ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
30 հուլիսի 2018 թ. |
N 474-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 11 հունիսի 2018թ. թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 14-րդ ենթակետով՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 21-ի «Հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի, դիմում-բողոք բերած անձին հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի, հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի N 18-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 102-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 16-րդ կետում «7 հոգի» բառերը փոխարինել «6 հոգի» բառերով:
2) Հավելվածը լրացնել նոր 16.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հանձնաժողովի անդամը չի մասնակցում այն անհատական իրավական ակտերի, ինչպես նաև այն հարկային և մաքսային ծառայողների գործողությունների կամ անգործության վերաբերյալ ներկայացված դիմում-բողոքների քննարկմանն ու որոշումների կայացման քվեարկությանը, որոնք համապատասխանաբար ընդունվել կամ կատարվել են իր կամ այն ստորաբաժանման աշխատակցի կողմից, որի ղեկավար կամ աշխատակից է հանդիսանում վերջինս:»:
3) Հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Հանձնաժողովի նիստերը ձայնագրվում են, որի վերաբերյալ նիստը սկսվելուց առաջ բանավոր կարգով տեղեկացվում է դիմում-բողոք բերած անձին (անձանց):
Հանձնաժողովի նիստերի ձայնագրությունը վարում է հանձնաժողովի նիստի քարտուղարը՝ ձայնագրիչի միջոցով:
Ձայնագրություններն անցկացվում են համապատասխան էլեկտրոնային կրիչների վրա, պահվում են 2 տարի, որից հետո ոչնչացվում են:»:
4) Հավելվածը լրացնել նոր 17.1-ին, 17.2-րդ և 17.3-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«17.1. Նախապես տեղեկացնելով հանձնաժողովին և դիմում-բողոք բերած անձի համաձայնության դեպքում նիստերին կարող է մասնակցել, ինչպես նաև նիստերը ձայնագրել (տեսագրել) ցանկացած անձ (անձինք), այդ թվում` զանգվածային լրատվության, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ(ներ)ը:
17.2. Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նախագահը կարող է մասնակցել դիմում-բողոքների քննարկմանը և որոշումների կայացման քվեարկությանը՝ որպես դիտորդ:
17.3. Հանձնաժողովի նիստերը կարող են լինել դռնփակ` դիմում-բողոք ներկայացրած անձի գրավոր միջնորդության հիման վրա հանձնաժողովի նախագահի կայացրած որոշմամբ` օրենքով սահմանված առևտրային կամ այլ (այդ թվում` հարկային) գաղտնիք պահպանելու նպատակով:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Դ. Անանյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|