«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 փետրվարի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 32004017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
18 դեկտեմբերի 2003 թ. ք. Երևան |
N 247-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՎՐԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետով և 29-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերով, Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի «Օդանավերի շահագործում» N 6 և «Օդանավերի թռիչքային պիտանիություն» N 8 հավելվածերով
Հրամայում եմ`
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի վրա տեխնիկական աշխատանքների իրականացման կարգը` համաձայն հավելվածի (կցվում է):
Գլխավոր վարչության պետ |
Ս. Մարգարյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՎՐԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի վրա տեխնիկական աշխատանքների իրականացման կարգը (այսուհետ` Կարգ) մշակված է Հայաստանի Հանրապետության «Ավիացիայի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետի ու 29-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջներին, ինչպես նաև Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի «Օդանավերի շահագործում» N 6 ու «Օդանավերի թռիչքային պիտանիություն» N 8 հավելվածների և Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ-Մ (JAR - M) ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին և ընթացակարգերին համապատասխան և կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի վրա ձևափոխման և վերափոխման աշխատանքներ իրականացնելիս:
(1-ին կետը լրաց. 28.10.08 N 155-Ն)
2. Կարգի նպատակներն են՝
ա) քաղաքացիական ավիացիայի բնագավառում օդանավերի ձևափոխման և վերափոխման (մոդիֆիկացման) միասնական տեխնիկական քաղաքականության ապահովումը,
բ) ձևափոխում և վերափոխում (այսուհետ` ձևափոխում) կատարելիս օդանավերի թռիչքային պիտանիության պահպանումը,
գ) օդանավերի չարտոնված ձևափոխումների կանխումը:
Սույն Կարգի իմաստով օդանավի ձևափոխումը համարվում է արտոնված, եթե օդանավի ձևափոխման փաստաթղթերը հաստատվել են նախագծողի կողմից՝ նշանակալի ձևափոխման դեպքում, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) կողմից՝ ոչ նշանակալի ձևափոխման դեպքում:
3. Սույն Կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի շահագործողների վրա:
4. Սույն Կարգում գործածվող հիմնական հասկացություններն են՝
ա) ավիացիոն արտադրատեսակ՝ օդանավը, շարժիչը, պտուտակը և պատրաստի սարքերը կամ սարքավորումները, որոնցով համալրված են օդանավը, շարժիչը, պտուտակն ու մյուս համակարգերը, որոնք ապահովում են օդանավի շահագործումը և թռիչքային պիտանիությունը,
բ) ավիացիոն արտադրատեսակի ձևափոխում՝ ավիացիոն արտադրատեսակի տիպային կառուցվածքի ցանկացած փոփոխություն (նշանակալի և ոչ նշանակալի)` բացառությամբ վերանորոգման,
գ) ավիացիոն արտադրատեսակի վերանորոգում՝ ավիացիոն արտադրատեսակի վնասվածքի կամ մաշվածության դեպքում տիպային կառուցվածքի ցանկացած վերականգնում կամ փոփոխություն՝ թռիչքային պիտանիությունը վերականգնելու նպատակով,
դ) պատրաստող՝ ավիացիոն արտադրատեսակ պատրաստող կազմակերպություն,
ե) նախագծող՝ ավիացիոն արտադրատեսակի նախագիծը մշակող և տիպային կառուցվածքի համար պատասխանատու կազմակերպություն,
զ) նշանակալի ձևափոխում՝ ավիացիոն արտադրատեսակի տեխնիկական շահագործման փաստաթղթերով չնախատեսված տիպային կառուցվածքի փոփոխություն, որը նշանակալի ազդեցություն է թողնում օդանավի քաշի ու ծանրության կենտրոնի սահմանափակումների, կառուցվածքի ամրության, շահագործողական և թռիչքային բնութագրերի, ուժասարքի աշխատանքի ու այլ որակների վրա՝ ներգործելով օդանավի թռիչքային պիտանիության կամ շրջակա միջավայրի վրա,
է) ոչ նշանակալի ձևափոխում՝ ցանկացած ձևափոխում, բացի նշանակալի ձևափոխումից,
ը) օդանավ շահագործող՝ օդանավերի շահագործմամբ զբաղվող կամ այդ բնագավառում ծառայություններ առաջարկող իրավաբանական կամ ֆիզիկական անձ:
II. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՓՈԽՈՒՄԸ
5. Ավիացիոն արտադրատեսակների ձևափոխումը կատարվում է թռիչքային պիտանիության ապահովման և պահպանման նպատակով՝ արդիականացման, ֆիզիկական ու թռիչքային բնութագրերի բարելավման, կառուցվածքային և արտադրական թերությունների վերացման միջոցով:
6. Ավիացիոն արտադրատեսակների ձևափոխումն իրականացվում է նախագծողի կամ քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող տեխնիկական կենտրոնների կողմից մշակված փաստաթղթերի հիման վրա: Այդ փաստաթղթերում նշվում են ձևափոխման աշխատանքները, կատարման վայրը և դրանք իրականացնող մասնագետները:
7. Օդանավ շահագործողը ձևափոխում իրականացնելու համար հայտ է ներկայացնում Գլխավոր վարչություն: Հայտին կից ներկայացվում են սույն Կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը: Գլխավոր վարչությունում փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա որոշվում է ձևափոխման տեսակը (նշանակալի, ոչ նշանակալի)` հիմք ընդունելով Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի «Օդանավերի շահագործում» N 6 հավելվածից բխող չափանիշերը: Նշանակալի ձևափոխման դեպքում Գլխավոր վարչությունը, «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում օդանավ շահագործողին է վերադարձնում ձևափոխման փաստաթղթերը և տալիս է եզրակացություն` տվյալ ձևափոխումը նախագծողի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ:
Ոչ նշանակալի ձևափոխման դեպքում օդանավ շահագործողի կողմից ներկայացված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում են Գլխավոր վարչության կողմից «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում, եթե ոչ նշանակալի ձևափոխմամբ ապահովվում են թռիչքային պիտանիության նորմերը:
Սույն կետի համաձայն նշանակալի և ոչ նշանակալի ձևափոխման հաստատումը հիմք է հանդիսանում ձևափոխման աշխատանքների իրականացման համար:
Օդանավ շահագործողը ձևափոխման աշխատանքներն սկսելուց ոչ պակաս, քան 5 օր առաջ տեղեկացնում է Գլխավոր վարչությանը:
8. Ձևափոխման աշխատանքների կատարման ընթացքում օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի գործողությունը ժամանակավոր կասեցվում է, որը օրենքով սահմանված կարգով ձևակերպվում է Գլխավոր վարչության պետի հրամանով:
9. Եթե օդանավերի վրա իրականացվել են ոչ արտոնված ձևափոխումներ, ապա Գլխավոր վարչությունը կասեցնում է օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի գործողությունը` մինչև սույն Կարգի համաձայն ձևափոխումների իրականացումը:
10. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կողմից ձևափոխման աշխատանքներն իրականացվում են հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի դրույթները:
11. Ձևափոխման տեխնիկական աշխատանքների ավարտից հետո անցկացվում են ավիացիոն արտադրատեսակների վերգետնյա կամ թռիչքային փորձարկումներ՝ շահագործողի կողմից նախօրոք հաստատված ծրագրերին համապատասխան, որոնք հանդիսանում են ձևափոխման աշխատանքների իրականացման մաս:
12. Կատարված ձևափոխումների մասին տեղեկությունները գրանցվում են ավիացիոն արտադրատեսակի տեղեկամատյանում (ֆորմուլյարում):
III. ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
13. Ավիացիոն արտադրատեսակի ձևափոխման հաստատման ընթացակարգը նախատեսված է, որպեսզի օդանավ շահագործողն ապացուցի, որ հաշվի են առնվել օդանավի թռիչքային պիտանիության նորմերը:
14. Ձևափոխման համար Գլխավոր վարչություն ներկայացվող փաստաթղթերն են՝
ա) նշանակալի ձևափոխման նպատակների հիմնավորումները,
բ) հիմնական փաստաթղթերի ցանկը, որտեղ նշվում են կառուցվածքի փոփոխությանը վերաբերող հաշվարկները, գծագրերը և մասնագրերը,
գ) գծագրերը, հրահանգները և տեխնոլոգիական փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ավիացիոն արտադրատեսակի կառուցվածքային փոփոխություններ կատարելու համար,
դ) թռիչքային պիտանիության նորմերին համապատասխանության ապահովման ծրագիրը` կազմված ավիացիոն արտադրատեսակի նախագծողի կողմից,
ե) նախնական վերլուծությունները, հաշվարկները և հաշվետվությունները, որոնք որոշում են ձևափոխումից հետո ավիացիոն արտադրատեսակի համապատասխանությունը թռիչքային պիտանիության նորմերին,
զ) հաշվարկները և արձանագրությունները՝ դատարկ օդանավի քաշի և ծանրության կենտրոնի դիրքի փոփոխությունը որոշելու համար,
է) էլեկտրական բեռնվածության փոփոխության մասին տվյալները` օդանավերի էլեկտրական սխեմաների փոփոխության դեպքում,
ը) թռիչքային շահագործման ձեռնարկում կատարված լրացումը,
թ) օդանավի տեխնիկական սպասարկման ծրագրում (կանոնակարգում) կատարված լրացումը,
ժ) տեխնիկական սպասարկման հրահանգում կատարված լրացումը,
ի) թռիչքային պիտանիության պահպանման հրահանգում կատարված լրացումը,
լ) նորոգման տեխնոլոգիական հրահանգների և ցուցումների լրացումները,
խ) ձևափոխման աշխատանքներն իրականացնող և վերահսկող ինժեներատեխնիկական անձնակազմի վկայականների պատճենները,
ծ) ձևափոխման աշխատանքների ավարտից հետո անցկացվելիք վերգետնյա և թռիչքային փորձարկումների ծրագրերը:
IV. ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
15. Ձևափոխման աշխատանքների ավարտից հետո` օդանավ շահագործողը Գլխավոր վարչություն է ներկայացնում իր կողմից կազմված և հաստատված տեխնիկական ակտ` ձևափոխման աշխատանքների կատարման արդյունքների և թռիչքային պիտանիության վերաբերյալ:
16. Ձևափոխված ավիացիոն արտադրատեսակի թռիչքային պիտանիության և ձևափոխման աշխատանքների կատարման արդյունքների ակտի քննարկման, ինչպես նաև ձևափոխված ավիացիոն արտադրատեսակի տեսչական զննումից հետո Գլխավոր վարչությունը վերականգնում է օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի գործողությունը, որն օրենքով սահմանված կարգով ձևակերպվում է Գլխավոր վարչության պետի հրամանով` ձևափոխված ավիացիոն արտադրատեսակի թռիչքային պիտանիության և ձևափոխման աշխատանքների կատարման արդյունքների ակտը Գլխավոր վարչությունում մուտքագրվելուց հետո 15 օրվա ընթացքում:
17. Ձևափոխված օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի գործողության վերականգնումը կատարվում է յուրաքանչյուր օդանավի համար առանձին: Թռիչքային պիտանիության ապահովման նպատակով ձևափոխված օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատում Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի «Օդանավերի շահագործում» N 6 ու «Օդանավերի թռիչքային պիտանիություն» N 8 հավելվածների համաձայն կարող են ներառվել օդանավի ռեսուրսների, քաշի և ծանրության կենտրոնի, թռիչքատեխնիկական և այլ բնութագրերի սահմանափակումները:
V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
18. Օդանավ շահագործողը`
ա) ձևափոխման վերաբերյալ փաստաթղթերի լրիվ փաթեթը պահպանում է այնքան ժամանակ, քանի դեռ ձևափոխված օդանավը չի հանվել շահագործումից,
բ) օդանավը շահագործող ավիացիոն անձնակազմին տրամադրում է թռիչքային ու տեխնիկական շահագործման ձեռնարկներում, տեխնիկական սպասարկման ծրագրերում և տեխնոլոգիական հրահանգներում կատարված փոփոխությունների առնվազն մեկ օրինակ:
19. Եթե շահագործման ընթացքը ցույց է տալիս, որ ձևափոխումից հետո չի ապահովվում թռիչքների անվտանգությունը, ապա օդանավ շահագործողը՝
ա) անհապաղ դադարեցնում է օդանավի շահագործումը և տեղեկացնում ձևափոխման նախագիծը մշակողին և Գլխավոր վարչությանը,
բ) ձևափոխման նախագիծը մշակողի հետ համատեղ լրամշակում է ձևափոխման սկզբնական փաստաթղերը և սույն Կարգի համաձայն իրականացնում է ձևափոխումը: