ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
29 հունիսի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Շուգարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2003 թվականի ապրիլի 25-ին Մոսկվայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց և աշխատակիցների իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Անկախ պետությունների համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց և աշխատակիցների իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրն Անկախ պետությունների համագործակցության (այսուհետև` Համագործակցություն) մասնակից պետությունների կողմից` ի դեմս իրենց կառավարությունների, ստորագրվել է 2003 թ. ապրիլի 25-ին` Մոսկվայում:
Համաձայնագրի նպատակն է Համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց և աշխատակիցների իրավական կարգավիճակի սահմանման հարցում միասնական մոտեցման ապահովումը, ինչպես նաև Համագործակցության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը:
2. Համաձայնագրով Համագործակցության մարմինների պաշտոնատար անձինք և աշխատակիցները հավասարեցվում են միջազգային ծառայողներին: Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հարգել այդ անձանց` որպես միջազգային ծառայողի, կարգավիճակը և չազդել նրանց վրա` իրենց պաշտոնական գործառույթները կատարելիս:
Կողմերը պարտավորվում են համաձայնագրով նախատեսված անձեռնմխելիություններ և արտոնություններ տրամադրել Համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց, աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին:
Համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց և աշխատակիցների համար ընդունող պայմանավորվող կողմի տարածքում երաշխավորվում է ազատ տեղաշարժի իրավունք` այդ Կողմի ներպետական օրենսդրությանը համապատասխան:
Պայմանավորվող կողմերը Համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց և աշխատակիցների ծառայողական վկայականներն ընդունում են որպես այդ անձանց կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև որպես ընդունող պետություն` իրենց պետության քաղաքացի չհանդիսացող պաշտոնատար անձանց և աշխատակիցներին տրամադրում են արտոնությունների և անձեռնմխելիությունների նկատմամբ նրանց իրավունքները հաստատող փաստաթղթեր:
3. Համաձայնագիրը կարգավորում է Համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց, աշխատակիցների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հետ կապված հարցերը:
Համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց համար` այդ մարմիններում աշխատանքն ավարտելուց հետո երաշխավորվում է մինչև Համագործակցության մարմիններում աշխատանքի ուղարկվելն ուղարկող պետությունում զբաղեցրած նախկին պաշտոնը կամ հավասարազոր պաշտոն զբաղեցնելու իրավունքը:
Համագործակցության մարմինների աշխատակիցներին արգելվում է զբաղվել ցանկացած այլ գործունեությամբ` բացառությամբ գիտական, ստեղծագործական և մանկավարժական գործունեության:
4. Համաձայնագրով նախատեսված անձեռնմխելիություններն ու արտոնությունները Համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց և աշխատակիցներին տրամադրվում են ոչ թե անձնական շահի, այլ նրանց կողմից իրենց պաշտոնական գործառույթների արդյունավետ և անկախ իրականացման համար:
Համաձայնագրի դրույթները, հանգամանքներից բխող փոփոխություններով, կիրառվում են Համագործակցության տնտեսական դատարանի դատավորների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ:
5. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները բխում են ՀՀ միջազգային իրավական այլ պարտավորություններից, մասնավորապես` Անկախ պետությունների համագործակցության 1993 թ. հունվարի 22-ի կանոնադրությամբ և Համագործակցության շրջանակներում կնքված այլ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններից և կոչված են ապահովելու Կողմերի միջև հարաբերությունների զարգացումը` ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2003 թ. ապրիլի 25-ին Մոսկվայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մարմինների պաշտոնատար անձանց և աշխատակիցների իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
