ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
27 մայիսի 2020 թ. |
N 477-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 102-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը»` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը»՝ համաձայն N 2 հավելվածի:
2․1․ Սահմանել, որ սույն հրամանով հաստատված Հավելված N 1-ի Օրինակելի ձևի 7-րդ, 9-րդ և 11-րդ դաշտերում լրացված հաշվետվական տվյալները համարվում են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ նպատակի ֆինանսական հաշվետվություն:
(2.1-ին կետը լրաց. 16.06.21 N 585-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 15-ի «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը, լրացման, հրապարակման և ներկայացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 13-ի թիվ 59-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 102‑Ն հրամանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Դ. Անանյան |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2020 թվականի մայիսի 27-ի N 477-Ն հրամանի |
Օրինակելի ձև
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Գործադիր մարմնի կողմից
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հասարակական կազմակերպության
գործունեության մասին
Կից ներկայացվում է
Նշումներ՝
|
(ձևը խմբ., փոփ. 16.06.21 N 585-Ն)
1. Հասարակական կազմակերպությունների (այսուհետև` Կազմակերպություն) գործունեության հաշվետվության օրինակելի ձևի (այսուհետ` Հաշվետվություն) «ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Գործադիր մարմնի կողմից» դաշտում նշվում է գործադիր մարմնի կողմից հաշվետվության հաստատման ամսաթիվը՝ օրացույցի օգնությամբ:
2. Հաշվետվության «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ» դաշտի առաջին մասում նշվում է հաշվետվություն ներկայացնող Կազմակերպության անվանումը՝ ինքնաշխատ եղանակով, իսկ երկրորդ մասում այն հաշվետու տարին, որի համար ներկայացվում է հաշվետվությունը՝ բացվող ցանկի օգնությամբ:
3. Հաշվետվության 1.1-1.5 կետերում համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով լրացվում են Կազմակերպության` լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը՝ ընդ որում, նշատուփում նշում կատարելու դեպքում գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվությունը կարտացոլվի հրապարակվող հաշվետվությունում), պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, տվյալների անհամապատասխանության դեպքում՝ սխալներն ուղղելու հնարավորությամբ:
4. Հաշվետվության 1.6-1.8 կետերում լրացվում են Կազմակերպության հեռախոսահամարը (այդ թվում` բջջային), պաշտոնական ինտերնետային կայքը և էլեկտրոնային փոստը, ընդ որում 1.6 դաշտում առկա ստեղնի օգնությամբ հնարավոր է ավելացնել լրացուցիչ տողեր այլ հեռախոսահամարներ ավելացնելու նպատակով: ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում Կազմակերպության վերաբերյալ սույն կետով նախատեսված տվյալների առկայության դեպքում դրանք կլրացվեն ինքնաշխատ եղանակով։
(4-րդ կետը լրաց. 01.12.21 N 1231-Ն)
5. Հաշվետվության 2-րդ կետում լրացվում է գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը: Ընդ որում ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անվան և ազգանվան վերաբերյալ տվյալների առկայության դեպքում դրանք կլրացվեն ինքնաշխատ եղանակով։
(5-րդ կետը լրաց. 01.12.21 N 1231-Ն)
6. Հաշվետվության 3-րդ կետում լրացվում է Կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան և նպատակը: Լրացուցիչ տողեր ավելացվում են 3-րդ կետում առկա ստեղնի միջոցով:
(6-րդ կետը խմբ. 16.06.21 N 585-Ն)
7. Հաշվետվության 4-րդ կետում լրացվում են Կազմակերպության անդամների (հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ), ինչպես նաև այն կամավորների (հաշվետու տարվա ընթացքում) թիվը, որոնց աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը:
8. Հաշվետվության 5-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում գումարված ժողովների քանակը:
9. Հաշվետվության 6-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը՝ յուրաքանչյուր ծրագրի անվանումը և վայրը, ծրագրի նպատակը և կարգավիճակը (ավարտված կամ ընթացքի մեջ): Մեկից ավելի ծրագրեր իրականացնելու դեպքում լրացուցիչ տողեր ավելացվում են նույն կետում առկա ստեղնի միջոցով:
10. Հաշվետվության 7-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից հանրային միջոցներով իրականացված ծրագրերը՝ յուրաքանչյուր ծրագրի անվանումը և վայրը, ծրագրի կարգավիճակը, նպատակը և հիմնական արդյունքները (ծրագրի իրականացման արդյունքում կատարված աշխատանքի համառոտ նկարագրությունը): Մեկից ավելի ծրագրեր իրականացնելու դեպքում լրացուցիչ տողեր ավելացվում են նույն կետում առկա ստեղնի միջոցով:
11. Հաշվետվության 8-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության տարեկան մուտքերի ընդհանուր գումարը. 8.1 կետում՝ դրամական միջոցները, 8.2 կետում՝ գույքը, դրամական արտահայտությամբ:
12. Հաշվետվության 9-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության հանրային դրամական միջոցների և/կամ գույքի չափի, դրանց ստացման աղբյուրների, վերաբերյալ տեղեկատվությունը: Լրացուցիչ տողեր ավելացվում են 9.1 և 9.2 կետերում առկա ստեղների միջոցով:
13. Հաշվետվության 10-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից օգտագործված դրամական միջոցները և/կամ Կազմակերպությանը սեփականության և/կամ տիրապետման իրավունքով պատկանող՝ շարժական (տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական տեխնիկա), անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ), տեսակը, արժեքը: Լրացուցիչ տողեր ավելացվում են 10.2 կետում առկա ստեղնի միջոցով:
14. Հաշվետվության 11-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության հանրային դրամական միջոցների ծախսման և/կամ տրամադրված գույքի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը:
15. Հաշվետվության 12-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու վերաբերյալ տեղեկատվություն՝ գործունեության տեսակը, ստացված շահույթը և շահույթի օգտագործումը:
16․ Հաշվետվության «Կից ներկայացվում է» բաժնում «Կցել» ստեղնի միջոցով ընտրվում և կցվում է աուդիտորի եզրակացության ֆայլը և համապատասխանաբար նշում է կատարվում կցվող փաստաթղթերի քանակի վերաբերյալ: Կցված ֆայլը (փաստաթուղթը) հեռացվում է «Ջնջել» ստեղնի միջոցով:
(16-րդ կետը խմբ. 16.06.21 N 585-Ն)
17. Կազմակերպությունը հնարավորություն ունի Հաշվետվության «Նշումներ» դաշտում ավելացնելու իր գործունեության ցանկացած արդյունքի վերաբերյալ տեղեկություններ և «Կցել» ստեղնի միջոցով ընտրել և հաշվետվությանը կցել այլ նյութեր պարունակող ֆայլեր։ Կցված ֆայլը հեռացվում է «Ջնջել» ստեղնի միջոցով:
18. Հաշվետվության «Հիշել ժամանակավորապես» ստեղնի միջոցով հնարավոր պահպանել լրացված տեղեկությունները՝ հետագայում դրանցում փոփոխություններ կատարելու կամ հաշվետվությունը գրանցելու նպատակով: Այս դեպքում հաշվետվությունը չի հրապարակվում:
19. Հաշվետվության «Գրանցել» ստեղնի միջոցով Կազմակերպությունը հաստատում է իր կողմից լրացված տեղեկությունները և հաշվետվությունը հրապարակվում է ՀՀ ՊԵԿ հարկային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում (www.taxservice.am):
20. Հաշվետվությունը համարվում է թերի, եթե չի պարունակում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկություններից որևէ մեկը կամ պարունակում է ակնհայտ հակասություններ:
21. Հաշվետվությունը լրացվում է ՀՀ դրամով:
(հավելվածը խմբ., փոփ. 16.06.21 N 585-Ն, լրաց. 01.12.21 N 1231-Ն)
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2020 թվականի մայիսի 27-ի N 477-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Հասարակական կազմակերպությունն իր գործունեության մասին հաշվետվությունը, իսկ աուդիտը պարտադիր լինելու դեպքում, նաև աուդիտորի եզրակացությունը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակում է ՀՀ ՊԵԿ հարկային ծառայության պաշտոնական կայքում (www.taxservice.am):
2. Հասարակական կազմակերպության կողմից սույն կարգի 1-ին կետում նշված հաշվետվությունը, աուդիտորի եզրակացությունը (առկայության դեպքում) սահմանված կարգով հրապարակելը համարվում է Լիազոր մարմին ներկայացում: