«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մարտի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 33104049
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
17 ապրիլի 2003 թ.
ք. ԵրևանN 047-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՋՐԱՏԱՐՆԵՐԻ, ՋՐՄՈՒՂԻ ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ՋՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգերի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման ծրագրի, 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի և դրանց իրականացման միջոցառումների մասին» N 440 որոշման 3-րդ կետի «ե» ենթակետով, ջրամատակարարման համակարգերի ջրագծերի, ջրմուղի ցանցերի և ջրի մաքրման կայանների շահագործման աշխատանքները կանոնակարգելու նպատակով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Ջրամատակարարման համակարգերի ջրատարների, ջրմուղի ցանցերի և ջրի մաքրման կայանների տեխնիկական շահագործման կանոնները»՝ համաձայն հավելվածի:
2. Իրավաբանական վարչության պետ Ս. Մաճկալյանին՝ սույն հրամանում նշված կանոնները ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
Կոմիտեի նախագահ՝ |
Գ. Մարտիրոսյան |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՋՐԱՏԱՐՆԵՐԻ, ՋՐՄՈՒՂԻ ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ՋՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ջրամատակարարման համակարգն ինժեներական կառուցվածքների համալիր է, որի միջոցով ջուրը ջրաղբյուրից տեղափոխվում է, մշակվում և բաշխվում սպառողների միջև:
2. Սույն կանոնները նպատակաուղղված են բնակչությանը բարձրորակ խմելու ջրով ապահովելուն, մաքրման կայանների աշխատանքի հուսալիության բարձրացմանը, ինչպես նաև մաքրման կայանների կառավարմանն ու կառուցվածքների շահագործման արդյունավետ ձևով կազմակերպմանը:
Կանոնները չեն վերաբերում արտադրական ջրամատակարարման համակարգերի մաքրման կայաններին, որոնք նախատեսված չեն բնակչության խմելու-տնտեսական կարիքները բավարարելու համար:
3. Սույն կանոնները պարտադիր են ՀՀ ջրտնտպետկոմիտեի կողմից տնօրինվող` 50 և ավելի տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմսեր) ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների, ինչպես նաև ՀՀ ջրտնտպետկոմիտեի ենթակայությանը հանձնված պետական հիմնարկների հաշվեկշռում գտնվող պոմպակայանները շահագործող կազմակերպությունների համար:
II. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Ջրամատակարարման համակարգերի տեխնիկական շահագործումն իրականացվում է սպառողներին անհրաժեշտ քանակի և պահանջվող որակի ջրով ապահովելու նպատակով, և այդ համակարգերը պետք է աշխատեն հուսալի և անխափան: Ջրմուղի ցանցում ազատ ճնշումը պետք է լինի նվազագույնը 10 մ, առավելագույնը՝ 60 մ:
5. Ջրամատակարարման համակարգը օգտագործող կազմակերպությունը ղեկավարվում է հետևյալ պահանջներով`
ա) ջրամատակարարման հուսալի և անխափան իրականացմանն ուղղված կազմակերպական և տեխնիկական միջոցառումների մշակումն ու իրականացումը.
բ) ջրի օգտագործման և հաշվառման նկատմամբ տեխնիկական վերահսկողությունը.
գ) վթարների կանխման և վերացման համար նախատեսվող միջոցառումների մշակումն ու իրականացումը.
դ) սպասարկող անձնակազմի ուսուցման և որակավորման բարձրացման կազմակերպման ապահովումը.
ե) շահագործող ստորաբաժանումներին անհրաժեշտ նյութերով, պահեստամասերով, մեքենաներով, մեխանիզմներով, տեխնիկական փաստաթղթերով ապահովումը.
զ) կառուցվածքների և սարքավորումների վերանորոգման կազմակերպումը և իրականացումը.
է) սպառողների հետ ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի կնքումը.
ը) ջրօգտագործողներին ջրամատակարարման համակարգին միանալու թույլտվության և տեխնիկական պայմանների տրամադրումը.
թ) ջրամատակարարման ցանցերի և կառուցվածքների շինմոնտաժային աշխատանքների նկատմամբ տեխնիկական վերահսկողությունը.
ժ) նոր կառուցվող, վերակառուցվող ցանցերի, կառուցվածքների, սարքավորումների շահագործման ընդունումը.
ժա) տեխնիկական փաստաթղթերի պահպանությունը.
ժբ) ընդհանուր ղեկավարման, կառավարման օպերատիվ սխեմաների և կարգավորման հրահանգների կազմումը.
ժգ) ջրամատակարարման համակարգի վերակառուցման և ընդլայնման տեխնիկական պայմանների մշակումն ու նախագծման համար տեխնիկական առաջադրանքի պատրաստումը.
ժդ) տարեկան տեխնիկաֆինանսական հաշվետվությունները կազմելը.
ժե) ջրամատակարարման համակարգում վթարների անհապաղ վերացումը՝ տեղյակ պահելով այդ մասին տեղական ինքնակառավարման մարմիններին, հիգիենիկ և համաճարակային պետական կենտրոններին և բնակչությանը:
6. Ջրամատակարարման համակարգի ծառայության անձնակազմի թիվը և որակավորումը որոշվում է օգտագործող կազմակերպության կողմից` ելնելով համակարգի արտադրողականությունից, տեխնիկական գործընթացների և կառավարման բարդությունից, ջրատարների, ցանցերի երկարությունից, կառուցվածքների տեսակից և սպասարկման ծավալից:
7. Ջրամատակարարման համակարգում աշխատողները պարբերաբար պետք է ենթարկվեն բժշկական քննության:
8. Ինժեներատեխնիկական և շահագործման անձնակազմի աշխատողները (փականագործներ, վարպետներ, լաբորանտներ և այլոք) պարբերաբար պետք է անցնեն հատուկ պատրաստվածության դասընթացներ:
III. ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Ինժեներատեխնիկական անձնակազմը պարտավոր է`
ա) ղեկավարել արտադրական և նորոգման անձնակազմերի աշխատանքները.
բ) աշխատանքային տեղերն ապահովել պաշտոնեական հրահանգներով, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային պաշտպանության կանոններով, վթարների կանխման ցուցումներով և տեխնիկական փաստաթղթերով.
գ) ապահովել կառուցվածքների և սարքավորումների աշխատանքային ռեժիմների պահպանումը.
դ) մշակել շենքերի, կառուցվածքների և սարքավորումների տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկագրեր, սահմանել ընթացիկ և հիմնական նորոգումների կատարման ժամանակացույց, կազմակերպել և ապահովել դրանց իրականացումը կազմակերպության ղեկավարության կողմից սահմանված ժամկետներում.
ե) ապահովել շահագործման համար անհրաժեշտ նյութերի, սարքավորումների և պահեստամասերի ձեռքբերումը.
զ) հետևել կառուցվածքների ու սարքավորումների աշխատանքի հաշվառման տեղեկագրերի և մատյանների վարման ճշտությանը, համակարգերի անձնագրերի և այլ տեխնիկական փաստաթղթերի առկայությանը, այդ փաստաթղթերում շահագործման ընթացքում տեղի ունեցող փոփոխությունների ժամանակին գրանցմանը.
է) կազմել հաշվետվություններ կառուցվածքների և սարքավորումների աշխատանքի վերաբերյալ.
ը) ուսումնասիրել առանձին կառուցվածքների, կայանքների և սարքավորումների աշխատանքը, անել առաջարկություններ նոր տեխնիկայի ներդրման, արտադրական գործընթացների կատարելագործման, կառուցվածքների և սարքավորումների կոնստրուկցիաների կատարելագործման վերաբերյալ.
թ) կազմակերպել տեխնիկական ուսուցում անձնակազմի որակավորումը բարձրացնելու նպատակով.
ժ) ապահովել անվտանգության տեխնիկայի պահպանմանն ուղղված պարապմունքների անցկացումը, հրահանգավորել սպասարկվող անձնակազմին, մշտապես հսկել նրանց կողմից անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման նկատմամբ.
ժա) հետևել սարքավորումների պրոֆիլակտիկ սպասարկման աշխատանքների կատարմանը:
IV. ՀԵՐԹԱՊԱՀ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
10. Հերթապահ անձնակազմի պարտականությունները որոշվում են կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված պաշտոնեական հրահանգներով:
11. Հերթապահ անձնակազմը պատասխանատու է ջրատարները, ջրմուղի ցանցերը, կառուցվածքներն ու սարքավորումները սույն կանոններին համապատասխան շահագործելու համար:
12. Կազմակերպության հերթապահ անձնակազմը պարտավոր է`
ա) ապահովել կառուցվածքների և սարքավորումների առավել շահավետ և հուսալի աշխատանքային ռեժիմը` շահագործման գրաֆիկներին, հրահանգներին և օպերատիվ հանձնարարականներին համապատասխան.
բ) ժամանակին և անվերապահորեն կատարել հերթափոխի պետի և գլխավոր ճարտարագետի հանձնարարականները.
գ) պարբերաբար անցկացնել կառուցվածքների և սարքավորումների ստուգայցներ.
դ) չափիչ-հսկիչ սարքերի միջոցով հսկել կառուցվածքների և սարքավորումների աշխատանքը.
ե) շահագործման մատյանում ժամանակին գրանցել կառուցվածքների և սարքավորումների աշխատանքային ցուցանիշները և ստուգայցների արդյունքները.
զ) զեկուցել վերադաս հերթապահին կառուցվածքների և սարքավորումների նախատեսված աշխատանքային ռեժիմներից շեղումների մասին.
է) տեղամասում բացառել առանց հատուկ անցագրի կամ ղեկավարության թույլտվության կողմնակի անձանց ներկայությունը:
13. Վթարի առաջացման դեպքում հերթապահ անձնակազմը պարտավոր է`
ա) անհապաղ զեկուցել վթարի մասին հերթափոխի պետին, ղեկավարությանը և կարգավարին.
բ) համապատասխան միջոցներ ձեռք առնել վթարը վերացնելու համար.
գ) հետագա գործողություններում ղեկավարվել իր պաշտոնեական հրահանգով, ինչպես նաև հերթափոխի պետի, կարգավարի և ղեկավարության ցուցումներով:
14. Հերթապահ անձնակազմը հերթափոխը պետք է ընդունի և հանձնի կազմակերպության կողմից սահմանած կարգով:
15. Հերթափոխն ընդունելիս հերթապահ անձնակազմը պարտավոր է`
ա) ծանոթանալ նախորդ հերթապահության ընթացքում կատարված գրանցումներին և կարգադրություններին.
բ) անձնական դիտումներով ծանոթանալ տեղամասի կառուցվածքների և սարքավորումների տեխնիկական վիճակին և աշխատանքային ռեժիմներին.
գ) ստուգել շահագործման համար անհրաժեշտ գործիքների առկայությունը, քսանյութերի, մաքրող և այլ նյութերի պաշարները, մատյանները և տեղեկագրերը.
դ) համոզվել հակահրդեհային, վթարային լուսավորության և կապի բոլոր միջոցների սարքին լինելուն.
ե) ձևակերպել հերթափոխի ընդունումը և հանձնումը` այն գրառելով մատյանում և հաստատելով ընդունողի ու հանձնողի ստորագրություններով.
զ) հայտնել հերթափոխի պետին հերթափոխի ընդունման և այդ ընթացքում նկատված թերությունների մասին:
16. Հերթափոխի ընդունումն ու հանձնումը վթարի վերացման կամ պատասխանատու միացում-անջատումների ընթացքում սարքավորումների անսարք լինելու պայմաններում իրականացվում է ղեկավարության ներկայությամբ:
17. Առանց հերթափոխի հանձնման հերթապահ անձնակազմին հերթապահությունից հեռանալը արգելվում է: Հաջորդ հերթափոխի չներկայանալու դեպքում հերթապահը պարտավոր է այդ մասին հայտնել ղեկավարությանը և շարունակել պարտականությունների կատարումը մինչև կազմակերպության ղեկավարության կողմից նոր հրահանգավորում ստանալը:
V. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
18. Օգտագործող կազմակերպությունը պետք է ունենա տեխնիկական շահագործման և կատարողական փաստաթղթերի ամբողջական փաթեթը, գույքագրման և անձնագրավորման նյութերը, կառավարման սխեմաները, որոնց վրա ցույց տված լինեն բոլոր կառուցվածքների, հիմնական կոմունիկացիաների, կառավարման, ավտոմատացման և կարգավարական ծառայության միջոցները:
19. Ինժեներատեխնիկական անձնակազմը պարտավոր է իր մոտ պահպանվող տեխնիկական փաստաթղթերում ժամանակին կատարել շահագործման ընթացքում կառուցվածքների, հաղորդակցման ուղիների և սխեմաների շահագործման պայմանների փոփոխությունները և դրանք արտացոլող ուղղումները: Փոփոխությունները պետք է կատարվեն անմիջապես, փոփոխության ենթարկվող կառուցվածքների և սարքավորումների ընդունման և շահագործման հանձնելու ակտերը ձևակերպելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում:
20. Փաստաթղթերում կատարվող փոփոխությունները պետք է ձևակերպվեն գծագրերի կազմման, ձևավորման և պահպանման գործող հրահանգներին համապատասխան:
21. Կազմակերպությունում, որպես արխիվային փաստաթղթեր, պահվում են`
ա) կառուցվածքները, խողովակաշարերը և սարքավորումները շահագործման ընդունելու ակտերը, դրանց կցելով հետևյալ փաստաթղթերը`
- հիմքերի, հիմնատակերի, հենարանների, գրունտների խտացման, մեկուսացման և այլ աշխատանքների վերաբերյալ կատարողական ակտերը,
- խողովակների, սարքավորումների, կոնստրուկցիաների վկայագրերը և տեխնիկական անձնագրերը կամ դրանց փոխարինող փաստաթղթերը,
- բետոնի ամրության փորձարկման ամփոփագրերը,
- կառուցվածքների սանիտարական մշակման ակտերը,
- եռակցումների որակի հսկման տվյալները` նշելով եռակցողի մասին տվյալները,
- կառուցվածքների կայունության և հերմետիկության ստուգման հիդրավլիկական փորձարկումների ակտերը,
- թողարկների աշխատանքի արդյունավետության վերաբերյալ ակտերը,
- նախագծային լուծումներից շեղումների ամփոփագրերը` համաձայնեցված նախագծային կազմակերպության պատվիրատուի հետ,
- թերավարտ աշխատանքների վերաբերյալ ամփոփագրերը, նրանց վերացման ժամկետները և կատարողների մասին տվյալները,
- շինարարական կազմակերպության երաշխավորագիրը հանձնված օբյեկտներում հնարավոր թերությունների վերացման մասին, նշելով կատարման ժամկետը,
- աշխատանքների կազմակերպման մատյանը,
- հողհատկացումների փաստաթղթերը.
բ) տեղեկագիր համակարգում շահագործվող սարքավորումների, մեխանիզմների, չափիչ-ստուգիչ սարքերի վերաբերյալ.
գ) կառուցվածքների տեխնիկական անձնագրերը և տեխնիկական շահագործմանը վերաբերող փաստաթղթերի փաթեթը: Կառուցվածքներում և խողովակաշարերի վրա տեղադրված տեխնոլոգիական սարքավորումների, ագրեգատների, տրանսպորտային ամբարձիչ սարքավորումների տեխնիկական անձնագրային քարտը իր մեջ պետք է պարունակի`
- արտադրանքը թողարկող կազմակերպության անվանումը և պատրաստման տարեթիվը,
- թողարկող կազմակերպության գործարանային և գույքագրման (տեղական) համարները, շահագործման սկիզբը,
- խումբը և շիֆրը` ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հաստատված հիմնական ֆոնդերի անվանացուցակի,
- շահագործման փորձարկումների ակտերը,
- հետազոտման, կարգաբերման ու նորոգման ակտերը և տեխնիկական ցուցանիշները, ինչպես նաև նորոգման ժամանակ կատարված փորձարկումների վերաբերյալ արձանագրությունները,
- տեղի ունեցած վթարների ակտերը և վթարներ առաջացնող պատճառների վերլուծության նյութերը,
- տեխնիկական վիճակագրության տվյալները` սարքավորման աշխատելու ժամանակի, բեռնվածության և այլնի մասին,
- սարքավորումների մոնտաժային սխեմաները,
- ագրեգատների աշխատանքի ավտոմատացման մոնտաժային սխեմաները,
- պահեստամասերի ցուցակը,
- առանցքակալներում կողային և ուղղաձիգ բացվածքների չափերը, ինչպես նաև բացվածքների չափերը պնդօղակներում և սռնակալներում.
դ) ջրամատակարարման համակարգի շահագործման տարեկան տեխնիկական հաշվետվությունները ամբողջությամբ և առանձին կառուցվածքների համար.
ե) կազմակերպության ղեկավարության կողմից տրված հրահանգների ամբողջական փաթեթը, շահագործման և վթարների վերացման հրահանգները.
զ) ջրատարների կրճատ ընդերկայնական կտրվածքները` նշելով պյեզոմետրական գծերը:
VI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
22. Գլխավոր ճարտարագետը և շահագործող անձնակազմը (կառուցվածքային ստորաբաժանումները) ամեն ամիս կազմում են տեխնիկական հաշվետվություն:
23. Տեխնիկական հաշվետվությունը պետք է պարունակի կառուցվածքների, սարքավորումների, խողովակաշարերի աշխատանքի հիմնական ցուցանիշները: Հաշվետու ժամանակաշրջանի համար կազմված տեխնիկական հաշվետվությանը կցվում է նաև ցանցի, կառուցվածքների և սարքավորումների աշխատանքը վերլուծող բացատրագիր: Բացատրագրում նշվում են շահագործման ձեռքբերումները և թերությունները, կառուցվածքների և տեխնոլոգիաների կատարելագործման և նոր սխեմաների ու սարքավորումների ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքները:
24. Ամսական հաշվետվությունների հիման վրա կազմվում է տարեկան հաշվետվություն, որտեղ արտացոլվում է շահագործող անձնակազմի աշխատանքի հիմնական փուլերը տարվա ընթացքում: Տարեկան հաշվետվությունները հիմք են ծառայում ջրամատակարարման համակարգի զարգացման հեռանկարային ծրագրերի մշակման, շահագործման կատարելագործման և աշխատանքի տեխնիկատնտեսական ցուցանիշների բարձրացման համար:
25. Տեխնիկական հաշվետվության փաստաթղթերը` շահագործման մատյանները, ամփոփիչ տեղեկագրերը և սարքերի դիագրամները, ամսական և եռամսյակային հաշվետվությունները պահպանվում են օրենքով սահմանված կարգով, իսկ տարեկան հաշվետվությունները` 25 տարի:
VII. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՆՈՐՈԳՈՒՄ
26. Ջրամատակարար կազմակերպության կառուցվածքների և սարքավորումների համակարգը իր մեջ ներառում է կառուցվածքների դիտարկման ու սպասարկման բոլոր տեսակի նորոգումների կազմակերպատեխնիկական միջոցառումները, որոնք իրականացվում են պարբերաբար` նախապես կազմված ծրագրի և ժամանակացույցի համաձայն:
27. Ծրագրային կանխարգելիչ նորոգման խնդիրն է կառուցվածքների և սարքավորումների ժամկետից շուտ մաշվածության ու վթարների առաջացման կանխումը, ինչպես նաև կառուցվածքների և սարքավորումների անխափան աշխատանքի ապահովումը:
28. Շահագործման ընթացքում կազմակերպության ղեկավարության կողմից հաստատած օրացուցային առաջադրանքի համաձայն կազմակերպվում է կառուցվածքների և սարքավորումների պարբերական դիտարկումներ:
29. Դիտարկումների արդյունքների և պրոֆիլակտիկ սպասարկման հիման վրա կազմվում են ակտեր, լրացվում թերությունների տեղեկագրերը, մշակվում նորոգման համար անհրաժեշտ նախագծա-նախահաշվային փաստաթղթերը և իրականացվում ընթացիկ ու հիմնական նորոգման աշխատանքները:
30. Սարքավորումների և կառուցվածքների թերությունների մասին կազմվում են ամփոփագրեր և լրացվում է դիտարկումների ու նորոգումների մատյանը:
31. Ընթացիկ և հիմնական նորոգումները կատարվում են կազմակերպության կողմից սահմանված ժամկետներում:
32. Ընթացիկ նորոգումները կատարվում են շահագործող անձնակազմի ուժերով, ի հաշիվ շահագործման ծախսերի, որոնք նախատեսվում են կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվում:
33. Հիմնական նորոգումները կատարվում են օգտագործող կազմակերպության ուժերով կամ նորոգող-շինարարական կազմակերպությունների ուժերով` մրցութային կարգով:
34. Ծրագրային կանխարգելիչ նորոգման աշխատանքները ղեկավարում է կազմակերպության գլխավոր ճարտարագետը, որը կազմակերպում է հետևյալ աշխատանքների կատարումը`
ա) հիմնական նորոգման իրականացման ծրագրերի և ընթացիկ ու հիմնական նորոգումների ստուգայցների ժամանակացույցերի մշակում.
բ) նախահաշիվների տեխնիկական փաստաթղթերի կազմում.
գ) նորոգման աշխատանքներում զբաղված աշխատողների տեխնիկական հրահանգավորում.
դ) նյութերի, պահեստամասերի և սարքավորումների պատվերների ձևակերպում.
ե) նախատեսված աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նյութերի, պահեստամասերի, մեխանիզմների և աշխատուժի ապահովվածության ստուգում.
զ) ոչ ստանդարտ սարքավորումների և կոնստրուկցիաների պատրաստման կազմակերպում.
է) ձեռք բերված սարքավորումների լրակազմության և տեխնիկական վիճակի ստուգում.
ը) աշխատանքի կազմակերպման, անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության միջոցառումների կազմակերպում.
թ) վերանորոգման աշխատանքների հաշվառման իրականացում.
ժ) նորոգված կառուցվածքների շահագործման ընդունում:
Գ Լ ՈՒ Խ 2
ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
VIII. ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
35. Ջրամատակարարման համակարգերի շահագործման ընդհանուր oպերատիվ ղեկավարումը և դրանց նախատեսված աշխատանքային ռեժիմների պահպանումը իրականացվում է օգտագործող կազմակերպության կարգավարական ծառայության միջոցով.
36. Կարգավարական ծառայության խնդիրներն են`
ա) ջրամատակարարման համակարգի շահագործման ղեկավարումը և կառավարումը ինչպես ամբողջությամբ, այնպես էլ ըստ առանձին ստորաբաժանումների և կառուցվածքների.
բ) ջրամատակարարման համակարգի աշխատանքի բնականոն ռեժիմների ապահովումը.
գ) ցանցերում և կառուցվածքներում վթարային-վերականգնման աշխատանքների իրականացման հսկումը.
դ) հրդեհի առաջացման դեպքում ծախսված ջրի պաշարի վերականգնումն ապահովող միջոցառումների իրականացումը:
37. Կարգավարական ծառայության կառուցվածքը, ելնելով արտադրական ծավալների բազմազանությունից և բարդությունից, որոշվում է` կախված ջրամատակարարման համակարգի սխեմայից, արտադրողականությունից ու ցանցերի երկարությունից:
38. Կարգավարական ծառայությանն են պատկանում առանձին կառուցվածքների ու ամբողջ համակարգի աշխատանքի կազմակերպման արդյունավետությանը, հուսալիությանը և անխափանությանը վերաբերող գործնական հարցերի լուծումը: Հերթապահ կարգավարը իրականացնում է ընդհանուր տեխնիկական և գործնական ղեկավարում` սույն կանոններին, կազմակերպության ղեկավարության կարգադրություններին և ցուցումներին համապատասխան:
39. Կարգավարական ծառայությունում կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն: Կարգավարը աշխատում է օգտագործող կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն:
40. Կարգավարի պարտականությունների մեջ մտնում են`
ա) կառուցվածքների և սարքավորումների աշխատանքի նախատեսված ռեժիմի պահպանման հսկողությունը.
բ) կառուցվածքների աշխատանքի հուսալիության և արդյունավետության ապահովման փաստացի վիճակի հետ կապված նախնական ռեժիմների ճշտումը.
գ) տեղամասերի ու ստորաբաժանումների սարքավորումները և կառուցվածքները միացնող ու անջատող հերթափոխերի օպերատիվ ղեկավարումը.
դ) սարքավորումների վիճակի և կառուցվածքների ռեժիմային պարամետրերի վերաբերյալ տեղեկությունների ընդունումը.
ե) ղեկավարությանը խախտումների և վթարների վերաբերյալ տեղեկությունները ժամանակին հայտնելը.
զ) վթարները տեղայնացնող և վերացնող անձնակազմերի գործողությունների ղեկավարումը.
է) շահագործման օպերատիվ մատյանի վարումը, որտեղ գրանցվում են հերթապահության ընթացքում կառուցվածքների աշխատանքում նկատված շեղումները, անսարքությունները, ինչպես նաև հերթապահ անձնակազմի հետ վարած ծառայողական խոսակցությունները.
ը) հերթապահության տեխնիկական հաշվետվության վարումը.
թ) օգտագործող կազմակերպության ղեկավար աշխատողների կանչը վթարների կամ դժբախտ պատահարների դեպքում.
ժ) վթարների գրանցումը օպերատիվ մատյանում, որտեղ նշվում են վթարի առաջանալու ժամկետը և բնույթը, ինչպես նաև վթարների տեղայնացման և վերացման համար կատարված օպերատիվ միջոցառումները.
ժա) նախատեսված ռեժիմների կատարման ընթացքին հետևելը.
ժբ) խոշոր հրդեհների առաջացման դեպքում հակահրդեհային հիդրանտների արագ հայտնաբերման և օգտագործման համար ցանցի ծառայության ներկայացուցչի ապահովումը.
ժգ) կառուցվածքներում և ցանցերում տեղի ունեցած վթարների մասին հիգիենիկ հակահամաճարակային մարմիններին տեղեկատվության ապահովումը:
IX. ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
41. Ջրամատակարարման համակարգի շահագործումը ղեկավարելու համար կարգավարական ծառայությունը պետք է հագեցված լինի օպերատիվ և կարգավարական ղեկավարման ու կապի հետևյալ միջոցներով`
ա) ընտրովի (սելեկտորային) հեռախոսային կամ ռադիոհեռախոսային կապով.
բ) կառուցվածքների և սարքավորումների աշխատանքային ցուցանիշների հեռաչափման հարմարանքներով, հեռացույց ազդանշանով և ստուգման միջոցներով.
գ) ագրեգատների, մեխանիզմների, փակող-կարգավորող սարքերի հեռուստամեխանիկական կառավարման միջոցներով:
42. Կարգավարական ծառայության օպերատիվ աշխատանքի համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ նյութերը`
ա) հիմնական խողովակաշարերի, կառուցվածքների և կարգավորման հանգույցների սխեմաները, որոնց կառավարումը իրականացնում է կարգավարը.
բ) հաղորդակցման ուղիների սխեմաները և սարքավորումների բնութագրերը.
գ) կառուցվածքների և սարքավորումների նախատեսված աշխատանքային ռեժիմների գրաֆիկները.
դ) ջրմուղի ցանցի կարևոր ջրբաժան հանգույցներում չափիչ սարքերի օգնությամբ կատարված գրանցումների ամենօրյա տվյալները ելքի և ճնշման մեծությունների վերաբերյալ.
ե) կառուցվածքների ընթացիկ և հիմնական նորոգումների ծրագրերը.
զ) օգտագործող կազմակերպության ղեկավար անձնակազմի ցուցակը, նրանց հասցեները, ծառայողական և բնակարանի հեռախոսահամարները.
է) տարբեր ծառայությունների ցուցակը և հեռախոսահամարները (հրշեջ պահպանություն, հիգիենիկ համաճարակային կենտրոն, ջրերի օգտագործումը կարգավորող և պահպանող մարմիններ):
43. Կարգավարական ծառայության անձնակազմի աշխատանքի հարմարության նպատակով, օպերատիվ սխեմաների վրա պետք է նշվեն կառուցվածքների և սարքավորումների տեխնիկական վիճակը բնութագրող ցուցադրական պայմանական նշանները (աշխատում է, վթարային է):
X. ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
44. Համակարգի կամ առանձին օբյեկտների աշխատանքային պայմանների փոփոխության դեպքում կարգավարը կարող է օպերատիվ կերպով փոխել նաև սարքավորումների և կառուցվածքների աշխատանքի ժամանակացույցը:
45. Ոչ մի սարքավորում կամ կառուցվածք (կամ որևէ հանգույց) չի կարող դուրս բերվել աշխատանքից առանց կարգավարի թույլտվության (բացի այն դեպքերից, որոնք ակնհայտորեն սպառնում են մարդկանց և սարքավորումների անվտանգությանը):
46. Սարքավորումը աշխատանքից հանելը ձևակերպվում է հայտով, որը հաստատում է օգտագործող կազմակերպության գլխավոր ճարտարագետը և տրվում է կարգավարին աշխատանքների կատարումից առնվազն մեկ օր առաջ: Հայտում պետք է նշված լինի` սարքավորման տեսակը, նրա աշխատանքից դուրս բերելու նպատակը և աշխատանքների կատարման մանրամասն ժամանակացույցը, փոխարկվող և անջատվող հատվածների անվանումը, աշխատանքների կատարման ընթացքում անվտանգությունն ապահովող միջոցառումները: Հայտը ստորագրում են աշխատանքների պատասխանատու կատարողները:
47. Սարքավորումը անջատելու կամ միացնելու թույլտվության մասին կարգավարը այդ աշխատանքը կատարողներին պետք է հայտնի առնվազն 12 ժամ առաջ: Բացառիկ դեպքերում արտահերթ նորոգման հայտերը կարող են ներկայացվել կարգավարին ցանկացած ժամանակ: Կարգավարը կարող է թույլատրել նորոգումը միայն իր հերթապահության ժամկետներում: Նորոգման ավելի երկար ժամկետների համար հայտը պետք է հաստատի օգտագործող կազմակերպության գլխավոր ճարտարագետը:
48. Անջատումների և փոխարկումների հայտերը կարգավարը գրանցում է հայտերի մատյանում:
49. Կառուցվածքների, ցանցերի և սարքավորումների վթարի դեպքում դրանք շահագործող անձնակազմը կատարում է վթարի տեղայնացման և վերացման վերաբերյալ կարգավարի կարգադրությունները:
Հերթապահ կարգավարի կարգադրությունները պետք է կատարվեն անհապաղ և անվերապահորեն:
Խոշոր վթարների տեղայնացումը և վերացումը ղեկավարում է օգտագործող կազմակերպության գլխավոր ճարտարագետը, ինչի մասին կատարվում է համապատասխան գրանցում կարգավարական ծառայության օպերատիվ մատյանում:
Գ Լ ՈՒ Խ 3
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՋՐԱՏԱՐՆԵՐԻ, ՋՐՄՈՒՂԻ ՑԱՆՑԵՐԻ ԵՎ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
XI. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՋՐԱՏԱՐՆԵՐԻ, ՋՐՄՈՒՂԻ ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
50. Ջրատարները և ջրմուղի ցանցերը նախատեսվում են ջուրը տեղափոխելու, սպառողներին բաշխելու համար և պետք է ապահովեն նրանց անխափան ու հուսալի մատակարարումը խմելու որակի ջրով:
51. Ջրմուղի ցանցերի շահագործումը իրականացնում են այդ նպատակով կազմակերպությունում ստեղծված ծառայությունները, որոնք, կախված ցանցի երկարությունից և աշխատանքների ծավալից, կարող են բաժանվել առանձին տեղամասերի և ստորաբաժանումների:
52. Ջրատարների և ջրմուղի ցանցի ծառայություններում (տեղամասերում) շահագործման աշխատանքները կատարվում են համապատասխան մասնագետների միջոցով (տեղամասերի պետեր, ճարտարագետներ, ֆինանսատնտեսական և ինժեներատեխնիկական անձնակազմ, վարպետներ, բանվորներ և այլ աշխատողներ):
53. Շահագործման ծառայություններում (տեղամասերում) անհրաժեշտ է ունենալ ջրատարների և ցանցերի սխեմաները, որոնց վրա ավելացվում են հետագայում իրականացվող բոլոր փոփոխությունները:
54. Ջրատարները և ցանցերը շահագործման ընդունելիս, ինչպես նաև հետագայում նոր խողովակաշարեր ավելացնելիս, անհրաժեշտ է իրականացնել հիդրավլիկական փորձարկումներ, քլորով ախտահանում, ողողում և կազմել համապատասխան ակտեր:
55. Ցանցերում ախտահանումներ և ողողումներ հարկավոր է կատարել պարբերաբար` ըստ նախապես կազմած ժամանակացույցի:
56. Ջրմուղի ցանցերում մշտապես պետք է պահպանել մնացորդային քլորի պահանջվող չափաքանակը:
57. Ջրատարների, ջրմուղի ցանցերի և դրանց կառուցվածքների (հորեր, հատուկ սարքավորումներ) բնականոն աշխատանքն ապահովելու համար պետք է մշակվեն և կիրառվեն անվտանգության համապատասխան կանոններ:
58. Միջոցառումներ պետք է մշակվեն ջրատարների, ջրմուղի ցանցերի և կարգավորման-պաշարապահ տարողությունների ներդաշնակ աշխատանքն ապահովելու համար:
59. Ջրատարների, ջրմուղի ցանցերի, նրանց վրա գտնվող կառուցվածքների, սարքերի և սարքավորումների տեխնիկական շահագործման խնդիրներն են`
ա) ջրատարների, ջրմուղի ցանցերի, դրանց վրա գտնվող կառուցվածքների, սարքերի և սարքավորումների տեխնիկական վիճակի պահպանությունը և դրա նկատմամբ վերահսկողությունը.
բ) ընթացիկ և հիմնական նորոգումները, վթարների վերացումը.
գ) ջրատարների և ջրմուղի ցանցերի շահագործման կառավարումը և արդյունավետ ռեժիմների մշակումը.
դ) շինարարության տեխնիկական վերահսկողությունը և կառուցվածքներն ու սարքավորումները շահագործման ընդունելը.
ե) ջրի բաշխումը, իրացման հաշվառումը, ջրակորուստների կանխումը և վերացումը.
զ) տեխնիկական փաստաթղթերի վարումը:
XII. ՋՐԱՏԱՐՆԵՐԻ, ՋՐՄՈՒՂԻ ՑԱՆՑԵՐԻ, ԴՐԱՆՑ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ, ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
60. Ջրատարների և ջրմուղի ցանցերի տեխնիկական վիճակի նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է նրանց շրջագայման, կառուցվածքները և սարքավորումները զննելու և աշխատանքը ստուգելու միջոցով:
61. Դիտարկումների և սարքավորումների աշխատանքի ստուգման արդյունքների հիման վրա ցանցի տեխնիկական պահպանման նպատակով մշակվում և իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ և նորոգման աշխատանքներ:
62. Շահագործման աշխատանքները, բացառությամբ վթարի վերացման աշխատանքների, կատարում են օգտագործող կազմակերպության աշխատախմբերը` նախապես կազմված ծրագրերի համաձայն:
63. Յուրաքանչյուր աշխատախմբի ամեն օր տրվում է շրջագայման կարգագիր: Աշխատախմբին տրվում են անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթեր (շրջագայման ուղերթի սխեման, հայտնաբերված թերությունների գրանցման մատյանը), ավտոտրանսպորտ, գործիքներ, գույք, տեխնիկական անվտանգության համար անհրաժեշտ միջոցներ և այլն:
64. Աշխատախմբերը ստեղծվում են օգտագործող կազմակերպության հրահանգներին համապատասխան:
65. Ջրատարների և ջրմուղի ցանցերի արտաքին շրջագայումը և դիտարկումը կատարվում է ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ անգամ, որտեղ ստուգվում են`
ա) կոորդինատային ցուցանակների վիճակը.
բ) հորերի տեխնիկական վիճակը, կափարիչների առկայությունը և տեղադրման հերմետիկությունը, մտոցների աստիճանների ամբողջականությունը, հորերում ջրի կամ հոսքի առկայությունը.
գ) հորերում գազի առկայությունը.
դ) խողովակաշարերի երկարությամբ կամ հորերի շրջակայքում բնահողի նստվածքի և փլվածքների առկայությունը.
ե) փորվածքները ջրատարների երկայնքով, ինչպես նաև ցանցի միացման ապօրինի միացման դեպքերի առկայությունը.
զ) խողովակաշարերից տեղի ունեցող թաքնված հոսքերի առկայությունը,
է) փողոցային ջրաբաշխիչների վիճակը:
Դիտարկումների ժամանակ մարդկանց հորի մեջ իջնելը կատարվում է անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմամբ:
66. Պրոֆիլակտիկ սպասարկումը կատարվում է տարեկան երկու անգամ, որի ընթացքում իրականացվում են հետևյալ աշխատանքները`
ա) հորերի մաքրում և ջրի արտամղում, լայնուկով և հարթաշուրթ միացումների պրոֆիլակտիկ սպասարկում, փականների աշխատանքի կարգաբերում, էլեկտրական շարժաբերների կարգավորում, օդահեռների (վանտուզների) դիտարկում.
բ) դյուկերներում ջրակորուստների առկայության, թողարկների տեխնիկական վիճակի ստուգում.
գ) ճանապարհների տակ՝ անցումներում, գազի առկայության ստուգում, տեղադրված սարքերի դիտարկում.
դ) փողոցային ջրաբաշխիչների կարգաբերում և նորոգման աշխատանքների կատարում, մաշված մասերի փոխարինում.
ե) ջրմուղի ցանցի վրա գտնվող սարքերն ու սարքավորումները սառեցումից պահպանելու միջոցառումների իրականացում:
զ) ջրմուղի ցանցի կարգավորման հանգույցներում մանոմետրեր տեղադրելու միջոցով ազատ ճնշումների ստուգումներ, որոնք պետք է իրականացվեն եռամսյակը մեկ անգամ, իսկ ճնշման անկման դեպքում` արտահերթ:
67. Ջրմուղի ցանցի շահագործման ծառայությունը կազմակերպության բաժանորդական բաժնի հետ համատեղ տարեկան մեկ անգամ կատարում է բաժանորդական միացումների և ջրաչափական հանգույցների տեխնիկական զննումներ: Ստուգվում են ջրամատակարարման մուտքախողովակի, ջրաչափերի, փակող-կարգավորող և չափիչ-ստուգիչ սարքերի տեխնիկական վիճակը, ինչպես նաև ներքին ցանցերից հոսակորուստների առկայությունը:
68. Հորերի, դյուկերների, ճանապարհների տակ անցումների պրոֆիլակտիկ սպասարկման աշխատանքներ կատարելիս աշխատախումբը պետք է պահպանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործման անվտանգության տեխնիկայի կանոնները:
69. Չի թույլատրվում մարդկանց մուտքը գազի առկայությունը չստուգված և չօդափոխված հորերի մեջ:
70. Տրանսպորտի վրաերթից խուսափելու համար, փողոցների երթևեկելի մասերում գտնվող հորերի դիտարկումների և պրոֆիլակտիկ սպասարկման ժամանակ աշխատողները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն սահմանազատող նշանների պարտադիր և ճիշտ տեղադրմանը:
XIII. ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐ, ՎԹԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄ
71. Խողովակաշարերի և կառուցվածքների տեխնիկական վիճակի դիտարկումների, այդ թվում` տեղադրված սարքերի ու սարքավորումների աշխատանքների ստուգումների պրոֆիլակտիկ սպասարկման տվյալներն օգտագործվում են թերությունների տեղեկագրեր կազմելու, դրանց հիման վրա նախագծային փաստաթղթեր մշակելու և հիմնական նորոգումներ կատարելու նպատակով:
72. Ընթացիկ նորոգումներ են համարվում`
ա) պրոֆիլակտիկ միջոցառումները (ցանցի լվացումը և մաքրումը, սառույցի ջարդումը, հորերի և խուցերի մաքրումը, ջրի արտամղումը).
բ) նորոգման աշխատանքները (մտոցների մետաղական ձողերի փոխարինումը, հորի վերնամասի նորոգումը, մտոցների բարձրացումն ու իջեցումը):
գ) ցանցի առանձին հատվածների վերակառուցումը խողովակների լրիվ կամ մասնակի փոխարինումով (յուրաքանչյուր կմ երկարության հատվածում ոչ ավելի 200մ-ից):
(72-րդ կետը լրաց. 12.04.04 N 058-Ն)
73. Հիմնական նորոգումներ են համարվում`
ա) նոր կամ մասնակի վերակառուցվող հորերի կառուցումը.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 12.04.04 N 058-Ն)
գ) հիդրանտների, ջրաբաշխիչ ծորակների, փականների, օդահեռների և այլ սարքավորումների կամ նրանց մաշված մասերի փոխարինումը.
դ) առանձին կառուցվածքների, սարքերի ու սարքավորումների նորոգումը.
ե) ջրմուղի ցանցի պաշտպանումը կոռոզիայից և թափառող հոսանքների ազդեցությունից.
զ) դյուկերների, ճանապարհային անցումների վնասվածքների վերացումը:
74. Ջրմուղի ցանցում վթարներ են համարվում խողովակաշարերի, կառուցվածքների, սարքավորումների վնասվածքները կամ նրանց շահագործման խախտումները, որոնց հետևանքով լրիվ կամ մասնակիորեն խափանվում է սպառողների ջրամատակարարումը:
75. Ջրմուղի ցանցի վթարներ չեն համարվում խողովակաշարերի առանձին հատվածների, կառուցվածքների կամ սարքավորումների անջատումները, եթե դրանք առաջացել են`
ա) այնպիսի միջոցառումների ժամանակ, որոնց դեպքում չի ընդհատվել բաժանորդների ջրամատակարարումը.
բ) ծրագրային-նախազգուշական նորոգումների, ախտահանման, խողովակաշարերի նոր հատվածների կամ մուտքախողովակների միացումների կատարման ժամանակ, երբ անջատումների ժամանակի և տևողության մասին բաժանորդները նախօրոք տեղյակ են պահվում:
76. Կախված կատարվող աշխատանքների բնույթից կամ ցանցի վնասվածքների չափերից, կարող է անհրաժեշտություն առաջանալ`
ա) խողովակաշարի անհապաղ անջատման.
բ) աշխատանքները սկսելու պահից խողովակաշարի անջատման:
77. Վնասված խողովակաշարը ենթակա է անհապաղ անջատման հետևյալ դեպքերում`
ա) վնասվածքը կրում է աղետային բնույթ (վնասված հատվածից արտահոսող ջուրը քանդում է ճանապարհային ծածկույթը, ինժեներական կոմունիկացիաները, հեղեղում է ճանապարհները, շենքերի նկուղները).
բ) խողովակաշարից տեղի է ունենում խմելու ջրի մեծ քանակի կորուստ:
Մնացած դեպքերում ցանցի վնասված խողովակաշարի անջատումը կատարվում է աշխատանքների սկսման պահից:
78. Նորոգման աշխատանքների կատարման համար ջրմուղի ցանցի անջատման մասին օգտագործող կազմակերպությունը տեղյակ է պահում հրշեջ ծառայության մարմիններին:
79. Խողովակաշարի անջատումը կատարվում է կարգավարի կարգադրությամբ:
80. Նորոգման աշխատանքների ավարտից հետո կատարվում է խողովակաշարի վերականգնված հատվածի ախտահանում` ապահովելով ախտահանման համար օգտագործված ջրի անվտանգ հեռացումը:
81. Խողովակաշարն աշխատանքային ճնշման տակ դնելու համար վերականգնված և դատարկված հատվածը լցվում է ջրով` իրականացնելով օդի հեռացումը: Ջրով լցնելը կատարվում է դանդաղ, որպես կանոն` խողովակաշարի ամենացածր կետից: Օդը հեռացվում է բարձրադիր կետից` օդահեռների կամ հիդրանտների միջոցով:
82. Խողովակաշարը ջրով լցնելու ժամանակ օդը հեռացվում է` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հաշվի առնելով տեղական պայմանները:
83. Ջրատարների և ցանցի վթարային վերականգնման աշխատանքները կատարվում են նորոգման աշխատախմբերի կամ շահագործող անձնակազմի կողմից:
XIV. ՋՐԱՏԱՐՆԵՐԻ ԵՎ ՋՐՄՈՒՂԻ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ
84. Ջրատարների, ջրմուղի ցանցի առանձին կառուցվածքների և նրանց աշխատանքի փոխազդեցության, ինչպես նաև պոմպակայանների, աշտարակների և ռեզերվուարների աշխատանքի արդյունավետ տեխնիկատնտեսական ռեժիմների կազմակերպման և պահպանման համար պարբերաբար կատարվում է համակարգի աշխատանքի վերլուծություն: Վերլուծության նպատակով ջրային համակարգերի տեխնիկական հանձնաժողովի կողմից կատարվում է կառուցվածքների, խողովակաշարերի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, նրանց աշխատանքային ռեժիմների որոշում, փաստացի ջրապահանջի և բաշխման ցուցանիշների ճշգրտում, ինչպես նաև ամբողջ համակարգի հիդրավլիկական տարրերի վերահաշվարկ: Վերլուծության հիման վրա մշակվում են ջրատարների ջրմուղի ցանցի, ռեզերվուարների և պոմպակայանների աշխատանքի բարելավմանն ուղղված միջոցառումներ:
85. Գործող ցանցերի հետազոտման և հիդրավլիկական հաշվարկի միջոցով անհրաժեշտ է նախատեսել միջոցառումներ ուղղված ցանցի թողունակության մեծացմանը, էլեկտրաէներգիայի ծախսի կրճատմանը` ջրակորուստների վերացմանը և այլն: Ընդ որում, առաջին հերթին անհրաժեշտ է ստուգել ջրամատակարարման բարելավման հնարավորությունը հետևյալ ձևերով`
ա) ջրմուղի գործող ցանցի գոտիավորում.
բ) ցանցի գոյություն ունեցող գոտիավորման պաշարապահ ռեզերվուարների արդյունավետ օգտագործում և նորերի կառուցում, այդ թվում` այն արդյունաբերական կազմակերպությունների համար, որոնք բնակավայրի ջրամատակարարման համակարգից զգալի քանակի ջուր են վերցնում.
գ) ինքնահոս ջրամատակարարման առավելագույն ապահովում, պոմպային ագրեգատների արտադրողականության և էներգատարողության կարգավորում.
դ) ջրմուղի ցանցի տեխնիկական թերությունների վերացում, լրացուցիչ միացումների և հատվածների կառուցում, խողովակաշարերի թողունակության վերականգնում:
XV. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
86. Ջրմուղի ցանցի շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացվում է շահագործող կազմակերպության կողմից:
87. Նոր ջրմուղի ցանցերի և նրանց կառուցվածքների շինարարության վերահսկողությունն իրականացնելու համար պատվիրատուի և օգտագործող կազմակերպության միջև կնքվում է համապատասխան պայմանագիր:
88. Օգտագործող կազմակերպությունը շինարարության վերահսկողության համար առաջադրում է ներկայացուցիչ: Ներկայացուցիչն իր դիտողությունները և առաջարկությունները գրառում է կառույցի շինարարության առանձնացված մատյանում:
89. Տեխնիկական վերահսկողություն իրականացնող ներկայացուցիչը առաջարկություն է ներկայացնում օգտագործող կազմակերպությանը`
ա) դադարեցնել աշխատանքները թերությունների, ցածրորակ նյութերի, նախագծից և տեխնիկական պայմաններից շեղումների հայտնաբերման դեպքում.
բ) փոփոխություններ կատարել նախագծում` համաձայնեցնելով նախագծային և նախագիծը հաստատող կազմակերպությունների հետ.
գ) մասնակցել ընդունող հանձնախմբերի աշխատանքներին, այդ թվում` փորձարկումների կատարմանը ետլիցքից առաջ և հետո:
90. Շինարարության ավարտից հետո ջրամատակարարման խողովակաշարերի և կառուցվածքների շահագործման ընդունումը կատարվում է շինարարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան: Շահագործման ընդունումը իրականացնելու համար ստեղծվում են աշխատանքային և պատվիրատուի կողմից նշանակված խմբեր:
91. Հանձնախումբը համեմատում է ներկայացված փաստաթղթերը փաստացի կատարած աշխատանքների հետ: Հանձնախմբի աշխատանքների ավարտից հետո ընդունման ակտի մեկ օրինակը բոլոր փաստաթղթերով հանձնվում է օգտագործող կազմակերպությանը:
92. Մինչև հանձնախմբին ներկայացնելը, խողովակաշարերը և կառուցվածքները դիտարկվում են պատվիրատուի և շինարարական կազմակերպության ներկայացուցիչների կողմից: Դիտարկումների են ենթակա հորերը, խողովակաշարերի հողի տակ գտնվող միացումները, թողարկները և տեղադրված սարքավորումները: Ստուգվում է բոլոր մոնտաժային (ժամանակավոր տեղադրված) խցանների հանված լինելը: Թողնվում են միայն խողովակաշարերի փորձարկվող հատվածները առանձնացնող խցանները, որոնք նշված են փորձարկման սխեմայի վրա: Շրջագայության ժամանակ որոշվում է կատարված բարեկարգման աշխատանքների համապատասխանությունը նախագծին:
93. Կառուցված ջրմուղի ցանցերը և ջրատարները պետք է ենթարկվեն կրկնակի հիդրավլիկական փորձարկման, որոնց ժամանակ ստուգվում է`
ա) ամրությունը` մինչև խրամուղու ետլիցք կատարելը և արմատուրայի մոնտաժելը (օդահեռներ, հիդրանտներ և այլն)` դրանց տեղերում տեղադրելով խցաններ.
բ) հերմետիկությունը` խրամուղու լցնելուց հետո (բայց ոչ շուտ, քան ետլիցքը կատարելուց 24 ժամ անց): Խողովակաշարերի փորձարկման արդյունքները ձևակերպում են ակտով:
1000 մմ-ից մեծ տրամագծի խողովակաշարերը ետլիցքից հետո ջրով լցված պետք է պահել 3 օր: Եթե խողովակաշարը ջրով լցված է մինչև ետլիցքը, ապա ջրով լցված լինելու ժամանակամիջոցը սկսում են հաշվել ետլիցք կատարելու պահից: Հիդրավլիկական փորձարկումների համար հարկավոր է օգտագործել ոչ պակաս 1.5 կարգի ճշգրտության մանոմետրեր: Ձմռանը, ինչպես նաև փորձարկման տեղում ջուր չլինելու դեպքում, թույլատրվում է կիրառել խողովակաշարի պնևմատիկ փորձարկում:
94. Մինչև կառուցված խողովակաշարը շահագործման ընդունելը, շինարարական կազմակերպությունը օգտագործող կազմակերպության ներկայացուցչի ցուցումներով իրականացնում է լվացում և ախտահանում 3 փուլով`
ա) նախնական լվացում.
բ) ախտահանում քլորաջրով` ապահովելով ակտիվ քլորի 20-40 մգ/լ. չափաքանակ և 24-ժամյա կոնտակտ, որից հետո քլորի կոնցենտրացիան պետք է ստացվի ոչ պակաս 1մգ/լ-ից: Ախտահանման աշխատանքներին պետք է մասնակից դարձնել հիգիենիկ հակահամաճարակային հսկողության ներկայացուցիչներին.
գ) վերջնական լվացում` մինչև ջրի մանրէաբանական և ֆիզիկաքիմիական հետազոտման 2 անընդմեջ բավարար արդյունքների ստացումը:
95. Կառուցված խողովակաշարի սանիտարական մշակման վերաբերյալ ակտը ներկայացվում է ընդունող հանձնախմբին և հանդիսանում է գործող ցանցին նրա միացումը և շահագործման հանձնելը թույլատրող փաստաթուղթ: Ակտը ստորագրում են կազմակերպության, շինարարական կազմակերպության, հիգիենիկ հակահամաճարակային հսկողության մարմինների ներկայացուցիչները:
96. Կառուցված խողովակաշարի միացումը գործող ցանցին կատարում է շինարարական կազմակերպությունը օգտագործող կազմակերպության ներկայացուցիչների ղեկավարությամբ և մասնակցությամբ: Միացման իրականացման կարգը սահմանում է օգտագործող կազմակերպությունը:
97. Միացումը իրականացնելու ժամանակը նշանակում է օգտագործող կազմակերպությունը` շինարարական կազմակերպության կողմից բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարելուց հետո:
98. Միացումը իրականացնելու ժամանակ օգտագործող կազմակերպությունը`
ա) անհրաժեշտության դեպքում տրամադրում է իր առանձնահատուկ սարքավորումները, եթե դրանք շինարարական կազմակերպությունը չունի.
բ) կատարում է գործող ցանցի վրա անհրաժեշտ անջատումներ.
գ) իրականացնում է աշխատանքների կատարման տեխնիկական վերահսկողությունը:
99. Միացումն իրականացնելու ընթացքում բոլոր խոշոր սպառողները, որոնց ջրամատակարարումը դադարեցվում է, պետք է օգտագործող կազմակերպության կողմից նախօրոք զգուշացվեն:
100. Խողովակաշարերի միացման աշխատանքները իրականացնելու համար օգտագործող կազմակերպության և շինարարական կազմակերպության կողմից աշխատանքները սկսելուց 3 օր առաջ կազմվում է կատարման ժամանակացույց, որին կցվում է ցանցի անջատումների սխեման: Միացման եղանակը ընտրելիս անհրաժեշտ է ապահովել գործող ցանցի անջատումները նվազագույն տևողությամբ.
101. Նոր խողովակաշարերը հաշվարկային թողունակությամբ աշխատանքային ռեժիմի են բերվում աստիճանաբար` գործող ցանցում ելքի կտրուկ փոփոխությունից և այդ պատճառով ջրի հնարավոր պղտորվելուց և վթարների առաջացումից խուսափելու համար:
102. Գործող համակարգերին միացված նոր խողովակաշարերը նշվում են տեխնիկական բաժնում պահվող հատակագծերի և կարգավարական ծառայության աշխատանքային սխեմաների վրա` նշելով հորերը, նրանցում տեղադրված սարքավորումները և նրանց գրանցման համարները: Նոր խողովակաշարերի և կառուցվածքների համար ստեղծվում են անձնագրեր:
Հակահրդեհային հիդրանտների համար ստեղծվում են հաշվառման թերթիկներ, որտեղ նշվում են նրանց համարը, գտնվելու վայրը, տեղադրման տարեթիվը:
103. Նոր սպառողներին ջրմուղի ցանցին միացնելու համար պատվիրատուն պարտավոր է մինչև ջրամատակարարման ներանցման նախագծային առաջադրանք կազմելը, ստանալ օգտագործող կազմակերպության թույլտվությունը և միացման տեխնիկական պայմանները:
104. Միացման տեխնիկական պայմաններ ստանալու համար պատվիրատուն պետք է ներկայացնի`
ա) տեղամասի գեոդեզիական հանույթով հատակագիծը, նշելով բոլոր ստորգետնյա հաղորդակցման ուղիները (մասշտաբ 1:200).
բ) միացվող օբյեկտի բնութագիրը (շենքի նշանակությունը, բարձրությունը կամ հարկայնությունները և այլն).
գ) ջրապահանջի հաշվարկները:
105. Միացման տեխնիկական պայմաններում նշվում են`
ա) նախագծվող խողովակաշարի միացման տեղը ջրմուղի ցանցին (փողոցը, հորի կամ խուցի համարը).
բ) տրվող ջրի հնարավոր առավելագույն քանակը.
գ) պահանջները չափիչ-հսկիչ սարքերի վերաբերյալ.
դ) տեխնիկական պայմանների գործողության ժամկետը:
Վերոհիշյալ պայմանները կատարվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնների»:
XVI. ՋՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ, ՋՐԱԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՆԽՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՑՈՒՄԸ
106. Օգտագործող կազմակերպությունը կատարում է ջրի բաշխումը, ջրակորուստների կանխումը և դրանց վերացումը, ապահովում է բաժանորդների անխափան ջրամատակարարումը պայմանագրով նախատեսված քանակի խմելու որակի ջրով, ինչպես նաև պահպանում է ցանցին սպառողի միացման հանգույցում անհրաժեշտ նվազագույն ազատ ճնշումը:
107. Օգտագործող կազմակերպությունը մշակում և իրականացնում է ջրի բաշխման, ինչպես նաև ջրակորուստների դեմ պայքարի միջոցառումներ:
108. Ջրօգտագործողների (սպառողների) ջրաչափերը (ծախսաչափերը), կարող են շահագործման ընդունվել միայն օգտագործող կազմակերպության կողմից համապատասխան ակտ կազմելուց հետո, որը վավերացվում է օգտագործող կազմակերպության լիազոր ներկայացուցչի և սպառողի ստորագրություններով` ջրաչափը ստուգելուց և կապարակնքելուց հետո:
109. Ջրի բաշխումն իրականացնելիս օգտագործող կազմակերպության խնդիրներն են`
ա) ջրի բաշխման վերահսկման կազմակերպումը.
բ) ջրակորուստների հայտնաբերումը, հաշվառումը, գնահատումը և վերացումը.
գ) ջրաչափերի (ծախսաչափերի) ստուգումը և նորոգումը.
դ) ջրի ապօրինի օգտագործման կանխումն ապահովող միջոցառումների իրականացումը.
ե) ջրամատակարարման համակարգերին միացումների համար տրված տեխնիկական պայմանների և փաստացի կատարված աշխատանքների համապատասխանության ստուգումը.
զ) ջրի հոսակորուստների վերացումը:
XVII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
110. Օգտագործող կազմակերպության արխիվում պետք է պահվեն`
ա) ջրաչափերի (ծախսաչափերի) տեխնիկական փաստաթղթերը, անձնագրերը.
բ) ջրամատակարարման մուտքախողովակների քարտերը, որտեղ նշվում են նրանց համարը, ջրաչափի գտնվելու տեղը (հասցեն), հիմնական բաժանորդի անվանումը, ենթաբաժանորդների ցուցակը, մուտքախողովակի և ջրաչափի տրամագիծը, տեղադրման ժամանակը, ջրաչափի ընդունման ակտը.
գ) բնակավայրերի ջրամատակարարման համակարգերից կազմակերպություններին տրվող խմելու ջրի քանակը հիմնավորող և հաստատող փաստաթղթերը.
դ) ջրամատակարարման մատուցված ծառայությունների համար վարձերի գանձման հաշվառման մատյանները:
XVIII. ՋՐՄՈՒՂԻ ՑԱՆՑԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՏԵՆՍԻՎԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԱՑՈՒՄԸ
111. Ջրմուղի ցանցի աշխատանքի ուսումնասիրությունը, ինտենսիվացումը և ավտոմատացումը ներառում է՝
ա) ջրապահանջի տարբեր ժամերին ելքերի և ճնշումների գրանցում ցանցի հանգույցներում ու ճնշման գծերի կառուցում.
բ) ցանցի մաթեմատիկական մոդելի ստեղծում և ցանցի աշխատանքի ռեժիմի ուսումնասիրություն.
գ) հիմնական պոմպակայանների և տեղական պոմպային կայանքների աշխատանքի ուսումնասիրություն, նրանց աշխատանքների ռեժիմի կարգավորում և բարելավում.
դ) ցանցի հանգույցներում մնացորդային քլորի ստուգում: Միջոցառումների մշակում ու իրականացում մնացորդային քլորի պահանջվող չափաքանակն ապահովելու համար.
ե) ռեզերվուարների դերի ուսումնասիրություն և դրանց միջոցով ցանցի սնման, այդ թվում` հակահրդեհային ջրամատակարարման ապահովման համար.
զ) գործող ցանցի աշխատանքի ինտենսիվացում` լրացուցիչ խողովակաշարերի անցկացմամբ:
Գ Լ ՈՒ Խ 4
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
XIX. ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
112. Ջրի մաքրման կայանը նախատեսվում է բնական ջրաղբյուրների ջուրը մշակելու և այն խմելու որակի դարձնելու համար:
113. Մաքրման կայանների շահագործումը պետք է ապահովի նրա բոլոր կառուցվածքների և սարքավորումների անխափան ու հուսալի աշխատանքը, բարձր տեխնիկական և տնտեսական ցուցանիշներով, հաշվի առած ջրաղբյուրները աղտոտվելուց պահպանելու և դրանց արդյունավետ օգտագործման պահանջները:
114. Մաքրման կայանների անխափան և արդյունավետ աշխատանքը կազմակերպելու համար ստեղծված արտակարգ իրավիճակների դեպքում (երկրաշարժ, մեծ վարարումներ, ջրաղբյուրի ջրի որակի կտրուկ փոփոխություններ և այլն) անհրաժեշտ է կատարել օպերատիվ վերլուծություն մաքրման կայանի պետի, գլխավոր ճարտարագետի և տեխնոլոգի մասնակցությամբ և համապատասխան որոշումների ընդունում մաքրման կայանի աշխատանքն այդ պայմաններում ապահովելու համար: Անհրաժեշտության դեպքում հրավիրվում են նաև արտակարգ իրավիճակների վարչության, սանիտարական ու հակահրդեհային ծառայությունների ներկայացուցիչներ:
115. Կազմակերպությունը հսկողություն է իրականացնում մաքրման կայան մուտք գործող և մշակված ջրի որակի և քանակի նկատմամբ:
XX. ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
116. Ջրամատակարարման համակարգերի մաքրման կայանների շահագործման խնդիրներն են`
ա) խմելու ջրի արտադրությունը, ջրի մաքրման և ախտահանման հուսալիության ապահովումը.
բ) մաքրման կառուցվածքների արդյունավետ, անխափան և հուսալի աշխատանքի ապահովումը, ռեագենտների, էլեկտրաէներգիայի և սեփական կարիքների համար ծախսվող ջրի տնտեսմամբ ջրի ինքնարժեքի իջեցումը.
գ) մաքրման կառուցվածքների աշխատանքային գործընթացների և արտադրած ջրի որակի նկատմամբ տեխնոլոգիական և լաբորատոր կանոնավոր հսկողության իրականացումը:
117. Մաքրման կայաններում, բացի սույն կանոնների 21-րդ կետում նշված փաստաթղթերից, լրացուցիչ պետք է պահվեն նաև հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`
ա) ջրաղբյուրի և մաքրման կառուցվածքների սանիտարական պահպանության գոտիների սխեմաները.
բ) մաքրման կառուցվածքների գլխավոր հատակագիծը և դիրքային սխեման, բոլոր հաղորդակցման ուղիներով.
գ) մաքրման կառուցվածքների աշխատանքային տեխնոլոգիական սխեման.
դ) ավտոմատացման սխեման:
118. Մաքրման կայանի բնականոն շահագործումը ապահովելու համար նրա սպասարկող անձնակազմում պետք է նախատեսել հետևյալ հաստիքները`
ա) մաքրման կայանի պետ, որն անմիջականորեն պատասխանատու է մաքրման կառուցվածքների ընդհանուր վիճակի և աշխատանքի կազմակերպման համար.
բ) մաքրման կայանի գլխավոր ճարտարագետ (տեխնոլոգ), որն անմիջականորեն պատասխանատու է խմելու որակի ջրի ստացման, մաքրման բոլոր փուլերում նախատեսված ցուցանիշների ժամանակին հսկման և գրանցման, ջրի մեջ տրվող ռեագենտների դոզաների պահպանման, հերթափոխերի կազմակերպման և տեխնոլոգիական սարքավորումների ժամանակին նորոգման համար.
գ) լաբորատորիայի վարիչ (եթե լաբորատոր աշխատանքները պայմանագրային կարգով չեն հանձնարարված այլ կազմակերպության), որը պատասխանատու է լաբորատոր աշխատանքների կազմակերպման և կատարման, մաքրվող ջրի որակի ժամանակին ստուգման, ռեագենտների պահանջվող դոզաների սահմանման և ստացվող ռեագենտների որակի ստուգման համար.
դ) հերթափոխերի պետեր (ճարտարագետ, տեխնիկ, վարպետ), որոնք պատասխանատու են տվյալ հերթափոխի ամբողջական աշխատանքի համար.
ե) մաքրման կայանի օպերատորներ, ջրի նմուշ վերցնողներ, լաբորանտներ, բանվորներ, որոնք ապահովում են բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիական գործընթացների և լաբորատոր հսկողության պարտականությունների հերթափոխերով իրականացումը (այս աշխատողների թիվը կախված է մաքրման կայանի հզորությունից).
զ) ճարտարագետներ, վարպետներ, էլեկտրիկներ, փականագործներ, ղեկավարման վահանակների օպերատորներ, որոնք պատասխանատու են մաքրման կառուցվածքների էլեկտրական և մեխանիկական սարքավորումների, ավտոմատացման միջոցների, հեռակառավարման և չափիչ-հսկիչ սարքերի տեխնիկական շահագործման համար (վերջիններիս անհրաժեշտությունը և հաստիքների թիվը կախված է մաքրման կայանի ավտոմատացման աստիճանից):
Ելնելով արտադրական անհրաժեշտությունից, սույն կետում նշված աշխատանքների կատարման պարտականությունը կարող է դրվել այլ համապատասխան աշխատողների վրա:
119. Կառուցվածքների նորոգում իրականացնող անձնակազմի արտահագուստը պետք է պարբերաբար ախտահանվի: Աշխատանքային արտահագուստով հասարակական վայրեր այցելել և զուգարան մտնել չի թույլատրվում:
120. Մաքրման կառուցվածքների աշխատանքը պետք է հաշվառման ենթարկվի կանոնավոր գրառումների միջոցով, հետևյալ մատյաններում`
ա) տեխնիկական շահագործման` որտեղ ամեն օր գրանցվում են գործող, մաքրման, նորոգման կամ լվացման կանգնած կառուցվածքները և սարքավորումները, կայանում մշակված և սեփական կարիքների համար (լվացում, ռեագենտների պատրաստում և այլն) ծախսված ջրի քանակը, ինչպես նաև ռեագենտների քանակները և օգտագործման դոզաները,
բ) անալիզների` որոնցում ամեն օր գրանցվում են մաքրման կայան մուտք մտնող ջրի, նրա մշակման առանձին փուլերում, ինչպես նաև մաքրված ջրի որակական անալիզների արդյունքները,
գ) պահեստի` որտեղ կատարում են գրանցումներ ստացվող և ծախսվող ռեագենտների և այլ նյութերի ու մաքրման կայանի պահեստում պահվող սարքավորումների քանակները:
XXI. ՄԱՔՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
121. Մաքրման կառուցվածքների շինարարությունը կամ վերակառուցումն ավարտվելուց հետո, նրանց շահագործման ընդունումը կատարվում է գործող շինարարական նորմերին և կանոններին համապատասխան: Մինչև մաքրման կայանի միջոցով սպառողներին խմելու ջուր մատակարարելը, անհրաժեշտ է կատարել կառուցվածքների փորձնական շահագործում:
122. Նախքան մաքրման կառուցվածքների փորձնական շահագործումը անհրաժեշտ է կատարել հետևյալ կազմակերպչա-տեխնիկական միջոցառումները`
ա) մաքրման կայանը համալրել պահանջվող կադրերով, սովորեցնել շահագործող անձնակազմին աշխատատեղում և հնարավորության դեպքում անցկացնել նրանց ուսուցումը համանման գործող կառուցվածքներում.
բ) ապահովել անհրաժեշտ ռեագենտների, ֆիլտրող նյութերի պահանջվող պաշարը.
գ) ստեղծել ջրի որակի քիմիական և մանրէաբանական հետազոտման լաբորատորիա կամ լաբորատոր աշխատանքները պայմանագրային կարգով իրականացնել այլ կազմակերպության միջոցով.
դ) բոլոր տեխնոլոգիական տեղամասերը և կառուցվածքային ստորաբաժանումները ապահովել դրանց աշխատանքային կանոնակարգերով, շահագործման հրահանգներով և մաքրման կառուցվածքների շահագործման ցուցանիշների գրանցման մատյաններով.
ե) անցկացնել շահագործող անձնակազմի հրահանգավորում` փորձնական շահագործման նպատակների և խնդիրների, դրա իրականացման ընթացքում անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջների վերաբերյալ.
զ) սարքավորումների (փականներ, կափույրներ, ագրեգատներ և այլն) կառավարվող մասերի վրա ամրագրել հերթական թվեր, որոնք պետք է համապատասխանեն կատարողական փաստաթղթերում դրանց գույքագրման թվերին:
123. Փորձնական շահագործումից առաջ մաքրման կառուցվածքները և հաղորդակցման ուղիները պետք է լվանալ և ախտահանել քլորաջրով: Կառուցվածքները պետք է ախտահանել ակտիվ քլորի 75-100 մգ/լ կոնցենտրացիայի լուծույթով, 5-6 ժամ տևողությամբ, կամ 40-50 մգ/լ` 24 ժամից ոչ պակաս ժամանակամիջոցում: Մինչև կառուցվածքները ախտահանելը, ջրերի օգտագործումը կարգավորող և պահպանող տեղական մարմինների հետ համատեղ պետք է լուծված լինի օգտագործված քլորաջրի ջրավազանի մեջ կամ հարակից տարածքներ բաց թողնելու տեղի, կարգի և ռեժիմի խնդիրները:
124. Մաքրման կառուցվածքների փորձնական շահագործումը կատարվում է նախագծով նախատեսված ռեժիմով: Փորձնական շահագործման ընթացքում ստուգվում են բոլոր մաքրման կառուցվածքների, դրանց կարգավորման հանգույցների, կոմունիկացիաների և սարքավորումների աշխատունակությունը: Փորձնական շահագործման տևողությունը որոշվում է այն ժամանակահատվածով, երբ մշակված ջրի որակը համապատասխանում է խմելու ջրի պետական ստանդարտի պահանջներին: Մաքրման կառուցվածքների փորձնական շահագործման ընթացքում սպառողներին խմելու ջուր տալ չի թույլատրվում:
125. Փորձնական շահագործումն ավարտելուց հետո, բայց ոչ շուտ, քան սկսելուց 24 ժամ անց, թույլատրվում է մաքրման կառուցվածքները ժամանակավոր շահագործել և ջուրը տալ սպառողներին: Ժամանակավոր շահագործումը ձևակերպվում է համապատասխան ակտով:
126. Ժամանակավոր շահագործման ընթացքում անհրաժեշտ է`
ա) իրականացնել մաքրման կառուցվածքների տեխնոլոգիական կարգաբերում.
բ) մշակել արդյունավետ շահագործման ռեժիմներ.
գ) ճշտել կիրառվող ռեագենտների դոզաները.
դ) կատարել կառուցվածքների նախագծային արտադրողականության և վթարային ռեժիմի փորձարկումներ.
ե) հայտնաբերել և վերացնել մաքրման կառուցվածքների, կոմունիկացիաների, փակող-կարգավորող և չափիչ-հսկիչ սարքավորումների աշխատանքի թերությունները:
127. Նախագծային արտադրողականությամբ փորձարկումները և մաքրման կառուցվածքների կարգաբերումը իրականացվում են ըստ ջրաղբյուրի ջրի որակի փոփոխման, տարվա բոլոր բնորոշ ժամանակներում:
128. Մաքրման կայանները մշտական շահագործման է ընդունում ընդունող հանձնաժողովը, ժամանակավոր շահագործումից հետո: Ընդունող հանձնաժողովի կողմից ակտը ստորագրելու պահից սկսած մաքրման կառուցվածքները համարվում են մշտական շահագործման հանձնված:
129. Մաքրման կայանները շահագործման ընդունելու ժամանակ, որպես կանոն, նախագծային արտադրողականությունից շեղումներ չպետք է լինեն:
Բացառիկ դեպքերում նախագծային արտադրողականության փոփոխություն կարող է թույլատրվել միայն կառուցվածքների շահագործման ընդունման ակտը հաստատող պատվիրատուի կողմից, կայանն ընդունող հանձնաժողովի ներկայացմամբ:
XXII. ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
130. Լաբորատոր հսկողությունը հանդիսանում է մաքրման կառուցվածքների արդյունավետ շահագործումը կազմակերպելու և խմելու որակի ջրի արտադրությունը ապահովելու անհրաժեշտ պայման:
131. Լաբորատոր հսկողությունը պետք է կազմակերպված լինի ջրի մաքրման բոլոր փուլերում, մաքրման կառուցվածքների աշխատանքի քանակական և որակական ցուցանիշների գնահատման և գրանցման համար:
132. Մաքրման կառուցվածքների շահագործման ընթացքում անհրաժեշտ է մշտապես վերլուծության ենթարկել լաբորատոր հսկողության արդյունքները` կառուցվածքների աշխատանքի առավել բարձր տեխնիկա-տնտեսական ցուցանիշներ ապահովելու, տեխնոլոգիական գործընթացները կատարելագործելու, կիրառվող ռեագենտների դոզաները, ռեակցիայի տևողությունը, կառուցվածքներում ջրի շարժման և ֆիլտրման արագությունները ճշտելու համար: Լաբորատոր հսկողության արդյունքների պարբերաբար վերլուծությունը պետք է նպատակամղված լինի ջրի մաքրման տեխնոլոգիական խախտումների ժամանակին հայտնաբերմանը և խմելու որակի ջրի ստացմանը:
133. Լաբորատոր հսկողության աշխատանքների ծավալը և ժամանակացույցը որոշվում է` հաշվի առնելով տեղական պայմանները և հաստատվում է մաքրման կայանի պետի և գլխավոր ճարտարագետի կողմից, համաձայնեցնելով հիգիենիկ հակահամաճարակային տեսչության հետ:
134. Լաբորատորիայում չափիչ-հսկիչ սարքերի, սարքավորումների, ապարատների ռեակտիվների քանակը և տեսականին որոշվում է լաբորատորիայի վարիչի (այդ աշխատանքներն իրականացնող կազմակերպության) և գլխավոր ճարտարագետի կողմից, ելնելով կատարվող անալիզների ցանկից:
135. Լաբորատոր հսկողությունն իրականացվում է Պ 51232-98 պետական ստանդարտով սահմանված կարգով:
136. Մաքրման կայանում տեղադրված սարքավորումների միջոցով պետք է գրանցվեն`
ա) ջրի ծախսը (ելքը)՝
- կայան մտնող և կայանից հեռացող,
- յուրաքանչյուր պարզարանի, ֆիլտրի և կոնտակտային պարզարանի,
- կայանի տեխնոլոգիական կարիքների համար (ֆիլտրերի լվացման, ռեագենտների լուծույթների պատրաստման և այլն),
- մաքրման կայանում տնտեսական և կենցաղային կարիքների համար օգտագործվող.
բ) ճնշման կորուստը՝
- ֆիլտրերում,
- կոնտակտային պարզարաններում.
գ) մակարդակը`
- ջրինը` մաքրման կառուցվածքներում, լվացման բաքում և մաքուր ջրի ռեզերվուարում,
- նստվածքներինը` նստվածքի մշակման կառուցվածքներում,
- քիմիական ռեագենտների լուծույթներինը` ռեագենտների բաքերում:
137. Ջրի մշակման ժամանակ նրա որակի ստուգման նպատակով անհրաժեշտ է շահագործման համար հարմար տեղերում նախատեսել փորձանմուշ վերցնելու ծորակներ: Փորձանմուշ վերցնելու ծորակներից պետք է տեղի ունենա ջրի փոքր քանակի անընդհատ հոսք:
138. Անալիզների համար ջրի նմուշը վերցվում է Պ 51232-98 պետական ստանդարտի պահանջներին համապատասխան:
139. Ջրի որակի ստուգումը ըստ ֆիզիկական, քիմիական և մանրէաբանական ցուցանիշների, պետք է կատարվի ջրընդունիչում, ջրի մշակման ընթացքում, ցանց մտնելուց առաջ և անմիջապես ցանցում:
140. Չմշակված և մաքրված ջրերի որակը ստուգվում է կրճատ և լրիվ անալիզների սխեմայով:
141. Ըստ տեղական պայմանների, լրիվ սանիտարաքիմիական անալիզներով որոշվող ցուցանիշները սահմանվում են Պ 51232-98 պետական ստանդարտի պահանջներին համապատասխան:
142. Մշակման ենթակա ջրի որակի ցուցանիշները կոագուլյանտի բացակայության դեպքում որոշում են հետևյալ հաճախականությամբ`
ա) մեկ անգամ յուրաքանչյուր հերթափոխում` պղտորությունը և գունավորվածությունը.
բ) մեկ անգամ օրական ՊիՀաշ-ը, համը, հոտը մանրէների ընդհանուր թիվը 1մլ-ում, կոլի ինդեքսը և ընդհանուր երկաթը (ստորերկրյա ջրերի համար).
գ) ամիսը մեկ անգամ` լրիվ քիմիական անալիզը:
143. Մշակվող ջրի որակը կոագուլավորման դեպքում որոշվում է հետևյալ սխեմայով`
ա) ամեն երկու ժամը մեկ` պղտորությունը, գունավորվածությունը, հիմնայնությունը.
բ) մեկ անգամ հերթափոխում` ջերմաստիճանը, հոտը, համը.
գ) մեկ անգամ օրական` թթվայնությունը, ընդհանուր երկաթը, ՊիՀաշ -ը, 1մլ-ում մանրէների ընդհանուր թիվը և կոլի ինդեքսը:
144. Խառնարանից հետո վերահսկվում է տրված ռեագենտների քանակը` անփոփոխ կոնցենտրացիայի դեպքում` ժամը մեկ, իսկ փոփոխականի դեպքում` յուրաքանչյուր կես ժամը մեկ անգամ:
Փաթիլագոյացման խուցի բացակայության դեպքում տրված ռեագենտների կոնցենտրացիաները վերահսկվում են յուրաքանչյուր ժամը մեկ անգամ:
145. Պարզեցված ջրի որակը պարզարաններից կամ կախված նստվածքով պարզարաններից հետո վերահսկվում է հերթափոխը մեկ անգամ, այդ ընթացքում որոշվում է պղտորությունը, գունավորվածությունը և մնացորդային քլորը (նախնական քլորացման դեպքում):
146. Պարզեցված ջրի ընդհանուր կոլեկտորից անալիզների համար նմուշ է վերցվում հետևյալ հաճախականությամբ`
ա) կոագուլավորման դեպքում` հերթափոխը մեկ անգամ պղտորության, գունավորվածության և մնացորդային քլորի համար (նախնական քլորացման դեպքում).
բ) օրական մեկ անգամ` մնացորդային ռեագենտների համար (նախնական կոագուլավորման և ֆլոկուլավորման դեպքում).
գ) օրական մեկ անգամ` պղտորության, գունավորվածության համար (առանց կոագուլավորման):
147. Ֆիլտրերից հետո վերահսկվում են ջրի որակի հետևյալ ցուցանիշները`
ա) յուրաքանչյուր երկու ժամը մեկ` պղտորությունը, գունավորվածությունը և մնացորդային քլորը (նախնական քլորացման դեպքում), երկաթը (երկաթազրկման դեպքում).
բ) յուրաքանչյուր տասն օրը մեկ` մանրէների ընդհանուր թիվը և կոլի ինդեքսը:
148. Ֆիլտրված ջրի ընդհանուր կոլեկտորում որոշվում է`
ա) յուրաքանչյուր երկու ժամը մեկ` կոագուլավորման դեպքում և յուրաքանչյուր չորս ժամը մեկ կոագուլյանտի բացակայության դեպքում` գունավորվածությունը և երկաթի պարունակությունը (ջրի երկաթազրկման դեպքում).
բ) մեկ անգամ հերթափոխում` գունավորվածությունը, համը և մնացորդային քլորը (նախնական քլորացման դեպքում).
գ) օրական մեկ անգամ` թթվայնությունը, մնացորդային ռեագենտները (ֆիլտրից առաջ տալու դեպքում), մանրէների ընդհանուր թիվը և «Կոլի ինդեքսը»:
149. Մաքուր ջրի ռեզերվուարներից հետո ջրի որակը պետք է վերահսկվի Պ 51232-98 պետական ստանդարտի պահանջներին համապատասխան:
XXIII. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
150. Տեխնոլոգիական հսկողության հիմնական նպատակն է մաքրման կայանների աշխատանքի տեխնոլոգիական արդյունավետության համակողմանի գնահատումը, սահմանված արտադրողականությամբ դրանց անխափան աշխատանքի ապահովումը և ջրի մաքրման պահանջվող աստիճանը ապահովող միջոցառումների ժամանակին իրականացումը:
151. Կառուցվածքների և սարքավորումների աշխատանքի տեխնոլոգիական հսկողությունը իրականացնում են օպերատորները և լաբորանտները: Նրանք դիտարկումների և չափումների տվյալները գրանցում են հաստատված ձևի մատյաններում:
152. Տեխնոլոգիական հսկողության կազմակերպման և աշխատանքների ծավալների սահմանման ժամանակ պետք է հստակ տարանջատել օպերատորների և լաբորանտների պարտականությունները, ինչպես նաև որոշել նրանց կողմից համատեղ կատարվող գործառույթները:
153. Մաքրման կայանի անձնակազմը պետք է`
ա) վերահսկի կայանի տեխնոլոգիական գործընթացները.
բ) կարգավորի կառուցվածքներին տրվող և մաքուր ջրի ռեզերվուար մուտք գործող ջրի քանակը.
գ) հետևի առանձին կառուցվածքների միջև և դրանց բաժանմունքներում ջրի քանակի հավասարաչափ բաշխվելուն և ջրի մակարդակներին.
դ) ստուգի առանձին կառուցվածքների, դրանց բաժանմունքների, խողովակաշարերի, ինչպես նաև ռեագենտի լուծույթի պատրաստման սարքերի փոխարկումների ճշտությունը.
ե) աշխատանքային վիճակում պահի մեխանիկական սարքերը, հսկիչ-չափիչ սարքավորումները, ավտոմատացման միջոցները.
զ) հետևի ռեագենտների, քամիչ նյութերի պաշարի առկայությանը և որակին, ապահովի դրանց ճիշտ պահպանումը.
է) հետևի ռեագենտների լուծույթների պահանջվող կոնցենտրացիայով պատրաստմանը.
ը) ստուգի ջրընդունիչ և ջրբաժան պատուհանների, առվակների ճոռերի հորիզոնական լինելը.
թ) հետևի դոզատորների աշխատանքի ռեժիմին:
154. Ռեագենտների արտադրամասում հսկվում են`
ա) յուրաքանչյուր լիցքավորման ժամանակ` բեռնավորվող ռեագենտի քանակը.
բ) հերթափոխությամբ կատարվող ռեագենտների բեռնավորման պարբերականությունը և լուծույթների օգտագործման տևողությունը.
գ) խառնման տևողությունը, ինտենսիվությունը և լուծույթի նստեցման տևողությունը.
դ) ըստ ռեագենտի լուծվելու կամ լուծույթի նոսրացման չափի, լուծույթների կոնցենտրացիան ռեագենտի բաքերում.
ե) բաքերում լուծույթների մակարդակը` լուծույթները ծախսելու ընթացքում.
զ) լուծույթների դոզավորման ճշտությունը` ամեն ժամ, ինչպես նաև ջրի տրման ռեժիմի և ռեագենտների լուծույթի կոնցենտրացիայի փոփոխության դեպքում.
է) նստվածքների հեռացման հաճախականությունը և տևողությունը ռեագենտների բաքերից` ռեագենտների լուծույթների պատրաստման 4-6 ցիկլից հետո կամ ավելի հաճախ` ըստ նստվածքի կուտակման.
ը) դոզավորող սարքերի վիճակը` յուրաքանչյուր եռամսյակ կամ տարեկան երկու անգամից ոչ պակաս:
155. Խառնարաններում և փաթիլագոյացման խուցերում հսկվում են`
ա) ռեագենտը մշակվող ջրի հետ խառնվելու հավասարաչափությունը` յուրաքանչյուր անգամ ջրաքանակի և ռեագենտների դոզաների փոփոխման դեպքում.
բ) ջրի մնալու տևողությունը` ըստ ջրի տրման ռեժիմի փոփոխության.
գ) փաթիլագոյացման արդյունավետությունը` 1-3 անգամ հերթափոխի ընթացքում.
դ) խուցերը նստվածքից մաքրելու պարբերականությունը և տևողությունը` ըստ նստվածքի կուտակման և սահմանային մակարդակին հասնելուն:
156. Պարզարաններում հսկվում են`
ա) ջրի բաշխման հավասարաչափությունը.
բ) ջրի մնալու տևողությունը` 1-2 անգամ շահագործման հանձնելուց հետո, իսկ այնուհետև` ջրի տրման ռեժիմի փոփոխության դեպքում.
գ) նստվածքի կուտակման բնույթը պարզարանի հատակի երկարությամբ և լայնությամբ (ըստ շարժվող և խտացված նստվածքի)` 5-6 անգամ պարզարանի աշխատանքի ցիկլի ընթացքում (մաքրումից-մաքրում).
դ) նստվածքի հեռացման պարբերությունը և տևողությունը` ըստ նստվածքի կուտակման և մինչև սահմանային մակարդակի հասնելը.
ե) նստվածքի հեռացման ժամանակ՝ ջրի ծախսը:
157. Կախված նստվածքով պարզարաններում հսկվում են`
ա) լրիվ դատարկելուց և նորից գործարկելուց հետո լիցքավորման տևողությունը.
բ) կախված նստվածքի մակարդակը` 1-2 անգամ հերթափոխի ընթացքում և ավելի հաճախ` պարզարանում ջրի շարժման արագության և ռեագենտի դոզայի փոփոխության դեպքերում.
գ) ջրի վերընթաց հոսքի արագությունը պարզարանը շահագործման հանձնելուց հետո և հետագայում` ըստ ջրի տրման ռեժիմի փոփոխության.
դ) նստվածքախտացուցիչից հեռացվող ջրի քանակը` 1-2 անգամ հերթափոխի ընթացքում և ավելի հաճախ, ըստ տրվող ջրի քանակի և նրա մշակման ռեագենտային ռեժիմի փոփոխության.
ե) նստվածքախտացուցիչի մաքրման պարբերությունը և տևողությունը` ըստ նստվածքի կուտակման և մինչև սահմանային մակարդակի հասնելը.
զ) ջրաղբյուրի ջրի ջերմաստիճանի օրական փոփոխության ազդեցությունը պարզարանի աշխատանքի վրա` 1-2 անգամ հերթափոխի ընթացքում:
158. Արագ գործողության ֆիլտրերում և կոնտակտային պարզարաններում հսկվում են`
ա) ֆիլտրման արագությունը և ճնշման կորուստների աճը` յուրաքանչյուր 2-4 ժամը մեկ, կախված ֆիլտրի շահագործման պայմաններից,
կոնտակտային պարզարաններում ճնշման կորուստները հսկվում են ինչպես ֆիլտրող շերտում, այնպես էլ բաշխիչ համակարգում.
բ) լվացման ինտենսիվությունը` 1-2 անգամ ամսվա ընթացքում և ավելի հաճախ` ըստ ջրի ջերմաստիճանի, ֆիլտրող շերտի բարձրության և նրա վիճակի փոփոխության.
գ) լվացման տևողությունը` 1-2 անգամ ամսվա ընթացքում և ավելի հաճախ ըստ լվացման ռեժիմի փոփոխության.
դ) լվացման համար ջրի ծախսը` յուրաքանչյուր լվացման ժամանակ.
ե) ֆիլտրող շերտի ընդարձակման աստիճանը լվացման ժամանակ` ամիսը մեկ անգամ և ավելի հաճախ` ըստ ֆիլտրող շերտի բարձրության և նրա վիճակի, ինչպես նաև լվացման ինտենսիվության փոփոխության.
զ) կառուցվածքների աշխատանքային ցիկլի տևողությունը` յուրաքանչյուր ցիկլի ընթացքում.
է) ֆիլտրող շերտի բարձրությունը` ամիսը մեկ անգամ անփոփոխ ֆիլտրող շերտի դեպքում և ավելի հաճախ` ըստ բեռնվածքի փոփոխության (բեռնվածքի ավելացում կամ ֆիլտրող նյութի մանրացված շերտի հեռացում).
ը) ֆիլտրող նյութի հատիկաչափական կազմը (բեռնվածքի ամենամեծ և ամենափոքր տրամագծի, համարժեք տրամագծի և անհավասարաչափության գործակցի որոշումը)` 2 անգամ յուրաքանչյուր եռամսյակում անփոփոխ բեռնվածքի դեպքում և ավելի հաճախ` ըստ բեռնվածքի կազմի փոփոխության.
թ) խճի շերտերի դասավորության հորիզոնական դիրքը` ամիսը մեկ անգամ.
ժ) ֆիլտրող շերտում մնացորդային կեղտոտվածությունը` ամիսը մեկ անգամ և ավելի հաճախ, բեռնվածքի կեղտոտվածության աճ նկատվելու դեպքում:
Կոնտակտային պարզարաններում մնացորդային կեղտոտվածությունը որոշելու ժամանակ հարկավոր է հաշվի առնել, որ կեղտոտվածության հիմնական մասը կուտակվում է բեռնվածքի ներքևի շերտերում: Այդ պատճառով կոնտակտային պարզարաններում նմուշը պետք է վերցնել ոչ միայն մակերեսից, այլ նաև բեռնվածքի ներքևի շերտերից.
ժա) կեղտոտվածության բաշխումը ըստ բարձրության և բեռնվածքի կեղտապարունակության` պարբերաբար` ըստ բեռնվածքի պարամետրերի փոփոխության.
ժբ) ֆիլտրող բեռնվածքի մակերևույթի վիճակը` ամիսը մեկ անգամ:
XXIV. ՌԵԱԳԵՆՏ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
159. Ռեագենտ տնտեսության շահագործումը պետք է ապահովի ռեագենտների լուծույթների ժամանակին ու որակով պատրաստումը և մշակվող ջրի մեջ սահմանված դոզաներով տալը:
160. Ռեագենտ տնտեսության շահագործման անձնակազմը պարտավոր է`
ա) ժամանակին պատրաստել ռեագենտների լուծույթների պահանջվող քանակները՝ նախատեսված կոնցենտրացիաներով.
բ) մշակվող ջրի մեջ ռեագենտները տալ` պահպանելով սահմանված դոզաները, հաջորդականությունը և նրանց տալու միջև ընկած ժամանակահատվածները, որոնք սահմանում է շահագործող կազմակերպությունը` ելնելով ջրի որակից.
գ) կանոնավոր կերպով հետևել ռեագենտների պատրաստման և դոզավորող սարքերի աշխատանքին.
դ) ժամանակին ապահովել ռեագենտների պաշարը, հաշվի առնելով դրանց ծախսը և պահեստների տարողությունը.
ե) իրականացնել հաշվառում և վերահսկել ստացվող ռեագենտների մուտքը, ծախսը և որակը:
161. Ռեագենտների պահպանման կարգը, օգտագործման, պատրաստման և խառնման տեխնոլոգիան սահմանում է շահագործող կազմակերպությունը` յուրաքանչյուր ռեագենտի համար առանձին, հաշվի առնելով ռեագենտ արտադրող կազմակերպության պահպանման և օգտագործման տեխնիկական պայմանները, հատուկ ուշադրություն դարձնելով ռեագենտների գործածման ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը:
162. Ռեագենտի յուրաքանչյուր նոր քանակ ընդունելիս ստուգվում է նրա որակը հաստատող փաստաթղթի առկայությունը: Փաստաթղթում պետք է նշված լինի մատակարարող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, արտադրանքի անվանումը, թողարկման տարին և ամսաթիվը, քաշը, կատարված անալիզների հիման վրա՝ արտադրանքի որակի ցուցանիշները:
163. Մաքրման կայանում ստացվող ռեագենտի յուրաքանչյուր մասնաքանակ ենթարկում է ստուգողական անալիզի` արտադրանքում ռեագենտի ակտիվ մասի պարունակությունը ճշտելու նպատակով:
164. Ռեագենտների բեռնաթափման և նրանց պահեստներում պահելու պայմանները պետք է բավարարեն անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պահպանության կանոնների պահանջներին:
165. Ռեագենտների պահեստներում չպետք է պահվեն`
ա) նույն զետեղարանում տարբեր ռեագենտներ, որոնք կարող են քիմիական փոխազդեցության մեջ մտնել.
բ) պայթունավտանգ և հրդեհավտանգ նյութեր, քսայուղեր, սեղմված գազի բալոններ, սննդամթերք և այլն.
գ) պահեստների հաշվարկային տարողությունից ավելի շատ քանակի ռեագենտներ:
166. Ռեագենտով ջրի մշակման ռեժիմը՝ տարվա տարբեր եղանակներին, կախված օգտագործվող ռեագենտի տեսակից, սահմանվում է ֆիզիկաքիմիական, սանիտարամանրէաբանական ու տեխնոլոգիական անալիզների և ջրի մշակման փորձի տվյալների հիման վրա, որը հաստատվում է մաքրման կայանի ղեկավարության կողմից: Ընդ որում, որոշվում է ռեագենտների օգտագործման ժամանակամիջոցի սկիզբը և վերջը, կիրառվող առանձին ռեագենտների հաջորդականությունը, դրանց տալու միջև ընկած ընդմիջումները և մշակվող ջրի մեջ լցնելու տեղն ու եղանակը:
167. Մինչև բավարար քանակի շահագործման փորձի տվյալներ հավաքելը, ռեագենտների դոզաները, նրանց ներարկելու հաջորդականությունը և ներարկումների միջև ընկած ժամանակը սահմանվում է ըստ շինարարական նորմերի:
168. Կիրառվող ռեագենտների դոզան որոշում են ջրի տեխնոլոգիական անալիզի տվյալների հիման վրա: Մաքրման կառուցվածքների շահագործման ընթացքում դոզաները ճշտում են մշակվող ջրի վրա դրանց ունեցած ազդեցության արդյունավետության ստուգման արդյունքներով, հաշվի առնելով նաև ջրաղբյուրում ջրի որակի փոփոխությունը:
169. Լուծույթի պատրաստման համար բաքի մեջ լցվող ռեագենտների քանակները հեղուկ ռեագենտների համար չափում են ըստ ծավալի կամ մասսայի, իսկ պինդ ռեագենտների համար` ըստ մասսայի, հաշվի առնելով նրանցում ակտիվ մասի պարունակությունը:
170. Ռեագենտների լուծույթների դոզավորման ճշտությունը պետք է լինի 5 տոկոսի սահմաններում: Սահմանված դոզաներից կտրուկ շեղումներ, ինչպես նաև տրման ընդհատումներ չի թույլատրվում, բացառությամբ ջրի մշակման տեխնոլոգիայով նախատեսված դեպքերի:
XXV. ՋՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
171. Ցանցավոր թմբուկային ֆիլտրեր
ա) ցանցավոր թմբուկային ֆիլտրերը պետք է ապահովեն ջրից պլանկտոնի, խոշոր բերվածքների անջատումը: Նրանք ստորաբաժանվում են`
- միկրոֆիլտրեր (ցանցերի բջիջների չափերը 0,04-0,06 մմ),
- թմբուկային ցանցեր (ցանցերի բջիջների չափերը 0,3-0,5 մմ).
բ) ցանցավոր թմբուկային ֆիլտրերի շահագործումն իրականացնում են թողարկող գործարանի տեխնիկական փաստաթղթերի հիման վրա.
գ) ցանցավոր թմբուկային ֆիլտրերի շահագործման ընթացքում անձնակազմը պարտավոր է`
- ապահովել ջրի հավասարաչափ բաշխումը ֆիլտրերի միջև,
- հետևել լվացող սարքի աշխատանքին,
- չտալով ջրի մակարդակների հաշվարկային չափից ավելի մեծ տարբերություն, հետևել ցանցերի կեղտոտվածությանը,
- հետևել ցանցերի սարքին լինելուն,
- վերացնել հոսքերը ցանցային ոչ հերմետիկ միացումներից և պատռվածքներից,
- հսկել շարժաբերի և առանցքակալների սարքին լինելուն,
- կատարել սարքավորումների պրոֆիլակտիկ և ընթացիկ նորոգումներ,
- վարել ցանցային ֆիլտրերի շահագործման ամենօրյա մատյան.
դ) ցանցային էլեմենտների վնասվածքների հայտնաբերման և վերացման հարմարության համար թմբուկի տարրերը անհրաժեշտ է համարակալել.
ե) ֆիլտրող տարրերը վնասելուց զերծ պահելու նպատակով, ֆիլտրը գործի գցելու ժամանակ խուցը ջրով պետք է լցնել աստիճանաբար` կարգավորելով փականի բացվածքը.
զ) ֆիլտրերի պրոֆիլակտիկ նորոգումները նպատակահարմար է անցկացնել ամենափոքր բեռի ժամանակահատվածներում, երբ մշակման ենթակա ջրում պլանկտոնի և բերվածքների պարունակությունը նվազագույնն է:
172. Խառնարաններ
ա) խառնարանները պետք է ապահովեն ռեագենտների արագ և հավասարաչափ խառնումը մշակվող ջրի հետ, մշակվող ջրի և ռեագենտների խառնման համար պոմպերն օգտագործվում են միայն այն դեպքում, եթե վերջիններս պոմպերի վրա քայքայիչ ազդեցություն չեն գործում.
բ) խառնարանների շահագործման ընթացքում անձնակազմը պարտավոր է`
- հետևել ռեագենտների և մշակվող ջրի խառնման ընթացքին: Ռեագենտի բաշխվածությունը մշակվող ջրի մասսայում վերահսկվում է խառնարանի ելքում, նրա կոնցենտրացիան կառուցվածքի կենդանի կտրվածքի տարբեր կետերում որոշելու միջոցով,
- ժամանակին մաքրել խառնարանը կուտակված նստվածքից,
- հետևել խառնարանների սարքավորումների վիճակին:
Խառնարանների խուցերը պարբերաբար պետք է մաքրվեն` համաձայն շահագործման փորձի հիման վրա կազմված ժամանակացույցի, բայց ոչ ուշ, քան տարեկան մեկ անգամ: Խուցերի դիտայցը և մաքրումը իրականացվում է նրանց աշխատանքի ամենափոքր բեռնվածության ժամանակահատվածներում:
173. Փաթիլագոյացման խուցեր
ա) փաթիլագոյացման խուցերի աշխատանքի ռեժիմը պետք է ապահովի պարզարաններ մտնելուց առաջ մաքրվող ջրի մեջ գտնվող կոագուլավորված կախույթից փաթիլների առաջացման և խոշորացման համար ամենանպաստավոր պայմանները.
բ) փաթիլագոյացման խուցերի շահագործման անձնակազմը պարտավոր է`
- մշտապես հետևել փաթիլագոյացման խուցերի աշխատանքին, նրանցում ջրի շարժման արագությանը, ռեակցիաների ընթացքին, փաթիլների գոյացման արդյունավետությանը, համակցված փոխազդեցության խուցերում կախված նստվածքի մակարդակին (կախված նստվածքի բարձրությունը պետք է կազմի 2,5-3,0 մ),
- ժամանակին մաքրել խուցերը,
- տարվա տարբեր եղանակներին ստուգել խուցերում ջրի շարժման փաստացի արագությունը և մնալու տևողությունը,
- միջոցներ ձեռնարկել փաթիլագոյացման խուցերի աշխատանքի բարելավման համար.
գ) անկախ կուտակված նստվածքի ծավալից` փաթիլագոյացման խուցերը մաքրում են տարեկան մեկ անգամից ոչ ուշ կամ ավելի հաճախ, եթե դրա անհրաժեշտությունը կա` ելնելով տեղական պայմաններից.
դ) փաթիլագոյացման խուցերի մաքրման ժամանակ անհրաժեշտ է ստուգել նստվածքների առկայությունը և քանակը, պատերի, միջնապատերի, խողովակաշարերի միացման տեղերի, փականների և այլ սարքավորումների տեխնիկական վիճակը և միջոցներ ձեռք առնել հայտնաբերված թերությունները վերացնելու համար:
174. Պարզարաններ
ա) պարզարանները պետք է ապահովեն ջրի նախատեսված աստիճանի պարզեցումը նախքան ֆիլտրերին տալը.
բ) պարզարանների շահագործման անձնակազմը պարտավոր է`
- ապահովել պահանջվող քանակի ջրի պարզեցումը,
- հետևել նստվածքի կուտակմանը (շերտի բարձրությանը) և նրա ազդեցությանը կառուցվածքի աշխատանքի ռեժիմի վրա,
- ժամանակին հեռացնել նստվածքը (մասնակի կամ լրիվ),
- ապահովել առանձին կառուցվածքների միջև ջրի բաշխման հավասարաչափությունը,
- ապահովել պարզարանի ծավալում ջրի ճիշտ բաշխումը, ժամանակին վերացնել շուրթերի, առվակների, ճոռերի թեքվածությունը և այլն,
- մաքրել պարզարանները նախատեսված հաճախականությամբ, որը սահմանում է շահագործող կազմակերպությունը` ելնելով ջրի որակից և հաշվի առնելով ջրի որակի սեզոնային տատանումները: Դատարկելուց և նստվածքը հեռացնելուց հետո պարզարանի պատերը, միջնապատերը և հատակը լվանալ կցափողից ճնշման տակ տրվող ջրով, միաժամանակ հեռացնել խտացած նստվածքը.
գ) մաքրումը վերջացնելուց հետո պարզարանը ենթարկվում է ախտահանման քլորաջրի 25 գ/լ լուծույթով, որից հետո լվացվում է մաքուր ջրով.
դ) կախված նստվածքով պարզարանների շահագործման ընթացքում (նստվածքի շերտը պետք է պահպանվի 2-2,5 մ-ի սահմաններում) անհրաժեշտ է պարբերաբար հետևել կախված նստվածքի գոտու ամբողջ մակերեսով ջրի հավասարաչափ բաշխվելուն, ինչպես նաև պարզեցված ջրի և ավելցուկային նստվածքի հեռացման սարքավորումների, խողովակների և ճոռերի վիճակին.
ե) նստվածքախտացուցիչից նստվածքը հեռացվում է պարբերաբար կամ անընդհատ առանց պարզարանի աշխատանքը դադարեցնելու:
175. Ֆիլտրող կառուցվածքներ
ա) ֆիլտրող կառուցվածքների միջոցով մշակվող ջրի որակը պետք է հասցնել «Խմելու ջուր» Պ 51232-98 պետական ստանդարտի պահանջներին.
բ) Ֆիլտրող կառուցվածքների շահագործման անձնակազմը պարտավոր է`
- ապահովել ջրի հավասարաչափ բաշխումը ինչպես ֆիլտրերի միջև, այնպես էլ յուրաքանչյուր ֆիլտրի մակերեսին,
- պահպանել ֆիլտրման նախատեսված արագությունները, հետևել ճնշման կորուստների աճին և մաքրված ջրի որակին,
- ապահովել ջրի անհրաժեշտ մակարդակը արագ գործողության ֆիլտրի վրա,
- ժամանակին անջատել կառուցվածքները լվացման համար և հետևել նրա լվացման որակին,
- ժամանակին ջրով լցնել լվացման տարողությունները,
- հետևել փականների, հիդրավլիկական և էլեկտրական շարժաբերների, ավտոմատիկայի սարքերի, լվացման պոմպերի տեխնիկական վիճակին,
- ապահովել պատշաճ սանիտարական վիճակ ֆիլտրերի դահլիճում,
- ստուգել ֆիլտրող շերտերի հորիզոնական դասավորությունը և բեռնվածքի վիճակը.
գ) բանվորական ցիկլի ավարտը և բեռնվածքի լվանալու անհրաժեշտությունը որոշվում է` բեռնվածքի պաշտպանական գործողության ժամանակամիջոցի ավարտով, որը ուղեկցվում է ֆիլտրված ջրի որակի վատացումով և բեռնվածքում ճնշման կորուստը սահմանային արժեքին հասնելով, որը արտահայտվում է ֆիլտրման արագության սահմանված չափից փոքրանալով: Միաժամանակ նախատեսվում է ժամանակի որոշակի պաշար կեղտոտվածությունները մաքրված ջրի հետ դուրս գալը բացառելու նպատակով.
դ) Ֆիլտրերում, որպես ֆիլտրող շերտ, օգտագործվում են այն նյութերը, որոնք բավարարում են գործող շինարարական նորմերին և կանոնների պահանջներին (կվարցային ավազ, հրաբխային խարամներ, անթրացիտ և այլն).
ե) բեռնվածքի հատիկաչափական կազմը և շերտի բարձրությունը տարվա բոլոր եղանակներին պետք է ապահովեն ջրի արդյունավետ մաքրումը: Շահագործման ընթացքում ճշտվում են բեռնվածքի շերտի կազմը և բարձրությունը, անհրաժեշտության դեպքում թույլատրվում է այն փոխարինել տեղական պայմաններին ավելի լավ համապատասխանող նյութերով, հաշվի առնելով սույն կանոնների պահանջները.
զ) կառուցվածքների մեջ լցնելուց առաջ ֆիլտրող նյութերը լվացվում են և մաղերի միջոցով կամ հիդրավլիկական եղանակով տեսակավորվում են ըստ հատիկների խոշորության.
է) Ֆիլտրի մեջ ֆիլտրող նյութերը տեղադրվում են հորիզոնական շերտերով: Չի թույլատրվում շերտի առանձին տեղամասերի միջև նիշերի 4-5 մմ-ից ավելի շեղում: Տեղադրված շերտերի հորիզոնական լինելը ստուգվում է յուրաքանչյուր շերտի տեղադրումից հետո, կառուցվածքի մեջ լցված ջրի մակարդակով.
ը) բեռնվածքի ավելացման անհրաժեշտության դեպքում ֆիլտրող նյութերի վերևի շերտը (մանրացած ֆրակցիան և խառնուրդը) պետք է հեռացնել.
թ) ջրի ֆիլտրման արագության ռեժիմը ընտրվում է, հաշվի առնելով տեղական պայմանները և կառուցվածքների աշխատանքի տեխնիկա-տնտեսական հետևյալ ցուցանիշները`
- չմշակված և մաքրված ջրի ելքերը և որակը,
- բանվորական ցիկլի տևողությունը,
- լվացման հաճախականությունը և ջրի ծախսը,
- կառուցվածքներից առաջ ռեագենտների կիրառման անհրաժեշտությունը:
Ֆիլտրման բանվորական արագությունն ընտրվում է այն հաշվով, որպեսզի տարվա ցանկացած եղանակին կառուցվածքների լվացումների թիվը մեկ օրում չգերազանցի երեքից: Չի թույլատրվում կտրուկ փոփոխել ֆիլտրման արագությունը.
ժ) բեռնվածքի մեջ ջրից օդի անջատումը և դրա հետ կապված շերտերի խառնումը կանխելու համար, արագ գործողության ֆիլտրերում պետք է պահպանվի ջրի հնարավորին բարձր մակարդակ (ոչ պակաս 2 մ).
ժա) ջրի ֆիլտրման արագության մեծությունը ամբողջ ֆիլտրացիկլի ընթացքում պահպանվում է հաստատուն՝ արագության ավտոմատ կարգավորիչների միջոցով: Դրանց բացակայության դեպքում արագությունը պետք է կարգավորել ձեռքով` ըստ բեռնվածքում ճնշման կորուստների կամ ըստ ջրի ելքի հաշվառման սարքերի ցուցմունքների:
Նշված սարքերի ցուցմունքները պետք է փոխանցվեն կառուցվածքների ղեկավարման վահանակի վրա, որտեղ կատարվում է կառուցվածքների աշխատանքի անմիջական դիտարկումներ:
Ղեկավարման վահանակների, ֆիլտրման արագության կարգավորիչների և չափիչ-ստուգիչ սարքերի աշխատանքների ստուգման հաճախականությունը պետք է լինի ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ.
ժբ) այն դեպքում, երբ երկար ժամանակ տեղի չի ունենում մաքրված ջրի որակի վատացում կամ արագության նվազում, ապա բեռնվածքի լվացումը կատարում են ոչ ուշ, քան 2-3 օրը մեկ անգամ:
Ելնելով սանիտարական նկատառումներից, կոնտակտային պարզարանների աշխատանքային ցիկլի տևողությունը պետք է լինի 24 ժամից ոչ ավելի` ամռանը և 48-ից ոչ ավելի` տարվա մնացած եղանակներին: Ավտոմատացման բացակայության դեպքում ցիկլի նվազագույն տևողությունը պետք է լինի 8 ժամից ոչ պակաս.
ժգ) լվացման ռեժիմի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ աշխատանքային ցիկլի մեծ տևողությունը բերում է բեռնվածքում կեղտոտությունների կուտակմանը և ամրացմանը, դժվարացնում և վատացնում է լվացման որակը, իսկ որոշ դեպքերում նաև բերում է բեռնվածքի ֆիլտրող հատկությունների վատացմանը և այն փոխելու անհրաժեշտությանը.
ժդ) ֆիլտրող կառուցվածքների բեռնվածքը լվացվում է մաքուր ջրի ռեզերվուարի ջրով: Կոնտակտային պարզարանի բեռնվածքի լվացումը, հիգիենիկ հակահամաճարակային հսկողության մարմինների հետ համաձայնեցնելով, թույլատրվում է կատարել թմբուկային քամիչներով և քլորով մշակված ջրով: Լվացման ջրի պղտորությունը չպետք է գերազանցի 10մգ/լ-ից, իսկ կոլի ինդեքսը` 1000-ից.
ժե) ֆիլտրող կառուցվածքների բեռնվածքի լվացման ինտենսիվությունը և տևողությունը որոշվում է յուրաքանչյուր մաքրման կայանում փորձնական ճանապարհով, ըստ լվացման ջրի նվազագույն ծախսի և բեռնվածքի լվացման որակի: Լվացման ընտրված ռեժիմը պետք է բացառի բեռնվածքի շերտերի խառնումը կամ ջրի հետ բեռնվածքի հատիկների հեռացումը: Լվացման ռեժիմի ընտրման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև ֆիլտրերին տրվող ջրի ջերմաստիճանի սեզոնային տատանումները.
ժզ) կառուցվածքի լվացման ընթացքում անհրաժեշտ է պահպանել փականների փոխարկումների սահմանված հաջորդականությունը և տևողությունը, ինչպես նաև կառուցվածքներին ջրի տրման արագությունները.
ժէ) լվացման ժամանակ պահող շերտերի խախտումից և բեռնվածքի շերտերի խառնումից խուսափելու համար կառուցվածքների միացումը և անջատումը իրականացվում է լվացման ջրի ելքի աստիճանական մեծացումով (1-1,5 րոպեի ընթացքում) կամ փոքրացումով.
ժը) լվացման ժամանակ կառուցվածքներից ֆիլտրող շերտի հատիկների դուրս գալը կանխելու նպատակով լվացման ջուրը մատակարարող խողովակաշարի վրա դրված փականները պետք է ունենան կապարակնքված սահմանափակիչներ հաշվարկային ավելի մեծ ելքերը բաց չթողնելու համար.
ժթ) բեռնվածքի լվացման որակը գնահատվում է ֆիլտրի լվացմանը նախորդող և հաջորդող աշխատանքային ցիկլերում ճնշման սկզբնական կորուստների արժեքների համեմատությամբ: Ճնշման սկզբնական կորուստի աճը ցույց է տալիս, որ լվացման ռեժիմը ճիշտ չի ընտրված, լվացման արդյունավետությունը բավարար չէ և վկայում է բեռնվածքում մնացորդային կեղտոտվածության կուտակման մասին: Մնացորդային կեղտոտվածության ծավալը պետք է վերահսկվի յուրաքանչյուր 10-12 լվացումից հետո և նրա աճը 3 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 1%-ը (ըստ մասսայի).
ի) մնացորդային կեղտոտվածության 1%-ից ավելի կուտակումների դեպքում անհրաժեշտ է միջոցներ ձեռք առնել բեռնվածքից այն հեռացնելու համար: Այդ նպատակով թույլատրվում է կատարել ֆիլտրող նյութի մակերևութային լվացում կերակրի աղի, քլորի և ծծմբային անհիդրիդի լուծույթով: Այդ միջոցների կիրառման արդյունավետությունը նախապես ստուգվում է փորձնական եղանակով` լաբորատոր պայմաններում:
Այն դեպքում, երբ քիմիական մշակումը չի ապահովում անհրաժեշտ արդյունքը, կատարվում է բեռնվածքի փոխարինում նոր, լվացված ֆիլտրող նյութով.
իա) կոնտակտային պարզարանների լվացումից հետո մաքրված ջրի սկզբնական մասը հեռացվում է արտադրական ջրահեռացման ցանց: Հեռացման տևողությունը, ելնելով մաքրված ջրի որակից, սահմանվում է փորձնական ճանապարհով:
Մինչև փորձնական տվյալների կուտակվելը, սկզբնական ջրի բաց թողնելու տևողությունը կարող է ընդունվել մաքրված ջրով լվանալու դեպքում` 5-10 րոպե, ջրաօդային լվացման դեպքում` 5-7 րոպե, չմաքրված ջրով լվանալու դեպքում` համապատասխանաբար 10-15 րոպե և 7-10 րոպե.
իբ) ֆիլտրող կառուցվածքների շահագործման ընթացքում ամիսը մեկ անգամ կատարվում է բեռնվածքի մակերևույթի զննում: Այդ նպատակով լվացման ընթացքում ջրի մակարդակը իջեցվում է ֆիլտրող շերտի մակարդակից ներքև: Կառուցվածքը վերագործարկվում է միայն հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո:
Դիտարկումների ժամանակ հետազոտվում է բեռնվածքի մակերեսի ընդհանուր վիճակը, կեղտոտվածությունների բաշխումը (մինչև լվացումը) և մնացորդային կեղտոտվածությունը (լվացումից հետո), ձագարների, ճեղքերի առկայությունը, պահող շերտերի բարձրանալը ֆիլտրող շերտի մակերևույթ.
իգ) պահող շերտի հորիզոնական լինելը ստուգում են 6 ամիսը մեկ անգամ: Ստուգումը իրականացվում է լվացման ժամանակ, հատուկ շարժական բազրիքներով կամրջակից` զոնդոցի օգնությամբ.
իդ) կոնտակտային պարզարանների ջրաբաշխիչ համակարգը խցանումից պաշտպանելու համար կատարվում է ցանցերի լվացում, ինչպես նաև մուտքի խուցերի մաքրում և լվացում: Ցանցերը պետք է զննել ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ, բաշխիչ համակարգը` ոչ ուշ, քան տարին մեկ անգամ.
իե) ֆիլտրերի բեռնվածքը, եթե մաքրվող ջուրը տրվում է առանց նախնական քլորացման, պարբերաբար (3-4 ամիսը մեկ անգամ) լվացվում է 100-200 մգ/լ կոնցենտրացիա ունեցող քլորաջրով՝ 8-10 րոպե տևողությամբ:
XXVI. ՋՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
176. Ջրի ախտահանման կառուցվածքների և սարքավորումների շահագործման միջոցով պետք է ապահովել մշակվող ջրի որակը ըստ մանրէաբանական ցուցանիշների, Պ 51232-98 պետական ստանդարտի պահանջներին համապատասխան:
177. Քլորակայան
ա) քլորակայանը շահագործող անձնակազմը պարտավոր է`
- կատարել կանոնավոր գրանցումներ քլորի ստացման և ծախսի մատյանում,
- ապահովել սարքերի և սարքավորումների անվթար աշխատանքը,
- վերահսկել և պահպանել ախտահանող լուծույթի անհրաժեշտ դոզան,
- անցկացնել քլորազտիչների, փակող արմատուրայի և տեխնոլոգիական մյուս սարքավորումների ստուգումներ, ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ (ներդիրների փոխարինումներով),
- ժամանակին (ըստ ժամանակացույցի) կատարել սարքավորումների ծրագրային-նախազգուշական նորոգումներ.
բ) քլորակայանում աշխատել թույլատրվում է միայն քլորի տնտեսության սպասարկման, շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնները սովորած և քննություն հանձնած անձնակազմին: Գիտելիքների ստուգումը կատարվում է ամեն տարի, որի արդյունքները գրանցվում են հատուկ մատյանում: Քննություն հանձնողներին կարող է տրվել սահմանված նմուշի վկայական.
գ) քլորի տարողությունների տեղափոխումը պետք է կատարվի մեքենայացված, վերամբարձիչները պետք է ունենան երկու արգելակման սարքեր: Ձեռքի ամբարձիչներում արգելակման մեկ սարքը կարող է փոխարինվել ինքնարգելակվող փոխանցումով.
դ) բալոնները քլորի գոլորշիացման ժամանակ տեղադրվում են հորիզոնական դիրքով.
ե) քլորի բալոնը միացվում է կեղտազտիչի հետ միայն փականներ ունեցող բաշխիչի միջոցով, որոնք ամրացվում են բալոնի գլխիկին.
զ) քլորակայաններում անհրաժեշտ է ունենալ հատուկ պատյան, որտեղ տեղադրվում է վթարային պայմաններում աշխատող բալոնը.
է) քլորակայաններում պետք է նախատեսել ջրով լցված վնասազերծման փոսորակ, որի մոտ պետք է պահվի հիպոսուլֆիտի և կալցիումական սոդայի չոր ռեագենտների պաշար (1:2 հարաբերությամբ), բալոնների վնասազերծման համար 100 կգ-ից ոչ պակաս քանակով, իսկ ցիստեռների համար` 1000 կգ-ից ոչ պակաս:
178. Բակտերիցիդային կայան
ա) բակտերիցիդային կայանի շահագործման ընթացքում անձնակազմը պարտավոր է`
- հետևել սարքավորման աշխատանքին և հատուկ մատյանում պարբերաբար գրանցել տվյալներ ջրի ծախսի, լամպերի աշխատաժամանակի, էլեկտրական պարամետրերի, չմշակված և ախտահանված ջրի ֆիզիկո-քիմիական և մանրէաբանական ցուցանիշների, ինչպես նաև պրոֆիլակտիկ դիտարկումների, կվարցային պատյանների մաքրման, կատարված նորոգումների և լամպերը փոխելու վերաբերյալ,
- ապահովել տրվող ջրի նախատեսված քանակությունը` չգերազանցելով բակտերիցիդային սարքավորման թույլատրելի արտադրողականությունը,
- մաքրել կվարցային պատյանների արտաքին մակերեսը ոչ պակաս քան ամիսը 1-2 անգամ,
- վերահսկել լամպերի աշխատանքի ռեժիմը և ժամանակին դրանք փոխել.
բ) բակտերիցիդային սարքավորման ընդհանուր տեխնիկական շահագործումը իրականացվում է այն պատրաստող գործարանի տեխնիկական փաստաթղթերին համապատասխան: Սպասարկող անձնակազմը յուրաքանչյուր տիպի սարքավորման համար պետք է անցնի հատուկ ուսուցման դասընթացներ, այդ թվում` անվտանգության տեխնիկայի կանոնների ուսուցման վերաբերյալ.
գ) բակտերիցիդային սարքերը շահագործման հանձնելուց առաջ, ինչպես նաև բոլոր նորոգման աշխատանքներից հետո, որոնք կապված են սարքավորման բացելու հետ, լվացվում և մշակվում են ակտիվ քլորի 5-10 մգ/լ կոնցենտրացիայի լուծույթով, 1-2 ժամ տևողությամբ.
դ) արգելվում է բակտերիցիդ սարքի աշխատացնելը առանց խցիկները ջրով լցնելու: Ջուրը սպառողներին թույլատրվում է տալ լամպերը միացնելուց 10-15 րոպե հետո:
179. «Ստրույա» տիպի ջրի մաքրման կայան
ա) ջրի մաքրման «Ստրույա» տիպի սարքի շահագործումը իրականացվում է թողարկող գործարանի տեխնիկական փաստաթղթերի համաձայն.
բ) «Ստրույա» տիպի մաքրման սարքերի շահագործման ընթացքում անձնակազմը պարտավոր է`
- ապահովել ռեագենտների լուծույթների ժամանակին պատրաստումը,
- պահպանել պոմպերի և պոմպ-դոզատորների աշխատանքի նախատեսված ռեժիմները,
- ապահովել ռեագենտների տալը պահանջվող դոզաներով,
- հսկողության ենթարկել չմշակված և մաքրված ջրերի որակը,
- սարքավորումը ժամանակին անջատել լվացման` ապահովելով լվացման համար նախատեսված ռեժիմը,
- ժամանակին վերացնել սարքավորումների աշխատանքում հայտնաբերված անսարքությունները, թերությունները.
գ) ամսվա ընթացքում 1-4 անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` ավելի հաճախ կատարել չմշակված և մաքրված ջրերի անալիզները` պղտորության, համի, հոտի, մնացորդային քլորի, գունավորվածության և կոլի ինդեքսի որոշմամբ.
դ) սարքավորման լվացումը իրականացվում է ճնշման կորուստները սահմանային արժեքին հասնելու դեպքում (5 մ-ից):
(հավելվածը լրաց., փոփ. 12.04.04 N 058-Ն)