«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 ապրիլի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11316099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 մարտի 2016 թ. ք. Երևան |
N 4-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան» պետական հիմնարկ ստեղծելու մասին» թիվ 1537-Ն որոշման 5-րդ կետի պահանջների՝
Հրամայում եմ`
Հաստատել`
1) «Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան» պետական հիմնարկի կանոնադրությունը»՝ համաձայն հավելված 1-ի,
2) «Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան» պետական հիմնարկի կառուցվածքը»՝ համաձայն հավելված 2-ի:
ՀՀ պաշտպանության նախարար |
Ս. Օհանյան |
Հավելված 1 ՀՀ պաշտպանության նախարարի 2016 թվականի մարտի 10-ի N 4-Ն հրամանի |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ` Նախարարություն) «Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան» պետական հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է (այսուհետ` Համալսարան), որն իրականացնում է պաշտպանական-անվտանգային ոլորտում գիտատեսական, գիտակիրառական ռազմավարական հետազոտություններ, բարձրագույն, հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթություն, գիտահրատարակչական գործունեություն:
2. Համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
3. Համալսարանը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, այլ իրավական ակտերով ու համապատասխան միջազգային ու օտարերկրյա կազմակերպությունների միջև ստորագրված համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ:
4. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով Համալսարանն իրավունք ունի հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից, կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, զինվորական ծառայության կամ աշխատանքային իրավահարաբերություններում հանդես գալ կնքվող համապատասխան պայմանագրի կողմ:
5. Համալսարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն և այլ լեզուներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Համալսարանը կարող է ունենալ զորամասի պայմանական համար, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի (այսուհետ` Նախարար) կողմից:
7. Համալսարանի անվանումն է`
1) հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան» պետական հիմնարկ,
2) հայերեն կրճատ` ՀՀ ՊՆ «ՊԱՀՀ» ՊՀ,
3) ռուսերեն լրիվ` Государственное учреждение «Национальный оборонный исследовательский университет» Министерства обороны Республики Армения,
4) ռուսերեն կրճատ` ГУ «НОИУ» МО РА,
5) անգլերեն լրիվ`«National Defense Research University» of The Ministry of Defense of The Republic of Armenia state institution,
6) անգլերեն կրճատ`«NDRU» MOD, RA SI:
8. Համալսարանի գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կ. Ուլնեցու 56/6:
II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Համալսարանի նպատակն է ՀՀ անվտանգային-պաշտպանական համակարգի արդյունավետության մակարդակի բարձրացումը` կրթական և հետազոտական գործունեության իրականացմամբ:
10. Համալսարանի խնդիրներն են`
1) տարածաշրջանային անվտանգության դինամիկայի վերաբերյալ ռազմավարական հետազոտությունների իրականացում, համապատասխան առաջարկների ներկայացում Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը,
2) ռազմավարական մակարդակում տեղեկատվական անվտանգության ապահովման, ինչպես նաև կիբեռանվտանգության ռեսուրսների կառավարման ուղղությամբ հետազոտությունների իրականացում,
3) ապահովել ղեկավար կազմի ռազմավարական գիտելիքների ընդլայնումը` պաշտպանական-անվտանգային ոլորտի գերատեսչությունների միջին ու բարձր օղակի պաշտոնյաների և ավագ ու բարձրագույն սպայական կազմի համար միջգերատեսչական ձևաչափով ուսուցման կազմակերպման միջոցով,
4) պաշտպանական-անվտանգային ոլորտում ռազմավարական մակարդակի ռազմական կրթության գործընթացի կազմակերպում:
11. Համալսարանի գործառույթներն են`
1) պաշտպանական-անվտանգային և ռազմական մագիստրոսական ու լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացում` ռազմավարական հետազոտությունների արգասիքների կրթական գործընթաց տեղափոխմամբ,
2) պաշտպանական-անվտանգային և ռազմական ոլորտի առաջատար հաստատությունների փորձի ուսումնասիրում և տեղայնացում,
3) ազգային անվտանգության և ռազմական ռազմավարական հայեցակարգերից բխող ոլորտային ռազմավարությունների փորձաքննում,
4) պաշտպանական-անվտանգային և ռազմական ոլորտում գիտական կադրերի պատրաստում` հետբուհական կրթական ծրագրերի իրականացմամբ,
5) գիտահետազոտական գործունեության արգասիքների և ուսումնական-փորձագիտական ձեռնարկների հրատարակում, մասնավորապես՝ մասնագիտական հանդեսների, մենագրությունների, բառարանների հրատարակման միջոցով:
III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
12. Համալսարանի կառավարումը իրականացվում է Համալսարանի խորհրդի, Նախարարության, Համալսարանի պետի և Համալսարանի Գիտական խորհրդի կողմից:
13. Համալսարանի Խորհուրդը (այսուհետև` Խորհուրդ) կոլեգիալ մարմին է, որը ձևավորվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
14. Խորհուրդը.
1) քննարկում է Համալսարանի զարգացման ռազմավարական ուղղությունները,
2) քննարկում է Համալսարանի կողմից իրականացվող ռազմավարական հետազոտությունների թեմատիկ պլանը,
3) քննարկում է Համալսարանի գիտահրատարակչական կենտրոնի (այսուհետ` Կենտրոն) տարեկան գործունեության պլանը,
4) հաստատում, փոփոխում կամ ուժը կորցրած է ճանաչում իր ներքին աշխատակարգը:
15. Խորհրդի նախագահը հրավիրում է խորհրդի նիստեր, ղեկավարում դրանք, ստորագրում խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները, իրականացնում խորհրդի աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ:
16. Խորհրդի նիստը գումարվում է տարեկան առնվազն մեկ անգամ:
17. Խորհուրդը կարող է գումարել արտահերթ նիստեր` խորհրդի նախագահի կամ Համալսարանի պետի նախաձեռնությամբ, ինչպես նաև Խորհրդի առնվազն հինգ անդամների առաջարկով: Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են նախաձեռնողների սահմանած ողջամիտ ժամկետում և օրակարգով:
18. Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների երկու երրորդը:
19. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն կանոնադրությամբ կամ Խորհրդի որոշմամբ այլ առանձնացված ընթացակարգ չի նախատեսվում:
20. Համալսարանի պետի պաշտոնը հանդիսանում է բարձրագույն սպայական խմբի պաշտոն: Համալսարանի պետը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով:
21. Համալսարանի պետը.
1) ղեկավարում է Համալսարանի գործունեությունը,
2) առանց լիազորագրի գործում է Համալսարանի անունից, ներկայացնում է նրա շահերը պետական մարմիններում և այլ կազմակերպություններում,
3) հրավիրում և վարում է Համալսարանի գիտական խորհրդի (այսուհետև` Գիտական խորհուրդ) նիստեր,
4) օրենքով սահմանված կարգով տիրապետում և օգտագործում է Համալսարանի գույքն ու ֆինանսական միջոցները,
5) տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Նախարարին` համալսարանի գործունեության վերաբերյալ,
6) իր իրավասության սահմաններում կնքում է պայմանագրեր, արձակում հրամաններ, կարգադրություններ, հրահանգներ, տալիս ցուցումներ,
7) նախարարի հաստատմանն է ներկայացնում Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, դրանցում կատարվող փոփոխությունները,
8) պատասխանատու է Համալսարանի բնականոն գործունեության համար,
9) իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
22. Համալսարանի պետի բացակայության դեպքում, Նախարարի հանձնարարությամբ, պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվում է Համալսարանի պետի տեղակալներից մեկին:
23. Համալսարանի պետի տեղակալները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են Նախարարի կողմից` Համալսարանի պետի առաջարկությամբ:
24. Համալսարանի պետը կարող է ունենալ օգնականներ և խորհրդականներ:
25. Գիտական խորհուրդը Համալսարանի կառավարման կոլեգիալ մարմին է և մասնակցում է Համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերի լուծմանը:
26. Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են Համալսարանի պետը (Գիտական խորհրդի նախագահ), Համալսարանի պետի տեղակալները, Համալսարանի կրթական և հետազոտական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների ղեկավարները: Համալսարանի Գիտական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել նաև Համալսարանի` գիտական աստիճան ունեցող այլ աշխատակիցներ, ինչպես նաև հրավիրված մասնագետներ: Գիտական խորհրդի կազմը չի կարող պակաս լինել 15 անդամից:
27. Գիտական խորհրդի կազմը հաստատում է Նախարարը` Համալսարանի պետի ներկայացմամբ: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
28. Գիտական խորհուրդը`
1) հաստատում է իր կանոնակարգը,
2) քննարկում և հաստատում է կրթական ծրագրերը` ըստ մասնագիտությունների,
3) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, Համալսարանում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքները,
4) ընդունում է պարգևատրումների մասին որոշումներ,
5) քննարկում և հաստատում է ուսումնական պլաններն ու գիտական հետազոտությունների թեմաները և եզրակացություններ ներկայացնում դրանց վերաբերյալ,
6) քննարկում է հասարակական, քաղաքական, կրթական, գիտական ոլորտներին ու կարևորագույն իրադարձություններին վերաբերող խնդիրներ, ըստ անհրաժեշտության ընդունում է հայտարարություններ,
7) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
29. Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն վեց ամիսը մեկ անգամ:
30. Գիտական խորհրդի նիստերի օրակարգը ձևավորվում է Գիտական խորհրդի նախագահի կողմից` անդամների առաջարկությունների հաշվառմամբ:
31. Համալսարանի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների երկու երրորդը: Որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
32. Համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ կարող են ստեղծվել հանձնաժողովներ, որոնց կառուցվածքը, իրավասությունը, աշխատակարգը սահմանում է Համալսարանի գիտական խորհուրդը:
IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
33. Համալսարանի պաշտպանական-անվտանգային ոլորտի գիտահետազոտական գործունեությունն իրականացնում է Զորավար Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (այսուհետ` ԱՌՀԻ), որի ղեկավարն է Համալսարանի պետի` գիտության գծով տեղակալը:
34. Համալսարանի պետի` գիտության գծով տեղակալ–ԱՌՀԻ-ի պետը.
1) ղեկավարում է իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների գործունեությունը,
2) մասնակցում է Համալսարանի ընդհանուր գործունեությանն առնչվող ծրագրերի մշակմանը,
3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և ԱՌՀԻ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
35. Գիտահետազոտական գործունեությանը կարող են մասնակցել նաև Համալսարանի այլ գիտաշխատողներ, ասպիրանտներ, հայցորդներ, ինչպես նաև հրավիրված այլ մասնագետներ: Գիտահետազոտական գործունեությունն իրականացվում է գիտական հետազոտությունների և մշակումների ձևով:
36. Պաշտպանական-անվտանգային հետազոտությունների իրականացման ընթացքում ԱՌՀԻ-ն կարող է ներգրավել փորձագետների Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների նմանատիպ գործունեությամբ զբաղվող հաստատություններից, գիտահետազոտական ինստիտուտներից:
37. ԱՌՀԻ-ն մասնակցում է Համալսարանի կրթական ծրագրերի մշակմանը և իրականացմանը:
38. Համալսարանի ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթությունն իրականացնում է Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտը (այսուհետ` ՌՊԱԿԱԻ), որի ղեկավարն է Համալսարանի պետի` կրթության գծով տեղակալը:
39. Համալսարանի պետի` կրթության գծով տեղակալ-ՌՊԱԿԱԻ-ի պետը.
1) ղեկավարում է իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների գործունեությունը,
2) մասնակցում է Համալսարանի ընդհանուր գործունեությանն առնչվող ծրագրերի մշակմանը,
3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և ՌՊԱԿԱԻ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
40. ՌՊԱԿԱԻ-ում բարձրագույն կրթությունն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներին համապատասխան.
1) մագիստրոսի կրթական ծրագրերով,
2) ասպիրանտի, հայցորդի և դոկտորանտի կրթական ծրագրերով,
3) լրացուցիչ կրթական ծրագրերով:
41. ՌՊԱԿԱԻ-ում կրթական ծրագրերի իրականացման գործընթացում ներգրավվում են Համալսարանի գիտաշխատողները, պաշտպանական-անվտանգային ոլորտի այլ գերատեսչությունների մասնագետները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ գիտահետազոտական հաստատությունների գիտական աշխատողներ, հասարակական-քաղաքական գործիչներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` օտարերկրյա պետությունների համապատասխան մասնագետներ:
42. Համալսարանի գիտահրատարակչական գործունեությունն իրականացնում է Գիտահրատարակչական կենտրոնը, որի ղեկավարն է Համալսարանի գիտահրատարակչական կենտրոնի պետ-գլխավոր խմբագիրը:
43. Համալսարանի Գիտահրատարակչական կենտրոնի պետ-գլխավոր խմբագիրը.
1) ղեկավարում է իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների գործունեությունը,
2) մասնակցում է Համալսարանի ընդհանուր գործունեությանն առնչվող ծրագրերի մշակմանը,
3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և գիտահրատարակչական կենտրոնի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
44. Համալսարանը իր գիտահրատարակչական կենտրոնի միջոցով լույս է ընծայում «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսը և «Աշխատանքային տետրեր» գիտակիրառական հավելվածը, կարող է հրատարակել ուսումնական-փորձագիտական ձեռնարկներ և այլ գիտական հանդեսներ:
45. «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսն ունի խմբագրական խորհուրդ, որի նախագահն ի պաշտոնե Համալսարանի պետն է: «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի խմբագրական խորհրդի կազմը հաստատում է Նախարարը` Համալսարանի պետի ներկայացմամբ:
46. Համալսարանի պետի տեղակալը.
1) ապահովում է Համալսարանի ռազմավարչական խնդիրների լուծումը,
2) մասնակցում է Համալսարանի ընդհանուր գործունեությանն առնչվող ծրագրերի մշակմանը,
3) ապահովում է Համալսարանի վարչատնտեսական մասի բնականոն գործունեությունը,
4) իրականացնում է սույն կանոնադրությամբ և Համալսարանի պետի հրամաններով վերապահված այլ գործառույթներ:
V. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸ, ԴՐԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
47. Համալսարանին գույքն ամրացվում է Նախարարության կողմից` անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով:
48. Համալսարանին հատկացված գույքը պետք է օգտագործի նպատակային և արդյունավետ կերպով, իսկ դրանց առկայության և շարժի նկատմամբ հսկողությունը, ոչ պիտանի ճանաչելը և դուրս գրելն իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
49. Համալսարանը իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու վարձակալության, անհատույց օգտագործման կամ հավատարմագրային կառավարման:
50. Համալսարանն իրավունք ունի օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու և տիրապետելու իրեն հանձնված գույքը:
51. Համալսարանի պահպանման ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
52. Համալսարանի ստեղծման, վերակազմակերպման և դրա գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումն ընդունում է հիմնադիրը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հավելված 2 ՀՀ պաշտպանության նախարարի 2016 թվականի մարտի 10-ի N 4-Ն հրամանի |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
1. Զորավար Դրաստամատ Կանայանի անվան «Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ»
2. Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտ
3. Գիտահրատարակչական կենտրոն
4. Ֆինանսական ծառայություն
5. Էլեկտրոնային-գիտական գրադարան
6. Վարչատնտեսական մաս