«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մայիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417228
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
23 մայիսի 2017 թ. |
N 166-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ (ԷԹԻԿԱՅԻ) ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 224-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետով՝
Հրամայում եմ`
1. Հաստատել մաքսային ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Վ. Հարությունյան |
Հավելված |
ԿԱՆՈՆՆԵՐ
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ (ԷԹԻԿԱՅԻ)
1. Սույն կանոններով սահմանվում են մաքսային ծառայողի (այսուհետ՝ ծառայող) վարքագծի (Էթիկայի) կանոնները ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում և ծառայողական պարտականություններից դուրս:
2. Ծառայողի վարքագծի (Էթիկայի) կանոնները (այսուհետ՝ վարքագծի կանոններ) նորմերի համակարգ է, որոնք միտված են ապահովելու ծառայողի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը ծառայության նկատմամբ:
3. Վարքագծի կանոնների նպատակն է ուղղորդել ծառայողին իր վարվելակերպում, ինչպես նաև տեղեկացնել քաղաքացիներին՝ ինչպիսի պահվածք պետք է ակնկալել ծառայողից:
4. Ծառայողը պարտավոր է պահպանել վարքագծի հետևյալ կանոնները.
1) Հավատարիմ լինել երդմանը: Հարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշը (դրոշը, զինանշանը, օրհներգը) և պետական լեզուն:
2) Հարգել հանրության բարոյական նորմերը, մարդու արժանապատվությունը, անհարկի չընդգծել իր պաշտոնական դիրքը։
3) Մաքսային գործառույթներ իրականացնելիս ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն վարքագծի կանոններով։ Ստացված հանձնարարականի օրինականության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում՝ այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց:
4) Լինել կարգապահ, ճշտախոս, հասարակության և պետության շահերը բարձր դասել անձնականից։
5) Իր ծառայողական պարտականությունները իրականացնելիս պարտավոր է լինել անաչառ, ազատ ազդեցություններից, ճնշումներից և այլ միջամտությունից, գործել անկախ։
6) Չհրապարակել կամ այլ կերպ չտարածել ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ իրեն հայտնի դարձած տեղեկությունները (բացառությամբ ՀՀ օրենքներով նախատեսված դեպքերի), ինչպես նաև չօգտագործել նման տեղեկությունները շահադիտական կամ ցանկացած ոչ ծառայողական նպատակներով:
7) Լինել արժանապատիվ, համբերատար, հարգալից վերաբերմունք դրսևորել գործընկերների, ղեկավարների և բոլոր այն անձանց հանդեպ, ում հետ առնչվում է իր գործառույթներն իրականացնելիս, պահպանել հավասարակշռվածություն և զսպվածություն նրանց հետ հարաբերություններում:
8) Չօգտագործել պաշտոնական դիրքը կամ պետական իշխանության հեղինակությունն իր կամ այլ անձանց համար արտոնություններ, բացառություններ և նպաստավոր այլ պայմաններ ստեղծելու համար։
9) Իր պաշտոնական պարտականությունները կատարելիս հարգել մարդու արժանապատվությունը՝ անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, պաշտոնական դիրքից, գույքային կամ այլ դրությունից:
10) Անձանց չառաջարկել որևէ ծառայություն` կապված իր պաշտոնական դիրքի հետ, եթե նա չունի դրա օրինական իրավունքը:
11) Ձեռնպահ մնալ մաքսային մարմինների կողմից վարվող քաղաքականության կամ գործողությունների վերաբերյալ լրատվամիջոցներով պաշտոնական մեկնաբանություններ կատարելուց, եթե չի ստացել իրավասու վերադասի համաձայնությունը:
12) Չխոչընդոտել իրավախախտումների բացահայտմանը:
13) Իր ծառայողական պարտականությունների կատարման համար չստանալ նվերներ, գումարներ, խուսափել ցանկացած տեսակի հովանավորչությունից, իր վարքով իրեն կախվածության մեջ չդնել որևէ անձից:
14) Չիրականացնել այնպիսի գործողություն, որը միտումնավոր խոչընդոտի իր իրավասությունների ժամանակին և պատշաճ կատարմանը, ձգտել անձանց հետ փոխադարձ վստահելի հարաբերությունների ձևավորմանը:
15) Իր ծառայողական պարտականություններն իրականացնել այնպես, որ հնարավորինս բացառվեն շահերի բախման իրավիճակները, իսկ անձնական և պետական շահերի միջև շահերի բախման խնդիր առաջանալու դեպքում՝ դրա մասին անմիջապես տեղյակ պահել վերադասին:
16) Զերծ մնալ այնպիսի վարքագծի դրսևորումից, որը կարող է վնասել պետական կառավարման համակարգին։
17) Ամենօրյա գործառույթներում և շփումներում լինել քաղաքականապես չեզոք, խուսափել այնպիսի գործողություններից և շփումներից, որոնք կարող են ստեղծել քաղաքական կողմնապահության տպավորություն։
18) Հարգել մաքսային գործի հրապարակայնության սկզբունքը, չխոչընդոտել հասարակությանը և լրատվամիջոցներին` օրենքին համապատասխան ստանալ և տարածել տեղեկատվություն։
19) Թույլ չտալ, որ անձնական, հասարակական կամ այլ հարաբերություններն ազդեցություն ունենան իր ծառայողական պարտականությունների կատարման վրա։
20) Պահպանել համազգեստի կրման կարգն ու պայմանները, հարգանքով վերաբերվել համազգեստին, ունենալ ներկայացուցչական տեսք:
21) Ծառայողը պարտավոր է պահպանել բարոյական նորմերով սահմանված վարքագծի այլ կանոններ:
22) Ցուցաբերել պատշաճ և բարեխիղճ վերաբերմունք ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, իսկ դրանց կատարման ժամանակ՝ լինել հաշվետվողական անմիջական ղեկավարին:
23) Ճիշտ պլանավորել ժամանակը, կատարել աշխատանքի համաչափ բաշխում, արդյունավետորեն օգտագործել իրեն վստահված ռեսուրսները:
24) Մաքսային ծառայությունում պաշտոն զբաղեցնելու ընթացքում առևտրային կազմակերպություն հիմնադրելու և դրա կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում՝ այդ բաժնեմասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման:
(4-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 01.07.19 N 438-Ն)
5. Եթե ծառայողը չի կողմնորոշվում՝ ինչպիսի վարքագիծ դրսևորել որոշակի իրավիճակներում, ապա նա պետք է դիմի անմիջական ղեկավարին: Ծառայողի անմիջական ղեկավարը հնարավորության սահմաններում միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր ենթակաների համար դյուրին լինի սույն կանոնների պահպանումը:
6. Սույն կանոնների խախտումը կարող է հանգեցնել «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվության:
(6-րդ կետը լրաց. 01.07.19 N 438-Ն)
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 01.07.19 N 438-Ն)