Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.09.15/19(562) Հոդ.238
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
10.08.2016
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Ստորագրման ամսաթիվ
10.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 օգոստոսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 12116284

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 օգոստոսի 2016 թ.
ք. Երևան

N 10-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 258-Ն որոշման 1-ին հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Դ. Լոքյան

 

Հավելված
ՀՀ տարածքային կառավարման և
զարգացման նախարարի
2016 թվականի օգոստոսի 10-ի
N 10-Ն հրամանի

 

ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության ենթակայությամբ գործող ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում («Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն) /այսուհետ` Կենտրոն/ բնակության ներքին կարգապահական կանոններն են.

1) Կենտրոնի բնակիչները կարող են մուտք գործել Կենտրոնի տարածք և դուրս գալ այնտեղից ժամը 07:00-23:00 սահմաններում: Սույն ժամկետները չեն կիրառվում բնակչի աշխատանքի, բժշկական օգնություն ստանալու կամ այլ անհետաձգելի հանգամանքներով պայմանավորված դեպքերում,

2) Կողմնակի անձանց մուտքը Կենտրոն թույլատրվում է 10:00-17:00 սահմաններում` այդ նպատակի համար նախատեսված սենյակում: Կենտրոնի այցելուները պետք է գրանցվեն Կենտրոնում` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ,

3) Բնակիչները անարգել կարող են Կենտրոնում տեսակցել ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և նրա գործընկեր կազմակերպությունների աշխատակիցների հետ,

4) Պահպանել անդորրը` 23:00-ից մինչև 07:00,

5) Կենտրոնի տարածքում և սենյակներում չաղմկել,

6) Սենյակներում և Կենտրոնի տարածքում պահպանել մաքրություն,

7) Սենյակում և Կենտրոնի տարածքում չծխել,

8) Բարեխղճորեն և խնամքով օգտագործել Կենտրոնի գույքը,

9) Խոհանոցից կարելի է օգտվել ամեն օր` ժամը 7:00-23:00: Մանկահասակ երեխա ունեցողները, հաշմանդամություն ունեցող անձինք, բուժման մեջ գտնվողները խոհանոցից կարող են օգտվել առանց ժամային սահմանափակման,

10) Խոհանոցից օգտվելուց հետո խոհանոցը բերել պատշաճ վիճակի,

11) Խնայողաբար օգտագործել ջուրը, գազը և էլեկտրաէներգիան,

12) Լոգարանից կարելի է օգտվել շաբաթական 4 օր, ժամը 7:00-23:00, հունիս-սեպտեմբեր ամիսներին` երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին, և շաբաթական 3 օր` հոկտեմբեր-մայիս ամիսներին` երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին: Կենտրոնի տնօրենի թույլտվությամբ, անհետաձգելի դեպքերում սույն կանոնը չի կիրառվում հատուկ կարիքներ ունեցող բնակիչների նկատմամբ,

13) Լոգարանից օգտվելուց հետո լոգարանը բերել պատշաճ վիճակի,

14) Առանց Կենտրոնի տնօրենի նախնական համաձայնության` սենյակում չտեղադրել այնպիսի գույք (սարքավորումներ, կահույք, էլեկտրական սարքեր և այլն), որոնք ընդգրկված չեն Կենտրոնի հաշվեկշռում,

15) Կենտրոն չբերել, Կենտրոնում չօգտագործել թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր (բացառությամբ բժշկի կողմից նշանակված դեղերի), ալկոհոլային խմիչքներ, պայթուցիկ և դյուրավառ նյութեր, ատրճանակներ և սառը զենք, կամ այլ պարագաներ, որոնց կիրառումը կարող է սպառնալ Կենտրոնում բնակվող անձանց կյանքի և առողջության անվտանգությանը,

16) Սենյակներում սեփական միջոցներով ձեռք բերված ջեռուցման սարքեր չօգտագործել,

17) Կենտրոնից բացակայելու դեպքում բոլոր էլեկտրական սպառիչները հոսանքազրկել,

18) Կենտրոնի սենյակներ կամ Կենտրոնի տարածք չբերել/չպահել կենդանիներ կամ թռչուններ,

19) Սենյակների պատերին կամ Կենտրոնի տարածքի պատերին չամրացնել, չփակցնել նկարներ, պաստառներ,

20) Մաքրել սենյակները և մասնակցել ընդհանուր օգտագործման տարածքների մաքրման աշխատանքներին` ըստ Կենտրոնի տնօրենի կազմած գրաֆիկի,

21) Կենտրոնի բնակիչների միջև վեճ ծագելու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնել Կենտրոնի տնօրենին, իսկ նրա բացակայության դեպքում` օրապահին,

22) Մանկահասակ երեխաներ ունեցող անձինք իրենց երեխաներին չպետք է թողնեն առանց հսկողության,

23) Հրդեհի դեպքում զանգահարել 1-01 և անհապաղ տեղեկացնել Կենտրոնի տնօրենին,

24) Շուտ փչացող այնպիսի սննդամթերքները, որոնք կարող են դառնալ վարակի աղբյուր, պահել միայն սառնարանում,

25) Առանց տնօրենի թույլտվության չտեղափոխվել մեկ այլ սենյակ,

26) Անհրաժեշտությունից ելնելով` տնօրենի պահանջով տեղափոխվել բնակության մեկ այլ սենյակ,

27) Սենյակները չվերափոխել, դրանցում վերանորոգման-շինարարական աշխատանքներ չիրականացնել,

28) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել ժամանակավոր օգտագործման տրամադրված գույքը վնասելու դեպքում,

29) Մուտք չգործել այլ բնակիչների սենյակներ առանց տվյալ սենյակի բնակչի համաձայնության, բացառությամբ առաջին օգնություն ցուցաբերման անհրաժեշտություն կամ արտակարգ պատահարների դեպքերում,

30) Հարգել բնակչների պատիվն ու արժանապատվությունը, քաղաքական և կրոնական հայացքները, մշակութային ավանդույթները,

31) Կենտրոնի բնակիչների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք և հանդուրժողականություն, չվիրավորել, չկատարել նրանց պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող գործողություններ,

32) Հարգալից վերաբերվել Կենտրոնի աշխատողներին, կատարել նրանց օրինական պահանջները, չխոչընդոտել նրանց աշխատանքային պարտականությունների կատարմանը,

33) Ընդհանուր օգտագործման սենյակներից և մատուցվող ծառայություններից օգտվելիս հետևել Կենտրոնի տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցին,

34) Պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը և անձնական հիգիենայի կանոնները,

35) Մասնակցել Կենտրոնի ղեկավարության կողմից Կենտրոնի բնակիչների հետ կազմակերպվող ժողովներին,

36) Մասնակցել ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և նրա գործընկեր կազմակերպությունների կողմից Կենտրոնում կազմակերպվող տեղեկատվական և ուսուցողական ժողովներին, դասընթացներին,

37) Կենտրոնում լուսա/տեսա/կինոնկարահանում չկատարել,

38) Զբաղեցրած սենյակից 24 և ավելի ժամ բացակայելու դեպքում նախապես գրավոր տեղեկացնել Կենտրոնի տնօրենին` բացակայության նպատակի և գտնվելու ենթադրյալ վայրի մասին, հանձնել սենյակի բանալին Կենտրոնի օրապահին,

39) Զբաղեցրած սենյակից մեկ ամսվա ընթացքում մինչև 7 օր հարգելի պատճառներով բացակայելու դեպքում նախապես ստանալ Կենտրոնի տնօրենի թույլտվությունը,

40) Բնակության ժամկետը լրանալու կամ Կենտրոնում բնակության իրավունքը դադարեցվելու դեպքում 3-օրյա ժամկետում ազատել զբաղեցրած սենյակը,

41) Կենտրոնից դուրս գրվելիս վերադարձնել Կենտրոնի կողմից տրամադրված պարագաները, բացառությամբ այն իրերի, որոնք հանձնվել են մշտական օգտագործման,

42) Տնօրենի պահանջով ներկայանալ և տալ բանավոր/գրավոր բացատրություն` բնակության ներքին կարգապահական կանոնների խախտման վերաբերյալ,

43) Կենտրոնի բնակիչները պետք է ենթարկվեն բնակության ներքին կարգապահական կանոններին: Բնակության ներքին կարգապահական կանոնները խախտած բնակիչը Կենտրոնի տնօրենի կողմից բանավոր/գրավոր նախազգուշացվում է խախտման հետևանքների վերաբերյալ,

44) Բնակության ներքին կարգապահական կանոնները 2 և ավելի անգամ խախտելու դեպքում` բնակչին տրված «Ժամանակավոր տեղավորման Կենտրոնում տեղավորման» ուղեգիրը, Կենտրոնի տնօրենի առաջարկության հիման վրա, կարող է ուժը կորցրած ճանաչվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան