ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1973 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՆՇԱՆՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՏԱՐՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ՀԻՄՆԱԴՐՈՂ ՎԻԵՆՆԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
14 մայիսի 2004 թ. |
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1973 թվականի հունիսի 12-ին Վիեննայում ստորագրված` Նշանների պատկերային տարրերի միջազգային դասակարգումը հիմնադրող Վիեննայի համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 1973 թ. հունիսի 12-ին Վիեննայում` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից երկրների կողմից: Համաձայնագրի նպատակն է նշանների պատկերային տարրերի միասնական դասակարգման ստեղծումը:
Համաձայնագիրն ստորագրման համար բացվել է Վիեննայում մինչև 1973 թ. դեկտեմբերի 31-ը: Այն ուժի մեջ է մտել 1985 թ. օգոստոսի 9-ից:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը 1994 թ. մարտի 29-ին միացել է 1883 թ. մարտի 20-ին Փարիզում ստորագրված` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին կոնվենցիային:
2. Ըստ համաձայնագրի` երկրները, որոնց նկատմամբ կիրառվում է քննության առարկա համաձայնագիրը, կազմում են Հատուկ միություն և ընդունում են նշանների պատկերային տարրերի համար միասնական դասակարգում (այսուհետև` Պատկերային տարրերի դասակարգում):
Հատուկ միության երկրների իրավասու գերատեսչություններին իրավունք է վերապահվում Դասակարգումն օգտագործել որպես հիմնական կամ լրացուցիչ համակարգ: Պայմանավորվող պետությունների իրավասու գերատեսչությունները դասերի, բաժինների և խմբերի համարները պետք է ներառեն այն պաշտոնական փաստաթղթերում և նշանների գրանցման ու ժամկետի երկարաձգման մասին հրապարակումներում, որտեղ այդ նշանների պատկերային տարրերը զետեղվում են:
Համաձայնագիրը սահմանում է Պատկերային տարրերի դասակարգման մեջ փոփոխություններ կատարելու կարգը:
3. Համաձայնագրով նախատեսվում է հիմնադրել Փորձագետների կոմիտե, որում ներկայացված է Հատուկ միության յուրաքանչյուր պետություն: Հատուկ միությունն ունի Ասամբլեա, որը կազմված է Հատուկ միության պետություններից: Յուրաքանչյուր պետության կառավարություն Ասամբլեայում ներկայացված է իր պատվիրակության միջոցով:
Համաձայնագիրը սահմանում է Փորձագետների կոմիտեի և Ասամբլեայի գործառույթները:
4. Քննության առարկա համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություն` կապված Հատուկ միության Ասամբլեայում ՀՀ պատվիրակության ծախսերը հոգալու հետ: Հայաստանի Հանրապետությունը, որպես Հատուկ միության անդամ, պարտավորվում է նաև մուծել տարեկան վճարներ` Հատուկ միության բյուջե և միանվագ վճար` Հատուկ միության շրջանառու միջոցների ֆոնդին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1973 թ. հունիսի 12-ին Վիեննայում ստորագրված` Նշանների պատկերային տարրերի միջազգային դասակարգումը հիմնադրող Վիեննայի համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
