«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11011087
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 հունվարի 2011 թ. |
N 24-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի թիվ 1394-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու» կարգի 2-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական որոշումներով տարկետում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին տեղեկատվության փոխանակման և համագործակցության կարգը»` համաձայն հավելվածի:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` սահմանված կարգով սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:
Ա. Աշոտյան |
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հունվարի 18-ի թիվ 24-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև տեղեկատվության փոխանակման և համագործակցության կարգը» (այսուհետ` կարգ) սահմանվել է ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի 4-րդ պարբերության պահանջի հիման վրա: Այն կարգավորելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և պետական կառավարման մարմինների միջև ծագած հարաբերությունները:
II. Տեղեկատվության փոխանակումը պետական կառավարման մարմինների միջև
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) յուրաքանչյուր տարվա գարնանային և աշնանային զորակոչերի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիմումների հիման վրա ընդունված որոշումներով կազմում է ցուցակներ` գրավի պայմանագիր կնքած և գրավի պայմանագիր չկնքած քաղաքացիների:
3. Գրավի պայմանագիր կնքած քաղաքացիների ցուցակները նախարարությունը յուրաքանչյուր զորակոչի ավարտից հետո ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություններ:
4. Գրավի պայմանագիր կնքած քաղաքացիների ցուցակներն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցուցակները ներկայացնում է Հանրապետական և համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ` ձևակերպումներ կատարելու համար:
5. Գրավի պայմանագիր կնքած քաղաքացիների ցուցակներն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դրանք սահմանված կարգով ներկայացնում է համապատասխան պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հաշվառելու համար:
6. Գրավի պայմանագիր չկնքած քաղաքացիների ցուցակները նախարարությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, որն էլ դրանք ներկայացնում է Հանրապետական և համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ: Վերջիններս, ցուցակներն ստանալուց հետո, գրավի պայմանագիր չկնքած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցառումներ:
III. Համագործակցությունը պետական կառավարման մարմինների միջև
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառման մասին տեղեկատվությունը ստանալուց հետո, դրանք տրամադրում է նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գրավի պայմանագիր չկնքած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվությունը տրամադրում է նախարարությանը:
9. Նախարարությունը գրավի պայմանագիր կնքած և գրավի պայմանագիր չկնքած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը իրականացնում է առանձին հաշվառման մատյաններով: