ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 օգոստոսի 2008 թ. |
N 1190-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԹԻՎ 3 ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետի 2008 թ. մարտի 24-ի N 04-205/48-Ա գրությունը, ՀՀ առողջապահության նախարարի 01.08.2008 թ. N 1064-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի 05.08.2008 թ. N 816 զեկուցագրի, լիցենզավորման հանձնաժողովի 21.08.08 թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կաբինետների հագեցվածությունը եղել է թերի և չի համապատասխանել ՀՀ կառավարության 17.10.2002 թվականի N 1662-Ն որոշման պահանջներին, մասնավորապես առկա չեն եղել՝
1. խառը ստոմատոլոգիական կաբինետում՝ պարոդոնտոլոգիական գործիքների հավաքածուն, ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատորը, էլեկտրադոնթոմետրը, ապեքս-լոկատորը
2. ռենտգեն կաբինետում՝ օրթոպանտոմոգրաֆը
3. օրթոպեդիկ կաբինետի և ատամնատեխնիկական լաբորատորիայի հագեցվածությունը բացակայում էր,
4. անհետաձգելի բուժօգնության դեղորայքի ցանկը եղել է թերի, մասնավորապես՝ բացակայում էին բերանբացիչը, լեզվաբռնիչը, պրեդնիզոլոնը, էուֆիլինը, ստրոֆանտինը, գլյուկոզան, ինսուլինը, նիտրոգլիցերինը, ձգալարանը և վալիդոլը, ինչը չի համապատասխանում «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, ստոմատոլոգիական կաբինետների գործունեության համար անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնության դեղամիջոցների և նյութերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 25.07.2003 թ. N 635-Ն հրամանով հաստատված ցանկին,
5. ռենտգեն-լաբորանտ Մ. Բադամյանը չի ունեցել վերջին հինգ տարիների ընթացքում համապատասխան վերապատրաստում, ինչը հակասում է լիցենզավորման կարգի 6-րդ մասի գ/ կետի և ՀՀ կառավարության 17.10.2002 թ. N 1662-Ն որոշմամբ մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ մասնագիտական որակավորման պահանջներին։
Հրամայում եմ`
1. Նախազգուշացնել՝ առաջարկելով 15-օրյա ժամկետում վերացնել արձանագրված թերությունները «Թիվ 3 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը և 2005 թվականի ապրիլի 29-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման Կ-XX-000674 լիցենզիան մասնագետի մասով կասեցնել՝ մինչև թերության վերացումը։
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված մարմին։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին։
Նախարար |
Հ. Քուշկյան |
