ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 հոկտեմբերի 2018 թ. |
N 21-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐԻ ԱՐՅՈՒՆԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԱՆՋԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը և 20-րդ հոդվածը՝
Հրամայում եմ`
Հաստատել արյան և դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման, արյան դոնորի արյունից ֆիզիկական մեթոդներով բաղադրամասերի անջատման կարգը` համաձայն հավելվածի:
Պաշտոնակատար` |
Ա. Թորոսյան |
Հավելված Առողջապահության նախարարի |
Կ Ա Ր Գ
ԱՐՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐԻ ԱՐՅՈՒՆԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԱՆՋԱՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխումը, արյան բաղադրամասերի պատրաստումը և արյան դոնորի արյունից ֆիզիկական մեթոդներով բաղադրամասերի անջատման պայմանների հետ կապված հարաբերությունները:
II. ԱՐՅԱՆ, ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
2. Արյան բաղադրամասերի տեղափոխումը կատարվում է արյան բաղադրամասեր պահանջող փոխներարկումային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից կամ համապատասխան պայմանագրի կնքման դեպքում՝ արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունների կողմից:
3. Արյան, դրա բաղադրամասերի տեղափոխումն իրականացվում է հատուկ ջերմամեկուսիչ փակ արկղերով (կոնտեյներներով): Արկղերի փականները պետք է բացառեն արյան արտահոսքն արկղից դուրս ցանկացած դեպքում: Արկղերի մակերեսները պետք է ունենան ոչ ջրաթափանց և ախտահանման ենթակա ծածկ, լինեն չոր և մաքուր: Հետազոտված և չհետազոտված արյան և արյան բաղադրամասերի տեղափոխման ժամանակ դրանք պետք է դիտվեն որպես վարակ պարունակող նյութ:
4. Արյան և արյան բաղադրամասերի տեղափոխումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 25-ի թիվ 03-Ն հրամանով հաստատված «Արյան կամ դրա բաղադրամասերի որակական հատկանիշների ապահովման նպատակով հատուկ ջերմային և անվտանգության պայմաններում պահպանման» կարգի՝ ապահովելով պահպանման ջերմային ռեժիմն ամբողջ ժամանակահատվածում.
1) ամբողջական արյուն և էրիթրոցիտային զանգված ՝ +20C+60C ջերմաստիճանում,
2) թրոմբոցիտային զանգվածը՝ +200C+240C ջերմաստիճանում,
3) թարմ սառեցված պլազմա՝ -180C-300C ջերմաստիճանում:
III. ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
5. Արյան հավաքումը և արյան բաղադրամասերի պատրաստումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման փոխներարկումային (տրանսֆուզիոլոգիական, պերֆուզոլոգիական) գործունեության տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունների կողմից:
6. Արյունը հավաքվում է 18 տարին լրացած, արյունատվության հակացուցում չունեցող անձանցից` ղեկավարվելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով:
7. Արյան բաղադրամասերը՝ էրիթրոցիտային զանգվածը, պլազման և տրոմբոցիտային զանգվածը, անջատվում են ամբողջական արյունից ֆիզիկական եղանակով` համաձայն սույն կարգի 1-ին և 2-րդ աղյուսակների պայմանների՝
1) ամբողջական արյան ցենտրիֆուգման եղանակով,
2) արյան բաղադրամասերի անջատում ավտոմատ սարքի միջոցով, որն իրականացվում է համաձայն սարքի օգտագործման ուղեցույցի:
8. Պլազման հավաքվում է նաև պլազմաֆերեզի եղանակով, որի ժամանակ ամբողջական արյունից անջատվում է պլազմա, իսկ արյան ձևավոր տարրերը վերադարձվում են դոնորին: Դոնորական պլազմաֆերեզը կատարվում է ցենտրիֆուգման և ֆիլտրացիոն եղանակներով:
9. Տրոմբոցիտային զանգվածը ստացվում է՝
1) թարմ ամբողջական արյունից ստացված տրոմբոցիտներով հարուստ պլազմայից,
2) անընդմեջ տրոմբոֆերեզի եղանակով:
10. Արյան հավաքման և արյան բաղադրամասերի անջատման ընթացքում դոնորական արյան և դրանից պատրաստված արյան բաղադրամասերի յուրաքանչյուր պարկը, ինչպես նաև այդ արյունից վերցված փորձանմուշները, մակնշվում են նույն հերթական համարով և նույնականացվում են արյան հավաքագրում իրականացնող բուժաշխատողի կողմից:
11. Պատրաստվող արյան բաղադրամասերի անվտանգության հետազոտությունների իրականացման համար արյան փորձանմուշը վերցվում է հավաքման համակարգի խողովակից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 8-ի թիվ 07-Ն հրամանով հաստատված «Արյան հավաքման դեպքում բժշկական կազմակերպության կողմից անհրաժեշտ քանակությամբ արյան վերցման, պիտակավորման և հետազոտության ուղարկելու» կարգի:
12. Արյան բաղադրամասերի պատրաստման նպատակով հավաքվող արյան հոսքը պետք է լինի չընդհատվող` արյունատվության ամբողջ ընթացքում, և պետք է ապահովվի արյան և պարկի կոնսերվանտի անընդմեջ խառնումը: Հավաքվող արյան ծավալը պետք է համապատասխանի տվյալ պարկի պիտակի վրա նշված ծավալին:
13. Ընդհատվող եղանակով պլազմաֆերեզի իրականացման ժամանակ արյան ձևավոր տարրերի վերադարձումից առաջ նույնականացվում են պարկի պիտակի, դոնորական քարտի գրառումները, որոնք դոնորի կողմից հաստատվում են բանավոր հարցադրման ժամանակ (անունը, ազգանունը, հայրանունը, խմբային և ռեզուս պատկանելությունը):
IV. ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐԻ ԱՐՅՈՒՆԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԱՆՋԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Աղյուսակ N 1
NN |
Նպատակը |
Կենտրոնաձիգ արագացումը (g) |
Ժամանակը (րոպե) |
1. |
Արյան բաժանումն էրիթրոցիտային զանգվածի և պլազմայի |
2150 |
20 |
2. |
Տրոմբոցիտներով հարուստ պլազմային ստացում |
680 |
30 |
3. |
Տրոմբոցիտների ստացումը տրոմբոցիտներով հարուստ պլազմայից |
2400 |
20 |
Աղյուսակ N 2
Ցենտրիֆուգման խիստ ռեժիմը | |
Սկզբնական ցետրիֆուգում |
5000 g 5 րոպե |
Տրոմբոցիտային զանգված | |
Ձևավոր տարրերով աղքատացված պլազմա |
5000 g 7 րոպե |
Կրիոպրեցիպիտատ | |
Ցենտրիֆուգման մեղմ ռեժիմը | |
Տրոմբոցիտներով հարուստ պլազմա |
2000 g 3 րոպե |
Կենտրոնաձիգ արագացումը (g) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
g=1,118x10-5 ո2r
որտեղ r - ռոտորի (պտուտակի) շառավիղը` սանտիմետրերով, ո- պտույտների թիվը` րոպեում:
Ռոտորի շառավիղը չափվում է ռոտորի կենտրոնից մինչև ցենտրիֆուգայի բաժակի հատակը: