«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մայիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11802083
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
29 ապրիլի 2002 թ. |
N 329 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԶ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պարզ լիցենզիաների, ինչպես նաև մինչև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը ՀՀ օրենսդրությանը համապատասխան տրված այն լիցենզիաների, որոնցով լիցենզավորված գործունեության տեսակները ներառված են պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների մեջ, գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու համար եզրակացություններ տալու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 3 կետը`
Հրամայում եմ.
1. Ստեղծել պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողով:
2. (կետն ուժը կորցրել է 04.12.02 N 806-Ն)
3. Հաստատել հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):
Նախարար |
Վ. Խաչատրյան |
Հաստատված է |
Պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման եվ դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի կազմ
(ԿԱզմն ուժը կորցրել է 04.12.02 N 806-Ն)
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման եվ դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի
I. Ընդհանուր դրույթներ
1. Պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
2. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալներից մեկն ի պաշտոնե այդ հանձնաժողովի նախագահն է:
3. Հանձնաժողովի քարտուղարը ի պաշտոնե ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման ստորաբաժանման ղեկավարն է:
(3-րդ կետը խմբ. 23.12.02 N 886-Ն)
II. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթները
4. Հանձնաժողովի հիմնական խնդիրը՝ Հայաստանի Հանրապետությունում պարզ լիցենզիաների, ինչպես նաև մինչև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը ՀՀ օրենսդրությանը համապատասխան տրված այն լիցենզիաների, որոնցով լիցենզավորված գործունեության տեսակները ներառված են պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների մեջ, գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու համար եզրակացություններ տալն է:
5. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդրին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) քննարկում է պարզ ընթացակարգով տրված լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման վերաբերյալ փաստաթղթերը, ֆինանսական շուկայի զարգացման արժութային կարգավորման ստորաբաժանման և իրավաբանական ստորաբաժանման կողմից տրված դիտողությունները: Քննարկելով նշված փաստաթղթերը և դիտողությունները հանձնաժողովը տալիս է պարզ ընթացակարգով տրված լիցենզիայի գործողության կասեցման և/կամ դադարեցման վերաբերյալ եզրակացություններ, որոնք ներկայացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին.
(«ա» ենթակետը փոփ. 23.12.02 N 886-Ն)
բ) առաջարկություններ է ներկայացնում լիցենզավորող մարմնին լիցենզավորման բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:
(5-րդ կետը փոփ. 23.12.02 N 886-Ն)
III. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը
6. Հանձնաժողովը հարցերը քննարկում է իր նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված ի օգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետև հրավիրված անձ):
9. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ՝ տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին: Հանձնաժողովն իր հերթական նիստի, տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում մամուլում՝ նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
10. Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթի բովանդակությունը:
11. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:
12. Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:
13. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:
Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար և այլ անձինք:
14. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում՝ դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:
15. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:
16. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:
17. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է՝
ա) հանձնաժողովի նիստի ամսաթիվը և տեղը.
բ) հանձնաժողովի տեսակը և կազմը.
գ) քննարկվող հարցի բովանդակությունը.
դ) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.
ե) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.
զ) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները.
է) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.
ը) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:
Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:
18. Հանձնաժողովի նախագահը՝
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.
բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման համար.
գ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
դ) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
19. Հանձնաժողովի քարտուղարը՝
ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
բ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.
գ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններից քաղվածքները և կազմակերպում դրանց տարածումը.
դ) կազմում է միջոցառումների ծրագիր, նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.
ե) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս բնագավառին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.
զ) կազմում է հանձնաժողովի նիստի արձանագրությունները և կազմակերպում դրանց տարածումը.
է) վերլուծում է հանձնաժողովի գործունեության բնագավառին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:
20. Հանձնաժողովի անդամները՝
ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.
բ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
IV. Հանձնաժողովի գործունեության դադարումը
21. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
22. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(կանոնակարգը խմբ., փոփ. 23.12.02 N 886-Ն)