտատուի՝ սույն կարգի 16-րդ կետով նախատեսված համապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում Կոմիտեի նախագահը 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուին տրամադրում է Հարթակի շահագործման թույլտվություն՝ համաձայն Ձև 2-ի:
18. Հայտատուի՝ սույն կարգի 16-րդ կետով նախատեսված անհամապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում Կոմիտեն այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում է տեղեկացնում է Հայտատուին՝ առաջարկելով վերացնել դրանք: Անհամապատասխանության վերացման ժամկետները համաձայնեցվում են Կոմիտեի հետ, որը չի կարող գերազանցել հայտատուի մոտ տեղեկացումը ստանալուց հետո 3 ամիսը:
19. Շահագործման թույլտվություն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում Հարթակ շահագործողը Կոմիտե է ներկայացնում դիմում Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուի մեջ Հարթակի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակելու համար՝ նշելով.
1) մոտակա բնակավայրի կամ դրա բացակայության դեպքում աշխարհագրական տեղորոշիչ կետի (օրիենտիրի) անվանումը:
2) Հարթակ շահագործողի վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն Կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետի:
3) Հարթակի աշխատանքային ժամերը:
4) Հարթակի տեղորոշիչ կետի (ARP) կոորդինատները և բացարձակ բարձրությունը:
5) թռիչք-վայրէջքների մագնիսական ուղղվածությունները և մագնիսական հակումը (∆М):
6) Հարթակի տարրերի բնութագրերը (երկրաչափական չափերը և ծածկույթի տեսակը):
7) ինքնաթիռների շահագործման համար նախատեսված հարթակի դեպքում՝ վազքուղու շեմերի և վայրէջքի կետերի աշխարհագրական կոորդինատները (WGS-84 համակարգով) և բացարձակ բարձրությունը:
20. Սույն կարգի 12-րդ, 13-րդ և 18-րդ կետերով նախատեսված ժամկետներում Հայտատուի կողմից թերությունները և անճշտությունները, ինչպես նաև փաստաթղթերի անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում Հայտի ընդունումը մերժվում է, որի մասին Կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հայտատուին:
21. Հարթակի շահագործման ընթացքում Հարթակ շահագործողն ապահովում է Կարգով սահմանված Հարթակին ներկայացվող պահանջները և թռիչքների անվտանգությունը: Հարթակի շահագործողական ցուցանիշերի և թռիչքների ընթացակարգերի նախատեսվող փոփոխությունները Հարթակ շահագործողը համաձայնեցնում է Կոմիտեի հետ՝ գրավոր ներկայացնելով նախատեսվող փոփոխության առարկան, դրա նպատակը և հիմնավորումը, ինչպես նաև դրանով պայմանավորված թռիչքների անվտանգության ռիսկերի գնահատումը:
22. Հարթակը պետք է ապահովված լինի հրդեհաշիջման և բժշկական օգնության առաջնային միջոցներով:
23. Եթե Հարթակում բացակայում է պարագծային ցանկապատումը, ապա Հարթակի սահմաններին պետք է տեղադրվեն «Մուտքն արգելվում է» ցուցանակներ, ընդորում ցուցանակները տեղադրվում են այնպես, որպեսզի դրանք տեսանելի լինեն մեկը մյուսի նկատմամբ:
24. Հարթակի շահագործումը դադարեցնելու դեպքում շահագործողը, շահագործումը դադարեցնելու օրվանից յոթօրյա ժամկետում գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է Կոմիտեին՝ կից ներկայացնելով շահագործման թույլտվության բնօրինակը։ Հարթակի շահագործման դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը Կոմիտեն հրապարակում է Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուի մեջ։
25. Հարթակի շահագործման թույլտվությունը չի կարող փոխանցվել այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձի:
26. Կարգի 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ և 25-րդ կետերով սահմանված պահանջների խախտումը համարվում է թռիչքների կանոնների խախտում և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
3. ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԹԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
27. Հարթակները կարող են լինեն արհեստական կամ հողային (գրունտային) ծածկույթով, որի ամրությունը պետք է ապահովի շահագործվող ինքնաթիռների ծանրաբեռնվածությունը:
28. Հարթակի տարրերի (վազուղի, ղեկուղի, կայանատեղ) վրա բացառվում են թումբերի, հողակույտերի, փոսերի, սահմանաշերտերի և նմանատիպ խոչընդոտների առկայությունը, որոնք կարող են դժվարացնել ինքնաթիռների թռիչք-վայրէջքները և գետնավարումը:
29. Հարթակի վազքուղիները պետք է ապահովված լինեն անվտանգության եզրագոտիներով և վերջնագոտիներով` ինքնաթիռների վազքուղու սահմաններից դուրս գալու դեպքում վնասումները բացառելու նպատակով:
30.Հարթակում ինքնաթիռների կայանատեղերը պետք է դիրքավորված լինեն այնպես, որպեսզի ապահովվի ինքնաթիռների միջև անվտանգ հեռավորությունները. առնվազն 3 մետր ինքնաթիռների թևերի ծայրերի միջև: Կայանատեղերը պետք է ապահովված լինեն ինքնաթիռի ամրացման միջոցներով:
31. Հարթակները պետք է ապահովված լինեն խոչընդոտներից ազատ օդային գոտիներով: Թռիչք-վայրէջքների ուղղություններով խոչընդոտներից ազատ գոտին իրենից ներկայացնում է սեղան, որի հիմքը համընկնում է վազքուղու շեմի հետ, երկարությունը կազմում է 6000 մետր, կողմերի շեղումը՝ 150, իսկ թեքության անկյունը 1:30 վազքուղու շեմից: Խոչընդոտներից ազատ եզրային գոտիները կազմվում են երկու հարթություններից. առաջինը սկսվում է վազքուղու եզրերից 1:8 թեքությամբ մինչև 50 մետր բարձրություն, իսկ երկրորդը հանդիսանում է առաջինի շարունակություն. 1:15 թեքությամբ մինչև 200 մետր բարձրություն:
32. Հարթակները պետք է ապահովված լինեն առնվազն մեկ քամու ուղղության ցուցիչով, որը տեղադրվում է թռիչք-վայրէջքների հիմնական վազքուղու շեմի սահմաններում, որպեսզի տեսանելի լինի ինքնաթիռի հրամանատարին: Քամու ուղղության ցուցիչն իրենից ներկայացնում հատված կոն, որի երկարությունը պետք է լինի առնվազն 3.6 մետր, իսկ հիմքի տրամագիծը՝ 0,9 մետր: Գերթեթև ինքնաթիռների համար նախատեսված հարթակներում տեղադրվող քամու ուղղության ցուցիչի երկարությունը կարող է լինել 1,2 մետր, իսկ տրամագիծը՝ 0,15 մետր: Քամու ուղղության ցուցիչի գույնը պետք է ապահովի դրա տեսանելիությունը 300 մետր բարձրությունից: Նախընտրելի են համարվում սպիտակ կամ նարնջագույն գույները: Ելնելով միջավայրի ընդհանուր ֆոնից կարող է կիրառվել գույների զուգակցում՝ նարնջագույն և սպիտակ, կարմիր և սպիտակ կամ սև և սպիտակ:
33. Եթե հարթակի տարրերը (վազքուղի, ղեկուղի, կայանատեղեր) ունեն արհեստական ծածկույթ, ապա պետք է ապահովվի դրանց ցերեկային մականշումը. համաձայն Չիկագոյին կոնվենցիայի N 14 hավելվածի պահանջների:
34. Եթե հարթակի տարրերը հողային (գրունտային) ծածկույթով է, ապա դրանց սահմանների մականշման համար օգտագործվում են մուտքային, սահմանային և վայրէջքի տեղի «T» վերգետնյա նշաններ:
35. Մուտքային նշանն իրենից ներկայացնում է եռակողմ պրիզմա 4,9 մետր երկարությամբ և 1 մետր բարձրությամբ, որի հիմքի լայնությունը կազմում է 1,2 մետր:
1) Նշանը մեկ կողմից մականշվում է 0,7 մետր լայնությամբ սև և սպիտակ շերտագծերով, իսկ մյուս կողմից՝ կարմիր և սպիտակ շերտագծերով՝ համաձայն նկար 1-ի: Մուտքային նշանը տեղադրվում է վազքուղու շեմի ուղղությամբ, եզրագծից 5 մետր հեռավորության վրա, ընդ որում սև և սպիտակ շերտագծերով մականշված կողմով դեպի վայրէջքի ուղղությունը, իսկ կարմիր և սպիտակ շերտագծերով կողմը դեպի վազքուղի:
ՆԿԱՐ 1
36. Սահմանային նշանն իրենից ներկայացնում է դրոշակ 1 մետր բարձրությամբ և 0,5x0,4 մետր չափերով: Դրոշակները կարող են լինել սև, սպիտակ կամ կարմիր գույնի՝ կապված թե, որ գույնն է առավել արտահայտիչ տվյալ տեղանքում: Վազքուղու սահմանային դրոշակները տեղադրվում են վազքուղու ամբողջ երկարությամբ՝ իրարից 100 մետր հեռավորությունների վրա: Սահմանային դրոշակները տեղադրվում են նաև ղեկուղու(ների) երկայնքով և օդանավի կայանատեղի (կառամատույցի) պարագծով իրարից 20 մետր հեռավորություն վրա: Սահմանային նշանները տեղադրում են սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տարրերի եզրերից 1-5 մետր հեռավորությունների վրա:
37. Վայրէջքի տեղի «T» նշանը բաղկացած է երկու 5x1 մետր չափերով ուղղանկյունիներից, որոնք միմյանց նկատմամբ տեղադրվում են այնպես, որպեսզի կազմվի լատիներեն «T» տառը՝ համաձայն նկար 2-ի: «T» նշանը տեղադրվում է վազքուղու եզրից 3, իսկ շեմից՝ 50 մետր հեռավորությունների և գետնից 10-20 սմ բարձրություն վրա, 6-80 թեքությամբ. դեպի վայրէջքի ուղղությունը: «T» նշանը կարող է լինել սև, սպիտակ կամ կարմիր գույնի՝ կապված թե, որ գույնն է առավել արտահայտիչ տվյալ տեղանքում:
ՆԿԱՐ 2
38. Վազքուղու շեմից 2/3 հեռավորության վրա տեղադրվում է ցուցանակ, որը տեղեկացնում է մինչև վազքուղու վերջն ընկնող հատվածի հեռավորությունը: Ցուցանակը տեղադրվում է վազքուղու ձախ կողմում. եզրից 3-5 մետր հեռավորության վրա: Ցուցանակի և գրառման գույներն ընտրվում են այնպես, որ լինեն առավել արտահայտիչ տվյալ տեղանքում:
4. ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԹԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
39. Ուղղաթիռների համար նախատեսված Հարթակը (այսուհետ՝ Ուղղաթիռահարթակ) պետք է ապահովված լինի առնվազն մեկ վայրէջքի և թռիչքի վերջնական փուլի ՖԱՏՕ գոտով, որի լայնությունը պետք է լինի 1,5D, որտեղ D հանդիսանում է ուղղաթիռի երկրաչափական չափերից (երկարություն/լայնություն) առավելը: ՖԱՏՕ գոտու ընդհանուր թեքությունը ցանկացած ուղղություններով չպետք է գերազանցի 3%-ը: ՖԱՏՕ գոտու շուրջ պետք է ապահովված լինի անվտանգության գոտի, որը տարածվում է ՖԱՏՕ գոտու ուրվագծի սահմաններով առնվազն 3 մ կամ 0.25D՝ կապված թե որն է ավելի մեծ:
40. Ուղղաթիռահարթակում պետք է նախատեսված լինի առնվազն մեկ վայրէջքի և պոկման ՏԼՕՖ գոտի, որը կարող է գտնվել ՖԱՏՕ գոտու սահմաններում կամ դրանից դուրս և պետք է ունենա բավարար չափսեր, որպեսզի տեղավորվի տվյալ Ուղղաթիռահարթակի շահագործման համար նախատեսված ամենամեծ ուղղաթիռի 1.5 երկարության կամ հենասարքի լայնության (նայած թե որն է մեծ) տրամագծով շրջանում: ՏԼՕՖ գոտին կարող է լինել արհեստական կամ հողային (գրունտային) ծածկույթով: ՏԼՕՖ գոտու կրողունակությունը պետք է ապահովի ուղղաթիռների (որոնց շահագործման համար նախատեսված է տվյալ գոտին) անվտանգ շահագործումը: ՏԼՕՖ գոտու մակերևույթի թեքությունները պետք է բացառեն ջրակուտակումների առաջացումը և չգերազանցեն 2%-ը: ՏԼՕՖ գոտու մակերևույթը պետք է դիմակայի շահագործվող ուղղաթիռների ծանրաբեռնվածությանը և կրող պտուտակի օդի շիթի ազդեցությանը, ինչպես նաև չունենա անհարթություններ, որոնք կարող են բացասականորեն ազդել ուղղաթիռների թռիչք-վայրէջքի կատարման վրա.
41. Ուղղաթիռահարթակը պետք է ապահովված լինի խոչընդոտներից ազատ հարթությամբ, որի լայնությունը պետք է առնվազն համապատասխանի անվտանգության գոտու լայնությանը, իսկ թեքությունը՝ 3%: Խոչընդոտներից ազատ հարթության ներքին սահմանը համընկնում է ՖԱՏՕ գոտու սահմանով անցնող հորիզոնական գծի հետ:
42. Ուղղաթիռահարթակը պետք է ապահովված լինի քամու ուղղության ցուցիչով և ցերեկային մականշումներով: Քամու ուղղության ցուցիչը պետք է տեղադրվի թռիչք-վայրէջքի վերջնական փուլի գոտում այնպես, որպեսզի կախման ռեժիմում կամ աշխատանքային հրապարակում տեսանելի լինի ուղղաթիռի անձնակազմի համար և դրա վրա չազդեն օդի կողմնակի կամ տանող պտուտակի կողմից ստեղծած օդի տատանումները:
1) Քամու ուղղության ցուցիչն իրենից ներկայացնում հատված կոն, որի երկարությունը պետք է լինի առնվազն 1.2 մետր, իսկ հիմքի տրամագիծը՝ 0,3 մետր:
2) Ուղղաթիռահարթակի ցերեկային մականշումն իրականացվում է համաձայն Չիկագոյին կոնվենցիայի N14 Հավելվածի պահանջների:
43. Ուղղաթիռահարթակը պետք է ապահովված լինեն ուղղաթիռի ամրացման միջոցներով:
5. ՀԱՐԹԱԿՈՒՄ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
44. Հարթակում թռիչք-վայրէջքի կատարման որոշումն ընդունվում է օդանավի հրամանատարի կողմից, ելնելով օդանավի թռիչքատեխնիկական տվյալներից և Հարթակի շահագործողական բնութագրերից և վիճակից:
45. Վայրէջքից առաջ օդանավի հրամանատարը պետք է իրականացնի ստուգիչ թռիչք Հրապարակի վրա, որի շրջանակներում որոշում է վայրէջքի ուղղությունը և գնահատում է վայրէջքի պայմանները (օդերևութաբանական պայմանները, Հարթակի վիճակը, խոչընդոտների առկայությունը):
46. Հարթակներից չեն կարող իրականացվել միջազգային թռիչքներ։
47. ՀՀ տարածքում հարթակից թռիչքներ իրականացնելիս օդանավի հրամանատարը`
1) ստուգում և կազմում է ուղևորների ցանկը,
2) ապահովում է ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննման գործընթացը,
3) ապահովում է ուղևորների մուտքը դեպի օդանավ:
6. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
48. Կոմիտեն իրականացնում է շարունակական վերահսկողություն սույն կարգի համաձայն թույլտվություն ստացած Հարթակ շահագործողների նկատմամբ՝ սույն կարգով նախատեսված պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու համար:
49. Վերահսկողությունն իրականացվում է առնվազն տարին մեկ անգամ՝ Կոմիտեի նախագահի կողմից հաստատված հարցաշարերով:
50. Այն դեպքում, երբ Հարթակում իրականացվող թռիչք-վայրէջքների քանակը չի գերազանցում 30-ը, Հարթակի շահագործողական պատրաստվածության և թռիչքների անվտանգության ապահովման պատասխանատվությունը կրում է շահագործողը:
Ձև 1
Հ Ա Յ Տ
ՀԱՐԹԱԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ ________________________________________________________գտնվող և
(ՀՀ մարզի անվանումը և աշխարհագրական կոորդինատները)
________________________________________________ սեփականության իրավունքով
(կազմակերպության անվանումը/սեփականատիրոջ Ա․Ա)
պատկանող թռիչք-վայրէջքի հարթակին տալ շահագործման թույլտվություն։
Սահմանված կարգի համաձայն կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1. _______________________________________
2. _______________________________________
3. _______________________________________
4․ _______________________________________
5․ _______________________________________
________________________________________________ |
________________________________________________ |
(կազմակերպության ղեկավարի/ հարթակի սեփականատիրոջ ստորագրությունը) |
(կազմակերպության ղեկավարի/ հարթակի սեփականատիրոջ անուն,ազգանունը) |
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ____
ՕԴԱՆԱՎԵՐԻ ԹՌԻՉՔ-ՎԱՅՐԷՋՔԻ ՀԱՐԹԱԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
Սույնով հավաստիացվում է, որ _______________________ հարթակը,
(հարթակի անվանումը)
որը շահագործվում է_______________________________ կողմից և
(շահագործողի անվանումը)
տեղակայված է՝ Լայնությունը 000 00՛ 00.00՛՛, Երկարությունը 000 00՛ 00.00՛՛
բավարարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված օդանավերի թռիչք-վայրէջքների հարթակներին ներկայացվող պահանջներին:
Սույն Թույլտվությունը տրված է 3 տարի ժամկետով և ենթակա չէ փոխանցման:
Քաղաքացիական ավիացիայի
կոմիտեի նախագահ _________________
(ստորագրություն)
Կ․Տ |
Տրման ամսաթիվը “___”_______20____ թ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2022 թվական: