«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 նոյեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 12114512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 նոյեմբերի 2014 թ. |
N 13-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 05-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար փոխվարչապետի 2009 թվականի հունվարի 26-ի «Համայնքային ծառայողների գրանցամատյանի վարման կարգը սահմանելու մասին» N 05-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանով սահմանված կարգի (այսուհետ` կարգ) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Գրանցամատյանում տեղեկությունները ներառվում են համայնքային կազմակերպությունների հաստիքացուցակների և համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց անձնական գործերի սույն կարգի 8-րդ կետում նշված տվյալների հիման վրա:»:
2) կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Գրանցամատյանը բաղկացած է հետևյալ բաժիններից.
1) համայնքային կազմակերպություններ.
2) համայնքային կազմակերպությունների հաստիքացուցակներ.
3) համայնքային ծառայության պաշտոններ.
4) համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններից ազատված անձինք:»:
3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-ին և 6.2-րդ կետերով.
«6.1. «Համայնքային կազմակերպություններ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները` կազմակերպության անվանումը, տեսակը և ստորաբաժանման անվանումը` այդպիսին լինելու դեպքում:».
6.2. «Համայնքային կազմակերպությունների հաստիքացուցակներ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները` հաստիքի տեսակը (քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության, տեխնիկական սպասարկման և այլն), անվանումը, կազմակերպության անվանումը, պաշտոնի ծածկագիրը, հաստիքային միավորը, պաշտոնային դրույքաչափը, հավելումը, հավելավճարը և աշխատավարձի չափը:»:
4) կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
««7. Համայնքային ծառայության պաշտոններ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները` համայնքային ծառայության պաշտոնի լրիվ անվանումը, համայնքային ծառայության պաշտոնների խումբը և ենթախումբը, աշխատակազմի անվանումը և կազմակերպաիրավական տեսակը, ստորաբաժանման անվանումը` այդպիսին լինելու դեպքում, պաշտոնը ստեղծելու, ինչպես նաև փոփոխելու մասին իրավական ակտի համարը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:»:
5) կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
««8. Համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններից ազատված անձինք» բաժնում ներառվում են սույն կարգի N 1 և N 2 ձևերով նախատեսված տեղեկությունները:»:
6) կարգի 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
7) կարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10. Գրանցամատյանային տեղեկությունները աշխատակազմի կողմից թղթյա կրիչով կամ էլեկտրոնային եղանակով ներկայացվում են համապատասխան մարզպետարան (Երևանում` Երևանի քաղաքապետարան)՝ համայնքային կազմակերպությունների հաստիքացուցակների և սույն կարգի N 1 և N 2 ձևերով նախատեսված տվյալների հիման վրա:»:
8) կարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Սույն կարգի 6.1-ին, 6.2-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխությունները համապատասխան մարզպետարանը (Երևանում` Երևանի քաղաքապետարանը) 3 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրում է գրանցամատյան:»:
9) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12.1 - 12.5-րդ կետերով.
«12.1. Գրանցամատյանը վարվում է էլեկտրոնային եղանակով՝ համակարգչային այնպիսի ծրագրով, որը հնարավորություն է տալիս գրանցամատյանում գրառումներ կատարել միայն համապատասխան գաղտնաբառեր մուտքագրելու արդյունքում և հասանելի լինի միայն գրանցամատյանը վարող պատասխանատու անձանց համար:
12.2. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը (Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը) նշանակում է մարզի համայնքների (Երևանի քաղաքապետարանի) պատասխանատու աշխատակիցներ, որոնց լիազորած մարմնի կողմից տրվում են գաղտնաբառեր` համակարգչային ծրագիր մուտք գործելու համար:
12.3. Գրանցամատյանում գրառումները կատարվում են յունիկոդ տառատեսակով:
12.4. Տեխնիկական պատճառներով համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկությունները մուտքագրելու անհնարինության դեպքում այդ տեղեկությունները վերջիններս լիազորած մարմին են ներկայացնում թղթյա կրիչով կամ էլեկտրոնային եղանակով՝ սույն կարգի 12-րդ կետում նշված ժամկետում:
12.5. Սույն կարգի 12.4-րդ կետում նշված տեղեկությունը ստանալուց հետո լիազորած մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրում է գրանցամատյան:»:
10) կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Գրանցամատյանում գրանցում, փոփոխություն կատարելու համար աշխատակազմերը (բացառությամբ` Երևանի քաղաքապետարանի) սույն կարգի 6.1-ին, 6.2-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված տեղեկությունները և դրանց փոփոխությունները համապատասխան մարզպետարան են ներկայացնում նշված տեղեկությունների և դրանց փոփոխությունների ի հայտ գալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:»:
11) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13.1-ին կետով.
«13.1. Գրանցամատյանում գրանցում, փոփոխություն կատարելու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը սույն կարգի 6.1-ին, 6.2-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված տեղեկությունները և դրանց փոփոխությունները մուտքագրում է գրանցամատյան` դրանց ի հայտ գալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:»:
12) Կարգի հավելվածի Ձև N 1-ը «Աշխատանքային ստաժը» բառերից հետո լրացնել «(պաշտոնի նշանակման օրվա դրությամբ)» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
Պաշտոնակատար
Վ. Տերտերյան