«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 ապրիլի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 12512188
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
26 մարտի 2012 թ. |
N 86-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՈՒՄ ԱՌԿԱ ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 37-րդ կետով
Հրամայում եմ`
Սահմանել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում առկա ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրների հաշվառման վերաբերյալ պահանջները, համաձայն հավելվածի:
Ա. Մարտիրոսյան
Հավելված ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի 2012 թվականի մարտի 26-ի N 86-Ն հրամանի |
Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՈՒՄ ԱՌԿԱ ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն փաստաթղթով սահմանվում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում առկա ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրների հաշվառմանը ներկայացվող պահանջները, դրանց կորուստը կամ չթույլատրված օգտագործումը կանխելու նպատակով:
2. Սույն փաստաթղթի դրույթները տարածվում են ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտների վրա, որտեղ իրականացվում է ռադիոիզոտոպային աղբյուրների արտադրություն, ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործում և պահեստավորում:
II. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՈՒ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
3. Հաշվառման ենթակա են`
1) այն փակ ռադիոիզոտոպային աղբյուրները (այդ թվում` սարքերի և սարքավորումների մեջ տեղադրված), որոնց սկզբնական ակտիվությունը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն որոշման Հավելվածի աղյուսակ N 1-ում տրված կարգավորող վերահսկողությունից ազատման մակարդակները (ռադիոակտիվ իզոտոպների խառնուրդի դեպքում աղբյուրի գործարանային անձնագրում (այսուհետ՝ անձնագիր) նշված իզոտոպների ակտիվությունների գումարի և աղյուսակ N 1-ում նշված իզոտոպների ակտիվությունների գումարի հարաբերությունը պետք է գերազանցի 1 թիվը) ցանկացած 12 ամիսների ժամանակահատվածում.
2) այն բաց ռադիոիզոտոպային աղբյուրները, որոնց տեսակարար ակտիվությունը, ինչպես նաև օբյեկտում առկա աղբյուրների գումարային ակտիվությունը, գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն որոշման հավելվածի աղյուսակ N 1-ում տրված կարգավորող վերահսկողությունից ազատման մակարդակները (ռադիոակտիվ իզոտոպների խառնուրդի դեպքում աղբյուրի անձնագրում նշված իզոտոպների տեսակարար ակտիվությունների գումարի և աղյուսակ N 1-ում նշված իզոտոպների տեսակարար ակտիվությունների գումարի հարաբերությունը պետք է գերազանցի 1 թիվը) ցանկացած 12 ամիսների ժամանակահատվածում.
3) այն գեներացնող ճառագայթման աղբյուրները, որոնց ճառագայթային բնութագրերը գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի «գ» և «դ» ենթակետերով սահմանված կարգավորող վերահսկողությունից ազատման մակարդակները:
4. Ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրների հաշվառման միավոր են համարվում`
1) փակ ռադիոիզոտոպային աղբյուրների համար` առանձին աղբյուրը.
2) բաց ռադիոիզոտոպային աղբյուրի համար` առանձին աղբյուրը կամ փաթեթավորված ռադիոակտիվ նյութի քանակությունը փաթեթում կամ միատարր ռադիոիզոտոպային կազմով ռադիոակտիվ նյութի ապրանքային խմբաքանակը (պարտիան).
3) գեներացնող ճառագայթման աղբյուրների հաշվառման ժամանակ` առանձին վերցված սարքը, իսկ ռենտգենյան սարքերի դեպքում` նաև ռենտգենյան խողովակը:
III. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՈՒՄԸ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ
5. Ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրներ արտադրող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում արտադրված յուրաքանչյուր աղբյուրին, մինչև պատրաստի արտադրանքի պահեստ այն տեղափոխելը, պետք է տրվի անհատական նույնականացման համար, որը հանդիսանում է տվյալ աղբյուրի հաշվառման հիմքը:
6. Փակ ռադիոիզոտոպային աղբյուրի համարը պետք է նշագրվի դրա արտադրման պրոցեսում աղբյուրի արտաքին մակերեսի վրա և լինի չմաքրվող (մետաղական մակերես ունեցող աղբյուրի դեպքում` դաջված, ապակյա մակերես ունեցող աղբյուրի դեպքում` գրված հստակ երևացող և չջնջվող ներկով): Փակ ռադիոիզոտոպային աղբյուրներ պարունակող հավաքվածքների դեպքում, աղբյուրները պարունակող տուփի վրա հավաքվածքի գործարանային անվանումից (մարկայից) հետո պետք է նշագրված լինի հավաքվածքի համարը, իսկ առանձին աղբյուրների համարները` դրանց արտաքին մակերեսի վրա:
7. Բաց ռադիոիզոտոպային աղբյուրի համարը պետք է նշագրված լինի աղբյուրը պարունակող մետաղական, ապակյա կամ պլաստմասսայից տարայի արտաքին մակերեսի վրա և լինի չմաքրվող (մետաղական տարայի դեպքում` դաջված, ապակյա կամ պլաստմասսայից տարայի դեպքում` գրված հստակ երևացող և չջնջվող ներկով):
8. Ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրները պետք է ունենան համարակալված անձնագիր, որտեղ պետք է նշված լինեն արտադրողը, աղբյուրի տեսակը, ռադիոակտիվ իզոտոպը (իզոտոպները), ակտիվությունը արտադրության պահին (ակտիվությունները), արտադրության օրը, անձնագրի լրացման օրը:
IV. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
9. Ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրներ արտադրող օբյեկտում դրանք պետք է վերցվեն հաշվառման պատրաստի արտադրանքի պահեստարան փոխադրվելուց անմիջապես հետո: Բացի հաշվապահական հաշվառման փաստաթղթերից, պատրաստի արտադրանքի պահեստարանում պետք է լինի աղբյուրների հաշվառման մատյան, որում պետք է ներառվեն հետևյալ տեղեկությունները.
1) պահեստ մուտքագրված աղբյուրի տեսակը, գործարանային համարը.
2) աղբյուրի անձնագրի համարը.
3) աղբյուրի պահեստարան մուտքագրելու օրը և ժամանակը.
4) պահեստարանում աղբյուրի տեղադրման վայրը (ըստ պահեստարանի հատակագծի).
5) պահեստարանից աղբյուրի դուրս գալու (առաքելու) օրը և ժամանակը.
6) այն անձի տվյալները, որին առաքվել է աղբյուրը։
10. Եթե ռադիոիզոտոպային աղբյուրը գտնվում է աղքատացված ուրան պարունակող փաթեթավորման կոմպլեկտում, ապա գրանցման մատյանում պետք է ներառվի փաթեթավորման կոմպլեկտի գործարանային անվանումը (մարկան) և համարը:
V. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
11. Ռադիոիզոտոպային կամ գեներացնող ճառագայթման աղբյուրներ օգտագործող օբյեկտում դրանք պետք է հաշվառման վերցվեն օբյեկտ հասնելու պահից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
12. Օբյեկտում առկա աղբյուրների հաշվառման ապահովման նպատակով օբյեկտի ղեկավարի հրամանով պետք է նշանակվի հաշվառման համար պատասխանատու անձ:
13. Օբյեկտում առկա աղբյուրների հաշվառման համար պատասխանատու անձը պետք է վարի հաշվառման մատյան, որում պետք է ներառվեն հետևյալ տեղեկությունները.
1) օբյեկտում առկա աղբյուրի տեսակը, գործարանային համարը.
2) աղբյուրի անձնագրի համարը.
3) աղբյուրի պետական գրանցման համարը.
4) աղբյուրի հաշվառման վերցնելու օրը և ժամանակը.
5) աղբյուրի հաշվառումից հանելու օրը և ժամանակը.
6) աղբյուրը հաշվառումից հանելու հիմքը:
14. Հաշվառման վերցված ստացիոնար գեներացնող աղբյուրների համար հաշվառման մատյանում պետք է նշվի դրանց տեղադրման տեղը (արտադրամասը, բաժանմունքը, կաբինետը և այլն):
15. Հաշվառման վերցված այն ռադիոիզոտոպային աղբյուրների համար, որոնք տեղադրված են ստացիոնար սարքերում, պետք է նշվեն այդ սարքերի տեղադրման տեղը (արտադրամասը, բաժանմունքը, կաբինետը և այլն), դրանց տեսակը, գործարանային համարը, անձնագրի համարը:
16. Եթե հաշվառման վերցված ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրները պահվում են տարբեր տեղերում, ապա հաշվառման մատյանում պետք է նշվի դրանց պահման պահեստարանը և պահեստարանում աղբյուրների տեղադրման վայրը (ըստ պահեստարանի հատակագծի):
17. Պահեստարանում պահվող ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրների ելքն ու մուտքը պետք է գրառվեն հատուկ գրանցամատյանում: Պահեստարանում պահվող աղբյուրների ելք ու մուտքի գրանցամատյանում պետք է նշվեն.
1) աղբյուրի տեսակը և հաշվառման համարը.
2) պահեստարանից աղբյուրի ելքի օրը և ժամանակը.
3) աղբյուրը օգտագործման ստացող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը.
4) աղբյուրը հանձնող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը.
5) պահեստարան աղբյուրի վերադարձման օրը և ժամանակը.
6) աղբյուրը վերադարձնող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը.
7) աղբյուրը պահեստարան հետ ստացող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը:
18. Պահեստարանից ռադիոիզոտոպային և (կամ) գեներացնող ճառագայթման աղբյուր (աղբյուրներ) ստացած անձը աղբյուրը (աղբյուրները) այլ անձի փոխանցելիս պետք է պահպանվեն սույն պահանջների 17-րդ կետում նշված դրույթները:
VII. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
19. Ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրներն այլ անձանց օտարելիս, դրանց հետ պետք է փոխանցվեն աղբյուրին վերաբերող բոլոր փաստաթղթերը, այդ թվում` գործարանային (ռադիոիզոտոպային աղբյուրների արտադրման անձնագրային տվյալները՝ արտադրման տարեթիվը, գործարանային համարը, ճառագայթային բնութագրերը և այլն, իսկ գեներացնող ճառագայթման աղբյուրների համար՝ նաև տեխնիկական պայմանները, օգտագործման հրահանգները և այլն):
20. Ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրների օտարման դեպքում կազմվում է հանձնման-ընդունման ակտ, որում նշվում են հանձնող և ստացող անձանց անվանումները, հանձնման և ստացման ժամանակը, հանձնման-ընդունման ակտին կցվում են նաև սույն պահանջների 19-րդ կետում նշված փաստաթղթերը:
21. Աղբյուրները հանձնողը պետք է 1 աշխատանքային օրվա ընթացքում դրանք դուրս գրի հաշվառումից, իսկ ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ստացող կազմակերպությանն ուղարկի աղբյուրների վերաբերյալ փաստաթղթերը` եթե այդ փաստաթղթերը ուղարկված չեն եղել աղբյուրների հետ:
22. Աղբյուրների ստացման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխանքային օրվա ընթացքում աղբյուրները ստացող անձը պետք է իրականացնի ստացված աղբյուրների և դրանց ուղեկցող փաստաթղթերի ստուգում և ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում դրանք վերցնի հաշվառման:
23. Ստացող անձի կողմից կատարված ստուգումների արդյունքում բացահայտված անհամապատասխանության դեպքում ստացողը անհապաղ պետք է հայտնի աղբյուրները հանձնողին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե):
VIII. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ
24. Հաշվառված ռադիոիզոտոպային ու գեներացնող ճառագայթման աղբյուրների առկայության և հաշվառման մատյանում գրանցված տվյալների ճշտման նպատակով օբյեկտում պետք է անցկացվի աղբյուրների գույքագրում:
25. Ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրների գույքագրումը լինում է՝
1) պլանային.
2) արտահերթ:
26. Պլանային գույքագրումը կատարվում է յուրաքանչյուր տարի: Պլանային գույքագրման արդյունքները գույքագրման ավարտից հետո 15-օրյա ժամկետում պետք է ներկայացվեն Կոմիտե:
27. Արտահերթ գույքագրումը կարող է կատարվել աղբյուրները տիրապետող իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևի փոփոխման, լուծարման, վերակազմավորման, աղբյուրների հետ աշխատանքների դադարեցման, աղբյուրների գողության, աղբյուրների նկատմամբ չթույլատրված ոտնձգությունների փաստի գրանցման, արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման աշխատանքների ավարտից հետո կամ օբյեկտի ղեկավարության որոշման հիման վրա:
28. Գույքագրման աշխատանքների ընթացքում արգելվում է ճառագայթման աղբյուրների տեղաշարժը օբյեկտի ներսում և դրանց փոխանցումն այլ անձի:
29. Գույքագրման ժամանակ դիտարկվում են.
1) հաշվառման մատյանը.
2) նախորդ գույքագրման փաստաթղթերը.
3) բաց ռադիոիզոտոպային աղբյուրների համար` դրանց թափոնների վերածման կամ ծախսման վերաբերյալ փաստաթղթերը.
4) այլ կազմակերպություններին աղբյուրների փոխանցման վերաբերյալ փաստաթղթերը.
5) աղբյուրների՝ հաշվառումից դուրս բերման վերաբերյալ փաստաթղթերը:
30. Գույքագրման ժամանակ կարող են իրականացվել աղբյուրների տիպաճշտման համար անհրաժեշտ դիտարկումներ, ուսումնասիրություններ և չափումներ:
31. Գույքագրման արդյունքը ձևակերպվում է հաշվետվության տեսքով, որում նշվում է առկա աղբյուրների տեսակի, քանակության և բնութագրերի համապատասխանությունը օբյեկտում վարվող հաշվառման մատյանի տվյալներին:
32. Եթե պլանային գույքագրման արդյունքում հայտնաբերվում է օբյեկտում վարվող հաշվառման մատյանի տվյալների հետ առկա աղբյուրների տեսակի, քանակի և բնութագրերի անհամապատասխանություն, ապա հաշվետվության մեջ նշվում է այդ անհամապատասխանության մասին:
33. Պլանային գույքագրման արդյունքում հայտնաբերված աղբյուրների կորստի, գողության կամ դրանց այլ նպատակով օգտագործման հայտնաբերման դեպքում այդ մասին, ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում, գրավոր պետք է հայտնել Կոմիտե:
34. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում առկա ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրների պլանային գույքագրման հաշվետվության պատճենը գույքագրման ավարտից հետո 15-օրյա ժամկետում պետք է ներկայացվի Կոմիտե: Աղբյուրների գողության կամ աղբյուրների նկատմամբ չթույլատրված ոտնձգությունների փաստի գրանցման դեպքում անցկացված արտահերթ գույքագրման հաշվետվության պատճենը կոմիտե պետք է ներկայացվի գույքագրման ավարտից հետո 5-օրյա ժամկետում:
35. Կոմիտե կարող են չներկայացվել միայն հետևյալ ռադիոիզոտոպային աղբյուրների վերաբերյալ տվյալները`
1) հակահրդեհային տվիչների մեջ տեղադրված ռադիոիզոտոպային աղբյուրներ.
2) ախտորոշման կամ գիտահետազոտական նպատակներով օգտագործման համար նախատեսված ռադիոդեղորայքային պատրաստուկներ.
3) ռադիոիմունոլոգիական անալիզների հավաքածուներ.
3) տեխնիցիումի գեներատորներ և մինչև 100 օր կիսատրոհման պարբերությամբ իոնացնող ճառագայթման ռադիոիզոտոպային բաց աղբյուրներ.
4) ռադիոակտիվ իզոտոպներով նշագրված միացություններ.
5) չափիչ սարքերի մեջ մտնող էտալոնային 5-րդ դասի ռադիոիզոտոպային աղբյուրներ:
VI. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ
36. Ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրները օբյեկտում հաշվառումից հանվում են հետևյալ դեպքերում.
1) եթե օգտագործման ընթացքում բաց ռադիոիզոտոպային աղբյուրներն օգտագործվել /ծախսվել են (օրինակ` ներարկվել են պացիենտներին).
2) եթե գույքագրման արդյունքում արձանագրվել է աղբյուրի կորուստ.
3) եթե ռադիոիզոտոպային աղբյուրի տրոհման արդյունքում դրա ակտիվությունը կամ տեսակարար ակտիվությունը դարձել է կարգավորող հսկողությունից ազատման մակարդակներից ցածր.
4) եթե ռադիոիզոտոպային աղբյուրն այն տնօրինողի կողմից հայտարարվել է ռադիոակտիվ թափոն.
5) եթե աղբյուրն օտարվել է (առուվաճառք, փոխանակում և այլն):
37. Այն փակ ռադիոիզոտոպային աղբյուրները, որոնց երաշխիքային օգտագործման ժամկետը (որը սահմանված է արտադրողի կողմից) լրացել է, ենթակա են.
1) հաշվառումից հանման և ռադիոակտիվ թափոն հայտարարման, որի մասին պետք է համապատասխան գրառում կատարվի ռադիոիզոտոպային աղբյուրների հաշվառման մատյանում և ռադիոակտիվ թափոնների գրանցամատյանում.
2) օգտագործման ժամկետի երկարաձգման համար պետք է լինի հիմնավորման ակտ, որի հիման վրա պետք է գրառում կատարվի աղբյուրների հաշվառման մատյանում: Օգտագործման ժամկետի երկարաձգման հիմնավորման ակտի վերաբերյալ պետք է լինի Կոմիտեի դրական եզրակացությունը: