«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հունիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10613232
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 մայիսի 2013 թ. ք. Երևան |
N 85-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 62-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, 72-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշման հավելվածի 12-րդ կետի ա/ ենթակետի դրույթներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` Նախարարություն) ներքին գործավարության կարգը` համաձայն հավելվածի:
2. Նախարարությունում գործավարությունը կազմակերպել և իրականացնել սույն հրամանով հաստատված ներքին գործավարության կարգի դրույթներին համապատասխան:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2010 թվականի ապրիլի 1-ի «Գյուղատնտեսության նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 62-Ն հրամանը:
4. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Նախարարության աշխատակազմի ղեկավարին:
Նախարար |
Ս. Կարապետյան |
Հավելված ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի մայիսի 13-ի թիվ 85-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` Նախարարություն) ներքին գործավարության կազմակերպումն ու իրականացումը:
2. Սույն կարգով սահմանված գործավարության կանոնները պարտադիր են նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների համար:
3. Նախարարության ներքին գործավարությունը կազմակերպում է աշխատակազմի քարտուղարությունը` աշխատակազմում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի (այսուհետ` Համակարգ) միջոցով:
4. Պետական մարմինների միջև փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է «Գրապալատ» կամ «Մարիամ» տառատեսակներով:
5. Յուրաքանչյուր աշխատողի` անձնակազմի կառավարման բաժնի կողմից տրվում է Համակարգից օգտվողի անուն:
6. Էլեկտրոնային ստորագրության վավերության դեպքում փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը համարժեք է թղթային տարբերակին: Օգտվողի անունով Համակարգում կատարված ցանկացած մակագրություն (նշագրում, գրառում) համարժեք է փաստաթղթի վրա կատարված մակագրությանը (նշագրմանը, գրառմանը):
7. Արձակուրդ գնալու, գործուղման մեկնելու կամ այլ պատճառներով բացակայելու դեպքում, Համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու համար, աշխատակցին փոխարինող անձի վերաբերյալ տեղեկությունը (փոխարինողի անունը, ազգանունը և պաշտոնը) ներկայացվում է անձնակազմի կառավարման բաժին: Փոխարինող անձի տվյալները նշվում են նաև համապատասխան հրամանում:
8. Աշխատակցի բացակայության ժամանակահատվածում ոչ ոք իրավունք չունի օգտվելու` տվյալ աշխատողին Համակարգից օգտվելու համար տրված օգտվողի անունից:
9. Աշխատակազմի յուրաքանչյուր ստորաբաժանումում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է տվյալ ստորաբաժանման ղեկավարը:
10. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
II. ՄՏԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
11. Մտից փաստաթղթերը տարանջատվում են հետևյալ տեսակների`
1) գրություններ,
2) դիմումներ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից,
3) հանձնարարականներ,
4) շրջաբերականներ,
5) զեկուցագրեր, տեղեկանքներ:
12. Նախարարությունում ստացված թղթակցությունը, բացի «Գաղտնի» մակագրությամբ ծրարներից, ընդունվում է աշխատակազմի քարտուղարության կողմից:
13. Աշխատակազմի քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները, բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից: «Անձամբ» մակագրությամբ ծրարների դեպքում նշվում է միայն դրանց ստացման ամսաթիվը, ժամը և ուղարկողի տվյալները: Այդ ծրարները չեն բացվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:
14. Քարտուղարության աշխատակիցները ծրարը բացելիս պարտավոր են ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, համեմատել փաստաթղթերի ելից համարները ծրարի վրա նշված համարների հետ: Փաստաթղթի բացակայության կամ վնասման դեպքում կազմվում է ակտ: Էլեկտրոնային տարբերակով ստացված փաստաթղթի վավերության հետ կապված անճշտությունների դեպքում աշխատակազմի քարտուղարության պետը կամ ընդհանուր և արձանագրային բաժնի պետը չեղարկում են փաստաթուղթը և հանձնարարում գրանցողին` ելից գրությամբ տեղյակ պահելու ուղարկող մարմնին` տվյալ փաստաթուղթը վերստին ուղարկելու անհրաժեշտության մասին:
15. Ծրարները, որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում, փաստաթղթերին կցվում, ինչպես նաև պատկերամուտով մուտքագրվում են (սկանավորվում) այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն, կամ եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի` տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:
16. Յուրաքանչյուր նոր մտից փաստաթուղթ քարտուղարության աշխատակիցը կից նյութերով գրանցում է Համակարգում` նշելով Համակարգի կողմից պահանջվող անհրաժեշտ տեղեկությունը: Մտից փաստաթուղթը համարակալվում է հերթական մտից համարով (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը): Մտից համարը բաղկացած է Համակարգի հերթական համարից և տարեթվից:
17. Նախարարի և նախարարի առաջին տեղակալի բացակայության դեպքում, նախարարին հասցեագրված մեկօրյա ժամկետով «Շտապ» թղթակցությունը հանձնվում է աշխատակազմի ղեկավարին` փաստաթղթի համապատասխան ընթացքն ապահովելու համար:
18. Համակարգում գրանցման ենթակա չեն տեղեկատվական բնույթի (պաշտոնական և գերատեսչական տեղեկագրեր, բրոշյուրներ, վիճակագրական ժողովածուներ, աղյուսակներ և այլն) փաստաթղթերը: Այդպիսի փաստաթղթերի վրա դրվում է դրոշմակնիք, նշվում միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք թղթային տարբերակով, գրանցամատյանի գրանցմամբ ու ստորագրությամբ հանձնվում են աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին: Սույն կարգով նախատեսված` պատկերամուտով չմուտքագրվող փաստաթղթերին ուղեկցող գրությունները Համակարգ են մուտքագրվում սույն կարգով նախատեսված ընթացակարգով:
19. Օտար լեզուներով ստացված թղթակցությունը Համակարգով հանձնվում է աշխատակազմի արտաքին կապերի վարչությանը` փաստաթղթի ուղեկցող գրության և (կամ) կից նյութի համառոտ թարգմանության համար (մինչև մեկ էջի սահմաններում), որից հետո հետ է վերադարձվում աշխատակազմի քարտուղարություն` սահմանված կարգով ընթացքն ապահովելու նպատակով:
20. Համակարգում էլեկտրոնային տարբերակով ստացված մտից փաստաթղթերը պետք է հաստատված լինեն ուղարկող մարմնի համապատասխան պաշտոնատար անձի` էլեկտրոնային, թվային ստորագրությամբ:
21. Նախարարության աշխատակիցների էլեկտրոնային հասցեներով ստացված և ուղարկված փաստաթղթերը պաշտոնական թղթակցություն չեն համարվում և իրավական հետևանքներ չեն առաջացնում: Նշված փաստաթղթերը, պաշտոնական ընթացք ստանալու համար, ենթակա են Համակարգում պարտադիր գրանցման` սույն կարգով սահմանված ընթացակարգով:
22. Նախարարություն ստացված փաստաթղթի թղթային տարբերակի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում է փաստաթղթի գրանցման մտից համարը և ամսաթիվը, որը պետք է համապատասխանի Համակարգի համապատասխան մտից համարին և ամսաթվին:
23. Յուրաքանչյուր փաստաթուղթ գրանցվելուց, թղթային տարբերակի դեպքում` դրոշմակնիքը դրվելուց և պատկերամուտով (սկաներով) մուտքագրվելուց հետո Համակարգով հանձնվում է աշխատակազմի քարտուղարության պետին կամ նրա հանձնարարությամբ` ընդհանուր և արձանագրային բաժնի պետին:
24. Աշխատակազմի քարտուղարության պետը կամ նրա հանձնարարությամբ` ընդհանուր և արձանագրային բաժնի պետը ստացված փաստաթուղթն ըստ բովանդակության, Համակարգով ուղարկում է փաստաթղթում նշված հասցեատիրոջը` մակագրության` (բացառությամբ նախարարին ուղղված փաստաթղթերի) Համակարգով տեղեկացնելով աշխատակազմի ղեկավարին:
25. Նախարարին ուղղված փաստաթղթերն աշխատակազմի քարտուղարության պետը կամ նրա հանձնարարությամբ` ընդհանուր բաժնի պետը Համակարգով հանձնում են աշխատակազմի ղեկավարին` նրա կողմից դրանք նախարարին մակագրության ուղարկելու համար:
26. Եթե մտից փաստաթուղթը ստացվել է ի պատասխան Նախարարության որևէ ելից փաստաթղթի, որի վրա հստակ նշված են Նախարարության ելից փաստաթղթի համարն ու ամսաթիվը, ապա աշխատակազմի քարտուղարության աշխատակիցը Համակարգի «Ի պատասխան (առնչվող)» դաշտում այն կցում է համապատասխան ելից փաստաթղթին:
Նախարարության փաստաթղթի ելից համարի ու ամսաթվի բացակայության դեպքում քարտուղարության աշխատակիցը կցումը կատարում է կատարող ստորաբաժանման ղեկավարի կողմից` «Տեղեկացնել» կոճակով ուղարկված հաղորդագրության հիման վրա:
27. Համակարգի միջոցով տվյալ աշխատանքի կատարման համար փաստաթղթի սկզբնական վերջնաժամկետը նշանակվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներին համապատասխան: Հասցեատերը, փաստաթուղթը համապատասխան մակագրությամբ ուղարկելով կատարող ստորաբաժանման ղեկավարին, անհրաժեշտության դեպքում կարող է սահմանել կատարման առավել սեղմ ժամկետ` ընթացիկ վերջնաժամկետ:
28. Փաստաթղթերը ստորաբաժանումներին տրամադրվում են միայն էլեկտրոնային տարբերակով, իսկ թղթային տարբերակները պահպանվում են քարտուղարությունում` բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի: Այն փաստաթղթերը, որոնք աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարության պետի համաձայնությամբ ենթակա չեն մուտքագրման պատկերամուտով, հասցեատիրոջը և (կամ) աշխատակազմի ստորաբաժանումներին տրամադրվում են ստորագրությամբ` թղթային տարբերակով:
29. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերը հանձնվում են աշխատակազմի իրավաբանական վարչություն` ի պահ:
30. Հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին` նախարարին կամ տվյալ ստորաբաժանման գործունեության ոլորտի համակարգման պատասխանատու համարվող պաշտոնատար անձին` նախարարի տեղակալին կամ աշխատակազմի ղեկավարին (այսուհետ` Համակարգող) ուղղված ներքին շրջանառության (զեկուցագիր, տեղեկանք, դիմում և այլն) փաստաթղթերը, ինչպես նաև հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից տրված հանձնարարականներն ու շրջաբերականները ստորագրությամբ և աշխատակազմի ղեկավարի նշագրումով (բացառությամբ աշխատակազմի ղեկավարին ուղղված փաստաթղթերի), թղթային տարբերակով ներկայացվում են աշխատակազմի քարտուղարություն:
31. Քարտուղարությունը, սույն կարգով նախատեսված ընթացակարգով, ներքին շրջանառության փաստաթուղթը գրանցում ըստ անհրաժեշտության, պատկերամուտով մուտքագրում և փաստաթղթի կատարումն ապահովելու նպատակով հանձնում է տվյալ մարմնում համապատասխան հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (բացառությամբ հանձնարարականների և շրջաբերականների):
32. Հանձնարարականներն ու շրջաբերականները, սույն կարգով նախատեսված ընթացակարգով գրանցելուց, պատկերամուտով մուտքագրելուց հետո հանձնվում են քարտուղարության պետին: Քարտուղարության պետը «Համաձայն կից ներկայացված հանձնարարականի» կոճակով փաստաթուղթն ուղարկում է հասցեատերերին` միաժամանակ տեղեկացնելով աշխատակազմի ղեկավարին, իսկ նախարարի կամ Համակարգողի կողմից ստորագրված հանձնարարականների ու շրջաբերականների դեպքում` նաև նախարարին կամ Համակարգողին:
33. Աշխատակազմ մուտք գործած մտից գրությունների, նամակների, հանձնարարականների և մյուս փաստաթղթերի կապակցությամբ նախարարը կարող է Համակարգով աշխատակազմի ղեկավարին փոխանցել հանձնարարական` նշված փաստաթղթերի առնչությամբ` նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի մոտ խորհրդակցություն հրավիրելու մասին:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
34. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից բխող, ինչպես նաև իրավական այլ ակտերի` Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի կամ կարգադրության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերը (այսուհետ` Նախագիծ) նախապատրաստած աշխատակիցը դրանք ներկայացնում է անմիջական ղեկավարի հաստատմանը, անմիջական ղեկավարն ուղարկում է կատարող ստորաբաժանման ղեկավարին` հաստատման (եթե նա չի հանդիսանում տվյալ ստորաբաժանման ղեկավար):
35. Կատարող ստորաբաժանման ղեկավարը փաստաթուղթը կարող է վերադարձնել աշխատակցին` խմբագրելու, թերությունները վերանայելու կամ լրամշակելու հանձնարարականով:
36. Աշխատակիցը լրամշակված փաստաթուղթը ներկայացնում է կատարող ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը:
37. Կատարող ստորաբաժանման ղեկավարը փաստաթուղթը ներկայացնում է շահագրգիռ ստորաբաժանումներին` կարծիք, այնուհետև` իրավաբանական վարչություն` եզրակացության կամ կարծիքի ներկայացնելու համար:
38. Իրավաբանական և շահագրգիռ ստորաբաժանումների կարծիքներն ու եզրակացությունը ստանալուց հետո կատարող ստորաբաժանման ղեկավարն այն ներկայացնում է Համակարգողի համաձայնեցմանը:
39. Նախագծի վերաբերյալ սկզբունքային տարաձայնությունների առկայության դեպքում, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, կատարող ստորաբաժանումում կամ Համակարգողի կամ նախարարի մոտ հրավիրվում է խորհրդակցություն:
40. Խորհրդակցության արդյունքում Նախագիծը կարող է ենթարկվել լրամշակման:
41. Խորհրդակցության արդյունքում լրամշակված Նախագիծը կատարող ստորաբաժանումը ներկայացնում է իրավաբանական ու շահագրգիռ ստորաբաժանումների, այնուհետև` Համակարգողի համաձայնեցմանը:
42. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող Նախագիծը ստորաբաժանման ղեկավարն ուղարկում է աշխատակազմի ղեկավարին` սույն կարգի 74-րդ կետով նախատեսված ընթացակարգով` այն նախարարին հանձնելու համար:
43. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող Նախագիծը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով, սույն կարգով նախատեսված ընթացակարգով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
IV. ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
44. Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներում առկա հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության նախարարական կոմիտեի նիստի և (կամ) Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ հրավիրվող խորհրդակցությունների, Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ միջազգային կազմակերպությունների ղեկավարների և (կամ) ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում տրված հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի փոխանցած հանձնարարականների (այսուհետ` Հանձնարարական) կատարման համար պատասխանատվություն կրում է պաշտոնատար այն անձը, ում հասցեագրված է Հանձնարարականը:
45. Եթե Հանձնարարականի կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը նախարարն է, ապա ստացված Հանձնարարականը մակագրությամբ ուղարկվում է աշխատակազմի ղեկավարին` նրա կողմից նախարարին ներկայացնելու համար: Մնացած դեպքերում` Հանձնարարականն ուղարկվում է մակագրության պաշտոնատար այն անձին, ում հասցեագրված է Հանձնարարականը:
46. Նախարարը կամ Համակարգողը ստացված Հանձնարարականը կարող են Համակարգով «1-ին, 2-րդ......n-րդ կատարող (ներ)» մակագրությամբ` համապատասխան Հանձնարարականներով փոխանցել աշխատակազմի մեկից ավելի ստորաբաժանումներին: Հանձնարարականների հավաքն իրականացնում է 1-ին կատարող նշանակված ստորաբաժանումը:
47. Եթե Հանձնարարականի կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը նախարարն է, հավաքն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը, ստորաբաժանումների կատարած աշխատանքի արդյունքում ձևավորված փաստաթուղթը, ներկայացնում է Համակարգողի և քարտուղարության պետի համաձայնեցմանը, որից հետո համաձայնեցված փաստաթուղթը ստորաբաժանման ղեկավարն ուղարկում է աշխատակազմի ղեկավարին` սույն կարգի 74-րդ կետով նախատեսված ընթացակարգով` այն նախարարին հանձնելու համար: Մնացած դեպքերում` ձևավորված փաստաթուղթը ներկայացվում է Համակարգողի հաստատմանը:
48. Հանձնարարականի հաստատված պատասխանը Հանձնարարականների կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձն ուղարկում է աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի պետին` Հանձնարարականում նշված հասցեատիրոջն առաքումն ապահովելու համար:
49. Հանձնարարականում, դրա կատարման ժամկետի բացակայության դեպքում, որպես Հանձնարարականի կատարման վերջնաժամկետ սահմանվում է 15 աշխատանքային օրը:
50. Հանձնարարականների կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը կարող է սահմանել կատարման ընթացիկ վերջնաժամկետ, որը չի կարող գերազանցել Հանձնարարականում նշված կամ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված ժամկետները:
51. Հանձնարարականը, սահմանված ժամկետներում, հիմնավոր պատճառներով չկատարելու դեպքում, Հանձնարարականների կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը, նախքան Հանձնարարականի կատարման սկզբնական վերջնաժամկետը լրանալը, կարող է միջանկյալ պատասխանով միջնորդել Հանձնարարականը տված պաշտոնատար անձին` Հանձնարարականում նախատեսված ժամկետը երկարաձգելու համար` նշելով իր կողմից առաջարկվող վերջնաժամկետը:
52. Հանձնարարականը տված պաշտոնատար անձի համաձայնության դեպքում Հանձնարարականի կատարման ժամկետը կարող է երկարաձգվել: Նախորդ Հանձնարարականը համարվում է ավարտված, երբ ստացվում է ժամկետի փոփոխման վերաբերյալ նոր Հանձնարարական, և նախորդ Հանձնարարականը կցվում է նոր ստացված փաստաթղթին:
53. Հանձնարարականը համարվում է կատարված, եթե լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը, կամ դրա վերաբերյալ տրվել է ըստ էության պատասխան, կամ այն ընդունվել է Հանձնարարականը տվողի կողմից:
V. ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՇԱՐԺԸ
54. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից գրանցվող գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի մուտքը (ելքը) իրականացվում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
55. Նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ, կատարող ստորաբաժանման ղեկավարը կազմակերպում է նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից ընդունվող հրամանի նախագծի (այսուհետ` Հրամանի նախագիծ) նախապատրաստումը:
56. Կատարող ստորաբաժանման ղեկավարը, կարծիք ստանալու նպատակով, Հրամանի նախագիծը Համակարգով ուղարկում է իրավաբանական և շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներին, անհրաժեշտության դեպքում` նաև ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարին, որից հետո, ստացված կարծիքներով, Հրամանի նախագիծը ներկայացվում է Համակարգողի համաձայնեցմանը, այնուհետև` աշխատակազմի ղեկավարի հաստատմանը:
57. Ստորաբաժանման ղեկավարը, օրինակելի ձևաթղթի վրա տպված Հրամանի նախագիծը Համակարգողի, աշխատակազմի իրավաբանական, շահագրգիռ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման ստորաբաժանումների ղեկավարների նշագրումներով ներկայացնում է քարտուղարության պետին: Քարտուղարության պետը համարակալում, կնքում է ձևաթուղթը և ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին:
58. Նախարարի կողմից ստորագրման ենթակա Հրամանի նախագծերը նշագրում է նաև աշխատակազմի ղեկավարը և ներկայացնում նախարարին:
59. Հրամանները տպագրվում են ներքոհիշյալ, համարակալված ձևաթղթերի վրա`
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրաման,
2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի հրաման:
60. Ձևաթղթերի հակառակ երեսին, համապատասխան ստորաբաժանման կողմից նշվում է այն հասցեատերերի ցանկը, որոնց պետք է առաքվի հրամանը, որից հետո, ըստ հասցեատերերի քանակի, կից փաստաթղթերով ներկայացվում է քարտուղարություն` առաքման, և (կամ) համապատասխան ստորաբաժանման կողմից պատրաստված շրջաբերական նամակով, սույն կարգով նախատեսված ընթացակարգով ուղարկվում է հասցեատերերին:
61. Հրամանները ձևակերպվում և հաշվառվում են աշխատակազմի քարտուղարությունում, բացառությամբ կադրային հրամանների, որոնք ձևակերպվում և հաշվառվում են աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում: Հրամանները գրանցվում են համապատասխան մատյաններում, բնօրինակները կարվում են առանձին գործերում: Հրամանները հաստատվելուց հետո Համակարգով, «Տեղեկացնել» կոճակով ուղարկվում են հասցեատիրոջը (հասցեատերերին):
62. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանները հաշվառվում են առանձին: Հրամանի համարը ձևավորվում է հերթական հաշվառման համարից, հրամանի բնույթից կախված` անվան առաջին տառից, իսկ անհատական հրամանների դեպքում` նաև ստորագրողի պայմանանիշից:
63. Յուրաքանչյուր տարվա համար հրամանների համարակալումները սկսվում են հունվար ամսվա առաջին հրամանից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին հրամանով:
64. Հրամանները ձևակերպվում են առանձին հաշվառման մատյաններում (այսուհետ` Հաշվառման մատյաններ), որտեղ, ըստ հերթականության, նշվում են օրենսդրությամբ սահմանված տվյալները:
65. Հաշվառման մատյանները խիստ հաշվառման ենթակա փաստաթղթեր են: Դրանք պետք է լինեն կարված (ժապավենված), իսկ թերթերը` համարակալված: Թերթերի թիվը հաստատվում է նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի կնիքով:
66. Հաշվառման մատյաններում նշումները կատարվում են առանց կրճատումների, ջնջումների, պարզ ու ընթեռնելի ձեռագրով: Արգելվում է հրամաններում ուղղումներ և ջնջումներ, ինչպես նաև` մատիտով գրանցումներ կատարել:
67. Չխախտելով հերթական հաշվառումը` ստորաբաժանումների նախապատրաստած հրամանները հաշվառվում, թղթային տարբերակով պահպանվում, արխիվացվում են քարտուղարությունում, անձնակազմի կառավարման բաժնի նախապատրաստած հրամանները` անձնակազմի կառավարման բաժնում:
VI. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇԱՐԺՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ
68. Ելից փաստաթղթերը տարանջատվում են հետևյալ տեսակների`
1) գրությունների պատասխաններ,
2) դիմումների պատասխաններ,
3) իրավական ակտերի նախագծեր,
4) հրամաններ,
5) կատարողականի գնահատման զեկուցագրեր:
69. Աշխատակազմում ելից փաստաթղթերը ստորագրում են նախարարը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկը կամ փոխարինող անձը, ինչպես նաև` առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:
70. Առանձին դեպքերում, նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի գրավոր Հանձնարարականի հիման վրա, փաստաթղթերը կարող են ստորագրել նաև աշխատակազմի ղեկավարի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
71. Ստորաբաժանումների ղեկավարները` նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի համաձայնությամբ, կարող են ստորագրել քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների պատասխանները:
72. Աշխատակազմի կատարող ստորաբաժանման կողմից` ի պատասխան որևէ մտից փաստաթղթի, ելից, ինչպես նաև նոր ելից փաստաթղթի նախապատրաստման դեպքում, Համակարգում աշխատողը լրացնում է անհրաժեշտ տեղեկությունը:
73. Եթե ելից փաստաթուղթն ուղարկվում է ի պատասխան նախարարություն ստացված որևէ մտից փաստաթղթի, ապա ելից փաստաթուղթը ձևավորվում է տվյալ մտից փաստաթղթի հիմքով` «Պատասխանել» կամ «Պատրաստել միջանկյալ գրություն» կոճակներով:
74. Նախարարի, նախարարի տեղակալների կողմից ստորագրվելիք ելից փաստաթղթերը կատարող ստորաբաժանումը, անհրաժեշտության դեպքում, Համակարգով ուղարկում է շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներին, որոնց կարծիքները ստանալուց հետո փաստաթուղթն ուղարկում է Համակարգողի, այնուհետև` աշխատակազմի քարտուղարության պետի համաձայնեցմանը: Համաձայնեցված փաստաթուղթը ստորաբաժանման ղեկավարը էլեկտրոնային ձևաթղթով ուղարկում է աշխատակազմի ղեկավարին` գնահատման: Գնահատումից հետո վերջինս այն ուղարկում է ստորագրման:
75. Աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրվելիք ելից փաստաթղթերը կատարող ստորաբաժանումը, անհրաժեշտության դեպքում, Համակարգով ուղարկում է շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներին, որոնց կարծիքները ստանալուց հետո փաստաթուղթն ուղարկում է աշխատակազմի քարտուղարության պետի համաձայնեցմանը: Համաձայնեցված փաստաթուղթը ստորաբաժանման ղեկավարը էլեկտրոնային ձևաթղթով ուղարկում է աշխատակազմի ղեկավարին` գնահատման և ստորագրման:
76. Գրությունը ստորագրած պաշտոնատար անձը գրության էլեկտրոնային տարբերակն ուղարկում է աշխատակազմի քարտուղարության ընդհանուր և արձանագրային բաժին` ելքագրումն ու առաքումն ապահովելու համար: Ընդհանուր և արձանագրային բաժնի պետը տեխնիկական անճշտություններ նկատելու դեպքում, մինչ ելքագրումը, իրավասու է հետ վերադարձնելու փաստաթուղթը` վերախմբագրման: Ելքագրման գործընթացն ավարտելուց հետո փաստաթղթի ելքագրման մասին տեղեկացվում է կատարողին:
77. Պետական այն մարմիններ, որոնց հետ իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, փաստաթուղթն ուղարկվում է էլեկտրոնային առաքմամբ: Էլեկտրոնային առաքումը կատարվում է աշխատակազմի քարտուղարության ընդհանուր և արձանագրային բաժնի կողմից:
78. Էլեկտրոնային տարբերակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հրապարակման ոչ ենթակա փաստաթղթերի ելքագրման ժամանակ, որպես կից նյութ կցվում է միայն պաշտոնական գրությունը, իսկ առդիր թերթերն ու նյութերն ուղարկվում են թղթային տարբերակով, փակ ծրարով` այդ մասին նշում անելով պաշտոնական գրության մեջ:
79. Ելից փաստաթուղթը` ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հաստատված և ստորագրված փաստաթղթի թղթային տարբերակի առաքման համար, կատարող ստորաբաժանումը աշխատակազմի քարտուղարության ընդհանուր և արձանագրային բաժին է ներկայացնում ստորագրված ձևաթղթով (կից նյութերով)` համապատասխան ելից համարով ու ամսաթվով: Թղթային տարբերակով առաքման համար` վավեր էլեկտրոնային ստորագրություն ունեցող փաստաթղթի թղթային տարբերակը վավերացվում է աշխատակազմի քարտուղարության կնիքով:
80. Համակարգի կողմից տրամադրվող ելից փաստաթղթի հերթական համարը պարունակում է հետևյալ տեղեկությունները` ստորագրողի, կատարող ստորաբաժանման ղեկավարի և կատարողի պայմանանիշերը, փաստաթղթի հերթական համարը, տարեթիվը:
81. Պետական մարմիններից ստացված գրություններին «Ի պատասխան» ուղարկվող գրությունների վրա կատարող ստորաբաժանման կողմից` ձևաթղթի վերևի ձախ անկյունում նշվում է ստացված գրության համարը և ամսաթիվը:
82. Աշխատակազմում Համակարգով մտից և ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների հսկողությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղարությունը:
83. Աշխատակազմի կատարող ստորաբաժանումում Համակարգով մտից և ելից գրությունների, Հանձնարարականների կատարման ժամկետների համար, պատասխանատվություն է կրում տվյալ ստորաբաժանման ղեկավարը:
84. Ստորաբաժանումների ղեկավարներին ուղղված, ստորաբաժանումների միջև կատարվող ներքին փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է Համակարգով` նոր ելից փաստաթուղթ ձևավորելով:
85. Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից պայմանագրերի նախագծերը ներկայացվում են սույն կարգի V գլխի կետերով սահմանված ընթացակարգով:
86. Առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, պայմանագրի նախագիծը շահագրգիռ ստորաբաժանումներին ուղարկելու հետ միաժամանակ, այն ուղարկում են նաև աշխատակազմի ղեկավարին: Վերջինս, անհրաժեշտության դեպքում, կարող է այն ներկայացնել նաև այլ ստորաբաժանումների համաձայնեցմանը:
87. Նախարարի, աշխատակազմի ղեկավարի կողմից տրված լիազորագրերն ու տեղեկանքները Համակարգում չեն գրանցվում: Դրանք համարակալվում են ըստ հերթական համարների` սկսած յուրաքանչյուր տարվա հունվար ամսվա առաջին լիազորագրից և (կամ) տեղեկանքից, իսկ պատճենները կարվում են առանձին թղթապանակներում:
VII. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ
88. Քաղաքացիների դիմումների պատկերամուտով մուտքագրումը, դրանց շարժն ու ելքն իրականացվում է սույն գործավարության կարգով նախատեսված ընթացակարգով:
89. Կոլեկտիվ դիմումի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում ` առաջին ազգանունը:
90. Դիմումները, որոնք չեն համապատասխանում օրենքով դիմումներին ներկայացվող ընդհանուր պահանջներին, գրանցման ենթակա չեն: Գրանցման ենթակա չեն նաև` «Էլեկտրոնային տարբերակով» նախարարության «ՎԵԲ» կայքով ստացված քաղաքացիների դիմումները: Դրանց ընթացքն ապահովում է աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:
91. Նախարարության «ՎԵԲ» կայքով ստացված քաղաքացու դիմումին ընթացք տալու նպատակով` աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը, համապատասխան զեկուցագրով, դիմումը ներկայացնում է աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժին: Զեկուցագիրը սույն կարգով սահմանված ընթացակարգով գրանցվում և փոխանցվում է աշխատակազմի ղեկավարին` մակագրությամբ համապատասխան ստորաբաժանմանն ուղարկելու համար:
92. Համապատասխան ստորաբաժանումը, ուսումնասիրելով «ՎԵԲ» կայքով ստացված քաղաքացու դիմումում բարձրացված խնդիրը, նախապատրաստում է պատասխանը և Համակարգով ուղարկում աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին:
93. Աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը, թղթային տարբերակով ուղարկելու դեպքում, պատասխանը հանձնում է աշխատակազմի ընդհանուր և արձանագրային բաժին` առաքման, իսկ էլեկտրոնային տարբերակով ուղարկման դեպքում` պատասխանն ուղարկում է քաղաքացու էլեկտրոնային հասցեով:
94. Քաղաքացու պատասխանն ուղարկելուց հետո աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը, համապատասխան հաղորդագրությամբ, Համակարգով դիմում է ընդհանուր և արձանագրային բաժին` գործն ավարտելու համար:
95. Քաղաքացիների դիմումներն ուսումնասիրվում և դրանց ընթացք են տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
VIII. ՀՍԿՈՂԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
96. Նախարարության աշխատակազմում ստացված հսկողական փաստաթղթերի կատարման համար սահմանվում են հետևյալ ժամկետները.
1. Մեկօրյա ժամկետով կատարման ենթակա փաստաթղթերի պատասխանը ներկայացվում է ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը` մինչև ժամը 16.00-ն:
2. Մինչև 3 օր ժամկետով կատարման ենթակա փաստաթղթերի պատասխանը ներկայացվում է ոչ ուշ, քան ժամկետը լրանալու օրը` մինչև ժամը 16.00-ն:
3. 3 օրից ավելի ժամկետով կատարման ենթակա փաստաթղթերի պատասխանը ներկայացվում է սահմանված ժամկետի նախորդ օրը (եթե ընթացիկ վերջնաժամկետով այլ ժամկետ նախատեսված չէ): «Հավաք» նշումով (եթե հավաքն ապահովում է նախարարությունը) փաստաթղթերի պատասխանը ներկայացվում է ոչ ուշ, քան ժամկետը լրանալու օրը` մինչև ժամը 16.00-ն:
97. Նախարարության աշխատակազմում ստացված հսկողական փաստաթղթերի կատարման ժամկետները երկարաձգվում են սույն կարգի 51-րդ և 52-րդ կետերով սահմանված ընթացակարգերով:
98. Նախարարության կողմից դրված վերջնաժամկետները կարող են երկարացվել մինչև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված առավելագույն ժամկետով: Կատարող ստորաբաժանման ղեկավարը «Վերջնաժամկետի փոփոխման առաջարկ» կոճակով դիմում է քարտուղարության պետին: Քարտուղարության պետը, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ, փոխում է վերջնաժամկետը` անհրաժեշտության դեպքում ստանալով տվյալ հանձնարարությունը տված պաշտոնատար անձի համաձայնությունը:
99. «Ի գիտություն» մակագրությամբ փաստաթղթերի համար պատասխան չի ակնկալվում: Այդ փաստաթղթերը ավարտվում են տվյալ ստորաբաժանման ղեկավարի կողմից:
IX. ԱՌՑԱՆՑ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎԵԼԸ
100. Դիմումներին տրված ընթացքին դիմումատուները կարող են հետևել առցանց նամակագրության համակարգով (այսուհետ` Առցանց համակարգ):
101. Առցանց համակարգում դիմումատուի անձնական տվյալները (անունը, ազգանունը) մուտքագրվելուց հետո Համակարգը ձևավորում է 12-նիշանոց ծածկագիր-համարը, որը կամ անձամբ տրվում է դիմումատուին, կամ դիմումատուի նշած փոստային հասցեով ծանուցվում է նրան:
102. Նշված համարը մուտքագրելով` դիմումատուն Առցանց համակարգով կարող է տեսնել իր դիմումի կարգավիճակը, տվյալ մարմնում դիմումի ստացման ամսաթիվը, դիմումին պատասխանելու համար նախատեսված ժամկետը, ինչպես նաև այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է դիմել` հարցեր ունենալու դեպքում:
103. Եթե դիմումատուին տրվել է պատասխան, ապա դիմումատուն Առցանց համակարգով կարող է տեսնել տրված պատասխանը, պատասխանի ամսաթիվը, պատասխանի համարը և այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է դիմել` հարցեր ունենալու դեպքում:
X. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹՂԹԱՅԻՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԱՐԽԻՎԱՑՈՒՄԸ
104. Համակարգում ներառված ցանկացած փաստաթղթի գործողության ընթացքն ավարտվելուց հետո տվյալ փաստաթուղթը պահպանվում, արխիվացվում է համակարգում` 3 տարի ժամկետով:
105. Ցանկացած ժամանակ, ըստ համակարգից օգտվելու հասանելիության, Համակարգից օգտվողը կարող է մտից կամ ելից համարներով գտնել տվյալ փաստաթուղթը:
106. 3 տարին լրանալուց հետո նախարարությունն իր Համակարգում պահպանած, արխիվացրած բոլոր փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում ստեղծված և վերջինիս կողմից վարվող կենտրոնական արխիվ:
107. Փաստաթղթերի` թղթային տարբերակով արխիվացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությանը համապատասխան: