«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11011251
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 մայիսի 2011 թ. |
N 571-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72 հոդվածի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1392-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության» օրինակելի կանոնադրության 108-ից 115-րդ կետերը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Ա. Աշոտյան |
Հավելված |
ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնադրությամբ կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ հաստատություն) աշակերտական ինքնավարության մարմինների ձևավորումը, գործունեությունը, լիազորությունները, ինչպես նաև հաստատության կառավարման և խորհրդակցական մարմինների հետ կապված իրավահարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր հաստատության սովորողների ընդհանուր ժողովը իրավասու է սույն կանոնադրության հիման վրա ստեղծել հաստատության աշակերտական խորհուրդ և ընդունել իր կանոնադրությունը՝ դրան համապատասխան իրականացնելով սովորողների ինքնավարություն:
3. Աշակերտական խորհուրդը ստեղծվում է ժողովրդավարության և ինքնավարության սկզբունքներին համապատասխան հաստատության գործունեության կազմակերպմանը նպաստելու, անմիջականորեն իրենց վերաբերող հարցերի մասին սովորողների կարծիքի ազատ արտահայտումն ապահովելու և սովորողների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ հաստատության կանոնադրության դրույթների պահպանումը վերահսկելու նպատակով:
4. Աշակերտական խորհուրդը սովորողների ինքնավարության և ինքնակառավարման լիազորություններով օժտված ներկայացուցչական մարմին է, որի գործունեության հիմնական սկզբունքներն են՝ կամավորությունը, սովորողների իրավահավասարությունը, կառավարման կոլեգիալությունը և հրապարակայնությունը:
5. Սովորողները կարող են ըստ իրենց նախասիրությունների ստեղծել նաև ակումբներ, միավորումներ, որոնք նույնպես հանդիսանում են սովորողների ինքնավարության զարգացմանը նպաստող օղակներ և գործում են սույն կանոնադրության 4-րդ կետում շարադրված սկզբունքների համաձայն:
6. Աշակերտական խորհուրդը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրության հիման վրա ստեղծված իր կանոնադրությամբ:
7. Աշակերտական խորհուրդը կարող է ունենալ իր անվամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ, որոնց վրա աշակերտական խորհրդի հայերեն անվանումը պարտադիր է:
8. Աշակերտական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել Հայաստանի և օտարերկրյա կրթական հաստատությունների սովորողների ինքնավարության մարմինների ու կազմակերպությունների հետ:
II. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Սովորողների ինքնավարության հիմնական խնդիրներն են՝
1) համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորմանը նպաստելը.
2) ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը նպաստելը.
3) հաստատությունում ժողովրդավարության, սովորողների ինքնակազմակերպման և ինքնակառավարման կարողությունների զարգացմանը նպաստելը.
4) սովորողների ինքնադրսևորման, կարծիքի ազատ արտահայտման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը օժանդակելը.
5) սովորողների իրավունքների և պարտականությունների լիարժեք գիտակցմանն ու իրացմանը օժանդակելը.
6) հաստատության սովորողների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը.
7) սովորողների առողջության, կյանքի անվտանգության, սոցիալական ապահովության ուղղությամբ իրականացվող միջոցառումներին աջակցելը և սովորողների նախաձեռնությունների ապահովմանը օժանդակելը.
8) հաստատությունում սովորողների կրթության և ինքնակրթության, նրանց համակողմանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն օժանդակելը.
9) երիտասարդ սերնդի, նրա պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը և զարգացմանը, իրավական, ժողովրդավարական պետության կառուցմանը օժանդակելը:
III. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆԸ
(ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ)
10. Հաստատության սովորողների ինքնավարության բարձրագույն մարմինը հաստատության 6-12-րդ (հիմնական դպրոցի համար` 6-9-րդ, ավագ դպրոցի համար` 10-12-րդ) դասարանների սովորողների ընդհանուր ժողովն է: Հաստատությունում աշակերտական խորհրդի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում, ընդհանուր ժողովին կարող են մասնակցել նաև 5-րդ դասարանի սովորողները՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:
11. Սովորողների առաջին ընդհանուր ժողովը հրավիրվում է հաստատության տնօրենի կողմից՝ սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:
12. Հաստատության սովորողների առաջին ընդհանուր ժողովը որոշում է կայացնում`
1) հաստատությունում աշակերտական խորհուրդ՝ սովորողների ինքնավարության գործադիր մարմին ձևավորելու մասին.
2) սույն կանոնադրության հիման վրա հաստատության աշակերտական խորհրդի կանոնադրությունը և ձևավորման կարգը հաստատելու վերաբերյալ.
3) աշակերտական խորհրդի թվակազմը հաստատելու վերաբերյալ.
4) աշակերտական խորհրդի ձևավորման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի կազմը (այսուհետ` ընտրական հանձնախումբ) հաստատելու վերաբերյալ:
13. Հաստատության սովորողների ընդհանուր ժողովը՝
1) հաստատում է սովորողների ինքնավարության մարմնի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.
2) ի գիտություն է ընդունում հաստատության գործունեության վերաբերյալ տնօրենի ամենամյա ծրագրային ուղերձը.
3) քննարկում է աշակերտական խորհրդի և նրա նախագահի տարեկան հաշվետվությունները և բաց քվեարկության միջոցով տալիս է համապատասխան գնահատական (անբավարար, բավարար, լավ).
4) լսում է հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի կամ սովորողների դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի հաղորդումը՝ ուսումնական տարվա ընթացքում արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման մասին.
5) քննարկում է սույն կանոնադրությամբ իր լիազորությունների սահմաններում նախատեսված այլ հարցեր և ընդունում համապատասխան որոշումներ, որոնց կատարումը պարտադիր է աշակերտական խորհրդի համար:
14. Սովորողների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարեկան երկու անգամից ոչ պակաս՝ աշակերտական խորհրդի կողմից: Արտահերթ ժողով կարող է հրավիրվել աշակերտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով կամ հաստատության տնօրենի նախաձեռնությամբ:
IV. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ
15. Աշակերտական ինքնավարության մարմինների ընտրությունների կազմակերպման նպատակով ձևավորվում է ընտրական հանձնախումբ` յուրաքանչյուր դասարանի խորհրդի կազմում չընդգրկված մեկական սովորողներից:
16. Ընտրական հանձնախումբն իր առաջին նիստում ընտրում է նախագահ: Նախագահն ընտրվում է ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ձևը որոշում է հանձնախումբը:
17. Ընտրական հանձնախումբը լիազորություններն իրականացնելիս համագործակցում է հաստատության խորհրդի, մանկավարժական, ծնողական խորհուրդների և տնօրինության հետ:
18. Ընտրական հանձնախումբը`
1) կազմակերպում է դասարանական խորհուրդների ընտրությունները և հաստատում դասարանական խորհուրդների կազմերը,
2) դասարանական խորհուրդների ընտրությունների արդյունքների հիման վրա հաստատում է հաստատության աշակերտական խորհրդի կազմը ( այսուհետ` աշակերտական խորհուրդ),
3) կազմակերպում է աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները:
V. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
19. Հաստատությունում սովորողների ինքնավարության սկզբնական կառուցվածքային օղակը դասարանական ընդհանուր ժողովն է, որը ձևավորում է դասարանական խորհուրդ: Խորհուրդը կազմվում է տվյալ դասարանից ընտրված երեքից հինգ սովորողներից, մեկ տարի լիազորությունների ժամկետով: Մինչև երեք սովորողների համակազմ ունեցող դասարանի բոլոր սովորողները համարվում են աշակերտական խորհրդի անդամներ:
20. Դասարանական ընդհանուր ժողովում առավել ձայներ հավաքած դասարանական խորհրդի անդամը համարվում է դասարանական խորհրդի նախագահ: Առավելագույն հավասար ձայներ ստացած խորհրդի անդամների դեպքում` խորհդի նախագահը որոշվում է ընտրական հանձնաժողովի կողմից վիճակահանությամբ:
21. Դասարանական ընդհանուր ժողովը հրավիրվում է ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ` դասղեկի, դասարանական խորհրդի, խորհրդի նախագահի, դասարանի աշակերտների 1/3-ի նախաձեռնությամբ:
22. Դասարանական ընդհանուր ժողովը հաստատում է դասարանական խորհրդի և նրա նախագահի տարեկան հաշվետվությունը:
23. Դասարանական խորհուրդը՝
1) նախաձեռնում և դասարանի ղեկավարի (դասղեկ) հետ կազմակերպում է դասարանի սովորողների առաջադիմությանը, առողջության ամրապնդմանն ու ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ և այլն.
2) համագործակցում է աշակերտական խորհրդի հանձնախմբերի հետ՝ դասարանական և դպրոցական միջոցառումների կազմակերպման համար.
3) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:
24. Դասարանական խորհրդի նախագահի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել այլ դասարան կամ դպրոց տեղափոխվելու, կամ նրան անվստահություն հայտնելու դեպքում՝ դասարանական ժողովի մասնակիցների 2/3-ի որոշմամբ:
25. Դասարանական խորհրդի նախագահին անվստահություն հայտնելու դեպքում դասարանի ընդհանուր ժողովը լսում է նրա բացատրությունը:
26. Դասարանական խորհրդի նախագահին անվստահություն հայտնելու հարցը քննարկման է դրվում`
1) սույն կանոնադրությամբ և իր կանոնադրությամբ սահմանված լիազորությունները գերազանցելու կամ պարտականությունները չկատարելու դեպքերում:
VI. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ` ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
27. Աշակերտական խորհուրդը ձևավորվում է հաստատության 6-12-րդ (հիմնական դպրոցի համար` 6-9-րդ, ավագ դպրոցի համար` 10-12-րդ) դասարանների դասարանական ժողովներում` փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրված մինչև երկու ներկայացուցիչներից, դասարանական ժողովներից հետո` 10-օրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մինչև տվյալ ուստարվա սեպտեմբերի 20-ը:
28. Աշակերտական խորհրդի նիստին, խորհրդակցական ձայնի իրավունքով, կարող են մասնակցել դասղեկները:
29. Աշակերտական խորհրդի նախագահն ընտրվում է հաստատության սովորողների կողմից՝ փակ, գաղտնի քվեարկության միջոցով, ձայների պարզ մեծամասնությամբ, սակայն ոչ պակաս, քան սովորողների ընդհանուր թվի կեսից ավելիի մասնակցությամբ:
30. Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուներ առաջադրվում են միայն աշակերտական խորհրդի անդամներից՝ տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում: Թեկնածուները, համաձայն ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցի, ներկայացնում են հաստատության աշակերտական խորհրդի գործունեության իրենց ծրագրերը:
31. Ընտրության արդյունքները քվեարկությունից անմիջապես հետո ամփոփում և հայտարարում է ընտրական հանձնախումբը:
32. Աշակերտական խորհրդի նախագահն ընտրվում է մեկ ուսումնական տարի ժամկետով (նույն անձը կարող է վերընտրվել, սակայն ոչ ավելի, քան երկու անգամ):
33. Աշակերտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ: Արտահերթ նիստեր հրավիրվում են աշակերտական խորհրդի նախագահի, տնօրենի, տնօրենի` մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի նախաձեռնությամբ և (կամ) աշակերտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով և հաստատության սովորողների ընդհանուր ժողովի որոշմամբ:
34. Քվեարակության անցկացման կարգը (փակ կամ բաց) որոշում է աշակերտական խորհուրդը: Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար թվով ձայների դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
35. Աշակերտական խորհրդի նիստերը արձանագրվում և հրապարակվում են աշակերտական խորհրդի որոշման համաձայն:
36. Աշակերտական խորհրդի գործունեությունը սույն կանոնադրության համաձայն կազմակերպելու նպատակով ստեղծվում են համապատասխան մասնագիտացված հանձնախմբեր, որոնք իրենց կազմից ընտրում են հանձնախմբի համակարգող:
37. Մասնագիտացված հանձնախմբերը կազմավորվում են ըստ գործունեության բնագավառների (ուսումնադաստիարակչական, ռազմամարզական, առողջապահական, սոցիալական, մշակութային, կարգապահական, իրավական, տեղեկատվական և այլն):
38. Մասնագիտացված հանձնախմբերի պարտականություններն ու լիազորությունները սահմանվում են աշակերտական խորհրդի կողմից: Հանձնախմբերի կազմում աշակերտական խորհրդի առաջարկությամբ կարող են ընդգրկվել նաև ուսուցիչներ, ծնողներ և համապատասխան բնագավառների մասնագետներ:
VII. ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
39. Աշակերտական խորհուրդը՝
1) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է հաստատության կառավարման խորհրդի և մանկավարժական խորհրդի նիստերին` սովորողներին վերաբերող ուսուցման բովանդակության, գիտելիքների յուրացման որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերի քննարկումներին.
2) կարծիք է ներկայացնում հաստատության մանկավարժական խորհրդին՝ առանձին դեպքերում հաստատության ներքին կարգապահական կանոնները խախտելու համար սովորողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ.
3) կարող է ստեղծել մանկապատանեկան ակումբներ և աջակցում է դրանց աշխատանքների կազմակերպմանը.
4) մասնակցում է համայնքին օժանդակող ծրագրերի իրականացմանը.
5) արձագանքում և իր իրավասությունների սահմաններում ընթացք է տալիս սովորողների անհատական և կոլեկտիվ առաջարկներին ու դիմումներին.
6) աշխատանքներ է տանում սովորողների կարգապահության, հաճախումների և ուսումնական առաջընթացի բարելավման ուղղությամբ.
7) աջակցում է հաստատության կառավարման խորհրդի, մանկավարժական խորհրդի, ծնողական խորհրդի և տնօրինության կողմից սովորողներին անմիջականորեն վերաբերող այլ աշխատանքների իրականացմանը.
8) իրականացնում է դպրոցի և սույն կանոնադրություններից բխող այլ լիազորություններ:
40. Աշակերտական խորհուրդը առաջարկություններ է ներկայացնում հաստատության տնօրինությանը՝
1) հաստատության ներքին կարգապահական կանոնների.
2) սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպման.
3) հաստատության և ընտանիքի կապի ամրապնդման.
4) դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, կարգապահության բարելավման վերաբերյալ։
41. Աշակերտական խորհուրդը հաստատության կառավարման խորհրդի և խորհրդակցական մյուս մարմինների հետ համատեղ`
1) մասնակցում է սովորողների արտաուսումնական, արտադպրոցական և արտադասարանական դաստիարակչական աշխատանքների կազմակերպմանը.
2) մասնակցում է ծնողազուրկ և օգնության կարիք ունեցող երեխաների հաշվառմանը՝ նրանց նյութական և այլ օգնություն ցուցաբերելու աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացում.
3) պաշտպանում է երեխայի իրավունքները հաստատությունում.
4) նպաստում է դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների պահպանմանը.
5) համագործակցում է դասղեկների հետ՝ դասղեկի աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար:
VIII. ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
42. Աշակերտական խորհրդի նախագահը՝
1) ղեկավարում է խորհրդի գործունեությունը՝ նիստերի միջև ընկած ժամանակահատվածում.
2) հանդիսանում է սովորողների ներկայացուցիչը հաստատության մյուս մարմինների հետ փոխհարաբերություններում.
3) մասնակցում է հաստատության մանկավարժական, ծնողական խորհուրդների, դպրոցի կառավարման խորհրդի, տնօրինության աշխատանքներին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով.
4) տարեկան հաշվետվություն է ներկայացնում սովորողների ընդհանուր ժողովին՝ աշակերտական խորհրդի և իր կատարած աշխատանքների մասին.
5) համակարգում է դասարանական խորհուրդների և հանձնախմբերի գործունեությունը, ապահովում է դասարանական խորհուրդների և հանձնախմբերի միջև համագործակցությունը.
6) սույն կանոնադրությանը համապատասխան՝ իրականացնում է այլ լիազորություններ:
43. Աշակերտական խորհրդի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են այլ հաստատություն տեղափոխվելու, հրաժարական տալու, ինչպես նաև նրան անվստահություն հայտնելու դեպքերում:
Անվստահություն հայտնելու նախաձեռնությունը կարող է քննարկվել, եթե այն նախաձեռնվում է ընտրության իրավունք ունեցող սովորողների 1/3-ի կողմից:
44. Աշակերտական խորհրդի նախագահի անվստահության հարցը քննարկվում է սովորողների ընդհանուր ժողովում, որտեղ լսվում է նրա (նախագահի) կողմից բերվող մեկնաբանությունը հարցի կապակցությամբ:
45. Աշակերտական խորհրդի նախագահի անվստահությունը ընդունվում է`
1) սույն և իր կանոնադրությամբ սահմանված լիազորությունների գերազանցման դեպքում կամ իր վրա դրված պարտականությունները անհարգելի պատճառներով չկատարելու համար:
46. Անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշումը ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել ընտրության իրավունք ունեցող սովորողների 2/3-ը:
IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
47. Աշակերտական խորհրդի անդամները, աշակերտական խորհրդի նախագահը, հանձնախմբերի անդամները, դասարանները ներկայացնող խորհուրդների անդամները իրենց հաստատության, դասարանի, սովորողների ինքնավարության մարմնի անունից հանդես գալիս պետք է պաշտպանեն իրենց հաստատության և ինքնավարության մարմնի իրավունքներն ու օրինական շահերը: