Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Տրանսպորտում հանցավորության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները՝ ի դեմս Կառավարությունների, այսուհետ՝ Կողմեր,
կարևոր նշանակություն տալով հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության զարգացմանը, մարդու և քաղաքացու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը,
ելնելով տրանսպորտում հանցավորության դեմ պայքարում Կողմերի փոխգործակցության հետագա ամրապնդման ցանկությունից,
ձգտում արտահայտելով հասնել ուղևորների և բեռների փոխադրման անվտանգության առավելագույնս ապահովմանը,
ղեկավարվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը, սույն Համաձայնագրին, ազգային օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան համագործակցություն են իրականացնում տրանսպորտում կատարված հետևյալ հանցագործությունների նախազգուշացման, հայտնաբերման, խափանման և բացահայտման գործում, նախևառաջ՝
ա) ուղղված անձի կյանքի և առողջության, ազատության, պատվի և արժանապատվության դեմ,
բ) ահաբեկչական բնույթի,
գ) կապված թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և բաղադրիչների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, ուժեղ ներգործության թունավոր նյութերի, ռադիոակտիվ և կենսաբանական նյութերի, ինչպես նաև մարդու կյանքի և առողջության և շրջակա միջավայրի համար սպառնալիք ներկայացնող այլ նյութերի ապօրինի շրջանառության հետ,
դ) կապված անօրինական միգրացիայի հետ,
ե) կապված ապրանքների և բեռների անօրինական ներկրման, արտահանման և տարանցման հետ, այդ թվում՝ այնպիսիների, որոնց տեղափոխումն արգելված կամ սահմանափակված է,
զ) ուղղված սեփականության դեմ, այդ թվում՝ բեռների և ուղեբեռի հափշտակումները,
է) ուղղված տրանսպորտային միջոցը, դրա էլեկտրամատակարարումը, հաղորդակցության ուղիները, տրանսպորտային ենթակառուցվածքի շենքերը և շինությունները, նավագնացության սարքավորումները, կապի և ահազանգման միջոցները կամ տրանսպորտի բոլոր տեսակներով երթևեկության անվտանգությունն ապահովող այլ տրանսպորտային սարքավորումը շահագործելու համար ոչ պիտանի վիճակի հասցնելուն,
ը) կապված երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հետ։
Հոդված 2
1. Կողմերը համագործակցություն են իրականացնում իրենց իրավասու մարմինների միջոցով։
2. Իրավասու մարմինների ցանկը սահմանվում և ավանդապահին է փոխանցվում յուրաքանչյուր Կողմի կողմից։
Իրավասու մարմինների ցանկում փոփոխությունների մասին Կողմերից յուրաքանչյուրը գրավոր տեղեկացնում է ավանդապահին։
3. Կողմերի իրավասու մարմինների կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները, սույն Համաձայնագրի դրույթների կատարման նպատակով, կարող են անմիջական կապեր հաստատել` Կողմերի իրավասու մարմինների սահմանած կարգով։
Հոդված 3
1. Համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.
ա) օպերատիվ, տեղեկատվական, քրեագիտական և այլ տեղեկատվության փոխանակում, այդ թվում՝ տրանսպորտում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների և դրանց առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին,
բ) օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին հարցումների կատարում,
գ) համատեղ օպերատիվ-հետախուզական և հատուկ միջոցառումների պլանավորում և իրականացում, անհրաժեշտության դեպքում՝ համատեղ օպերատիվ-հետախուզական խմբերի ստեղծում,
դ) տրանսպորտում կատարված հանցագործությունների մասին դիմումների և հայտարարությունների համատեղ ստուգումների անցկացում,
ե) Կողմերի իրավասու մարմինների համաձայնությամբ, համատեղ օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-նախազգուշական միջոցառումներ անցկացնելիս, գործողությունների համակարգման նպատակով, ներկայացուցիչների փոխանակում,
զ) քրեական հետապնդումից կամ պատիժը կրելուց թաքնվող, ինչպես նաև անհայտ կորած անձանց հետախուզում,
է) չճանաչված դիակների, ինչպես նաև ինքնությունը չպարզված հիվանդների և երեխաների նույնացում,
ը) անհրաժեշտ աջակցության ցուցաբերում Կողմերի իրավասու մարմինների աշխատակիցներին, ծառայողական գործուղման մեջ գտնվելու ժամանակ, սահմանված կարգով և ընդունող Կողմի համաձայնությամբ,
թ) աշխատանքային փորձի փոխանակում, համատեղ գիտական հետազոտությունների, խորհրդակցությունների, կոնֆերանսների և սեմինարների անցկացում,
ժ) օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, գիտական հետազոտությունների արդյունքների և մեթոդական առաջարկությունների փոխանակում։
2. Կողմերը կարող են համագործակցություն իրականացնել այլ փոխընդունելի ձևերով։
3. Սույն Համաձայնագիրը չի շոշափում քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու և հանձնման հարցերը։
Հոդված 4
1. Կողմերի իրավասու մարմինների համագործակցությունն իրականացվում է աջակցություն ցուցաբերելու մասին հարցումների (այսուհետ՝ հարցում) կատարման միջոցով։
2. Հարցումն ուղարկվում է գրավոր։ Անհետաձգելի դեպքերում հարցումը կարող է հաղորդվել բանավոր, հետագայում, ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, պարտադիր գրավոր հաստատմամբ։ Այս դեպքում կարող են օգտագործվել տեքստի հաղորդման տեխնիկական միջոցներ։
Հարցման իսկության կամ բովանդակության հարցում կասկած առաջանալու դեպքում, կարող է պահանջվել դրա լրացուցիչ հաստատումը։
3. Հարցման մեջ նշվում է՝
ա) հարցնող և հարցվող Կողմերի իրավասու մարմինների անվանումները,
բ) նյութի հակիրճ բովանդակությունը, որով ուղարկվում է հարցումը,
գ) նշում հարցման նպատակի և հիմնավորման մասին,
դ) անհրաժեշտության դեպքում, հարցման կատարման հատուկ կարգի նկարագրությունը և այդ անհրաժեշտության հիմնավորումը,
ե) այլ տվյալներ, որոնք կարող են օգտակար լինել հարցման կատարման համար։
Հարցվող Կողմերի իրավասու մարմինը իրավունք ունի պահանջել լրացուցիչ տվյալներ, որոնք անհրաժեշտ են հարցման պատշաճ կատարման համար։
4. Հարցնող Կողմի իրավասու մարմնի պաշտոնական ձևաթղթի վրա ուղարկված կամ գրավոր կերպով հաստատված հարցումը պետք է ստորագրված լինի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից և հաստատվի տվյալ մարմնի զինանշանային կնիքով։
5. Եթե հարցնող Կողմի իրավասու մարմինը գտնում է, որ հարցման կատարման անհրաժեշտությունը վերացել է, այդ մասին անհապաղ իրազեկում է հարցնող Կողմի իրավասու մարմնին։
Հոդված 5
1. Աջակցության ցուցաբերումը կարող է մերժվել ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե հարցվող Կողմի իրավասու մարմինը համարում է, որ հարցման կատարումը կարող է վնաս հասցնել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ հակասում է նրա ազգային օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:
2. Հարցնող Կողմի իրավասու մարմինը անհապաղ գրավոր ծանուցվում է հարցման կատարումը ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին՝ մերժման պատճառների նշումով:
Հոդված 6
1. Եթե աջակցություն ցուցաբերելու մասին հարցման կատարումը չի մտնում հարցումը ստացած մարմնի իրավասության մեջ, ապա այդ մարմինը հարցումը անհապաղ փոխանցում է հարցվող Կողմի համապատասխան իրավասու մարմնին և այդ մասին տեղեկացնում է հարցնող Կողմի իրավասու մարմնին։
2. Հարցվող Կողմի իրավասու մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները հարցնող Կողմի իրավասու մարմնի նշած ժամկետներում հարցման ամբողջական և որակյալ կատարումն ապահովելու համար։
Հարցնող Կողմի իրավասու մարմինը անհապաղ տեղեկացվում է հարցման կատարմանը խոչընդոտող կամ դրա կատարումը զգալիորեն ձգձգող հանգամանքների մասին։
3. Հարցումը կատարելիս կիրառվում է հարցվող Կողմի օրենսդրությունը։
4. Հարցվող Կողմի իրավասու մարմինը հարցնող Կողմի իրավասու մարմնի խնդրանքով կարող է հարցումը կատարելիս նրա ներկայացուցչի մասնակցության հնարավորություն ընձեռել։
5. Կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմինները ապահովում են մյուս Կողմի իրավասու մարմնից ստացված տեղեկատվության գաղտնիությունը, եթե հարցնող Կողմի իրավասու մարմինը անցանկալի է համարում դրանց բովանդակության հրապարակումը։ Գաղտնիության աստիճանը որոշում է հարցնող Կողմի իրավասու մարմինը։
Հարցումը կատարելիս գաղտնիությունը պահպանելու անհնարինության դեպքում հարցվող Կողմի իրավասու մարմինը այդ մասին տեղեկացնում է հարցնող Կողմի իրավասու մարմնին՝ նման պայմաններով հարցման կատարման հնարավորության մասին որոշում կայացնելու համար։
Հոդված 7
1. Հարցման կատարման արդյունքները, առանց դրանք տրամադրող իրավասու մարմնի համաձայնության, չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան այն, ինչի համար դրանք հարցվել են և տրամադրվել։
2. Հարցնող Կողմի իրավասու մարմինը հարցման կատարման արդյունքները այլ նպատակներով կարող է օգտագործել միայն հարցվող Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությամբ։ Նման դեպքերում հարցնող Կողմի իրավասու մարմինը պահպանում է հարցվող Կողմի իրավասու մարմնի կողմից սահմանված հարցման արդյունքների օգտագործման սահմանափակումները։
3. Սույն հոդվածի դրույթները չեն բացառում հարցման կատարման արդյունքների այլ նպատակներով օգտագործումը կամ հրապարակումը, եթե հարցնող Կողմի օրենսդրությամբ նախատեսված է նման կերպ գործելու պարտավորությունը։ Հարցման կատարման արդյունքների այլ նպատակներով օգտագործումը կամ հրապարակումը թույլատրվում է միայն հարցվող Կողմի գրավոր թույլտվությամբ։
Հոդված 8
Սույն Համաձայնագրի հիման վրա Կողմերից մեկի իրավասու մարմնի ստացած տեղեկությունները երրորդ կողմին փոխանցելու համար նախապես պահանջվում է այդ տեղեկությունները տրամադրած մյուս Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությունը։
Հոդված 9
Կողմերի իրավասու մարմինները ինքնուրույն են կրում սույն Համաձայնագրի կատարման ընթացքում ծագող ծախսերը, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի համաձայնեցվի։
Հոդված 10
Կողմերի իրավասու մարմինները, համագործակցություն իրականացնելիս, որպես աշխատանքային, օգտվում են ռուսերեն լեզվից։
Հոդված 11
Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս և կիրառելիս ծագող վիճելի հարցերը լուծվում են Կողմերի միջև խորհրդատվությունների և բանակցությունների միջոցով։
Հոդված 12
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերից բխող նրանց իրավունքներն ու պարտավորությունները։
Հոդված 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից։ Նման ընթացակարգերը ավելի ուշ կատարած պետությունների համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից համապատասխան ծանուցում ստանալու օրվանից։
Հոդված 14
Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են դրա անբաժանելի մասը հանդիսացող արձանագրությամբ և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածով նախատեսված կարգով։
Հոդված 15
Սույն Համաձայնագիրը բաց է դրա դրույթներն ընդունող այլ պետությունների կողմից միանալու համար՝ նման միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին փոխանցելու ճանապարհով։ Միացած պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից։
Հոդված 16
1. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից, այդ մասին դուրս գալու օրվանից առնվազն վեց ամիս առաջ գրավոր ծանուցելով ավանդապահին։
2. Դուրս գալու պահին համապատասխան Կողմը պարտավոր է կատարել սույն Համաձայնագրում նրա մասնակցության ժամանակ ծագած բոլոր նյութական և ֆինանսական պարտավորությունները։
Հոդված 17
Սույն Համաձայնագիրը գործում է այն ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում։ Այդ ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար երկարացվում է յուրաքանչյուր անգամ նոր հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերն այլ որոշում չընդունեն։
Կատարված է Աստանա քաղաքում, 2004 թվականի սեպտեմբերի 15-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը։
Համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանական Հանրապետության (վերապահումով), Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ուկրաինայի կառավարությունների կողմից:
Ադրբեջանական Հանրապետության
Հ Ա Տ ՈՒ Կ Կ Ա Ր Ծ Ի Ք Ը
Տրանսպորտում հանցավորության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի վերաբերյալ
Ադրբեջանական Հանրապետությունը համարում է, որ Համաձայնագրի դրույթները չեն կարող կիրառվել Ադրբեջանական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև, մինչև Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանական Հանրապետության զավթված տարածքների ազատագրումը և վերջինիս կողմից Ադրբեջանական Հանրապետության նկատմամբ ագրեսիայի հետևանքների վերացումը։
Ադրբեջանական Հանրապետության |
Ա. Ռասի-զադե |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Տրանսպորտում հանցավորության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության հատուկ կարծիքի դեմ
Հայաստանի Հանրապետությունը առարկում է «Տրանսպորտում հանցավորության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության հատուկ կարծիքի դեմ:
Համաձայն 1969 թ. «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի` վերապահում է համարվում ցանկացած ձևակերպումով և ցանկացած վերնագրով պետության կողմից արված միակողմանի հայտարարությունը: Հետևաբար, Ադրբեջանի Հանրապետության արտահայտած հատուկ կարծիքը համարվում է վերապահում:
Ադրբեջանի Հանրապետության հատուկ կարծիքը չի համապատասխանում Վիեննայի կոնվենցիայի կողմից վերապահմանը ներկայացվող պահանջներին: Մասնավորապես, համաձայն Վիեննայի կոնվենցիայի, վերապահմամբ պետությունը ցանկանում է բացառել կամ փոփոխել պայմանագրի որոշակի դրույթների իրավական ուժը դրանք իր նկատմամբ կիրառելիս: Սակայն, Ադրբեջանի Հանրապետությունը չի նշում որևէ որոշակի դրույթ, որի գործողությունը վերջինս ցանկանում է բացառել կամ փոփոխել: Ուստի, արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը իր հատուկ կարծիքով խախտում է Վիեննայի կոնվենցիայի դրույթները:
Հայաստանի Հանրապետությունն առարկում է Ադրբեջանի Հանրապետության հատուկ կարծիքի դեմ` համաձայնագրի առարկային և նպատակին հակասելու հիմքով: Մասնավորապես, համաձայնագրի նպատակներից է ազգային օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան` Կողմերի համագործակցությունը տրանսպորտում կատարված հանցագործությունների նախազգուշացման, հայտնաբերման, խափանման և բացահայտման գործում: Համաձայնագրի առարկան են հիշատակված նպատակների իրագործման համար կողմերի միջև ծագող և համաձայնագրի կարգավորմանը ենթակա հարաբերությունները: Ադրբեջանի Հանրապետության արտահայտած հատուկ կարծիքը անիրագործելի է դարձնում համաձայնագրի առարկա հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության համար, ինչպես նաև անիրականալի է դարձնում համաձայնագրի նպատակը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Մոլդովայի Հանրապետության համար` 16.09.2005, Տաջիկստանի Հանրապետության համար` 16.09.2005, Ուկրաինայի համար` 16.09.2005, Բելառուսի Հանրապետության համար` 06.10.2005, Ռուսաստանի Դաշնության համար` 11.09.2006, Ղրղզստանի Հանրապետության համար` 13.10.2006, Հայաստանի Հանրապետության համար` 16.01.2007:
