Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, ի դեմս՝ կառավարությունների, այսուհետ՝ Կողմեր,
ելնելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ իրենց քաղաքացիների առողջության պահպանման բնագավառում համագործակցության կարևորությունից,
ցանկանալով նպաստել բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու բնագավառում համագործակցության զարգացմանն ու խորացմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև բերված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
«Համագործակցության պետություն»` պետություն, որը մտնում է Անկախ Պետությունների Համագործակցության մեջ և հանդիսանում է սույն Համաձայնագրի մասնակիցը,
«մշտական բնակության պետություն»` պետություն, որի քաղաքացին է հանդիսանում հիվանդը և որտեղ նա մշտապես բնակվում է,
«ժամանակավոր բնակության պետություն»` պետություն, որն իր քաղաքացին չհանդիսացող հիվանդին տրամադրում է բժշկական ծառայություն,
«ուղարկող երկիր»` Համագործակցության պետություն, ի դեմս առողջապահության նախարարության, որն իր քաղաքացիներից մեկին ուղարկել է Համագործակցության մեկ այլ երկիր՝ բուժօգնություն ստանալու նպատակով,
«ընդունող երկիր»` Համագործակցության պետություն, որն ապահովում է բժշկական ծառայության տրամադրումը Համագործակցության մեկ այլ պետության քաղաքացիներին,
«շտապ և անհապաղ բուժօգնություն»` բժշկական ծառայությունների համալիր, որը ցուցաբերվում է հիվանդի ֆիզիկական կամ հոգեկան առողջության սուր խախտումների դեպքում, որոնք սպառնում են նրա կյանքին կամ շրջապատողների առողջությանը,
«պլանային բուժօգնություն»` բժշկական ծառայությունների համալիր, որը ցուցաբերվում է հիվանդի ֆիզիկական կամ հոգեկան առողջության սուր խախտումների դեպքում, որոնք անմիջական սպառնալիք չեն ներկայացնում նրա կյանքի կամ շրջապատողների առողջության համար:
Հ ո դ վ ա ծ 2
Հանկարծակի սրված վիճակների և հիվանդությունների դեպքում, որոնք սպառնում են հիվանդի կյանքին կամ շրջապատողների առողջությանը, դժբախտ պատահարների, թունավորումների, վնասվածքների, ծննդաբերության և հղիության ընթացքում անհետաձգելի իրավիճակների դեպքում շտապ կամ անհապաղ բժշկական օգնությունը քաղաքացիներին ցուցաբերվում է առանց որևէ խոչընդոտի, անվճար և լրիվ ծավալով՝ ժամանակավոր բնակության պետության տարածքում, բուժկանխարգելիչ հաստատությունների (այսուհետ՝ ԲԿՀ) կողմից՝ անկախ կազմակերպչաիրավական ձևերից, գերատեսչական պատկանելությունից և նրանց սեփականության ձևերից:
Սկսած այն պահից, երբ արդեն վերացվել է հիվանդի կյանքին կամ շրջապատողների առողջությանը սպառնացող վտանգը և հնարավոր է նրա տեղափոխությունը, բժշկական օգնության ցուցաբերումը կիրականացվի վճարովի հիմունքներով:
Հիվանդի անվտանգ տեղափոխության հնարավորությունը որոշվում է բժշկական օգնություն ցուցաբերող ԲԿՀ-ի կլինիկական-փորձագիտական հանձնաժողովի կողմից, որն էլ կրում է տեղափոխության վերաբերյալ եզրակացության ճշտության իրավաբանական պատասխանատվությունը:
Հ ո դ վ ա ծ 3
Ժամանակավոր բնակության պետությունում քաղաքացիներին պլանային բժշկական օգնություն ցուցաբերվում է վճարովի հիմունքներով, ըստ պայմանագրային գների կամ գործող գնացուցակի փոխհաշվարկներ կատարելով:
Պլանային բուժօգնության այս կամ այն տեսակի տրամադրման համար հիմք է հանդիսանում համապատասխան բժշկական փաստաթղթերի և բուժօգնության փաստացի արժեքի վճարման մասին ուղարկող երկրի երաշխիքային պարտավորության առկայությունը:
Նշված փաստաթղթերի բացակայության դեպքում պլանային բուժօգնությունը ցուցաբերվում է բուժման կողմնորոշիչ արժեքից ոչ պակաս չափով կանխավճար իրականացնելուց հետո՝ ԲԿՀ-ի և հիվանդի կամ էլ նրան ներկայացնող իրավաբանական (ֆիզիկական) անձի միջև հետագա փոխհաշվարկ անցկացնելով:
Առանձին դեպքերում, Կողմերի պայմանավորվածությամբ, ծանր հիվանդություններով տառապող անձանց պլանային խորհրդատվական և բուժախտորոշիչ օգնություն կարող է ցուցաբերվել այլ պայմաններով:
Հ ո դ վ ա ծ 4
Ժամանակավոր բնակության պետության տարածքում պաշտոնապես փախստական ճանաչված անձանց պլանային բուժօգնություն ցուցաբերվում է տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով:
Հ ո դ վ ա ծ 5
Ժամանակավոր բնակության պետությունում մշտապես բնակվող և Համագործակցության այլ պետությունների քաղաքացիներ հանդիսացող անձանց, սույն Համաձայնագրի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 8-րդ հոդվածներին համապատասխան, ցուցաբերվում է բժշկական օգնություն՝ կացության քարտի հիման վրա:
Հ ո դ վ ա ծ 6
Զինծառայողներին, զինված ուժերի բանվորներին և ծառայողներին, որոնք մտնում են խաղարար ուժերի սահմանափակ կոնտինգենտի մեջ, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն ժամանակավոր բնակության պետության ԲԿՀ-ում՝ քաղաքացիների այդ կատեգորիաների համար բուժսոցիալական երաշխիքների մասին գործող միջազգային պայմանագրերին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 7
Ժամանակավոր բնակության պետությունում պայմանագրով (աշխատանքային պայմանագրով) աշխատող քաղաքացիների պլանային բժշկական օգնությունն իրականացվում է գործատուի միջոցների հաշվին՝ պայմանագրով նախատեսված կարգով և ծավալով, կամ քաղաքացիների անձնական միջոցների հաշվին:
Ժամանակավոր բնակության պետության քաղաքացիների աշխատանքային գործունեության հետ կապված մասնագիտական հիվանդությունների կամ արտադրական վնասվածքների բուժման վճարումն իրականացվում է գործատուի միջոցների հաշվին՝ այդ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով:
Նույն դրույթը տարածվում է սահմանամերձ շրջաններում բնակվող և սահմանակից Կողմերի տարածքում աշխատող քաղաքացիների վրա:
Հ ո դ վ ա ծ 8
Հիվանդության և վնասվածքների ժամանակ աշխատունակության կորստի փորձաքննությունն իրականացվում է ժամանակավոր բնակության պետության տարածքում, տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ժամանակավոր բնակության պետության ԲԿՀ-ի կողմից տրված և հիվանդությունների և վնասվածքների դեպքում քաղաքացիների ժամանակավոր անաշխատունակությունը հաստատող փաստաթուղթ հանդիսանում է բոլոր Կողմերի կողմից ճանաչված անաշխատունակության թերթիկը, որը հետագայում մշտական բնակության պետության ԲԿՀ-ի կողմից փոխարինվում է ժամանակավոր անաշխատունակությունը հաստատող այդ պետությունում ընդունված նմուշի փաստաթղթով:
Աշխատունակության կայուն կորստի դեպքում ժամանակավոր բնակության պետության ԲԿՀ-ն ներկայացնում է բոլոր Կողմերի կողմից ճանաչվող փաստաթուղթ (առաքման թերթիկ) հիվանդի մշտական բնակության պետության կամ ժամանակավոր գտնվելու վայրի պետության աշխատունակության փորձաքննության մարմիններ:
Հ ո դ վ ա ծ 9
Նախկին ԽՍՀՄ-ի Կառավարության հաստատած և Համագործակցության պետությունների կողմից ճանաչված քաղաքացիների բժշկական և դեղորայքային ապահովվածության զեղչերը ապահովվում են մշտական բնակության պետության կողմից, ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով:
Հ ո դ վ ա ծ 10
Կողմերը, համաձայնեցնելով Համագործակցության մասնակից պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ, Անկախ Պետություների Համագործակցության առողջապահության բնագավառում համագործակցության գծով Խորհրդին կհանձնարարեն պատրաստել կոնկրետ առաջարկներ սույն Համաձայնագրի իրականացման վերաբերյալ և սահմանված կարգով դրանք ներկայացնել Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարություններրի ղեկավարների խորհրդի նիստի քննարկմանը:
Հ ո դ վ ա ծ 11
Համագործակցության մյուս պետություններ ուղարկվող բժշկական փաստաթղթերը լրացնելու համար պաշտոնական լեզուն ռուսերենն է:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում՝ ավանդապահին համապատասխան ծանուցումը հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել Կողմերի ընդհանուր համաձայնությամբ:
Հ ո դ վ ա ծ 14
Սույն Համաձայնագիրը գործում է նրա ուժի մեջ մտնելու պահից հինգ տարվա ընթացքում: Ժամկետը լրանալու պահից այն ինքնաբերաբար երկարաձգվում է ամեն անգամ հինգ տարով, եթե Կողմերը այլ որոշում չընդունեն:
Հ ո դ վ ա ծ 15
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով և կարգավորելով Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած պարտավորությունները:
Հ ո դ վ ա ծ 16
Սույն Համաձայնագրին բաց է նրա նպատակներն ու սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար՝ այդպիսի միացման մասին փաստաթուղթը ավանդապահին հանձնելու միջոցով:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1997 թվականի մարտի 27-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը Համաձայնագիրը ստորագրած պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 27-ից:
