ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
17 դեկտեմբերի 2018 թվականի |
քաղաք Մինսկ |
Եվրասիական տնտեսական միության դատարանի մեծ կոլեգիան, հետևյալ կազմով՝
նախագահող դատավոր՝ Ժ.Ն. Բաիշև,
դատավորներ՝ Ա.Մ. Աժիբրաիմովա, Է.Վ. Հայրիյան, Դ.Գ. Կոլոս, Տ.Ն. Նեշատաևա, Վ.Խ. Սեյտիմովա, Գ.Ա. Սկրիպկինա, Ա.Է. Թումանյան, Ա.Ա. Ֆեդորցով, Կ.Լ. Չայկա,
դատական նիստի քարտուղար՝ Լ.Չ. Դոլժենկո,
լսելով զեկուցող դատավոր Դ.Գ. Կոլոսին, ուսումնասիրելով գործի նյութերը, ղեկավարվելով Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնադրության 46-րդ, 47-րդ, 50-րդ, 68-րդ, 69-րդ, 73-րդ, 96-րդ, 98-րդ կետերով, Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնակարգի 72-րդ, 85-րդ հոդվածներով,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դիմումի համաձայն տրամադրում է խորհրդատվական եզրակացություն՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ «Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչները հաստատելու մասին» որոշման դրույթների պարզաբանման վերաբերյալ։
Դիմողի հարցը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ դիմող, Հանձնաժողով) դիմել է Եվրասիական տնտեսական միության դատարան (այսուհետ՝ Դատարան)՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ «Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչները հաստատելու մասին» որոշման դրույթների պարզաբանման մասին դիմումով (այսուհետ՝ Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչներ, Չափորոշիչներ)։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), ինչպես նաև անդամ պետությունների՝ ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնող ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից Պայմանագրի՝ «Մրցակցության ընդհանուր սկզբունքներն ու կանոնները» XVIII բաժնով սահմանված մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից սույն Պայմանագրի 19–րդ հավելվածով՝ «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությամբ նախատեսված կարգով, եթե այդպիսի խախտումներն ունեն կամ կարող են ունենալ բացասական ազդեցություն երկու կամ ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա՝ բացառությամբ ֆինանսական շուկաների։
Արձանագրության 8-րդ կետի համաձայն՝ անդամ պետությունների տարածքներում Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխումն իրականացվում է անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից։
Արձանագրության 9-րդ կետին համապատասխան՝ Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից, եթե այդ խախտումներն ունեն կամ կարող են ունենալ բացասական ազդեցություն անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա։
Դիմումի մեջ նշվում է, որ Հանձնաժողովի կողմից Արձանագրության 10-րդ կետով սահմանված լիազորությունների իրականացման ժամանակ առաջացել է մրցակցության կանոնների խախտումների տարանջատման վերաբերյալ հարց, որոնց արգելքը սահմանված է Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետով («ուղղահայաց» համաձայնությունների կնքում) և Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով (տնտեսական գործունեության համակարգման իրականացում), այդ թվում՝ Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչների 2-րդ կետը նշված խախտումներից վերջինի նկատմամբ կիրառելու հնարավորության վերաբերյալ հարց։
Դիմողը նշում է, որ Չափորոշիչների 3-5-րդ կետերով նախատեսվում են պայմաններ, որոնց դեպքում Հանձնաժողովի կողմից իրականացվում է անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-5-րդ կետերով նախատեսված արգելքների խախտումների կանխումը։ Ընդ որում, Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված խախտումների կանխման մասով Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար հատուկ պայմաններ Չափորոշիչներում բացակայում են։
Այդ կապակցությամբ դիմողը խնդրանքով դիմում է Դատարան՝ պարզաբանելու համար Պայմանագրի և Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչների հետևյալ դրույթները (հարցերը բերվում են դիմումում Հանձնաժողովի կողմից դրանց ձևակերպմանը համապատասխան)՝
1. Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչների 2-րդ կետ՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխման դեպքում Հանձնաժողովի իրավասության որոշման ժամանակ՝ հաշվի առնելով, որ Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչների 3-5-րդ կետերը կիրառվում են Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-5-րդ կետերով սահմանված խախտումների կանխման ժամանակ, իսկ Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ հոդվածի նկատմամբ այդպիսի լրացուցիչ չափորոշիչ սահմանված չէ.
2. Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետեր՝ դրանց միջև առկա համակարգային փոխադարձ կապի և տվյալ կետերով նախատեսված արգելքների, այդ թվում՝ տարանջատման հնարավորության և հիմքերի՝ որպես Պայմանագրի 76-րդ հոդվածի նշված կետերով սահմանված խախտումների առանձին տարրերի հարաբերակցության շրջանակներում։
Ընթացակարգը Դատարանում
Դատարանն իրականացնում է պարզաբանման վերաբերյալ գործերով դատական վարույթ՝ Պայմանագրի 2-րդ հավելվածի՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնադրության (այսուհետ՝ Դատարանի կանոնադրություն) 68-րդ, 69-րդ կետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 101 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնակարգի (Դատարանի կանոնակարգ) 72-76-րդ հոդվածներին համապատասխան։
Դատարանի կանոնակարգի 75-րդ հոդվածի կարգով քննարկման մասով պարզաբանման վերաբերյալ գործի քննության նախապատրաստման շրջանակներում Դատարանի կողմից ուղարկվել են հարցումներ Հանձնաժողով, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, Բելառուսի Հանրապետության Հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարություն, Ղազախստանի Հանրապետության ազգային տնտեսության նախարարության բնական մենաշնորհների կարգավորման, մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտե, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման պետական գործակալություն, Ռուսաստանի Դաշնության դաշնային հակամենաշնորհային ծառայություն, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, Բելառուսի Հանրապետության օրենսդրության և իրավական հետազոտությունների ազգային կենտրոն, «Ղազախստանի Հանրապետության օրենսդրության ինստիտուտ» պետական հիմնարկ, Ղրղզստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և քաղաքագիտության ինստիտուտ, «Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր օրենսդրության և համեմատական իրավագիտության ինստիտուտ» դաշնային պետական գիտահետազոտական հիմնարկ։
Դատարանում ստացվել են Հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության, Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության, Ռուսաստանի Դաշնության դաշնային հակամենաշնորհային ծառայության, Բելառուսի Հանրապետության օրենսդրության և իրավական հետազոտությունների ազգային կենտրոնի, «Ղազախստանի Հանրապետության օրենսդրության ինստիտուտ» պետական հիմնարկի, «Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր օրենսդրության և համեմատական իրավագիտության ինստիտուտ» դաշնային պետական գիտահետազոտական հիմնարկի պատասխանները։
Դատարանի մեծ կոլեգիայի եզրահանգումները
Ելնելով Հանձնաժողովի դիմումից՝ Դատարանի մեծ կոլեգիան կարծում է, որ սույն խորհրդատվական եզրակացության շրջանակներում անհրաժեշտ է պարզաբանել հետևյալ հարցերը՝
արդյո՞ք Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված արգելքների խախտումները ձևավորում են մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների ինքնուրույն տարրեր, որո՞նք են դրանց տարանջատման հիմքերը.
ո՞ր պայմանների առկայության դեպքում է Հանձնաժողովն իրականացնում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխման լիազորությունները, որն արտահայտվել է տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեության համակարգման մեջ։
Ղեկավարվելով Դատարանի կանոնադրության 50-րդ կետով՝ Դատարանի մեծ կոլեգիան իրականացնում է Պայմանագրի դրույթների և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մարմինների որոշումների պարզաբանում դրանց միջև առկա համակարգային փոխադարձ կապի շրջանակներում միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների և նորմերի հիման վրա՝ հաշվի առնելով միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի մայիսի 23-ի Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի դրույթները։
1. «Մրցակցություն» ասելով Միության իրավունքում ենթադրվում է տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մրցություն, որի դեպքում նրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն գործողությունների միջոցով բացառվում կամ սահմանափակվում են համապատասխան ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա նրանցից յուրաքանչյուրի միակողմանի կերպով ազդելու հնարավորությունը (Արձանագրության 2-րդ կետի 8-րդ ենթակետ)։
Պայմանագրի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մրցակցության ընդհանուր սկզբունքներն ու կանոններն ուղղված են Միության անդամ պետությունների տարածքներում հակամրցակցային գործունեության և Միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա բացասաբար ազդող գործունեության հայտնաբերումն ու կանխումն ապահովելուն։
Դատարանի՝ Պայմանագրի 74-րդ, 75-րդ և 76-րդ հոդվածների դրույթների պարզաբանման վերաբերյալ 2017 թվականի ապրիլի 4-ի խորհրդատվական եզրակացության մեջ սահմանված է, որ Միության անդրսահմանային շուկաներում մրցակցության պաշտպանության ոլորտում Միությունը վարում է միասնական քաղաքականություն և ունի միասնական իրավական կարգավորում։ Մրցակցության ընդհանուր կանոններն ուղղակի ազդեցություն ունեն և պետք է անդամ պետությունների կողմից անմիջականորեն կիրառվեն որպես միջազգային պայմանագրով ամրագրված նորմեր։
Մրցակցության ընդհանուր կանոնները ձևակերպված են Պայմանագրի 76-րդ հոդվածում՝ գերիշխող դիրքի չարաշահման (1-ին կետ), անբարեխիղճ մրցակցության (2-րդ կետ), մրցակիցների միջև համաձայնությունների (3-րդ կետ), «ուղղահայաց» համաձայնությունների (4-րդ կետ), այլ համաձայնությունների (5-րդ կետ), տնտեսական գործունեության համակարգման իրականացման (6-րդ կետ) արգելքների ձևով։
2. Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների տարանջատման վերաբերյալ հարցին պատասխանելու նպատակով Դատարանի մեծ կոլեգիան անհրաժեշտ է համարում անցկացնել դրանց իրավական կարգավորման համեմատական վերլուծություն։
2.1. Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա` ֆիզիկական անձանց, առևտրային կազմակերպություններին և ոչ առևտրային կազմակերպություններին արգելվում է համակարգել անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) տնտեսական գործունեությունը, եթե այդպիսի համակարգումը հանգեցնում կամ կարող է հանգեցնել սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված ցանկացած հետևանքի, որը չի կարող ճանաչվել թույլատրելի՝ Արձանագրությամբ սահմանված թույլատրելիության չափորոշիչներին համապատասխան
"http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_212769/3566cb11015ec56947a37122aadcc0145c669dbe/" \l "dst100
Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ մեկ ապրանքային շուկայում գործող, մրցակից հանդիսացող անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև արգելվում է այնպիսի համաձայնությունների կնքումը, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել՝
1) գների (սակագների), զեղչերի, հավելումների (հավելավճարների), հավելագների սահմանման կամ պահպանման,
2) աճուրդի ժամանակ գների բարձրացման, իջեցման կամ պահպանման,
3) ապրանքային շուկայի բաժանման՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների վաճառքի կամ գնման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի,
4) ապրանքների արտադրության կրճատման կամ դադարեցման,
5) կոնկրետ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) հետ պայմանագրեր կնքելուց հրաժարման։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև «ուղղահայաց» համաձայնություններն արգելվում են՝ բացառությամբ այն «ուղղահայաց» համաձայնությունների, որոնք, Արձանագրությամբ սահմանված թույլատրելիության չափորոշիչներին համապատասխան, թույլատրելի են ճանաչվում այն դեպքում, երբ՝
1) այդպիսի համաձայնությունները հանգեցնում կամ կարող են հանգեցնել ապրանքի վերավաճառքի գնի սահմանման՝ բացառությամբ այն դեպքի, երբ վաճառողը գնորդի համար սահմանում է ապրանքի վերավաճառքի առավելագույն գինը.
2) այդպիսի համաձայնություններով նախատեսված է գնորդի՝ այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) ապրանքը չվաճառելու պարտավորությունը, որը վաճառողի մրցակիցն է։ Այդպիսի արգելքը չի տարածվում գնորդի կողմից ապրանքային նշանով կամ վաճառողի կամ արտադրողի անհատականացման այլ միջոցով մակնշված ապրանքի վաճառքը կազմակերպելու վերաբերյալ համաձայնության վրա։
Բացի այդ, Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա՝ անդամ պետություններն իրավունք ունեն իրենց օրենսդրությամբ սահմանելու տնտեսական գործունեության համակարգման նկատմամբ արգելք, եթե այդպիսի համակարգումը հանգեցնում կամ կարող է հանգեցնել նաև սույն հոդվածի 5-րդ կետում նշված հետևանքների, որոնք չեն կարող թույլատրելի համարվել՝ Արձանագրությամբ սահմանված թույլատրելիության չափանիշներին համապատասխան։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետով տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև արգելվում են այլ համաձայնություններ՝ բացառությամբ այն «ուղղահայաց» համաձայնությունների, որոնք թույլատրելի են ճանաչվում Արձանագրությամբ սահմանված՝ թույլատրելիության չափորոշիչներին համապատասխան այն դեպքում, երբ սահմանվում է, որ այդպիսի համաձայնությունները հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակման։
Նշված նորմերի փոխկապված ընթերցումը վկայում է այն մասին, որ Միության իրավունքով արգելված է տնտեսական գործունեության համակարգումը (այսուհետ՝ Համակարգում), որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով (մրցակիցների միջև համաձայնություններ և «ուղղահայաց» համաձայնություններ) արգելված՝ համաձայնությունների հետևանքների նման՝ մրցակցության համար բացասական հետևանքների առաջացման։
2.2. Արձանագրության 2-րդ կետի 10-րդ ենթակետին համապատասխան՝ «տնտեսական գործունեության համակարգում» ասելով ենթադրվում է տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունների համաձայնեցում այն երրորդ անձի կողմից, որը նման տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) ոչ մեկի հետ չի ընդգրկվում անձանց մի խմբում և գործունեություն չի իրականացնում այն ապրանքային շուկայում (ապրանքային շուկաներում), որում (որոնցում) իրականացվում է տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունների համաձայնեցումը։
Բերված նորմի և Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս Դատարանի մեծ կոլեգիային առանձնացնել Համակարգման հետևյալ բնորոշիչ հատկանիշները՝
Համակարգումն իրականացվում է երրորդ անձի կողմից, որի կարգավիճակում կարող է հանդես գալ ֆիզիկական անձ, առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Համակարգող).
Համակարգողը նույն խմբի մեջ չի ընդգրկվում տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) ոչ մեկի հետ, որոնց գործողությունները համաձայնեցվում են, և չի իրականացնում գործունեություն այն ապրանքային շուկայում (ապրանքային շուկաներում), որտեղ իրականացվում է Համակարգումը.
Համակարգողի գործողություններն ուղղված են անդամ պետությունների առնվազն երկու տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) տնտեսական գործունեության համաձայնեցմանը (համակարգմանը).
Համակարգումն արտահայտվում է տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) վրա Համակարգողի նպատակային ազդեցությամբ՝ նրանց մոտ վարքագծի որոշակի մոդելի ձևավորման և ապրանքային շուկայում մրցակցության վրա ազդելու նպատակով։
2.3. Արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ««ուղղահայաց» համաձայնություն» ասելով ենթադրվում է համաձայնություն այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև, որոնցից մեկը ձեռք է բերում ապրանքը կամ դրա հավանական ձեռք բերողն է, իսկ մյուսը տրամադրում է ապրանքը կամ դրա հավանական վաճառողն է։
Տվյալ նորմի և Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետի փոխկապված ընթերցումը թույլ է տալիս եզրակացություն անել այն մասին, որ «ուղղահայաց» համաձայնությունն առնվազն այն երկու տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից իրենց գործողությունների համաձայնեցումն է, որոնք գտնվում են մեկ ապրանքային շուկայի կառուցվածքի տարբեր մակարդակներում։
2.4. Հաշվի առնելով շարադրվածը՝ Դատարանի մեծ կոլեգիան արձանագրում է Համակարգման տարանջատման և «ուղղահայաց» համաձայնությունների հետևյալ հիմնական չափորոշիչների առկայությունը՝
սուբյեկտի առնչությամբ՝ Համակարգման արգելքը հասցեագրված է մեկ սուբյեկտի, որի կարգավիճակում կարող է հանդես գալ ցանկացած ֆիզիկական անձ, առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություն. «ուղղահայաց» համաձայնությունների արգելումը հասցեագրված է առնվազն երկու տնտեսավարող սուբյեկտներին.
առևտրային շուկայի կառուցվածքում սուբյեկտների դիրքի առնչությամբ՝ Համակարգողն այն առևտրային շուկայի մասնակիցը չէ, որտեղ գործունեություն են իրականացնում համակարգվող տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները). «ուղղահայաց» համաձայնության մասնակիցները գործունեություն են իրականացնում մեկ առևտրային շուկայի կառուցվածքի տարբեր մակարդակներում.
սուբյեկտների միջև փոխգործակցության բնույթի առնչությամբ՝ Համակարգողը համաձայնեցնում է այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունները. «ուղղահայաց» համաձայնության մասնակիցներն իրենց տնտեսական գործունեության պայմանների վերաբերյալ փոխադարձ համաձայնության են գալիս։
Այսպիսով, Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերի, Արձանագրության 2-րդ կետի 1-ին և 10-րդ ենթակետերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս Դատարանի մեծ կոլեգիային եզրակացություն անել այն մասին, որ արգելված «ուղղահայաց» համաձայնությունը և արգելված Համակարգումը մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների երկու ինքնուրույն տարրեր են Միության իրավունքում։
3. Համակարգմամբ արտահայտված՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխման հարցով հանձնաժողովի լիազորությունների վերաբերյալ հարցը պարզաբանելիս Դատարանի մեծ կոլեգիան նշում է հետևյալը։
Հանդիսանալով Միության մարմին՝ Հանձնաժողովը գործում է այն լիազորությունների սահմաններում, որոնք իրեն տրամադրվել են Պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով (Պայմանագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետ)։
Պայմանագրի XVIII բաժնով սահմանված՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխման մասով լիազորությունները ներկայացված են Հանձնաժողով Պայմանագրի 76-րդ հոդվածի 7-րդ կետով։
Նշված նորմին համապատասխան՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից այն դեպքում, երբ այդ խախտումներն ունեն կամ կարող են ունենալ բացասական ազդեցություն երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա՝ բացառությամբ ֆինանսական շուկաների, Արձանագրությամբ նախատեսված կարգով։
Արձանագրության 8-րդ կետով նախատեսված է, որ անդամ պետությունների տարածքում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), ինչպես նաև ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը կանխելու համար պատասխանատու են անդամ պետությունների լիազոր մարմինները:
Արձանագրության 9-րդ կետի համաձայն՝ անդամ պետությունների տարածքում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), ինչպես նաև անդամ պետությունների՝ տնտեսավարող սուբյեկտներ չհանդիսացող ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը կանխելու համար պատասխանատու է Հանձնաժողովը, եթե նման խախտումները բացասաբար են ազդում կամ կարող են բացասաբար ազդել անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա՝ բացառությամբ անդրսահմանային ֆինանսական շուկաներում մրցակցության վրա բացասաբար ազդող այն խախտումների, որոնց կանխումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Միության իրավունքի նշված նորմերի համեմատական վերլուծության հիման վրա՝ Դատարանի մեծ կոլեգիան գալիս է այն եզրահանգման, որ մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխումն ազգային մակարդակով իրականացվում է անդամ պետության լիազորված մարմինների կողմից և Հանձնաժողովի կողմից՝ վերազգային մակարդակով։ Ընդ որում, նրանց իրավասությունների տարանջատումը տեղի է ունենում՝ կախված անդամ պետության շուկայում մրցակցության վրա կամ անդրսահմանային շուկայում մրցակցության վրա խախտման բացասական ազդեցությունից։
Ի կատարումն Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի՝ Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը կանխելու՝ հանձնաժողովի իրավասության որոշման նպատակներով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ հաստատվել են շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչները։
Անդրսահմանային շուկայի որոշման ընդհանուր կանոնը, որը կիրառվում է Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-6-րդ կետերով նախատեսված բոլոր խախտումների նկատմամբ, ամրագրված է Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետում և Չափորոշիչների 2-րդ կետում։ Տվյալ կանոնը հիմնված է աշխարհագրական մոտեցման վրա, և շուկան անդրսահմանային է համարում, եթե ապրանքային շուկայի աշխարհագրական սահմաններն ընդգրկում են երկու և ավելի անդամ պետությունների տարածքներ։
Դատարանի մեծ կոլեգիան նշում է, որ Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-5-րդ կետերով նախատեսված՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների առնչությամբ Չափորոշիչների 2-րդ կետի նկատմամբ սահմանված են լրացուցիչ պայմաններ, որոնք կանխորոշում են նշված խախտումների կանխման մասով Հանձնաժողովի լիազորությունների առկայությունը։ Մասնավորապես, Չափորոշիչների 4-րդ կետի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-5-րդ կետերով (հակամրցակցային համաձայնություն) սահմանված արգելքների խախտման կանխումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից՝ պայմանով, որ առնվազն երկու տնտեսավարող սուբյեկտներ, որոնց գործողությունները հանգեցնում են կամ կարող են հանգեցնել արգելքի խախտման, գրանցված են տարբեր անդամ պետությունների տարածքներում։
Չափորոշիչներում Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետի նկատմամբ (Համակարգման իրականացման արգելք) այդպիսի լրացուցիչ պայմաններ սահմանված չեն։ Այդ կապակցությամբ Համակարգման մեջ արտահայտված՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը կանխելիս պետք է ղեկավարվել Չափորոշիչների 2-րդ կետի ընդհանուր կանոնով և շուկան անդրսահմանային համարել՝ պայմանով, որ ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները ներառում են երկու և ավելի անդամ պետությունների տարածքները։
Շարադրվածի հիման վրա՝ Դատարանի մեծ կոլեգիան հիմնավորված է համարում ձևակերպել հետևյալ եզրակացությունները՝
1. Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետով արգելված՝ «ուղղահայաց» համաձայնություն կնքելը և Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով արգելված՝ տնտեսական գործունեությունը համակարգելը ձևավորում են մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների ինքնուրույն տարրեր, որոնց տարանջատման հիմքերն են սուբյեկտների շրջանակը, նրանց փոխգործակցության բնույթը և դիրքն ապրանքային շուկայի կառուցվածքում։
2. Հանձնաժողովն իրականացնում է տնտեսական գործունեության համակարգմամբ արտահայտված՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխման մասով լիազորություններ՝ պայմանով, որ այդ համակարգումը բացասաբար է ազդում անդրսահմանային ապրանքային շուկայի վրա, որի աշխարհագրական սահմանները ներառում են երկու և ավելի անդամ պետությունների տարածքները։
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն խորհրդատվական եզրակացության պատճենն ուղարկել դիմողին:
2. Խորհրդատվական եզրակացությունը թարգմանել անդամ պետությունների պետական լեզուներով և տեղադրել Դատարանի պաշտոնական կայքում։
Նախագահող` |
Ժ.Ն. Բաիշև |
Դատավորներ՝ |
Ա.Մ. Աժիբրաիմովա |
Է.Վ. Հայրիյան | |
Դ.Գ. Կոլոս | |
Տ.Ն. Նեշատաևա | |
Վ.Խ. Սեյտիմովա | |
Գ.Ա. Սկրիպկինա | |
Ա.Է. Թումանյան | |
Ա.Ա. Ֆեդորցով | |
Կ.Լ. Չայկա |