«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 ապրիլի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 32015139
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
27 մարտի 2015 թ. |
N 70-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ՕԴԱՆԱՎԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՏԵՍԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2006 թվականի մարտի 13-ի թիվ 41-Ն հրամանի 17-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 181-Ն հրամանով ընդունված ՓԱՐՏ-66 (PART-66) կանոնակարգով և Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) Part - FCL կանոնակարգով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Թռիչքային անձնակազմի, օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետների և օդային երթևեկության կառավարման կարգավարների մասնագիտական ունակությունների և տեսական գիտելիքների ստուգման նպատակով անցկացվող տեսական թեստավորման ընթացակարգ»-ը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի 2015 թվականի մարտի 27-ի N 70-Ն հրամանի |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՏԵՍԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Թռիչքային անձնակազմի անդամների, օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետների և օդային երթևեկության կառավարման կարգավարների (այսուհետ՝ ՕԵԿ կարգավար)՝ (այսուհետ՝ Ավիացիոն մասնագետներ) մասնագիտական ունակությունների և տեսական գիտելիքների ստուգման նպատակով անցկացվող տեսական թեստավորման ընթացակարգով (այսուհետ՝ Ընթացակարգ) սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում թռիչքային անձնակազմի անդամների, օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետների և ՕԵԿ կարգավարների վկայականների տրամադրման, որակավորման և հատուկ նիշերի տրման, ինչպես նաև ՕԵԿ կարգավարների վկայականների գործողության ժամկետների երկարաձգման գործընթացի շրջանակներում մասնագիտական ունակությունների ստուգման նպատակով անցկացվող թեստավորման ընթացակարգը և պայմանները:
2. Թռիչքային անձնակազմի անդամների, օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետների և ՕԵԿ կարգավարների թեստավորման ընթացակարգը մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) «Ավիացիոն մասնագետներին վկայականների տրամադրում» հավելված 1-ի, Եվրոկոնտրոլի «Անձնակազմի ատեստավորման Եվրոպական ձեռնարկ - Օդային երթևեկության կառավարման կարգավարներ» փաստաթղթի, Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) Part - FCL կանոնակարգի, Part-66 կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) պետի՝ 2006 թվականի մարտի 13-ի N 41-Ն, 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 181-Ն հրամանով ընդունված «Վկայագրող տեխնիկական սպասարկման անձնակազմ» ՓԱՐՏ-66 (PART-66) կանոնակարգի և 2012 թվականի նոյեմբերի 19-ի N 212-Ն հրամանների դրույթների հիման վրա:
Գ Լ ՈՒ Խ 2
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
3. Ավիացիոն մասնագետների վկայականների տրամադրման, որակավորման և հատուկ նիշերի տրման, ինչպես նաև ՕԵԿ կարգավարների վկայականների գործողության ժամկետների երկարաձգման համար՝ տվյալ ավիացիոն մասնագետները կամ նրանց գործատու հանդիսացող կազմակերպությունները հայտ են ներկայացնում Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանում:
4. Հայտում նշվում են.
1) դիմողի անունը, ազգանունը.
2) բնակության վայրը.
3) գործատու կազմակերպության անվանումը, եթե տվյալ պահին դիմողը աշխատում է.
4) ինչ գործողության համար է դիմում հայտատուն:
5. Հայտը ներկայացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն գրավոր ծանուցվում է թեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին: Եթե հայտի և կից փաստաթղթերի մեջ առկա են թերություններ, ապա այդ դեպքում հայտատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է դրա մասին: Համապատասխան տեղեկացումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում հայտատուն պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները և կրկին ներկայացնի Գլխավոր վարչություն: Նշված ժամկետում թերությունները չվերացնելու կամ չշտկելու դեպքում հայտը Գլխավոր վարչության կողմից թողնվում է անհետևանք:
6. Թռիչքային անձնակազմի, օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետների և ՕԵԿ կարգավարների թեստավորումն անցկացվում է Գլխավոր վարչության համապատասխանաբար Թռիչքային գործունեության (այսուհետ՝ ԹԳ), Թռիչքային Պիտանիության (այսուհետ՝ ԹՊ) և Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման (այսուհետ՝ ՕՍ և ՕԵԿ) վարչությունների կողմից՝ տվյալ գործընթացը իրականացնելու թույլտվությունը հավաստող միջազգային նմուշի սերտիֆիկատ ունեցող մասնագետների (այսուհետ՝ Մասնագետ) միջոցով:
7. Թեստավորումն անցկացվում է համապատասխանաբար ՕՍ և ՕԵԿ, ԹՊ և ԹԳ վարչությունների կողմից մշակված և տվյալ վարչության պետի կողմից հաստատված կամ Գլխավոր վարչության կողմից ճանաչված քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից մշակված հարցաշարերով:
8. Թեստավորումն անցկացվում է համապատասխան հարմարություններով կահավորված վայրում (սրահ, լսարան, դահլիճ, աշխատասենյակ և այլն):
9. Թեստավորումն անցկացվում է համակարգչային կամ թղթային եղանակով: Եթե տեխնիկական պատճառներով թեստավորումը հնարավոր չի լինում անցկացնել դրա համար նշանակված օրը կամ այն ընդհատվում է, ապա Մասնագետների կողմից կազմվում է արձանագրություն, որի մեջ արձանագրվում է թեստավորման չանցկացման կամ ընդհատման պատճառները և նշանակվում է թեստավորման անցկացման նոր ժամկետ:
10. Հայտատուն թեստավորմանը ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով: Հայտատուի՝ թեստավորմանը չներկայանալու դեպքում նրա գրավոր բացատրության հիման վրա նշանակվում է թեստավորման անցկացման նոր ամսաթիվ:
11. Թեստավորման ընթացքում հայտատուն չի կարող օգտվել տպագիր, մեքենագիր կամ ձեռագիր նյութերից, ինչպես նաև օգտագործել կապի կամ այլ տեխնիկական միջոցներ, բացառությամբ՝
1) Գիտական այլ ոչ ծրագրավորման հաշվիչ առանց առանձնահատուկ ավիացիոն ֆունկցիաների,
2) Նավիգացիոն քանոն,
3) Փոխարկիչ (տրանսպորտիր),
4) Կարկին:
Թեստավորման ընթացքում Մասնակցին թույլատրվում է օգտվել բառարանից:
12. Մինչ թեստավորման մեկնարկը, Մասնագետը հայտատուին բացատրում է թեստավորման անցկացման ընթացակարգը, պարզաբանում է դրա հետ կապված տեխնիկական հարցերը, պատասխանում է թեստավորման ընթացակարգի հետ կապված հայտատուի բոլոր հարցերին և հավաստիանում է, որ հայտատուն պատրաստ է թեստավորմանը:
13. Թեստավորման ընթացքում հայտատուն չի կարող բացակայել թեստավորման անցկացման վայրից: Հայտատուի կողմից մինչև թեստի ավարտը թեստավորման անցկացման վայրը ինքնակամ լքելու դեպքում թեստավորումը դադարեցվում է և թեստավորումը համարվում է չկայացած, ինչի վերաբերյալ Մասնագետի կողմից կազմվում է համապատասխան արձանագրություն: Կրկնակի թեստավորում անցնելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել նոր հայտ:
14. Թեստավորումը դադարեցվում է և համարվում չկայացած, եթե հայտատուի կողմից խախտվել են սույն ընթացակարգի 11-րդ կետի պահանջները կամ նրա մոտ հայտնաբերվել է ծածկաթուղթ: Տվյալ փաստի վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն, որի մեկ օրինակը ներկայացվում է հայտատուին և նրա գործատու կազմակերպությանը:
15. Թռիչքային անձնակազմի, օդանավերի տեխնիկական սպասարկման և ՕԵԿ կարգավարների մասնագետների համար 14-րդ կետով սահմանված թեստավորման չկայացած հայտարարելու դեպքում կրկնակի թեստավորումը կարող է անցկացվել ոչ շուտ, քան տասներկու ամիս հետո:
16. Անգլերեն լեզվի իմացության մակարդակի թեստավորումն իրականացվում է թեստերի միջոցով՝ Չիկագոյի կոնվենցիայի Հավելված 1-ի սահմանված պահանջներին համապատասխան: Անգլերեն լեզվի իմացության մակարդակի թեստավորումն անցած հայտատուն պետք է համապատասխանի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) լեզվի իմացության առնվազն 4-րդ մակարդակին:
17. Անգլերեն լեզվի իմացության մակարդակի թեստավորումն անցկացվում է Գլխավոր վարչության կողմից տրված կամ ճանաչված քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ ունեցող ուսումնական հաստատություններում:
Գ Լ ՈՒ Խ 3
ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
18. ՕԵԿ կարգավարների համակարգչային թեստավորման հարցաշարը ներառում է հետևյալ ոլորտների վերաբերյալ հարցերը.
1) Օդային երթևեկության կառավարում, թռիչքների անվտանգության կառավարում.
2) Դիտարկման, կապի ու նավիգացիոն միջոցներ, օդերևութաբանություն, մարդկային գործոն.
3) Օդագնացություն և աերոդինամիկա:
19. Յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ իրականացվող թեստավորումը իրականացվում է առանձին հարցաշարի միջոցով և դրանց լրացման հաջորդականությունն ըստ հարցաշարերի ընտրվում է հայտատուի կողմից այն պայմանով, որ թեստավորման ընդհանուր ժամկետը չպետք է գերազանցի երեք աշխատանքային օրը:
20. Թեստավորման առաջադրանքներն ըստ ոլորտների կազմված են լինում համապատասխանաբար 40, 30 և 30 թեստային հարցերից, որոնք ընտրվում են համակարգչի միջոցով՝ պատահականության սկզբունքով:
21. Ըստ սույն ընթացակարգի 18-րդ կետում նշված ոլորտների՝ թեստավորման տևողությունը պայմանավորված է թեստային հարցերի քանակից՝ նկատի ունենալով, որ յուրաքանչյուր հարցի համար սահմանվում է 1 րոպե:
22. Թեստավորման արդյունքը գնահատվում է համակարգչային ծրագրի կողմից և համարվում է դրական, եթե հայտատուն ճիշտ է պատասխանել`
1) Օդային երթևեկության կառավարման ոլորտի առաջադրանքի առնվազն 90 (իննսուն) տոկոսին:
2) Դիտարկման, կապի ու նավիգացիոն միջոցներ, օդերևութաբանություն, մարդկային գործոն և օդագնացություն ու աերոդինամիկա ոլորտների առաջադրանքներից յուրաքանչյուրի առնվազն 80 (ութսուն) տոկոսին:
23. Եթե օդային երթևեկության կառավարման ոլորտի առաջադրանքի՝ Մասնակցի ճիշտ պատասխանների քանակը կազմել է 80-89 տոկոս, իսկ դիտարկման, կապի ու նավիգացիոն միջոցներ, օդերևութաբանություն, մարդկային գործոն և օդագնացություն ու աերոդինամիկա ոլորտների 70-79 տոկոս, ապա այդ դեպքում հայտատուին տրվում է հնարավորություն ևս մեկ անգամ անցնել թեստավորումը տասնհինգ օրվա ընթացքում:
24. Կրկնակի թեստավորման արդյունքում սույն ընթացակարգի 22-րդ կետի պայմաններին չհամապատասխանելու դեպքում թեստավորման արդյունքները համարվում են անբավարար, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն և դրա վերաբերյալ տեղեկացվում է հայտատուն և նրա գործատու կազմակերպությունը:
25. Եթե հայտատուի թեստավորման արդյունքում օդային երթևեկության կառավարման ոլորտի առաջադրանքի ճիշտ պատասխանների քանակը պակաս է 79 տոկոսից, իսկ դիտարկման, կապի ու նավիգացիոն միջոցներ, օդերևութաբանություն, մարդկային գործոն և օդագնացություն ու աերոդինամիկա ոլորտներինը 69 տոկոսից, ապա թեստավորման արդյունքները համարվում են անբավարար, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն և դրա վերաբերյալ տեղեկացվում է հայտատուն և նրա գործատու կազմակերպությունը:
26. Թեստավորման արդյունքները վավերագրվում են և պահպանվում են ՕՍ և ՕԵԿ վարչությունում, յուրաքանչյուր ՕԵԿ կարգավարի համար նախատեսված առանձին թղթապանակում, ինչպես նաև արխիվացվում են համակարգչում:
27. ՕԵԿ կարգավարների որակավորման հատուկ նիշերը տրվում կամ երկարաձգվում են 12 ամիս ժամկետով:
28. ՕԵԿ կարգավարների «Հրահանգիչ» և «Քննող» որակավորման հատուկ նիշերը տրվում կամ երկարաձգվում են 36 ամիս ժամկետով՝ եթե.
1) նրա վկայականը եղել է գործող առնվազն վերջին երեք տարիների ընթացքում,
2) նա ավարտել է հրահանգչի/քննողի ուսուցման դասընթացները և հանձնել քննությունները,
3) վկայականը պարունակում է նվազագույնը նախորդ մեկ տարվա վավերական որակավորման հատուկ նիշ այն սեկտորների կամ աշխատանքային տեղերի համար, որտեղ նա հրահանգավորելու է/քննելու է,
4) վկայականը պարունակում է անգլերեն լեզվի գործող հատուկ նիշ:
Գ Լ ՈՒ Խ 4
ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ (ՕԴԱՉՈՒՆԵՐԻ) ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
29. Առաջին անգամ օդաչուի համապատասխան տեսակի վկայական (մասնավոր օդաչուի, կոմերցիոն օդաչուի, գծային օդաչուի և այլն) ստանալու կամ օտարերկրյա պետության կողմից համաձայն Չիկագոյի կոնվենցիայի «Ավիացիոն մասնագետներին վկայականների տրամադրում» հավելված 1-ի պահանջներին համապատասխան տրված վկայականը Հայաստանի Հանրապետության համապատասխան վկայականով փոխարինելու համար հայտատուն պետք է անցնի տեսական գիտելիքների մակարդակի թեստավորում:
30. Համակարգչի միջոցով թեստավորում անցկացնելու դեպքում օգտագործվում են Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կենտրոնացված հարցաշարերի շտեմարանի հարցերը (CQB):
31. Այդ հարցաշարերի բովանդակությունը չպետք է հրապարակվի մինչև թեստավորման ավարտը: Հարցաշարի բովանդակությունն ըստ առարկաների քանակի պետք է համապատասխանի ԱՐՄ - ԷՅՐ ՔՐՈՒ (ARM - AIR CREW) կանոնակարգում ներկայացված պահանջներին:
32. Օդային ռադիոհեռախոսային կապի դարձաբանության թեստավորումը կարող է անցկացվել մնացած առարկաներից առանձին:
33. Հայտատուն, որը նախկինում անցել է տեսողական թռիչքների կանոններով (VFR) և/կամ սարքավորումներով թռիչքների կանոններով (IFR) իրականացվող ռադիոհեռախոսային կապի դարձաբանության թեստավորումը, կարող է ազատվել տվյալ առարկայի կրկին թեստավորում անցնելու անհրաժեշտությունից:
34. Կոմերցիոն օդաչուի, գծային օդաչուի վկայական տրամադրելու և սարքավորումներով թռիչքներ իրականացնելու որակավորում ստանալու համար համակարգչի միջոցով թեստավորման դեպքում հարցաշարում պետք է ընդգրկվի առնվազն հարյուր հարց ամեն առարկայից: Մասնավոր օդաչուի վկայական տրամադրելու համար թեստավորման դեպքում հարցաշարում պետք է ընդգրկվի առնվազն քառասուն հարց ամեն առարկայից:
35. Առարկաների թեսթավորման հերթականությունը և թեստավորման ընդհանուր տևողությունը որոշում է Մասնագետը:
36. Թեստավորման տևողությունը պայմանավորված է թեստային հարցերի քանակից՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր հարցի համար սահմանվում է 2 րոպե ժամանակ:
37. Դրական արդյունք ապահովելու համար հայտատուն պետք է ճիշտ պատասխանի յուրաքանչյուր առարկայի համար հարցերի ընդհանուր քանակի առնվազն 75 տոկոսին:
38. Թեստավորման արդյունքները համարվում են անբավարար, եթե թեստավորման համար հատկացված ժամանակահատվածի ավարտին տվյալ առարկայի համար հայտատուի ճիշտ պատասխանների քանակը չի գերազանցում սահմանված 75 տոկոսի շեմը: Այդ դեպքում հայտատուին տրվում է թեստավորման անցկացման օրվանից ոչ շուտ, քան տասնհինգ օր հետո տվյալ առարկայից ևս երեք անգամ թեստավորում անցնելու իրավունք: Թեստավորման արդյունքների անբավարար լինելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն և դրա վերաբերյալ տեղեկացվում է հայտատուն և նրա գործատու կազմակերպությունը:
39. Համապատասխան տեսակի վկայական ստանալու համար հայտատուին տրվում է տասնութ ամիս ժամանակ, սկսած առաջին առարկայի թեստավորումն անցնելու ամսվա վերջից, որի ընթացքում նա պետք է ամբողջությամբ անցնի թեստավորումը բոլոր առարկաներից:
40. Միևնույն առարկայից կրկնակի թեստավորումը չորրորդ անգամ չանցնելու կամ տասնութամսյա ժամանակահատվածում բոլոր առարկաներից թեստավորում չանցնելու դեպքերում հայտատուն պարտավոր է կրկին մասնակցել տվյալ վկայականը ստանալու համար նախատեսված ամբողջական դասընթացին Գլխավոր վարչության կողմից հայտագրված ավիացիոն ուսումնական հաստատությունում, որից հետո նրան կտրվի հնարավորություն կրկին հայտ ներկայացնել վկայական ստանալու համար:
41. Մասնավոր օդաչուի վկայական տրամադրելու համար թեստավորման արդյունքների գործողության ժամկետը կազմում է քսանչորս ամիս, իսկ կոմերցիոն օդաչուի վկայական տրամադրելու համար՝ երեսունվեց ամիս:
42. Հայտատուն բոլոր առարկաներից տեսական գիտելիքների մակարդակի թեստավորում անցնելուց հետո պետք է անցնի գործնական հմտության թեստ (քննություն) համապատասխան օդանավի կամ վարժասարքի վրա, որից հետո նրան կտրվի օդաչուի համապատասխան վկայական:
Գ Լ ՈՒ Խ 5
ՕԴԱՆԱՎԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
43. Օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայական ստանալու, դրանում ներառված սահմանափակումները վերացնելու, վկայականում լրացուցիչ կատեգորիաներ/ենթակատեգորիաներ ներառելու համար Ավիացիոն մասնագետներն անցնում են թեստավորում ՓԱՐՏ-66–ի հավելված 1-ում ընդգրկված մոդուլների մասով:
44. Ընդհանուր (բազային) գիտելիքների թեստավորումները պետք է անցկացվեն ՓԱՐՏ-66-ի 1-ին և 2-րդ հավելվածներում ներկայացված ստանդարտների համաձայն:
45. Օդանավի տիպի որակավորումների թեստավորումները պետք է անցկացվեն ՓԱՐՏ-66-ի 3-րդ հավելվածում ներկայացված ստանդարտների համաձայն:
46. Մոդուլների թեստավորումների քանակը, հերթականությունը որոշում է հայտատուն:
47. Թեստավորման տևողությունը պայմանավորված է հարցերի քանակից՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր հարցի համար սահմանվում է 75 վայրկյան ժամանակ ընդհանուր (բազային) գիտելիքների մասով, օդանավի տիպի որակավորման մասով՝ 90 վայրկյան: Գրավոր (essay) քննությունների համար տրվում է 20 րոպե ժամանակ:
48. Դրական արդյունք ապահովելու համար հայտատուն պետք է ճիշտ պատասխանի յուրաքանչյուր առարկայի համար հարցերի ընդհանուր քանակի առնվազն 75 տոկոսին:
49. Թեստավորման դրական կամ բացասական արդյունքի դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն և դրա վերաբերյալ տեղեկացվում է հայտատուն և/կամ նրա գործատու կազմակերպությունը:
50. Թեստավորման արդյունքները համարվում են անբավարար, եթե հատկացված ժամանակահատվածի ավարտին տվյալ առարկայի համար հայտատուի ճիշտ պատասխանների քանակը չի գերազանցում սահմանված 75 տոկոսի շեմը:
51. Թեստավորման արդյունքների անբավարար լինելու դեպքում հայտատուն կարող է դիմել տվյալ մոդուլի կրկնակի թեստավորման համար նախորդ թեստավորման անցկացման օրվանից ոչ շուտ, քան իննսուն օր հետո: Տվյալ մոդուլի թեստավորումն անցնելու երեք հնարավորությունները ձախողելու դեպքում հայտատուն իրավունք ունի կրկին հայտ ներկայացնել թեստավորման անցկացման վերջին օրվանից առնվազն մեկ տարի հետո:
52. Մոդուլների մասով թեստավորման արդյունքների վավերականության ժամկետները 10 տարի են, օդանավի տիպի մասով՝ 3 տարի: