«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11212123
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
15 փետրվարի 2012 թ. ք. Երևան |
թիվ 4-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՃՇԳՐՏՈՂ ՆԻՇԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`
Հրամայում եմ`
1. Սահմանել հանրային ծառայությունների համարանիշի ճշգրտող նիշը հաշվարկելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |
Հավելված ՀՀ ոստիկանության պետի 2012 թ. փետրվարի 15-ի թիվ 4-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՃՇԳՐՏՈՂ ՆԻՇԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ
1. Հանրային ծառայությունների համարանիշի ճշգրտող նիշը հաշվարկելու համար «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ձևավորված առաջին ինը նիշերից յուրաքանչյուրը բազմապատկվում է իր կարգահամարով:
2. Ստացված ինը թվերը գումարվում են, որից հետո գումարը բաժանվում է 11-ի և առանձնացվում մնացորդային մասը, որը կարող է լինել 0-ից 10 միջակայքում ընկած որևէ ամբողջ թիվ:
3. Եթե ստացված մնացորդը հավասար չէ 10-ի, ապա այն գրանցվում է որպես հանրային ծառայությունների համարանիշի ճշգրտող նիշ:
4. Եթե ստացված մնացորդը հավասար է 10-ի, ապա հանրային ծառայությունների համարանիշի առաջին ինը նիշերից յուրաքանչյուրը բազմապատկվում է իր կարգահամարին գումարած 2 թվով:
5. Ստացված ինը թվերը կրկին գումարվում են, որից հետո գումարը բաժանվում է 11-ի և առանձնացվում մնացորդային մասը:
6. Եթե մնացորդը հավասար չէ 10-ի, ապա այն գրանցվում է որպես հանրային ծառայությունների համարանիշի ճշգրտող նիշ:
7. Եթե ստացված մնացորդը կրկին հավասար է 10-ի, ապա ճշգրտող նիշը գրանցվում է 0 (զրո):