ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
1 հուլիսի 2019 թ. |
N 432-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 298-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը, 75-րդ և 96-րդ հոդվածները`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 298-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հրամանով հաստատված հավելվածում` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևը լրացնել 35-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ՝
«35. Գործունեության տեսակը (կոդ) |
Տեսակարար կշիռը (%) | |||||
բաժին |
հատված |
խումբ |
դաս |
ենթադաս | ||
», |
2) հրամանով հաստատված հավելվածում` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևի լրացման կարգում`
ա. 8-րդ կետում «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանը սպասարկող հարկային տեսչություն» բառերը փոխարինել «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանը սպասարկող ստորաբաժանում» բառերով,
բ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «Ընդ որում, միասնական հաշվարկի 7-րդ կետում լրացվում է ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` վերադարձի հարկային հաշիվներում) արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաև անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների մասով Հարկային օրենսգրքով սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը:»,
գ. 14-րդ կետի 1-ին ենթակետում «11-րդ և 12-րդ կետերում» բառերը փոխարինել «7-րդ և 9-րդ կետերում» բառերով,
դ. 16-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝ «ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան արտացոլվում է այդ ապրանքների մատակարարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի միասնական հաշվարկում, անկախ արտահանման հարկային հայտարարագրի ներկայացման օրվանից:»,
ե. 21-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) լրացվում են «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված այն ապրանքների, բացառությամբ` Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերի, մաքսային արժեքն ու ԱԱՀ-ի գումարը, որոնց ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկված է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում»,
զ. 21-րդ կետը լրացնել 4-6-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«4) լրացվում են «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների համար ճշտված մաքսային հայտարարագրում արտացոլված մաքսային արժեքը և դրան համապատասխան հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (անկախ ներմուծման ճշտված մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից), եթե ճշտված մաքսային հայտարարագրի ներկայացման արդյունքում առաջանում է լրացուցիչ վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար (տվյալ ներմուծումները ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար նախկինում ներկայացված միասնական հաշվարկը ենթակա է ճշտման),
5) լրացվում են ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված ներմուծման ճշտված հարկային հայտարարագրում արտացոլված հարկման բազան և դրան համապատասխան հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, եթե ճշտված հարկային հայտարարագրի ներկայացման արդյունքում առաջանում է լրացուցիչ վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար, անկախ ներմուծման ճշտված հարկային հայտարարագրի ներկայացման ամսաթվից (ներմուծումները ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար նախկինում ներկայացված միասնական հաշվարկը ենթակա է ճշտման),
6) այն բոլոր դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման մասով ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով ներկայացվող՝ ապրանքների ներմուծման (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) ճշտված մաքսային (ճշտված հարկային) հայտարարագրով նախկինում ներկայացված՝ ներմուծման մաքսային (հարկային) հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարները նվազում են, ապա այդ ճշտումների վերաբերյալ տեղեկատվությունը չի ներառվում ապրանքների ներմուծման մասով նախկինում ներկայացված միասնական հաշվարկում (ներմուծումները ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված միասնական հաշվարկը չի ճշգրտվում):»,
է. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«22. Միասնական հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան (այդ թվում՝ Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերում նշված)` անկախ ձեռքբերումների մասով հաշվարկային փաստաթուղթ ստացած լինելու հանգամանքից, իսկ [Բ] վանդակում` մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված միայն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:»,
ը. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Միասնական հաշվարկի 20-րդ կետում լրացվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հարկային օրենսգրքի համաձայն հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը կամ պակասեցումը, այդ թվում՝ կատարվող վերաձևակերպումների արդյունքում, ըստ Հարկային օրենսգրքով սահմանված հիմքերի` լրացնելով հոդվածի, մասի և կետի համարները: Մասնավորապես`
1) տվյալ հաշվետու ժամանակաշրջաններում կատարված ձեռքբերումներին վերաբերող հարկային հաշիվներում և (կամ) հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով հաշվանցման իրավունքը Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում հետաձգվում է և ենթակա է հաշվանցման հետագա հաշվետու ժամանակաշրջանում (հաշվանցվող (պակասեցվող) գումարների պակասեցում),
2) ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող, ԱԱՀ-ից ազատված և Հարկային օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հատուկ հարկային համակարգերի շրջանակներում հարկման ենթակա գործարքներին, որոնց մասով Հարկային օրենսգրքի 72-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարվում (հաշվանցվող (պակասեցվող) գումարների պակասեցում),
3) հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով հաշվանցման իրավունքը հետաձգվել է և Հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն ենթակա է հաշվանցման տվյալ հաշվետու ժամանակաշրջանում (հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացում),
4) ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով Հարկային օրենսգրքի 15-րդ և 73-րդ հոդվածներով սահմանված դեպքերում պետք է կատարվեն վերաձևակերպումներ (հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացում կամ պակասեցում),
5) ԱԱՀ-ի այն գումարները, որոնք օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարողների կողմից ենթակա են հաշվանցման (հաշվարկված պարտավորություններից պակասեցման)՝ դրանց վճարման (այդ թվում՝ մասնակի վճարման) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող միասնական հաշվարկով (հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացում):»,
թ. լրացնել 39-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ՝
«39. Միասնական հաշվարկի 35-րդ կետում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում ըստ գործունեության տեսակների ԱԱՀ-ի բաժնում լրացված հարկման բազաների տեսակարար կշիռները (տոկոսով) միասնական հաշվարկի 16-րդ կետի «Ա» սյունակում լրացված հարկման բազայի նկատմամբ: Ընդ որում, գործունեության տեսակները (կոդերը) լրացվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C 25910 կոդը (բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0) համապատասխանում է «Մետաղե տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով ԱԱՀ-ով հարկման բազայի հանրագումարի (միասնական հաշվարկի 16-րդ կետի «Ա» սյունակ) նկատմամբ: Միասնական հաշվարկի 35-րդ կետում լրացվող տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ ավելացված արժեքի հարկի և(կամ) ակցիզային հարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2019 թվականի օգոստոսի 1-ից, բացառությամբ` սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի և 1-ին կետի 2-րդ ենթակետի «թ» պարբերության, և կիրառվում է 2019 թվականի օգոստոսի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար: Սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետը և 1-ին կետի 2-րդ ենթակետի «թ» պարբերությունն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար:
Դ. Անանյան |