Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
27 դեկտեմբերի 2012 թվականի N 52
37. «ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1055-Ն որոշման N 1 հավելվածի 53-րդ կետին համապատասխան`
1. Հավանություն տալ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայեցակարգին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունը և փորձնական ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի նիստի N 52 արձանագրային որոշման |
«ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2007թ. փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» թ.ՆՀ-37-Ն հրամանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության` 2008թ. հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» թ.1207-Ն որոշման հիմնադրույթներին համապատասխան: Հայեցակարգի հիմքում դրվել է նաև Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ)` «Կայուն դպրոցական սննդի զարգացումը Հայաստանում» ծրագիրը: Այն միաժամանակ բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ) միջև համատեղ ստորագրված` «Դպրոցական սնունդ» զարգացման ծրագրի գործողությունների պլանից:
2. Հայեցակարգի նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը, նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:
II. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
3. Ներկայումս Հայաստանում կրթության ոլորտը կարևորվում է որպես երկրի կայուն զարգացման, ինչպես նաև մարդկային կապիտալի պահպանման ու վերարտադրության նախապայմաններից մեկը: Կրթության ոլորտի զարգացման քաղաքականությունը համահունչ է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Կրթություն` հանուն կայուն զարգացման» ռազմավարությանը և ուղղված է այն բանին, որ կրթության ոլորտի բարեփոխումների արդյունքները նշանակալի ազդեցություն ունենան երկրում տնտեսական աճի, աղքատության կրճատման, անհավասարության մեղմման, էկոլոգիական անվտանգության ապահովման և մարդկային զարգացման գործընթացների վրա ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում:
4. Կրթության ոլորտում գերակա է համարվում հանրակրթությունը, որը որպես գերակա ուղղություն ամրագրված է նաև «Կայուն զարգացման ծրագրում» (ԿԶԾ): Հանրակրթության ոլորտում ԿԶԾ-ը նպատակադրում է լրիվ միջնակարգ կրթության որակի բարձրացումը, բնակչության բոլոր խավերի համար որակյալ լրիվ միջնակարգ կրթության հավասար մատչելիության ապահովումը միջնակարգ դպրոցի բոլոր, հատկապես` ավագ դպրոցի մակարդակներում: Առաջիկա տարիներին հանրակրթության ոլորտի առաջնահերթություն է գծագրվում տարրական, հիմնական ու հատկապես ավագ դպրոցում բնակչության բոլոր խավերի հավասար ներգրավման և ավագ դպրոցում աղքատ խավերի ընդգրկվածության աճի ապահովումը:
5. Կրթության մատչելիությանը խոչընդոտող հիմնական գործոններից է աղքատությունը: Ընդ որում, մանկական աղքատությունը տարբերվում է ըստ տարածաշրջանների: Քաղաքային բնակավայրերում բնակվող երեխաների ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 5.2%` գյուղական բնակավայրերում բնակվող երեխաների 1.2%-ի համեմատ, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը համապատասխանաբար` 40.6% 42.7%-ի համեմատ1:
6. Մանկական աղքատության մակարդակն էապես տարբերվում է նաև ըստ մարզերի: Մարզերի միջև տարբերությունները զգալի են թե ծայրահեղ, թե ընդհանուր աղքատության առումով: Ծայրահեղ մանկական աղքատությունը տատանվում է ամենացածր` 1.4%-ից (Արմավիրի մարզ) մինչև ամենաբարձր` 6% (Լոռու և Կոտայքի մարզեր): Նմանատիպ միտում է նկատվում աղքատության ընդհանուր մակարդակի առումով: Տավուշում աղքատության մակարդակը միջինից ամենացածրն է` 28.2%, իսկ ամենաբարձրը Լոռու մարզում` 52.7%:
7. Միաժամանակ ավելացել է քիչ կալորիականություն պարունակող սնունդ (օրական 2,100 կկալ-ից ցածր) օգտագործող բնակչության քանակը (52,7% ): Երկու քվինտիլային խմբերը (աղքատ և շատ աղքատ) ամբողջապես թերսնվում են: ՄԱԿ–ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկած ռացիոնալ նորմերի համեմատ բնակչության կողմից սպառվող սննդամթերքի կազմում անբավարար է հիմնականում կենդանական ծագման արտադրանքը (38-48%) և բուսական յուղը (29-41%): Նույնիսկ ՀՀ-ում ընդունված նվազագույն «պարենային զամբյուղի» համեմատությամբ կաթնամթերքի (40%) և բուսական յուղի (29%) սպառման զգալի պակաս է գրանցվել2:
8. Այսօր, տնտեսական նման պայմաններում, հանձինս «Դպրոցական սնունդ» ծրագրի ստեղծվել է սոցիալական ապահովության արդյունավետ ցանց, որը օգնում է երեխաներին պաշտպանել ճգնաժամերի ընթացքում, տալիս է բազմակողմ օգուտներ՝ կրթություն, գենդերային հավասարություն, պարենային ապահովություն, աղքատության նվազեցում, սնուցում և առողջություն՝ և այս ամենը մեկ միջամտության շրջանակներում։ Դպրոցական սննդի ծրագրերը ներկայումս ճանաչվում են որպես կրթության մատչելիության, սոցիալական պաշտպանության եւ մարդկային կապիտալում երկարաժամկետ ներդրումների միջոց: Այս ծրագրերը, որոնք անուղղակի նպաստում են կրթության որակի բարձրացմանը, կարող են օգտագործվել ի շահ ամենաաղքատ և խոցելի երեխաների: Միաժամանակ այս ծրագրերը մեծ առաջնահերթություն են տալիս ներառական կրթության քաղաքականությանը և ռազմավարություններին, որոնք որակյալ կրթությունն առավել մատչելի են դարձնում ամենախոցելի խավերի համար:
9. ՄԱԿ-ի ՊՀԾ-ի «Դպրոցական սնունդ» ծրագիրը հավանության է արժանացել մի շարք միջազգային ֆորումներում և ստացել կառավարությունների հանձնառություն և աջակցություն։ Միավորված Ազգերի Կազմակերպության Հազարամյակի ծրագրով (2005թ.) առաջարկվել է, որ դպրոցական սնունդ ծրագիրը տարածվի և հասնի «քաղցի թեժ կետերում» գտնվող բոլոր երեխաներին, օգտագործելով տեղական արտադրության սննդամթերք։ Դպրոցական սնունդ ծրագիրն ուղղակիորեն արձագանքում է Հազարամյակի զարգացման նպատակներին, որոնք առնչվում են քաղցին ու աղքատությանը (ՀԶՆ 1), կրթությանը (ՀԶՆ 2), գենդերային հավասարությանը (ՀԶՆ 3) և անուղղակիորեն նպաստում է մյուս բոլոր ՀԶՆ-երին։ Դպրոցական սնունդ ծրագրերը նպաստում են նաև Դակարի Գործողությունների պլանում ներառված «Կրթություն բոլորի համար» ծրագրի 6 նպատակների գրեթե մեծ մասին:
10. Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանում`
1) Հայաստանում ՊՀԾ-ն հաստատվել է 1993թ.` պարենային օգնություն ցուցաբերելով փախստականներին, երկրի ներսում տեղահանված անձանց և տեղաբնակ խոցելի բնակչությանը: Դպրոցական սնունդ ծրագիրն սկսվել է 2002թ, հասցեագրելով հիմնական պարենային անապահով շրջանները։ Սնունդ է տրամադրվել տարրական կրթության տարիքի մինչև 30000 դպրոցականների չորս՝ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում։ Ծրագրում առաջնահերթ ընդգրկվել են լեռնային և սահմանամերձ շրջանների համայնքները, ինչպես նաև այն համայնքները, որտեղ գերակշռում էին կանանց գլխավորած ընտանիքները և բարձր էր դպրոցականների անկանոն հաճախումների թիվը: Ընտրվել են այն ծնողական խորհուրդները, որոնք ցանկություն ունեին համագործակցել և ծրագրի իրականացման համար ներգրավել այլ պարենային և ոչ պարենային միջոցներ.
2) Ծրագրի արդյունքում սերտ կապ է հաստատվել դպրոցների և համայնքների միջև: Ծրագրի իրականացումից հետո 2005թ. անցկացված գնահատումը ցույց է տվել, որ համայնքներն այլ սննդամթերքով համալրում էին ՊՀԾ-ի տրամադրած պարենը, տրամադրում էին ոչ պարենային ապրանք և դարձել էին ծրագրի իրականացմանն անհրաժեշտ մասնակիցներ: Դպրոցական սնունդ ծրագրին մեծ աջակցություն էին ցուցաբերում ծնողները։ Միաժամանակ ՊՀԾ-ն սնունդ աշխատանքի դիմաց ծրագրով համայնքներին խրախուսում էր նորոգումներ կատարել այն դպրոցներում, ուր բացակայում էին խոհանոցային նվազագույն պայմանները.
3) սակայն չորս մարզերում իրականացված դպրոցական սնունդ ծրագիրը շարունակություն չգտավ այն բանից հետո, երբ 2008թ. ՊՀԾ-ն փակեց ծրագիրը: Պարզ դարձավ, որ տեղական աջակցությունն ու մասնակցությունը խիստ կարևոր են դպրոցական սնունդ ծրագրի հաջող իրականացման համար և որ առանց ՀՀ կառավարության կողմից կենտրոնական ֆինանսավորման դպրոցական սնունդ ծրագիրը չի կարող շարունակական լինել.
4) Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) գիտակցելով, որ դպրոցական սննդի ծրագրերը հանդիսանում են սոցիալական ապահովության արդյունավետ ցանց, ինչպես նաև հիմնվելով նախորդող ծրագրերի իրականացման արդյունքում ձեռք բերված փորձի և առաջընթացի վրա, 2010 թվականի հուլիսին նախաձեռնեցին դպրոցական սննդի նոր ծրագիր.
5) «Կայուն դպրոցական սննդի զարգացումը Հայաստանում» ծրագիրը հաստատված է ՄԱԿ-ի ՊՀԾ գործադիր խորհրդի կողմից: Այս ծրագիրը համապատասխանում է Միավորված Ազգերի Կազմակերպության զարգացման աջակցության ծրագրին (2010-2015թթ.) և նպաստում է ՊՀԾ նպատակների իրականացմանը` սովի և թերսնման վերացում և համընդհանուր տարրական կրթության ձեռքբերում.
6) նախագծի դոնոր է հանդիսացել Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, որը ՊՀԾ-ին հատկացրել է 8 մլն. ԱՄՆ դոլար ավելի քան երեք տարի ժամկետով (համաձայն Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև կնքված եռակողմ համաձայնագրի): Իսկ ՀՀ ԿԳ նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև կնքված պայմանագրի համաձայն, բուն ծրագրի իրականացման արժեքը կազմում է 4,2 մլն. ԱՄՆ դոլար.
7) Ծրագիրն իրականացվում է Հայաստանի կրթության և գիտության նախարարության և Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարություն Անկախ Պետությունների Համագործակցության, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության հարցերով Դաշնային գործակալության (Ռոսսոտրուդնիչեստվո) Հայաստանյան ներկայացուցչության և Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի մասնակցությամբ: Ծրագիրը ակնկալում է նաև միջազգային փորձագետների խորհրդատվական և կազմակերպչական մասնակցությունը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, կազմակերպությունների, ընկերությունների և անհատների ֆինանսական աջակցությունը.
8) 2010 թվականին ՊՀԾ-ն վերսկսել է դպրոցական սնունդ ծրագիրը, նախատեսելով ներառել այն մարզերը, որոնք ընդգրկված են եղել նախորդ` 2002-2008թթ. ծրագրում: Բանն այն է, որ նախորդ ծրագրի շրջանակներում 4 մարզերում ձևավորվել են դպրոցական սննդի կառավարման արդյունավետ համակարգեր, որոնք ներառում են ծնողական խորհուրդները: Բացի այդ, ՊՀԾ-ի սնունդ աշխատանքի դիմաց (ՍԱԴ) ծրագրի շրջանակներում դպրոցներում նորոգվել ու բարեկարգվել են խոհանոցային պայմանները: Հիմնվելով նախորդ հաջող փորձի վրա, սույն ծրագրում ընդգրկվել են ևս երկու պարենային անապահով մարզեր` Արագածոտնը և Արմավիրը: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2010թ. հոկտեմբերից մինչև 2013թ. հոկտեմբերը: 2010 թվականին ծրագիրը փորձարկվել է երկու` Տավուշի և Գեղարքունիքի մարզերում, և սնունդ է տրամադրվել տարրական դասարանների 12.5 հազարից ավել աշակերտների: 2011 թվականին ծրագրում ընդգրկվել են նաև Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերը.
9) Ծրագրի թիրախը պարենային անապահով դրության մեջ գտնվող 7 մարզերի շուրջ 700 դպրոցներում սովորող տարրական դասարանների 50000 երեխաներ են: Սնունդը տրամադրվում է ուսումնական տարվա 180 օրերի ընթացքում շաբաթը 5 օր` 3 տարվա ընթացքում, որի համար պահանջվում է պարենային ապրանքների ներկրում և որոնք մատակարարում է ՊՀԾ-ն, նկատի ունենալով տեղական գնումների հնարավորությունը՝ կախված դոնորի համար հնարավոր սահմանափակումներից, ինչպես նաև շուկայական պայմաններից:
11. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետությունում: Դպրոցական սնունդը ՀՀ-ում կարևորվում է հետևյալ պատճառներով`
1) ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում իրականացված և ներկայումս իրականացվող դպրոցական սննդի մարդասիրական ծրագրերի փորձը վկայում է, որ դպրոցական սնունդը դրականորեն է անդրադառնում դպրոցականների կանոնավոր հաճախումներին և առաջադիմությանը, դրանով իսկ նպաստելով կրթության որակի բարձրացմանը: Այն միաժամանակ օժանդակում է որակյալ ներառական կրթության համակարգի ձևավորմանն ու այդ համակարգում ապահովում ամենախոցելի խմբերի մատչելիությունը.
2) դպրոցական սնունդը որպես պետական քաղաքականության մաս կարող է առավել դրական ազդեցություն ունենալ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա. նպաստել աղքատության կրճատմանը, բարելավել սոցիալական ապահովությունը, բարձրացնել պարենային անվտանգությունը.
3) դպրոցական սննդի պատշաճ կազմակերպումը ներդրում է ժողովրդագրական և առողջապահական խնդիրների վերացման համար: Ժողովրդագրական առումով դպրոցական սննդի ծրագրերը լրացուցիչ վստահություն են ստեղծում երիտասարդ ընտանիքների համար՝ երեխաներ ունենալու որոշումներ կայացնելիս, լուծելով երեխաների սնուցման և որակյալ կրթություն ստանալու խնդիրները.
4) առողջության տեսանկյունից դպրոցում ստացած տաք սնունդը առողջ ապրելակերպի և հավասարակշիռ սննդակարգի հետևելու նախապայմանն է. զուր չէ, որ դպրոցական սննդի ծրագրերը իրականացվում են նաև ամենազարգացած երկրներում, որտեղ չկա քաղցի կամ երեխաների թերսնման խնդիր: Բացի այդ, ժամանակին և հավասարակշռված տաք դպրոցական սնունդը ապահովում է ալիմենտար կախված հիվանդությունների նվազեցումը և կանխարգելումը, նպաստում է քաշի դեֆիցիտ և ավելցուկային քաշ ունեցող երեխաների քանակի նվազեցմանը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը սուր ռեսպիրատոր հիվանդությունների նկատմամբ, ավելացնում է նորմալ ֆիզիկական զարգացում ունեցող երեխաների քանակը.
5) դպրոցական սննդի այս կարգավիճակը թույլ կտա ոչ միայն երկրի բնակչության մեծ մասի համար ապահովել որակյալ և անվտանգ սնունդ, այլ նաև կխթանի տեղական արտադրողներին՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրման միջոցով, ինչը կնպաստի ինչպես տեղական գնումներին, այնպես էլ արտադրողների տեխնիկական և տեխնոլոգիական զարգացմանը: Արդյունքում թափ կստանա գյուղատնտեսության արդիականացումը` սկսած ֆերմաներից մինչև վերջնական օգտագործողը, այդ թվում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը.
6) «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի երկարաժամկետ ազդեցություններն են կրթության հասանելիության և որակի բարձրացումը, դպրոցահասակ երեխաների առողջության և սնուցման բարելավումը, երկրի սոցիալական և տնտեսական զարգացման աճը: Կարճաժամկետ կտրվածքով ծրագիրը` բյուջեի սղության և սննդի անվտանգության ցածր պայմաններում կնպաստի ընտանիքների սոցիալական ապահովվածության արդյունավետ ցանցերի ստեղծմանը:
III. «ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
12. Ծրագրի ռազմավարական նպատակն է աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին ապահովել հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով:
13. Ծրագրի իրականացումը երկարաժամկետ հեռանկարում (10-15 տարի) ենթադրում է կրթության, առողջապահության (հավասարակշռված ռացիոնալ սնուցման գործոնները) ոլորտներում արդյունավետության բարձրացումը, սովի սպառնալիքի և աղքատության նվազեցման խնդիրների լուծումը (հաշվի առնելով նաև այլ միջոցները), տեղական սննդի արտադրության խթանումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, երկրի ՀՆԱ -ում գյուղատնտեսության աճող ներդրումը:
14. 5-10 տարիների կտրվածքում նախատեսվում է ավարտել ժամանակակից պահանջներին բավարարող դպրոցական սննդի ոլորտի ձևավորումը, ինչը կապահովի հասարակության որոշ խմբի սննդի պահանջը` դպրոցականների ներգրավվածության և սննդակարգի հավասարակշռման առումով:
15. Միջնաժամկետ կտրվածքով (3-5 տարի) պետք է պայմաններ ստեղծվեն դպրոցական սննդի մատչելիությունը ապահովելու համար, զարգացվի դպրոցական սննդի հետ կապված նյութական արտադրությունը, անցկացվեն դպրոցական սննդամթերքի արտադրության մոդելների փորձարկումներ:
16. Ծրագրի իրականացման առաջին 1-2 տարիները կհանդիսանան նախապատրաստական շրջան, որը կներառի դպրոցական սննդի իրավական-նորմատիվային հենքի ամբողջացումը, ծրագրի կառավարման և իրականացման համար անհրաժեշտ տեղական ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորումն ու զարգացումը: Այստեղ կարևորվում են նաև արտաքին օգնությունից դեպի ներքին աղբյուրներին փուլային անցումը, տարածքային առանձնահատկություններին համապատասխան տարբեր փորձնական ծրագրերի իրականացումը:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
17. Ծրագիրը կիրականացվի հետևյալ սցենարով.
2012 – 2013թթ. |
2014 – 2016թթ. |
2016 – 2021թթ. |
Երկարաժամկետ հեռանկար |
Նախապատրաստական փուլ |
Անցում ազգային ծրագրի համատեղ իրականացմանը ՀՀ կառավարության և արտաքին դոնորների կողմից |
Անցում ազգային ծրագրի իրականացմանը ՀՀ կառավարության կողմից արտաքին դոնորների փոքր աջակցությամբ |
Անցում ազգային ծրագրի ինքնուրույն իրականացմանը ՀՀ կառավարության կողմից (ՀՀ բյուջեի ներքին ռեսուրսների և ներքին դոնորների ուժերով) |
18. Ծրագրի իրականացման պատասխանատվության փոխանցումը ՀՀ կառավարությանը և նոր դպրոցների ներգրավումը ծրագրում կիրականացվի մի շարք փորձնական ծրագրերի միջոցով: Դրանց նպատակը կլինի համապատասխան մեխանիզմների փորձարկումը հանրապետության տարբեր շրջանների առանձնահատկություններին համապատասխան և անհրաժեշտ կարողությունների զարգացումը:
19. Հիմնական փորձնական ծրագիրը կիրականացվի 2014 թվականին. Ծրագրի իրականացումը հանրապետության 1 մարզում կստանձնի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
20. Փորձնական ծրագրի արդյունքների հիման վրա այն աստիճանաբար կտարածվի մյուս մարզերում նույնպես:
21. Դպրոցական սննդի ինստիտուցիոնալ համակարգի զարգացման նպատակով հիմնական փորձնական ծրագրին զուգահեռ միջազգային գործընկերների օժանդակությամբ կիրականացվեն տարբեր միկրոծրագրեր, որոնք հետագայում կինտեգրվեն դպրոցական սննդի ընդհանուր համակարգին:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
22. 2012-2016 թվականներին կշարունակվի դպրոցական սննդի կազմակերպման միջազգային օժանդակության ծրագիրը:
23. Սկսած 2014 թվականից ՀՀ կառավարությունը, աստիճանաբար ստանձնելով ըստ մարզերի ծրագրի իրականացումը, կապահովի այդ մարզերում ծրագրի բազային ֆինանսավորումը պետական բյուջեից՝ ըստ սովորողների թվի: Միաժամանակ պետական և արտաբյուջետային միջոցների հաշվին կիրականացվեն վերապատրաստման, տեղեկատվական արշավներ և հետազոտական աշխատանքներ:
24. 2013-2016 թվականներին դպրոցական սննդի կազմակերպման համար ՄԱԿ-ի ՊՀԾ-ի կողմից տրամադրվող համաֆինանսավորումը կկազմի շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ կառավարության կողմից նույն ժամանակահատվածի համար հատկացվող ֆինանսավորումը՝ 1239 մլն դրամ:
---------------------------------------
1 «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», 2011թ.
2 «Դպրոցական սննդի կայուն զարգացում» ծրագրի հաշվետվություն, 2-րդ փուլ, 3-րդ հատոր