Գլխավոր տեղեկություն
Համար
N 395-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.02.2011-26.05.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.07.15/17(369) Հոդ.184
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.05.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 հուլիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11010251

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 18 մայիսի 2010 թ.

 N 395-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությունների կազմակերպման, անցկացման կարգը` համաձայն Հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և օրենսդրության և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

ՀՀ կրթության և գիտության

նախարար`

Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թվականի մայիսի 18-ի

N 395-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐԻ) ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` Ուսումնական հաստատություն) ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց (այսուհետ` հավակնորդ) թեստավորման ու հարցազրույցի միջոցով քննության անցկացման և հավաստագրման գործընթացների հետ կապված հարաբերությունները:

2. Հավաստագրման քննությանը կարող է մասնակցել ցանկացած անձ, որը մասնակցել է վերապատրաստման դասընթացին` ըստ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` Նախարարություն) 2010թ. մայիսի 18-ի թիվ 193-Ն հրամանով սահմանած «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության» կարգի:

3. Քննությունը և Հավաստագրումը կազմակերպվում է տարեկան երկու անգամ` ըստ Նախարարության հաստատած ժամանակացույցի: Անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների քննության և հավաստագրման ժամանակացույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Քննությունը և Հավաստագրումը բաղկացած են հետևյալ փուլերից.

1) փաստաթղթերի փաթեթի ընդունում, ուսումնասիրում.

2) թեստավորում.

3) հարցազրույց.

4) հավաստագրում:

5. Քննության անցկացման և հավաստագրման գործընթացը իրականացվում է 2010թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության» թիվ 396-Ն հրամանով հաստատված կարգով ձևավորված հանձնաժողովը, որը հանդիսանում է «Հանրակրթական ուսումնական հասատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմին» (այսուհետ` Հավաստագրման հանձնաժողով):

6. 2010 թվականի մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության» թիվ 393-Ն հրամանով հաստատված կարգով վերապատրաստում անցած և սույն կարգի համաձայն քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (այսուհետ` հավաստագիր) ստացած:

7. Հավաստագիրը (Ձև-1) պարտադիր փաստաթուղթ է «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար:

8. Նախարարությունը հրապարակում է հավաստագրված անձանց ցանկը և տեղակայում է պաշտոնական կայքում:

 

II. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

9. Քննությանը մասնակցելու և Հավաստագիր ստանալու հավակնորդների փաստաթղթերի ընդունումը իրականացվում է Նախարարության աշխատակազմում հայտարարության հրապարակման օրվանից 15-օրյա ժամկետում:

10. Քննությունի կազմակերպման և Հավաստագրման մասին հայտարարության տեքստում նշվում է.

1) քննությանը մասնակցելու համար դիմումի ձևանմուշը (Ձև-2).

2) դիմումների ընդունման վայրը, օրերը, ժամերը և վերջնաժամկետը.

3) սույն կարգի 13-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը:

11. Դիմումատուի սույն կարգի 13-րդ կետով սահմանված փաստաթղթերը Նախարարության աշխատակազմ է ներկայացնում վերապատրաստող կազմակերպությունը կամ դիմումատուն` անձամբ:

(11-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն)

12. Հավաստագրման հանձնաժողովը Նախարարության աշխատակազմից ստանում է քննության մասնակից հավակնորդների անվանացանկը և սույն կարգի 13-րդ կետով սահմանված փաստաթղթերի փաթեթը:

(12-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն)

13. Նախարարության աշխատակազմից ստացած յուրաքանչյուր հավակնորդի փաստաթղթերի փաթեթը ներառում է.

1) քննությանը և հավաստագրմանը մասնակցելու վերաբերյալ հավակնորդի դիմումը նախարարին.

2) Նախարարության 2010 թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության» կարգը հաստատելու մասին N 393-Ն հրամանով սահմանած կարգով վերապատրաստման մասնակցելու վերաբերյալ վկայականի պատճենը.

3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.

4) աշխատանքային գրքույկի պատճենը.

5) անձնագրի պատճենը.

6) 3x4 չափի մեկ լուսանկար։

(13-րդ կետը փոփ., խմբ. 08.02.11 N 97-Ն)

14. Հավաստագրման հանձնաժողովը ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը 13-րդ կետի պահանջներին:

15. Հավաստագրման հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում որոշում է կայացնում.

1) «հավակնորդին թույլ տալ մասնակցել քննության».

2) (ենթակետն ուժը կորցրել է 08.02.11 N 97-Ն)

3) «մերժել հավակնորդի մասնակցությունը քննությանը»:

(15-րդ կետը փոփ. 08.02.11 N 97-Ն)

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 08.02.11 N 97-Ն)

17. Սույն կարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված որոշումը կայացնելու դեպքերում Հավաստագրման հանձնաժողովը հղում է անում 13-րդ կետի համապատասխան ենթակետին (նշվում է խախտման բնույթը, բացակայող կամ ակնհայտ կեղծ փաստաթուղթի տեսակը):

(17-րդ կետը փոփ. 08.02.11 N 97-Ն)

17.1 Եթե Հավաստագրման հանձնաժողովը քննության մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել քննությանը, ինչպես նաև, եթե Հավակնորդներից ոչ մեկը չի ներկայացել քննության, ապա Հավաստագրման հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում քննությունը չկայացած համարելու մասին:

1) Հավաստագրման հանձնաժողովն իրավազոր է, եթե նիստին ներկայացել է Հավաստագրման հանձնաժողովի առնվազն հինգ անդամ: Եթե նիստն իրավազոր չէ, քննությունը համարվում է չկայացած, և 10-օրյա ժամկետում անցկացվում է կրկնակի քննություն:

2) Ընդունված են համարվում Հավաստագրման հանձնաժողովի այն որոշումները, որոնք բաց գաղտնի քվեարկությամբ ստացել են առնվազն 4 ձայն:

Կրկնակի քննության ժամանակ քննությանը մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և սահմանված կարգով ձևավորվում է նոր Հավաստագրման հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության» կարգին համապատասխան:

(17.1 կետը լրաց. 08.02.11 N 97-Ն)

18. Քննության և հավաստագրման հավակնորդը քննության և հավաստագրման անցկացման օրից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է թեստավորման հարցաշարերի մասին` սույն կարգի 25-րդ կետով նախատեսված միջոցներով, իսկ քննության անցկացման վայրի, օրվա և ժամի մասին` ոչ ուշ, քան 10 օր առաջ` Նախարարության աշխատակազմի միջոցով:

 

III. ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

19. Քննությունը անցկացվում է թեստավորման և հարցազրույցի միջոցով` Հավաստագրման հանձնաժողովի կողմից:

20. Սույն կարգի 3-րդ կետում սահմանված քննությունի ժամանակացույցը կազմվում է հիմք ընդունելով վերապատրաստում անցած և քննության ու հավաստագրման համար Նախարարին դիմած հավակնորդների քանակից:

21. (21-րդ կետն ուժը կորցրել է 08.02.11 N 97-Ն)

22. Քննության մասնակիցների խումբը բաղկացած է ոչ ավելի քան 30 հավակնորդից:

(22-րդ կետը փոփ. 08.02.11 N 97-Ն)

23. Նախարարության աշխատակազմը ապահովում է քննությունի անցկացման վայրը, հարմարեցված տարածքը և քննությունին մասնակցության մատչելիությունը:

(23-րդ կետը փոփ. 08.02.11 N 97-Ն)

24. Քննության հարցաշարերը (թեստի և հարցազրույցի) պետք է համապատասխանեն «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ ենթակետով սահմանված վերապատրաստման բովանդակային բաղադրիչների և տնօրենի պաշտոնի նկարագրի պահանջներին:

25. Քննության (թեստի և հարցազրույցի) հարցաշարերը մշակում է Նախարարությունը: Թեստերի հարցաշարը հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքում և առնվազն 3 հազար տպաքանակ ունեցող մամուլում։

26. Թեստային հարցաշարի բովանդակային բաղադրիչները բաշխվում են հետևյալ հարաբերակցությամբ`

1) հանրակրթության բնագավառի օրենսդրություն - 45%.

2) կառավարչական գիտելիքների տիրապետում - 35%.

3) մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետում - 20%:

27. Հավաստագրման հանձնաժողովը մինչև թեստավորման սկիզբը համակարգչում զետեղված հարցաշարից պատահական ընտրությամբ սույն կարգի 26-րդ կետով սահմանված համամասնությամբ կազմում է 60 թեստ:

28. Թեստավորման փուլը հաղթահարած Հավակնորդի հետ անցկացվում է հարցազրույց:

(28-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն)

29. Հարցազրույցի հարցաշարը ներառում է Հավակնորդի իրավական, կառավարչական և մանկավարժական կարողություններն ու հմտությունները բացահայտող հարցեր:

 (29-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն)

 

IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

30. Հավաստագրման հանձնաժողովի նախագահը Նախարարության աշխատակազմից քննության օրը ստանում է քննության և հավաստագրման ենթակա Հավակնորդների քանակին համապատասխան թվով, կնքված և երկու մասից բաղկացած ամփոփաթերթեր: Ամփոփաթերթի առաջին մասը բաղկացած է միևնույն կոդավորմամբ` կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով:

Ամփոփաթերթի երկրորդ մասը (պատճենի ձևաթուղթը) կոդավորված չէ: Ամփոփաթերթի առաջին մասը կնքված է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` վերևի ձախ մասում:

31. Թեստավորումն անցկացվում է գրավոր:

32. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով, այդ թվում՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող Հավակնորդների կարիքներին բավարարող։

33. Թեստավորմանը մասնակցելու համար Հավակնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հավաստագրման հանձնաժողովի քարտուղարը ստուգում է Հավակնորդի ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ, ուր Հավակնորդը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստատեղ: Հավակնորդների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

34. Թեստավորմանը Հավակնորդներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ:

35. Հավաստագրման հանձնաժողովի քարտուղարը Հավակնորդներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, պատասխանում նրանց հարցերին:

36. Հավաստագրման հանձնաժողովի քարտուղարը Հավակնորդներին տալիս է սույն կարգի 30-րդ կետով նախատեսված ամփոփաթերթը (պատճենի ձևաթղթով): Հավաստագրման հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, Հավակնորդը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունն ու անջատելով այն հիմնական մասից, հանձնում է Հավաստագրման հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ:

37. Թեստավորման ժամանակ Հավակնորդները, կտրոնները հանձնելուց հետո, ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից, որոնց պատասխանները կարող են ներկայացված լինել երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններով (մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է):

38. Հավաստագրման հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը հավակնորդներին տրամադրելուց հետո, հայտարարում է թեստավորման սկիզբը.

1) Հավակնորդը, թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո, ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխան:

39. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար Հավակնորդին տրվում է 90 րոպե:

40. Թեստավորման ընթացքում Հավակնորդին չի թույլատրվում.

1) աղմկել, հուշել, խոսել, օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված մասնագիտական հարցեր տալ թեստավորման սենյակում գտնվող անձանց.

2) (ենթակետն ուժը կորցրել է 08.02.11 N 97-Ն)

 (40-րդ կետը փոփ. 08.02.11 N 97-Ն)

41. 40-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների խախտման դեպքում Հավակնորդը նախազգուշացվում է Հավաստագրման հանձնաժողովի նախագահի կողմից, խախտումը կրկնվելու դեպքում տվյալ Հավակնորդի մասնակցությունը քննությանը դադարեցվում է, աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հավաստագրման հանձնաժողովի քարտուղարը կազմում է արձանագրություն, նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:

42. Հավակնորդը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

43. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո Հավակնորդն ամփոփաթերթի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է Հավաստագրման հանձնաժողովին, վերցնում է ամփոփաթերթի ձևաթղթի պատճենը և դուրս գալիս սենյակից:

(43-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն)

44. Հավաստագրման հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 15 րոպե առաջ հիշեցնում է Հավակնորդներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:

45. Հավաստագրման հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, Հավակնորդները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած Հավակնորդի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հավաստագրման հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:

 

V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

46. Հավաստագրման հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների ու հիմնական մասերի քանակը:

(46-րդ կետը փոփ. 08.02.11 N 97-Ն)

47. Գրավոր աշխատանքներն ստուգվում են սույն կարգի 27-րդ կետով նախատեսված կարգով կազմված թեստերի հետ միաժամանակ համակարգչի միջոցով դուրս բերված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների նմուշի միջոցով:

48. Հավաստագրման հանձնաժողովի անդամները համատեղ, ճիշտ պատասխանների նմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են Հավակնորդների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:

49. Յուրաքանչյուր Հավակնորդի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է Հավաստագրման հանձնաժողովի կնիքով:

50. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 1 միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր.

1) սխալ պատասխաններ են համարվում մեկից ավելի նշումներով, ուղղումներով կամ առանց համապատասխան նշումի պատասխանները:

51. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր հավակնորդները հրավիրվում են թեստավորման սենյակ:

52. Հավաստագրման հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը և հավաքած միավորների քանակը, ինչն անմիջապես արձանագրվում է Հավաստագրման հանձնաժողովի քարտուղարի կողմից:

(52-րդ կետը լրաց. 08.02.11 N 97-Ն)

53. Բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ սույն կարգի 52-րդ կետով նախատեսված գործողությունը կատարելուց հետո, Հավաստագրման հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունը, անունը, հայրանունները: Յուրաքանչյուր Հավակնորդ ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթ, ստանում է իր կտրոնը, Հավաստագրման հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է: Թեստավորման սենյակ չվերադարձած Հավակնորդների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ Հավաստագրման հանձնաժողովի նախագահի կողմից, բարձրաձայն հայտարարվում և արձանագրվում, որից հետո Հավաստագրման հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր Հավակնորդի հավաքած միավորները (տոկոսը):

(53-րդ կետը փոփ. 08.02.11 N 97-Ն)

54. Միավորները (տոկոսները) հայտարարելուց անմիջապես հետո Հավաստագրման հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը, հրապարակման ժամը:

55. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հավաստագրման հանձնաժողովին` սույն կարգի 54-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

56. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում Հավակնորդի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

57. Եթե Հավաստագրման հանձնաժողովը որոշում է բավարարել Հավակնորդի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր Հավակնորդների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

(57-րդ կետը փոփ. 08.02.11 N 97-Ն)

58. Եթե Հավաստագրման հանձնաժողովը պարզում է, որ Հավակնորդի բողոքը թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ հիմնավորված է, ապա Հավաստագրման հանձնաժողովը բավարարում է Հավակնորդի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

59. Հավակնորդը քննության հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

60. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում՝ բողոքարկման համար սույն կարգի 55-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:

(60-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն)

 

VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

61. Հավակնորդների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով:

(61-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն)

62. Հավաստագրման հանձնաժողովը յուրաքանչյուր Հավակնորդի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

Հավաստագրման հանձնաժողովը, յուրաքանչյուր Հավակնորդի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված` տնօրենի պաշտոնի նկարագրով նախատեսված օրենսդրական, գերատեսչական ակտերի կիրառման, կառավարչական, ինչպես նա մանկավարժամեթոդական կարողությունների և հմտությունների վերաբերյալ հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս 5 հարցերից։

Հավաստագրման հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները` 3 օրինակ:

(62-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն)

63. Հավակնորդը ծանոթանալով հարցատոմսին` իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում է հարցերին:

64. Հավակնորդի կողմից յուրաքանչյուր հարցի պատասխանը հնչեցնելուց հետո, Հավաստագրման հանձնաժողովի նախագահը խորհրդակցելով Հավաստագրման հանձնաժողովի անդամների հետ, բարձրաձայն հայտարարում է «ճիշտ է» կամ «սխալ է» բառերից մեկը։

(64-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն)

65. Հարցազրույցի ընթացքում Հավակնորդին կարող է տրվել հարցատոմսի յուրաքանչյուր հարցին առնչվող հարակից մեկ հարց:

(65-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն)

66. (66-րդ կետն ուժը կորցրել է 08.02.11 N 97-Ն)

67. Հարցազրույցի ընթացքում Հավակնորդին չի թույլատրվում օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև հարցատոմսի բովանդակության հետ կապված հարցեր տալ հանձնաժողովի անդամներին:

68. Սույն կարգի 67-րդ կետում նշված պահանջների խախտման դեպքում Հավաստագրման հանձնաժողովը կազմում է արձանագրություն և դադարեցնում հարցազրույցը։

69. Յուրաքանչյուր Հավակնորդի հետ հարցազրույցը արձանագրվում և ձայնագրվում է:

(69-րդ կետը լրաց. 08.02.11 N 97-Ն)

70. Յուրաքանչյուր Հավակնորդի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է քվեարկություն` Հավաստագրման հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված անհատականացված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է քվեարկությանը մասնակցող Հավաստագրման հանձնաժողովի անդամի անունը և ազգանունը, դրվում է նրա ստորագրությունը, Հավակնորդի ազգանունը, անունը և հայրանունը.

1) Հավաստագրման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

71. Հավաստագրման հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, առանձնացնում է անվավեր քվեաթերթերը: Հանձնաժողովի համապատասխան անդամներին տրվում են նոր քվեաթերթեր քվեարկությունը սահմանված կարգով կատարելու համար: Անվավեր քվեաթերթը ակտավորվում է:

72. Հանձնաժողովի նախագահը քվեատուփից մեկ առ մեկ հանում է քվեաթերթերը և բարձրաձայն հայտարարում միայն Հավակնորդի ազգանունը, անունը, հայրանունը ու տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը:

Հավաստագրման հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հավաստագրման հանձնաժողովի քարտուղարի կողմից:

(72-րդ կետը փոփ. 08.02.11 N 97-Ն)

73. Հավաստագրման հանձնաժողովը քվեարկության արդյունքում, յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ենթակա է «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի)» շնորհման.

2) ենթակա չէ «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի)» շնորհման:

74. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որին կողմ են քվեարկել հանձնաժողովի առնվազն 4 անդամ:

Կազմվում է ամփոփիչ արձանագրություն ( Ձև-3):

 

VII. ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

75. Քննության ավարտից հետո Հավաստագրման հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր Հավակնորդի համար կազմում է հավաստագրման թերթ /Ձև-4/:

76. Հավաստագրման թերթը ստորագրում են Հավաստագրման հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

77. Հավակնորդը, քննության ավարտից հետո, ծանոթանում է հավաստագրման թերթի հետ և ստորագրում: Հավակնորդը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել Հավաստագրման հանձնաժողովին և ստանալ հավաստագրման թերթ պատճենը:

78. Քննության արդյունքները հրապարակվում են քննություն անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես:

79. Հավաստագրման հանձնաժողովը, հանձնման ակտով, Նախարարության աշխատակազմին փոխանցում է քննության փաթեթը, որն իր մեջ սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև Հավաստագրման հանձնաժողովի կողմից կազմված և/կամ ընդունված հետևյալ փաստաթղթերը և նյութերը`

1) Հավաստագրման հանձնաժողովի կնիքի և Հավակնորդների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը.

2) Հավակնորդների ու Հավաստագրման հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.

3) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրման/ հավակնորդների քննության ամփոփիչ արձանագրությունը.

4) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թերթը.

5) ամփոփաթերթի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

6) Հավաստագրման հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու, արկղը բացելու և արկղից դուրս բերված ամփոփաթերթերի հիմնական մասերի, կտրոնների ու թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը.

7) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը.

8) հարցազրույցի փուլ անցած Հավակնորդների ցուցակը.

9) Հավաստագրման հանձնաժողովի անդամի հարցազրույցի փուլից բացակայելու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

10) Հավակնորդի հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու կամ չներկայանալու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

11) Հավակնորդների հետ հարցազրույց անցկացնելու մասին ձայնագրությունները.

12) թեստավորման առաջադրանքների տետրերը.

13) թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը, քվեաթերթերը.

14) խոտանված քվեաթերթերի (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

15) այլ փաստաթղթեր (այդպիսիք լինելու դեպքում):

80. Նախարարության աշխատակազմը սույն կարգի 79-րդ կետով սահմանված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

81. Նախարարության աշխատակազմը սույն կարգի 84-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության մասին կազմում է տեղեկանք և կցում քննության փաթեթին:

 

VIII. ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՇՆՈՐՀԵԼԸ

 

82. Վերապատրաստված, քննությանը մասնակցած և Հավաստագրման հանձնաժողովի որոշումով «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի)» շնորհման ենթակա. հավակնորդին շնորհվում է «Ուսումնական հասատության ղեկավարման իրավունքի հավաստագիր»` հինգ տարի ժամկետով:

83. Հավաստագիրը շնորհվում է քննության արդյունքները ամփոփելուց հետո 10-օրյա ժամկետում:

 

IX. ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

84. Քննության արդյունքները ամփոփելուց և Հավաստագրման հանձնաժողովի որոշում կայացնելուց հետո մեկ ժամվա ընթացքում, հավակնորդն իրավունք ունի գրավոր բողոք ներկայացնել Հավաստագրման հանձնաժողովի նախագահին: Բողոքը քննարկվում է տեղում, հավակնորդի ներկայությամբ: Բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում հավակնորդը օրենքով սահմանված կարգով կարող է դիմել դատարան:

 

X. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

85. Հավաստագրման հանձնաժողովի որոշմամբ` հավակնորդների հավաստագրմանը ներկա գտնվելու իրավունք ունեն հանձնաժողովի կողմից հրավիրված անձինք` դիտորդի կարգավիճակով:

86. Զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստագրման քննություններին կարող են մասնակցել դիտորդի կարգավիճակով` նախապես գրանցվելով ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունում:

(86-րդ կետը խմբ. 08.02.11 N 97-Ն)

86.1. Գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել լրատվամիջոցի /կազմակերպության տնօրինության կողմից պաշտոնական նամակ ՀՀ կրթության և գիտության նախարարի անունով, որում նշված կլինեն լուսաբանող լրագրողի կամ հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի անունը, ազգանունը, աշխատանքային և բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև գրանցվող անձի մեկ լուսանկարը (3X4 չափսի):

(86.1 կետը լրաց. 08.02.11 N 97-Ն)

86.2. Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է գրանցել ոչ ավելի, քան 1 դիտորդ (հեռուստաընկերությունները նաև 2 օպերատոր).

1) գրանցված դիտորդները պարտավոր են մինչև քննության մեկնարկը ներկայանալ հավաստագրման քննության նախագահին` ներկայացնելով դիտորդի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:

(86.2 կետը լրաց. 08.02.11 N 97-Ն)

86.3. Հավաստագրման հանձնաժողովի նախագահը ծանոթացնում է դիտորդներին ներկայացվող կարգապահական կանոններին.

1) դիտորդը պարտավոր է քննության գրավոր և բանավոր փուլերի ընթացքում պահպանել լռություն և ոչ մի ձևով չխաթարել քննության բնականոն ընթացքը:

(86.3 կետը լրաց. 08.02.11 N 97-Ն)

86.4. Հավաստագրման քննության մասնակից դիտորդը(ները) լրագրողական բնույթի աշխատանքը կարող է իրականացնել քննասենյակում նախատեսված հատվածում` քննության մասնակիցներից պատշաճ հեռավորության վրա նրանց մոտ լարվածություն չառաջացնելու նպատակով:

(86.4 կետը լրաց. 08.02.11 N 97-Ն)

86.5. Դիտորդների համար սահմանված պահանջների չկատարման պարագայում Հանձնաժողովն իրավունք ունի որոշում կայացնել դիտորդին քննասենյակից դուրս հրավիրելու մասին, ինչպես նաև գրավոր դիմելու ՀՀ կրթության և գիտության նախարարին տվյալ անձի դիտորդի կարգավիճակը չեղյալ համարելու վերաբերյալ:

(86.5 կետը լրաց. 08.02.11 N 97-Ն)

 

XI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

87. Օրենքի և սույն կարգի սահմանված դրույթների խախտմամբ ձեռք բերված հավաստագիրը կարող է ճանաչվել անվավեր՝ դատական կարգով:

 

նմուշ

 

Ձև-1

 

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի

(Հավաստագրի)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

 

Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր

 

 ՍԵՐԻԱ Ա

 N 0000

____________________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

Իրավունք ունի

մասնակցել հանրակրթական ուսումնական

հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին (ընտրությանը)

 

Նախարար _______________

  (ստորագրություն)

__________________

        (անուն, ազգանուն)

   
   «_____» _________________ 20____թ.
   
 Կ.Տ.  
   .
   Հավաստագիրը վավեր է մինչև «__» _______20___թ
   
   

    

 

Դիմումի նմուշ

 

Ձև-2

 

Հայաստանի Հանրապետության

կրթության և գիտության նախարար

 

 պարոն/տիկին____________________-ին

           

________________________________-ից

դիմողի անունը, հայրանունը, ազգանունը                 

 

________________________________

դիմողի հաշվառման վայրը                     

 

________________________________

դիմողի հեռ. (աշխ., բնակ., բջջ.)           

 

________________________________

անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել     

 

Ծնված` ___________________________

                    օրը, ամիսը, տարին, վայրը               

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի ստացման քննությունների կազմակերպման և հավաստագրման մասին հայտարարությանը:

 Խնդրում եմ գրանցել ինձ որպես ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնորդ:

Իմ մասին հայտնում եմ.

 

Ø Քաղաքացիությունը

____________________________________________________________

(Հայաստանի Հանրապետության, իսկ երկքաղաքացիության դեպքում` նշել կարգավիճակի ստացման ժամկետը և երկիրը)

 

Ø Դատարանի օրինական ուժի մեջ դատավճռի հիման վրա

 _________________________________________________

(դատապարտվել եմ, չեմ դատապարտվել)

 

Ø Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն

__________________________________________________

                  (ունեմ, չունեմ)

Ø Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ

__________________________________________________

(ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

 

Ø Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից

__________________________________________________

                                  (զրկվել եմ, չեմ զրկվել)

 

Ø Մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ

___________________________________________

                             (տառապում եմ, չեմ տառապում)

 

Ø Լեզուների իմացությունը

_______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

(հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի տիրապետման մակարդակները)

 

ØՀամակարգչային գրագիտությունը

____________________________________________________________________

____________________________________________________________________

      (տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

 

 Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

 Դիմող` _______________

  ստորագրություն

 «___» ________20___ թ.

 

նմուշ

 

Ձև-3

 

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության ամփոփիչ արձանագրություն

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ) ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

N

Ազգանուն, անուն, հայրանուն

Նշում հավաստագիր ստանալու կամ չստանալու մասին

     
     
     
     
     

Հանձնաժողովի նախագահ`________________ /___________________/

 

Հանձնաժողովի քարտուղար`________________ /___________________/

 
 Կ. Տ.

____________ __________ 20 թ.

 

նմուշ

 

Ձև-4

 

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի

 հավաստագրման թերթ

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԹԵՐԹ

 

Ազգանուն, անուն, հայրանուն ___________________________________________

______________________________________________________________

Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը _____________________________________

Թեստավորման արդյունքը (հավաքած միավորը) ___________________________

Քվեարկությանը մասնակցել են հավաստագրման հանձնաժողովի _______ անդամներ, որից կողմ են քվեարկել ______ անդամ

Թեստավորման և հարցազրույցի արդյունքում հավաստագրման հանձնաժողովի ընդունած որոշումը. ________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ`________________ /___________________/

 

Հանձնաժողովի անդամներ`________________ /___________________/

 

                 ________________ /___________________/

                 ________________ /___________________/

              

                ________________ /___________________/

               ________________ /___________________/

               ________________ /___________________/

Կ. Տ.

Հավաստագրման անցկացման ամսաթիվ` «______»______________ 20 թ.

Հավաստագրման թերթի

հետ ծանոթացա` _________________________________________

                                         (անուն, ազգանուն, ստորագրություն)

 

«______» ___________________ 20 թ.

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան