«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 մայիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10017218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 ապրիլի 2017թ. |
N 14-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը,
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 29-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 80-Ն հրամանի հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) 15-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«մինչև 12 շաբաթական ժամկետը հղիության արհեստական ու ինքնաբեր ընդհատման դեպքում բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է վճարովի, այդ թվում ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 4-ի թիվ 318 որոշման հավելված 1-ով սահմանված` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկի 6-րդ կետում ընդգրկված կանանց: Բացառություն են կազմում վերոնշյալ ցանկի մնացած խմբերում ընդգրկված, ինչպես նաև 2017 թվականի փետրվարի 23-ի «Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 180-Ն որոշմամբ սահմանված բժշկական և սոցիալական ցուցումներ ունեցող կանայք:»։
Լ. Ալթունյան