«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հոկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 32208307
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
25 սեպտեմբերի 2008 թ. |
N 294-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող` պետական կառավարչական հիմնարկներին ամրացված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները կանոնակարգելու նպատակով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան`
Հրամայում եմ`
1. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պետական կառավարչական հիմնարկներին հանձնված (ամրացված) անշարժ գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելիս անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի (այսուհետև` մատյան) տվյալ միավորի գրանցման թերթիկում և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում (այսուհետև` վկայական) անշարժ գույքի սեփականատիրոջ, օգտագործողի գրառման համար նախատեսված դաշտում լրացնել միայն «Հայաստանի Հանրապետություն» անվանումը (համապատասխան հոլովաձևով), իսկ մատյանի տվյալ միավորի գրանցման թերթիկի «Լրացուցիչ տեղեկություններ» և վկայականի «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» տողերում լրացնել այն պետական կառավարչական հիմնարկի անվանումը, որին ամրացվել է տվյալ անշարժ գույքը` նշելով գույքը տվյալ մարմնին հանձնելու վերաբերյալ վարչական ակտի անվանումը, ընդունման ամսաթիվը և համարը:
2. Որևէ պետական կառավարչական հիմնարկին ամրացված և Հայաստանի Հանրապետության անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում ստացած անշարժ գույքը այլ պետական կառավարչական հիմնարկի հանձնելու (ամրացնելու) դեպքում իրավունքի նոր պետական գրանցում չի պահանջվում:
2.1 Անշարժ գույքի հանձնման` սույն կետով սահմանված դեպքում այն պետական կառավարչական մարմնի կամավորության սկզբունքով ներկայացվող դիմումի հիման վրա, որին հանձնվել է անշարժ գույքը, և անշարժ գույքը տվյալ հիմնարկին հանձնելու (ամրացնելու) մասին համապատասխան վարչական ակտի հիման վրա մատյանի տվյալ միավորի գրանցման թերթիկի «Լրացուցիչ տեղեկություններ» և վկայականի «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» տողերում կատարվում է անշարժ գույքը օգտագործող պետական կառավարչական հիմնարկի վերաբերյալ տվյալների գրառման փոփոխություն. նախկին գրառման վրա գիծ է քաշվում, այնպես որ նախկին գրառումը ընթեռնելի լինի, ստորագրվում և կնիքվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից և հաջորդ տողերում լրացվում է այն պետական կառավարչական հիմնարկի անվանումը, որին ամրացվել է տվյալ անշարժ գույքը` նշելով գույքը տվյալ մարմնին հանձնելու վերաբերյալ վարչական ակտի անվանումը, ընդունման ամսաթիվը և համարը, ինչպես նաև համապատասխան գրառումը կատարելու ամսաթիվը:
3. Մինչև սույն հրամանի ընդունումը պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ կատարված իրավունքների պետական գրանցման փաստաթղթերում իրականացված գրառումները, ըստ ներկայացման, համապատասխանեցնել սույն հրամանով սահմանված պահանջներին:
4. Սահմանել, որ սույն հրամանով սահմանված դրույթները չեն տարածվում պետական ոչ առևտրային կազմակերպություններին (ՊՈԱԿ) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանը, որի դեպքում, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն, պետական ոչ առևտրային կազմակերպությունների օգտագործման իրավունքը չի կարող գրանցվել, եթե գրանցված չէ տվյալ անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
5. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն գրանցման:
6. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի վրա։
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |