ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
24 ապրիլի 2017 թվականի |
թիվ 10 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թեթև արդյունաբերության զարգացման 2015-2016 թվականների միջոցառումների ծրագրի 3-րդ կետի, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ) իրագործման նպատակներով, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 7-րդ կետին, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության (նշված պայմանագրի 27-րդ հավելված) 2-րդ կետին համապատասխան,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից՝
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրման և իրացման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին ապահովել թեթև արդյունաբերության զգայուն ապրանքների պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցելու հնարավորության համար հավասար պայմաններ` հավելվածի համաձայն սահմանված ցանկով:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ անդամ պետությունների հետ համատեղ`
ա) իրականացնել թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրման և իրացման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սույն հանձնարարականի հավելվածում նշված թեթև արդյունաբերության զգայուն ապրանքների պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցելու հնարավորության համար հավասար պայմաններ ապահովելուն ուղղված միջոցառումների իրականացման դիտանցում.
բ) հաշվի առնել սույն կետի «ա» ենթակետում նշված դիտանցման արդյունքները Հիմնական ուղղությունների 2-րդ հավելվածում փոփոխություններ կատարելիս:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
