Գլխավոր տեղեկություն
Համար
N 418-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.09.11/49(989) Հոդ.249.17
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
16.07.2013
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

16 հուլիսի 2013 թ.

ք. Երևան

N 418-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը՝ համաձայն հավելվածի:

 

 

Ա. Բախչագուլյան

 

 

Հավելված

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության

պետական ծառայության պետի

2013 թվականի հուլիսի 16-ի

N 418-Ն հրամանի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Բրուցելոզը (Brucellosis) խրոնիկ ընթացքով ինֆեկցիոն հիվանդություն է, որը դրսևորվում է վիժումներով, ընկերքի պահումով, էնդոմետրիտներով և կենդանիների վերարտադրական կարողությունների խանգարումներով: Հայտնի են բրուցելլաների 6 տեսակ, որոնք բաժանվում են մի շարք կենսաբանական տարբերակների: Առկա են ոչխարների, այծերի, խոշոր եղջերավոր կենդանիների, ուղտերի, ձիերի, խոզերի, խոյերի, շների, առնետների, ինչպես նաև մարդկանց հարուցիչներ: Հիվանդության հարուցիչը բազմաձև, անշարժ, աերոբ, գրամբացասական մանրէ է: Հարուցչի որոշ շտամներ առաջացնում են պատիճ:

2. Հիվանդության հարուցիչները՝ բրուցելլա (Brucella) խմբի մանրէները, որոնք լինում են վեց տեսակի՝ մելիտենսիս (melitensis՝ գառի և այծի), աբորտուս (abortus՝ խոշոր եղջերավոր կենդանիների), սուիս (suis՝ խոզի), օվիս (ovis՝ ոչխարի), կանիս (kanis՝ շան) և նեոտոմա (neotoma՝ թփուտային առնետի): Այս հիվանդությամբ հիվանդանում են նաև ձիերը, ընձուղտները և եղջերուները: Բրուցելոզ հիվանդության նկատմամբ առավել զգայունակ են սեռահասուն կենդանիները՝ հատկապես զուգավորումից հետո:

3. Բրուցելլա խմբի մանրէները կայուն չեն բարձր ջերմաստիճանի նկատմամբ: Հեղուկ միջավայրում՝ +600C ջերմաստիճանային պայմաններում դրանք ոչնչանում են 30 րոպեում, +80-850C ջերմաստիճանային պայմաններում՝ 5 րոպեում, +85-900C ջերմաստիճանային պայմաններում՝ 20 վայրկյանում, իսկ եռացնելիս՝ անմիջապես: Արևի ուղիղ ճառագայթները դրանք ոչնչացնում են 4-5 ժամում, հողի մեջ մանրէները մնում են կենսունակ մինչև 100 օր, ջրի մեջ՝ միչև 114 օր: Մանրէները երկար ժամանակ մնում են սննդամթերքում և կայուն են ցածր ջերմաստիճանի ազդեցության նկատմամբ:

4. Խրոնիկ ընթացքի հետևանքով հիվանդությանը բնորոշ կլինիկական նշաններ սովորաբար չեն արտահայտվում, էգ կենդանիների մոտ դրսևորվում են վիժումներ, իսկ արուների մոտ՝ բուրսիտներ և օրխիտներ:

5. Վարակի աղբյուր են հանդիսանում հիվանդ էգ և արու կենդանիները, վերջիններիս արտաթորանքը, կաթը, վիժված կենդանու պտուղը, ընկերքը:

6. Բրուցելոզ հիվանդությունն ախտորոշվում է համաճարակաբանական և լաբորատոր պարտադիր հետազոտությունների դրական արդյունքների հիման վրա: Լաբորատոր ախտորոշման համար օգտագործվում են շիճուկաբանական մեթոդներ՝ փորձանոթի մեջ ագլյուտինացիայի ռեակցիա (ԱՌ), կոմպլեմենտի կապման ռեակցիա (ԿԿՌ), կոմպլեմենտի երկարատև կապման ռեակցիա (ԿԵԿՊ), օղակաձև փորձ կաթի հետ և ալերգիկ փորձ:

7. Ախտորոշումը հաստատվում է, և կենդանին համարվում է հիվանդ ագլյուտինացիայի ռեակցիա (ԱՌ), կոմպլեմենտի կապման ռեակցիա (ԿԿՌ), կոմպլեմենտի երկարատև կապման ռեակցիա (ԿԵԿՊ) մեթոդներից մեկի կամ մի քանիսի դրական արդյունքների հիման վրա:

8. Օղակաձև փորձ կաթի հետ մեթոդով ախտորոշման դրական արդյունքը պարտադիր ենթակա է հաստատման ագլյուտինացիայի ռեակցիա (ԱՌ) կամ կոմպլեմենտի կապման ռեակցիա (ԿԿՌ) մեթոդներից որևէ մեկով կենդանու՝ բրուցելոզով հիվանդացությունը հաստատելու համար:

9. Բրուցելոզ հիվանդության նկատմամբ ապահով կամ անապահով կարող են համարվել անասնապահությամբ զբաղվող տնտեսությունները, այդ թվում՝ գյուղացիական համայնքները կամ համայնքների որոշակի մասը, որի սահմանները որոշում և սահմանում է անասնաբուժության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական մարմինը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ՝ լիազոր մարմին):

10. Բրուցելոզ հիվանդության նկատմամբ ապահով են համարվում անասնապահությամբ զբաղվող այն գյուղացիական տնտեսությունները և ֆերմաները կամ համայնքը կամ համայնքի տարածքները, որտեղ լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքում հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել: Սույն հրահանգի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:

 

II. ԲՐՈՒՑԵԼՈԶԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

11. Բրուցելոզի հսկողության և հիվանդության ներթափանցման կանխարգելման, ինչպես նաև կենդանիների մոտ հիվանդության դեպքի բացառման նպատակով անասնատերերը, ֆերմերային գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները (մարմինները) պարտավոր են ապահովել՝

1) կենդանիների շարժը՝ համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ.

2) նոր ձեռք բերված, այդ թվում՝ ներկրված բոլոր կենդանիների 30-օրյա կարանտինում պահելը մյուս կենդանիներից մեկուսացված պայմաններում՝ այդ ընթացքում բրուցելոզի ախտորոշման լաբորատոր մեթոդների կիրառմամբ.

3) նոր ձեռք բերված կամ ներկրած կենդանիների՝ մյուս կենդանիների հետ պահելը կամ արածեցնելը միայն բրուցելոզի ախտորոշման լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի հիման վրա՝ տնտեսությունը սպասարկող կամ համայնքային անասնաբույժի գիտությամբ.

4) համայնքի տարածքում պահվող կենդանիների շփումն այլ անապահով տնտեսությունների կենդանիների հետ.

5) լիազոր մարմնի և/կամ տնտեսությունը սպասարկող կամ համայնքային անասնաբույժի պահանջով՝ կենդանիների անասնաբուժական զննումը, բրուցելոզի ախտորոշման համար արյան նմուշառումը և անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ պատվաստումները.

6) սպասարկող կամ համայնքային անասնաբույժի համար ստեղծել անասնաբուժական միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտ պայմաններ.

7) կենդանիների խնամքի, պահման անասնաբուժասանիտարական և զոոհիգիենիկ կանոնների կատարումը.

8) վիժումների, վաղաժամ ծննդաբերության, ընկերքի ուշացման և այլ կասկած հարուցող դեպքերում կենդանու մեկուսացումը մյուս կենդանիներից՝ և այդ մասին հայտնելով սպասարկող անասնաբույժին և լիազոր մարմնին.

9) բրուցելոզով հիվանդ կամ հիվանդության վերջնական ախտորոշում չունեցող կենդանիների տեղափոխման, վաճառքի կամ սպանդի բացառումը, իսկ անապահով տարածքներում կամ համայնքներում կենդանիների տոնավաճառների և շուկաների կազմակերպման արգելումը:

12. Համայնք կամ տնտեսություն մտնող կենդանիների առողջությունը հավաստում է անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթը՝ կից ներկայացված բրուցելոզ հիվանդության նկատմամբ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով, հետազոտման մեթոդի և ամսաթվի նշումով: Ներմուծվող կենդանիների դեպքում բրուցելոզ հիվանդության նկատմամբ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքները պահանջվում են, եթե ծագման կամ արտահանման երկրում այդպիսի միջոցառումներ իրականացվել են:

13. Տնտեսությունում կամ համայնքում նոր ձեռք բերված կենդանիների գլխաքանակում բրուցելոզով հիվանդ կենդանիների հայտնաբերման դեպքում հիվանդ կենդանիները ենթարկվում են սանիտարական սպանդի, մնացած պայմանական առողջ կենդանիների արյան լաբորատոր հետազոտության բացասական արդյունքով բրուցելոզով վարակվածությունը կամ հիվանդացությունը բացառելուց հետո դրանք համարվում են առողջ, և թույլատրվում է դրանց հետագա շահագործումը, իսկ կենդանիների արյան լաբորատոր հետազոտության դրական արդյունքի դեպքում այդ կենդանիները նույնպես ենթարկվում են սանիտարական սպանդի:

14. Տնտեսությունում բրուցելոզ հիվանդության կասկածի դեպքում՝ կենդանիների արյան Ռոզ-Բենգալ մեթոդով հետազոտմամբ դրական արդյունքի ստացում կամ կենդանիների հանկարծակի վիժում, սպասարկող կամ համայնքային անասնաբույժը պարտավոր է այդ մասին իրազեկել լիազոր մարմնին, ախտորոշման նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կասկածելի կենդանիներից վերցնել արյան նմուշներ կամ վիժած պտուղը կամ վիժման արդյունքները ուղարկել լաբորատոր հետազոտության:

15. Լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի դեպքում 15 օր հետո նույն կենդանուց կատարվում է արյան նմուշառում և ուղարկվում լաբորատոր շիճուկաբանական հետազոտության: Կրկնակի լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի դեպքում կենդանին համարվում է առողջ: Կրկնակի լաբորատոր հետազոտության դրական արդյունքի դեպքում կենդանին համարվում է հիվանդ:

16. Ֆիզիկական և իրավաբանական անձինք օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում իմունականխարգելիչ միջոցառումների իրականացման համար, ընդգրկելով անասնագերեզմանոցների, բիոթերմիկ հորերի և կենդանիների դիակների թաղման այլ տեղերի կահավորման և սանիտարական վիճակում պահպանման կազմակերպատնտեսական միջոցառումները, ինչպես նաև կենդանիների սպանդի, մսի, մսամթերքների և կաշվե հումքի պահպանման համար պատշաճ պայմանների ստեղծումը:

 

III. ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՊԱՀՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

17. Բրուցելոզ հիվանդության դեմ պայքարն իրականացվում է՝

1) տնտեսություններ և բնակավայրեր հիվանդության ներթափանցումը և հետագա տարածումը բացառելու.

2) անապահով տնտեսությունների և տարածքների հիվանդությունից առողջացման.

3) վարակված կամ հնարավոր վարակակիր կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության, իրացման և օգտագործման վտանգները բացառելու.

4) մարդկանց վարակումից պաշտպանելու համար:

18. Բրուցելոզի դեմ պայքարն իրականացվում է հետևյալ եղանակներով՝

1) անապահով և վարակման տեսակետից վտանգված տնտեսություններում կենդանիների գլխաքանակի պարբերական լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների իրականացում, հիվանդ կենդանիների հայտնաբերում և հիվանդ կենդանիների սանիտարական սպանդ.

2) անապահով տնտեսության հիվանդ կենդանիների փոխարինում առողջ կենդանիներով՝ հիվանդ կենդանիների միանգամից սանիտարական սպանդով, երբ անասնապահական տնտեսության կամ տարածքի հիվանդ գլխաքանակի առողջացումը տնտեսական և համաճարակաբանական տեսակետից արդյունավետ և ձեռնտու չէ.

3) արտաքին միջավայրում հիվանդության հարուցչի դեմ պայքարի՝ կրծողազերծման, միջատազերծման և ախտահանման պարբերաբար կատարվող միջոցառումներ.

4) հիվանդության վերջին դեպքից՝ ախտորոշումից և սանիտարական սպանդից հետո անասնաբուժասանիտարական համալիր միջոցառումների իրականացում, որը կրծողազերծման, միջատազերծման, ախտահանման ընթացիկ միջոցառումներից բացի՝ ներառում է անասնապահական շինությունների և տարածքների կոսմետիկ վերանորոգում, անասնապահական գույքի և միջոցների ոչնչացում կամ վնասազերծում, վերջնական ախտահանություն՝ ախտահանության սանիտարական գնահատման դրական արդյունքով (ախտահանությունից հետո արտաքին միջավայրից վերցված քսուքների մանրէաբանական հետազոտությամբ մանրէների բացակայություն), և կազմակերպատնտեսական միջոցառումների իրականացում:

18. Անասնաբուժասանիտարական համալիր միջոցառումների իրականացումը հավաստվում է լիազոր մարմնի տեսուչի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի, համայնքային անասնաբույժի և/կամ տնտեսությունը սպասարկող անասնաբույժի կամ ծառայության կողմից կազմված արձանագրությամբ:

19. Փորձաքննությունների արդյունքների հիման վրա լաբորատորիայի կողմից բրուցելոզ հիվանդությունը ախտորոշելուց կամ ախտորոշումը հաստատելուց հետո լիազոր մարմինը՝

1) որոշում է անապահով տարածքի սահմանները.

2) տեղական ինքնակառավարման մարմնի կողմից բրուցելոզի դեմ պայքարի միջոցառումների և առողջացման պլանը հաստատելու և իրականացնելու նպատակով վերջինիս ներկայացնում է հիվանդության դեմ պայքարի վերաբերյալ առաջարկությունները.

3) սահմանում է բրուցելոզի դեմ պայքարի միջոցառումների համալիրում պարտադիր իրականացման ենթակա սահմանափակումները:

20. Սահմանափակումների պահանջներով արգելվում է՝

1) անապահով տնտեսություն կամ տարածք նոր կենդանիների մուտքը կամ ներկրումը, անապահով տնտեսությունից կամ տարածքներից կենդանիների արտահանումը և տարանցումը.

2) անապահով տնտեսությունների կամ ֆերմաների ներսում կամ տարածքներում կենդանիների վերախմբավորումը, պահելը և արածեցնելը.

3) անապահով տնտեսություններից և տարածքներից խոտի, ծղոտի և այլ կոպիտ կերերի տեղափոխումը, առուվաճառքը այլ տարածքներ և տնտեսություններ.

4) բրուցելոզով հիվանդ կենդանիների և դրանցից ստացված ծնաճի օգտագործումը վերարտադրման համար.

5) անապահով տնտեսությունից կամ տարածքից բրուցելոզով հիվանդ գյուղատնտեսական, այդ թվում՝ տոհմային կենդանիների տեղաշարժը, փոխադրումը կամ իրացումը կամ առուվաճառքը՝ բացառությամբ սանիտարական սպանդի դեպքերի, որը կատարվում է լիազոր մարմնի հսկողությամբ և թույլտվությամբ.

6) բրուցելոզով հիվանդ կենդանիների երկարատև պահելը և շահագործումը: Հիվանդ կենդանիները անհապաղ մեկուսացվում են ընդհանուր գլխաքանակից և 15 օրվա ընթացքում ենթարկվում սանիտարական սպանդի՝ անկախ դրանց տոհմային և արտադրական արժեքից, բտման աստիճանից, քաշից, տարիքից և հղիության վիճակից.

7) հիվանդ կենդանիների մթերումը բազաներ և բտումով զբաղվող կազմակերպություններ.

8) անապահով և ապահով տնտեսությունների անասնագլխաքանակների համատեղ պահելը, ջրելը, արածեցնելը, ամառային արոտավայրեր տեղափոխելը և գտնվելը.

9) արոտային պահվածքի ժամանակ 3 ամիսների ընթացքում, այն արոտավայրերի օգտագործումը, որտեղ արածել են հիվանդ կենդանիներ: Հիվանդ կենդանիների պահման համար օգտագործված տարածքներից հավաքված խոտը ենթակա է պահպանման 2 ամիս, և այն կարելի է օգտագործել միայն հիվանդ կենդանիներին կերակրելու նպատակով.

10) հիվանդ կենդանիներին ջրելու համար օգտագործված չհոսող բաց կամ փակ ջրելատեղերի օգտագործումը առողջ կենդանիներին ջրելու նպատակով ջրելը դադարեցնելուց հետո 3 ամսվա ընթացքում.

11) բրուցելոզից անկած կենդանիների դիակների և վիժված պտուղների տեղափոխումը անապահով տնտեսության կամ տարածքի սահմաններից դուրս՝ բացառությամբ լաբորատոր ախտորոշման դեպքերի: Դիակները և վիժած պտուղները ենթակա են անհապաղ ոչնչացման լիազոր մարմնի հսկողությամբ:

 

IV. ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՊԱՀՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄՍԻ, ԵՆԹԱՄԹԵՐՔԻ, ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

21. Անապահով տնտեսություններից և տարածքներից հիվանդության կլինիկական և ախտաբանաանատոմիական նշաններ ունեցող բոլոր տեսակի կենդանիներից ստացված միսը ենթակա է օգտագործման միայն ջերմային մշակումից հետո:

22. Բրուցելոզ հիվանդության նկատմամբ լաբորատոր հետազոտությամբ բրուցելլա աբորտուս (abortus) տեսակի նկատմամբ դրական արդյունքով սպանդի ենթարկված, սակայն կլինիկական նշանների, մսում ու օրգաններում ախտաբանաանատոմիական փոփոխությունների բացակայության դեպքում տավարի և խոզի միսը ենթակա է օգտագործման առանց սահմանափակումների:

23. Բրուցելոզ հիվանդության նկատմամբ լաբորատոր հետազոտությամբ բրուցելլա մելիտենսիս (melitensis) տեսակի նկատմամբ դրական արդյունքով սպանդի ենթարկված տավարի և խոզի միսը թույլատրվում է օգտագործել երշիկներ և պահածոներ պատրաստելու նպատակով՝ պահպանելով մսի և մսամթերքի վարակազերծման կարգը:

24. Վարակիչ էպիդիդիմիտի կլինիկական նշաններով խոյերի մորթից ստացված միսն օգտագործվում է եփած երշիկներ կամ պահածոներ պատրաստելու համար:

25. Բրուզելոզ հիվանդության կլինիկական նշաններով կամ ախտաբանաանատոմիական փոփոխություններով բոլոր տեսակի կենդանիների ոսկրերը մսից անջատելուց հետո, ինչպես նաև բրուցելոզ հիվանդության նկատմամբ լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատված ոչխարների և այծերի մսեղիքներից ստացված ոսկրերն ուղարկվում են հալման միջոցով սննդային ճարպ կամ կենդանական չոր կեր ստանալու համար:

26. Լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքով բրուցելոզով հիվանդ կենդանիների, անկախ հիվանդության կլինիկայի առկայության կամ բացակայության, սպանդից ստացված ներքին օրգանների, գլխի և ստամոքսի իրացումը հում վիճակում արգելվում է, և դրանք ենթակա են օգտագործման միայն ջերմային վերամշակումից հետո երշիկների և այլ եփած մթերքների արտադրություններում:

27. Տավարի և խոզերի ականջները, ոտքերը, տավարի շրթունքները, խոզերի պոչերը արդյունաբերական վերամշակումից առաջ խանձվում կամ մաքրվում են եռացրած ջրով:

28. Ոչխարների և խոզերի գլուխները խանձվում են, ստամոքսները՝ մշակվում եռացրած ջրով:

29. Բրուցելոզ հիվանդության նկատմամբ լաբորատոր հետազոտությամբ դրական արդյունքով սպանդի ենթարկված, սակայն կլինիկական նշանների, մսում ու օրգաններում, կրծում ախտաբանաանատոմիական փոփոխությունների բացակայության դեպքում կովերի, այծերի և ոչխարների կուրծը ենթակա է օգտագործման եփելուց հետո, իսկ ախտաբանական տեսանելի փոփոխությունների առկայության դեպքում` օգտահանման:

30. Բրուցելոզ հիվանդության նկատմամբ լաբորատոր հետազոտությամբ դրական արդյունքով սպանդի ենթարկված կենդանիների աղիները, կերակրափողը և միզափամփուշտը 48 ժամ պահում են 0,5%-անոց աղաթթու պարունակող 1%-անոց աղաջրում 15-200C ջերմաստիճանային պայմաններում, իսկ կլինիկական նշանների, մսում ու օրգաններում ախտաբանաանատոմիական փոփոխությունների դեպքում կենդանիների սպանդից ստացված աղիները, կերակրափողը և միզափամփուշտը ենթակա են տեխնիկական օգտահանման:

31. Բրուցելոզ հիվանդության նկատմամբ լաբորատոր հետազոտությամբ դրական արդյունքով և կլինիկապես հիվանդ կենդանիներից ստացված արյունը թույլատրվում է օգտագործել կենդանիների համար չոր կեր կամ տեխնիկական մթերքներ պատրաստելու համար:

32. Բրուցելոզ հիվանդության նկատմամբ լաբորատոր հետազոտությամբ դրական արդյունքով և կլինիկապես հիվանդ կենդանիներից ստացված մորթիները, եղջյուրները և սմբակները ենթակա են օգտագործման ախտահանումից հետո:

33. Արգելվում է բրուցելոզի նկատմամբ անապահով տնտեսություններից և տարածքներից ստացված և չվարակազերծված կաթի դուրսբերումը և իրացումը, վաճառքը շուկաներում, օգտագործումը հանրային սննդում: Այդպիսի կաթի առաջնային ջերմային վերամշակումը կատարվում է կաթն արտադրող գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում:

34. Բրուցելոզ հիվանդության նկատմամբ լաբորատոր հետազոտությամբ դրական արդյունքով կովերի կաթը մինչև կենդանիների սպանդը վարակազերծվում է եռացման միջոցով կամ օգտագործվում հալած յուղի ստացման համար, որի ընթացքում պահպանվում են տվյալ մթերքի արտադրությանը ներկայացվող օրենսդրական պահանջները: Կաթի վարակազերծումը եռացման միջոցով կամ օգտագործումը հալած յուղի ստացման համար կատարվում է նաև մինչև լաբորատոր հետազոտությամբ բրուցելոզի վերջնական հաստատումն ընկած ժամանակահատվածում:

35. Բրուցելոզի նկատմամբ անապահով տնտեսությունների կամ տարածքների կովերի եռացրած կաթը թույլատրվում է օգտագործել սննդային նպատակներով, սակայն արգելվում է վերջինիս առաքումը և օգտագործումը բուժկանխարգելիչ, մանուկների, դեռահասների և դպրոցականների համար նախատեսված հաստատություններում:

36. Բրուցելոզի նկատմամբ անապահով տնտեսություններում կամ տարածքներում առկա անապահով գլխաքանակի առողջ կովերից ստացված կաթը (սերուցքը) վարակազերծվում է 700C ջերմաստիճանային պայմաններում 30 րոպե, 85-900C-ում՝ 20 վայրկյան, կամ եռացվում է: Նույն կերպ վարակազերծվում է նաև տնտեսության ներսում օգտագործվող կաթը:

37. Բրուցելոզի նկատմամբ անապահով տնտեսություններում կամ տարածքներում կենդանիների կերակրման համար նախատեսված կաթը և յուղազերծ կաթը, այդ թվում՝ կաթի գործարանից բերվածը, նույնպես ենթակա են վարակազերծման 85-900C ջերմաստիճանային պայմաններում 20 վայրկյան տևողությամբ կամ եռացման:

38. Բրուցելոզի նկատմամբ անապահով տնտեսություններում կամ տարածքներում առկա անապահով գլխաքանակի կովերից ստացված չվարակազերծված կաթի (բացի խիժից) օգտագործումը մատղաշի կերակրման նպատակով:

39. Կաթի վերամշակման ձեռնարկություններին արգելվում է չպաստերիզացված կաթի (այդ թվում նաև յուղազերծ) շուկայահանումն ու իրացումը և տեղափոխումը:

40. Բրուցելոզի նկատմամբ անապահով տնտեսություններում կամ տարածքներում առկա անապահով գլխաքանակի կաթից ստացված հալած յուղի արտադրության թանը և յուղազերծ կաթը ենթակա է օգտագործման միայն տվյալ տնտեսության կենդանիների կերակրման համար, և արգելվում է դրանց դուրսբերումը, իրացումը և օգտագործումը այլ տնտեսություններում:

41. Բրուցելոզի նկատմամբ անապահով տնտեսություններում կամ տարածքներում առկա մանր եղջերավորների անապահով գլխաքանակի կիթը, և ոչխարի, այծի պանիրների (բրինզա)՝ արտադրությունն արգելվում է:

 

V. ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՈՒՑՉԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

42. Բրուցելոզ հիվանդության նկատմամբ անապահով տնտեսություններում անհրաժեշտ է պահպանել մաքրություն, պարբերաբար իրականացնել ախտահանություն, միջատների դեմ պայքար՝ միջատազերծում, կրծողների դեմ պայքար (դեռատիզացիա), անասնաշենքի և անասնապահական տարածքների սանիտարական մաքրում և ախտահանություն, անասնաբուժասանիտարական այլ միջոցառումներ: Ախտահանության, կրծողազերծման, միջատազերծման նպատակով օգտագործվում են համապատասխան միջոցներ՝ համաձայն դրանց օգտագործման հրահանգների:

43. Անասնաշենքի և անասնապահական տարածքների ախտահանության համար օգտագործվում են թարմ հանգեցված կրի 20%-անոց կախույթահեղուկ կամ 2% ակտիվ քլոր պարունակող պարզեցված քլորակրի լուծույթ, 2,2%-անոց կծու նատրիումի տաք լուծույթ, 3%-անոց կաուստիկ սոդայի տաք լուծույթ, 2%-անոց ֆորմալդեհիդի լուծույթ, 0,5%-անոց գլուրարարյան ալդեհիդի լուծույթ, 5%-անոց տեխնիկական նատրիումի ֆենոլյատի լուծույթ, ինչպես նաև չեզոք կալցիումի հիպոքլորիդի, տեքստանիտի 3% ակտիվ քլոր պարունակող լուծույթներ:

44. Անասնաշենքերում կենդանիների բացակայության դեպքում մաքրված և հերմետիկ փակ տարածքների աերոզոլային ախտահանության համար օգտագործվում է ֆորմալդեհիդի 40%-անոց ջրային լուծույթ, իսկ արտաքին միջավայրում անապահով տարածքների հողի մակերեսային շերտն ախտահանվում է 3%-անոց ֆորմալդեհիդի լուծույթով կամ թիազոնի դուստով:

45. Հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիների գոմաղբը, գոմափռոցը` ցամքարը և կերերի մնացորդները, ոչնչացվում կամ վարակազերծվում են: Այդպիսի կենդանիներից ստացված գոմաղբի տնտեսական կիրառումը թույլատրվում է միայն վարակազերծումից հետո:

46. Գոմաղբը վարակազերծվում է կենսաբանական, քիմիական և ֆիզիկական ճանապարհներով՝ համաձայն գործող հրահանգի:

47. Գոմափռոցային գոմաղբը և մինչև 70% խոնավություն ունեցող գոմաղբի պինդ ֆրակցիան ենթարկվում են բիոթերմիկ վարակազերծման պինդ անջրաթափանց ծածկույթով՝ հրապարակներում դարսակավորման եղանակով (դարսակում ջերմաստիճանը 600C ջերմաստիճանի հասնելուց հետո պահվում է տաք եղանակին՝ 2 ամիս, իսկ սառը եղանակին՝ 3 ամիս): 70-88% խոնավություն ունեցող գոմաղբը կոմպոստավորվում և պահվում է դարսակներում 6 ամիս:

48. Գոմաղբը կարելի է վարակազերծել նաև հատուկ գոմաղբային խրամատներում՝ պահելով 2 տարի:

49. Հեղուկ, կիսահեղուկ գոմաղբը վարակազերծվում է քիմիական ճանապարհով՝ ամոնիակի օգնությամբ (1 մ3 գոմաղբին 30 կգ ամոնիակ՝ 5 օր էքսպոզիցիայով):

50. Խոզաբուծական տնտեսություններում հեղուկ գոմաղբը վարակազերծվում է գոլորշաշթային սարքերի օգնությամբ՝ 10 րոպե 100-1200C ջերմաստիճանի և 2 մթնոլորտ ճնշման պայմաններում:

 

VI. ԱՆԱՊԱՀՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՑՈՒՄԸ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ

 

51. Առողջացումն իրականացվում է երկու եղանակով՝

1) ամբողջ գլխաքանակի փոխարինում՝ անապահով տնտեսության ողջ գլխաքանակի սպանդ և համապատասխան անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացումից հետո նոր գլխաքանակի ձեռքբերում.

2) հակաբրուցելոզային պատվաստանյութի կիրառում և հետագա պարբերական ախտորոշիչ հետազոտությունների իրականացում՝ մինչև հիվանդ կենդանիների սպանդը:

52. Ամբողջ գլխաքանակի փոխարինումը կիրառվում է հետևյալ դեպքերում՝

1) եթե բրուցելոզը հաստատվել է հիվանդության նկատմամբ ապահով համայնքներում կամ տարածքներում կամ անասնապահական տնտեսություններում.

2) եթե բրուցելոզը հաստատվել է հիվանդության նկատմամբ անապահով համայնքում կամ տարածքում մարզերում կամ անասնապահական տնտեսությունում, որտեղ չի անցկացվում բրուցելոզի նկատմամբ կենդանիների գլխաքանակի յուրահատուկ իմունականխարգելում և հիվանդության ախտորոշումը հաստատվել է.

3) բրուցելոզի սուր ընթացքի բոլոր դեպքերում, որոնք արտահայտվում են համատարած վիժումներով.

4) երբ անապահով տնտեսությունը կամ տարածքը հակաբրուցելոզային պատվաստանյութի կիրառման արդյունքում չի առողջանում 2-5 օրացուցային տարվա ընթացքում:

53. Անապահով տնտեսություններում հակաբրուցելոզային պատվաստանյութի կիրառման թույլտվությունը տրվում է լիազոր մարմնի կողմից:

54. Լիազոր մարմնի կողմից սահմանափակումները հանվում՝ չեղյալ են հայտարարվում, համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ անապահով տնտեսության կամ տարածքի առողջացումից 20 օր հետո:

55. Ոչխարների և այծերի անասնապահական տնտեսությունը կամ տարածքը համարվում է առողջացած բրուցելոզ հիվանդությունից, եթե՝

1) բրուցելոզի նկատմամբ անապահով գլխաքանակի և նրա հետ շփման մեջ գտնվող՝ միևնույն արոտից և ջրելատեղից օգտվող այլ տնտեսությունների կամ տարածքների կենդանիների, այդ թվում՝ շների գլխաքանակի 30 օր պարբերականությամբ շիճուկաբանական եղանակով հետազոտությունների արդյունքում նոր հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել և ստացվել են երկու իրար հաջորդող բացասական արդյունք ողջ անապահով կամ ռիսկային հոտի համար.

2) շիճուկաբանական հետազոտությունների ընթացքում բոլոր հիվանդ կենդանիները ենթարկվել են սանիտարական սպանդի.

3) ստացվել են վիժված պտուղների և մահացած ծնված ձագերի մանրէաբանական հետազոտության բացասական արդյունք.

4) սերմնավորումից առաջ և հետո ստացվել են արտադրողների շիճուկաբանական հետազոտությունների բացասական արդյունք.

5) սպասարկող անձնակազմի մոտ չի գրանցվել բրուցելոզ հիվանդության ոչ մի դեպք.

6) իրականացվել են սույն հրահանգով սահմանված հարուցչի վերացմանն ուղղված ախտահանության և անասնաբուժասանիտարական մյուս միջոցառումները:

56. Ապահով տարածքներում կամ տնտեսություններում ոչխարների (այծերի) բրուցելոզ հիվանդության հաստատման դեպքում՝ անկախ սեփականության իրավունքից, ողջ գլխաքանակը ճանաչվում է անապահով և ծնաճի հետ միասին կարճ ժամկետում ենթարկվում է սպանդի:

57. Անապահով հոտի հետ շփում ունեցած տնտեսությունների կամ տարածքների ոչխարների և այծերի գլխաքանակը 30 օր պարբերականությամբ ենթարկվում է շիճուկաբանական եղանակով բրուցելոզ հիվանդության նկատմամբ հետազոտության՝ մինչև 2 իրար հաջորդող բացասական արդյունքների ստացումը յուրաքանչյուր տնտեսության կամ հոտի գլխաքանակի համար, որից հետո տվյալ տնտեսության գլխաքանակը կամ տարածքի հոտը համարվում է ապահով:

58. Մշտապես անապահով տնտեսությունների տարածքների ոչխարների (այծերի) բրուցելոզ հիվանդության հաստատման դեպքում ողջ անապահով գլխաքանակը, այդ թվում՝ ծնաճը, ենթակա է սպանդի: Մշտապես անապահով տնտեսությունների կամ տարածքների առողջ գլխաքանակի նկատմամբ կարող է կիրառվել յուրահատուկ իմունականխարգելում հակաբրուցելոզային պատվաստանյութով:

59. Անապահով տնտեսությունների և տարածքների ապահով հոտերի ոչխարները և այծերը սերմնավորվում են արհեստական ճանապարհով առողջ արտադրողների սերմնահեղուկով: Ոչխարների բնական սերմնավորման նպատակով թույլատրվում է օգտագործել միայն առողջ խոյեր: Սերմնավորման միջոցառումների ավարտից հետո կազմավորվում է առանձին հոտ (խումբ): Առանձին հոտ կազմավորելուց հետո՝ 35-45 օրվա ընթացքում, խոյերը երկու անգամ, 30 օր ընդմիջումով հետազոտվում են սույն հրահանգի 7-րդ կետով սահմանված շիճուկաբանական մեթոդներից մեկով: Հոտը (խումբը) համարվում է ապահով հետազոտությունների բացասական արդյունքների դեպքում: Խոյերի շիճուկաբանական հերթական հետազոտության դրական արդյունքի դեպքում հոտի (խմբի) բոլոր կենդանիները ենթակա են սպանդի:

60. Անապահով տնտեսություններում և տարածքներում արգելվում է ոչխարների և այծերի կիթը, կաշվե հումքի մշակումը, աղիքների և այլ ենթամթերքների մթերումը, ոչխարի կամ այծի կաթից պանրի արտադրությունը:

61. Մսեղիքից անջատելուց հետո մորթիները ենթարկվում են ախտահանման և կոնսերվացվում են:

62. Անապահով տնտեսությունների ոչխարների (այծերի) խուզն իրականացվում է միայն առողջ կենդանիների խուզի ավարտից հետո, ինչից հետո տարածքները, հրապարակները, գործիքները, անձնակազմի համազգեստներն ախտահանվում են: Անապահով հոտերից ստացված մորթին բրոմային մեթիլով ախտահանվում է թաղանթի տակ՝ համաձայն գործող հրահանգի, որից հետո այն ենթակա է օգտագործման առանց սահմանափակումների:

63. Մինչև հազար գլխաքանակ ունեցող խոզաբուծական տնտեսություններում բրուցելոզ հիվանդության հաստատման դեպքում ամբողջ գլխաքանակը (այդ թվում նաև մատղաշը) ենթարկվում է սպանդի: Կերակրող մերունները ենթարկվում են սպանդի խոճկորներին առանձնացնելուց հետո: Բրուցելոզ հիվանդության օջախի ոչնչացումն իրականացվում է 6 ամսվա ընթացքում: Անապահով տնտեսություններում մերունների սերմնավորումն արգելվում է:

64. Հազարից ավելի գլխաքանակ ունեցող խոզաբուծական տնտեսություններում բրուցելոզ հիվանդության հաստատման դեպքում սպանդի են ենթարկվում միայն անապահով խմբերի բոլոր կենդանիները:

65. Միևնույն անասնագոմում տարբեր կենդանիների պահման դեպքում խոզերի մոտ բրուցելոզ հիվանդության հաստատման դեպքում խոզերի ողջ գլխաքանակը ենթարկվում է սպանդի:

66. Եղջերուների մոտ բրուցելոզ հիվանդության ախտորոշման համար իրականացվում է գլխաքանակի զննում և կլինիկական նշաններ ունեցող կենդանիներն (վիժումներ, օրխիտներ, էպիդիդիմիտներ, բուրսիտներ) առանձնացվում են, ստուգվում սույն հրահանգի 7-րդ կետով սահմանված շիճուկաբանական հետազոտության որևէ մեթոդով 30 օր պարբերականությամբ մինչև բացասական արդյունքի ստացումը, այդ ընթացքում հայտնաբերված դրական արդյունքով հիվանդ գլխաքանակը մեկուսացվում է և ենթարկվում սանիտարական սպանդի:

67. Անապահով եղջերուների հոտերն ստուգվում են սույն հրահանգի 7-րդ կետով սահմանված շիճուկաբանական հետազոտության մեթոդներից մեկով, և եռամսյակը մեկ անգամ իրականացվում է գլխաքանակի կլինիկական զննում:

68. Տնտեսությունը (հոտը) համարվում է առողջացած, եթե վերջին 2 տարվա ընթացքում եղջերուների մոտ հիվանդության դեպք չի գրանցվել և իրականացվել են անասնաբուժասնիտարական բոլոր միջոցառումները:

69. Բրուցելոզ հիվանդության հաստատման դեպքում մուշտակամորթ գազանները հետազոտվում են սույն հրահանգի 7-րդ կետով սահմանված շիճուկաբանական հետազոտության մեթոդներից մեկով 30 օր պարբերականությամբ մինչև բացասական արդյունքի ստացումը, այդ ընթացքում հայտնաբերված դրական արդյունքով հիվանդ գլխաքանակը մեկուսացվում է և ենթարկվում սանիտարական սպանդի:

70. Սույն հրահանգի կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան