«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
12 սեպտեմբերի 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10205366
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 սեպտեմբերի 2005 թ. |
թիվ ՔՀ-43-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի դրույթների իրականացումն ապահովելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել քրեակատարողական ծառայողների երդման կարգը (համաձայն հավելվածի):
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին` սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում ապահովել մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակված քրեակատարողական ծառայողների երդման արարողությունների կազմակերպումը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի հուլիսի 12-ի «Քրեակատարողական ծառայողի երդման կարգը հաստատելու մասին» թիվ 101-Ն հրամանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Դ. Հարությունյան |
Հավելված | |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում (այսուհետ` քրեակատարողական ծառայություն) առաջին անգամ որպես քրեակատարողական ծառայող պաշտոնի նշանակված անձը իրեն պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ փորձաշրջանն անցնելու օրվանից երկու ամսվա ընթացքում տալիս է երդում:
(1-ին կետը լրաց. 09.09.10 N 182-Ն)
2. Քրեակատարողական ծառայողի երդման արարողությունը քրեակատարողական հիմնարկում կամ կենտրոնացված կարգով` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում կազմակերպում և իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը կամ քրեակատարողական հիմնարկը:
(2-րդ կետը լրաց. 09.09.10 N 182-Ն)
3. Երդման արարողության անցկացման ժամանակը սահմանում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կամ քրեակատարողական հիմնարկի ղեկավարը: Քրեակատարողական ծառայողը երդման արարողության ժամանակի մասին տեղեկացվում է երդման արարողությունից առնվազն երեք օր առաջ:
(3-րդ կետը լրաց. 09.09.10 N 182-Ն)
4. Քրեակատարողական ծառայողը երդումը տալիս է մեկ անգամ` անհատական կարգով երդման տեքստն ընթերցելու միջոցով: Այնուհետև քրեակատարողական ծառայողը ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:
5. Երդման արարողությունն անցկացվում է հանդիսավոր պայմաններում` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև: Քրեակատարողական ծառայողը երդման արարողության ընթացքում պարտադիր կրում է իր ծառայողական համազգեստը:
6. Երդում տվող քրեակատարողական ծառայողը մոտենում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշին, բարձրաձայն ընթերցում է երդման տեքստը և ստորագրում իր ազգանվան դիմաց:
7. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կամ քրեակատարողական հիմնարկի` երդման արարողությունն անցկացնող պաշտոնատար անձը շնորհավորում է երդում տված քրեակատարողական ծառայողին:
(7-րդ կետը լրաց. 09.09.10 N 182-Ն)
8. Տվյալ օրը երդման արարողությունն ավարտելուց հետո հնչեցվում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:
(հավելվածը լրաց. 09.09.10 N 182-Ն)