«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հուլիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11710245
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 հունիսի 2010 թ. |
N 76-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 99-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 12-րդ կետը`
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթի և այդ պաշտոնում նշանակված անձանց ատեստավորման ընթացակարգերը և մրցութային ու ատեստավորման հանձնաժողովների ձևավորման կարգերը հաստատելու մասին» N 99-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանով հաստատված հավելված N 1-ի 39-րդ և 40-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«39. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որից հինգը` Նախարարության և մեկական Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից: Նախարարության ներկայացուցիչների ցուցակում ընդգրկվում են Նախարարը, Նախարարի տեղակալները, Նախարարի խորհրդականները և օգնականները, Աշխատակազմի ղեկավարը, Աշխատակազմի ղեկավարի տեղակալը, Աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Հանձնաժողովի Նախարարության անդամության թեկնածուների ցուցակը հաստատվում է Նախարարի հրամանով:
40. Հանձնաժողովի նախարարության ներկայացուցիչները ընտրվում են համակարգչում նախօրոք զետեղված հաստատված ցուցակից` համակարգչի կողմից պատահական ընտրությամբ` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ: Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուները մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին տեղեկացվում են Բաժնի կողմից մրցույթն սկսելուց ոչ ուշ, քան 6 ժամ առաջ: Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:»։
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար |
Ռ. Ալավերդյան |