«ԿՈՒՅՐԵՐԻ, ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԸՆԹԵՐՑՈՂՈՒԹՅԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԱՅԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԱՐԱՔԵՇԻ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ներածություն
Հոդված 1. Առնչությունն այլ կոնվենցիաների և պայմանագրերի հետ
Հոդված 2. Սահմանումներ
Հոդված 3. Շահառուներ
Հոդված 4. Ազգային օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և բացառություններ մատչելի ձևաչափով օրինակների նկատմամբ
Հոդված 5. Մատչելի ձևաչափով օրինակների միջսահմանային փոխանակում
Հոդված 6. Մատչելի ձևաչափով օրինակների ներմուծում
Հոդված 7. Տեխնիկական միջոցների վերաբերյալ պարտավորություններ
Հոդված 8. Անձնական տվյալների անձեռնմխելիությունը
Հոդված 9. Միջսահմանային փոխանակումը հեշտացնելու համար համագործակցություն
Հոդված 10. Կիրառման ընդհանուր սկզբունքները
Հոդված 11. Սահմանափակումների և բացառությունների վերաբերյալ ընդհանուր պարտավորություններ
Հոդված 12. Այլ սահմանափակումներ և բացառություններ
Հոդված 13. Ասամբլեա
Հոդված 14. Միջազգային բյուրո
Հոդված 15. Պայմանագրի Կողմ դառնալու իրավունքը
Հոդված 16. Պայմանագրով սահմանված իրավունքները և պարտավորությունները
Հոդված 17. Պայմանագրի ստորագրումը
Հոդված 18. Պայմանագրի ուժի մեջ մտնելը
Հոդված 19. Պայմանագրի Կողմ դառնալու օրը
Հոդված 20. Պայմանագիրը չեղյալ հայտարարելը
Հոդված 21. Պայմանագրի լեզուները
Հոդված 22. Ավանդապահը
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Պայմանավորվող կողմերը,
վերհիշելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և Միավորված ազգերի կազմակերպության՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով հռչակված անխտրականության, հավասար հնարավորությունների, մատչելիության և լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հասարակության մեջ ներգրավվածության սկզբունքները,
գիտակցելով այն մարտահրավերները, որոնք խանգարում են տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցանության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համակողմանի զարգացմանը, սահմանափակում են նրանց ինքնարտահայտման ազատությունը, այդ թվում՝ այլ անձանց հետ հավասար տեղեկատվություն և ցանկացած տեսակի գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը, ներառյալ, նրանց ընտրությամբ, հաղորդակցության բոլոր միջոցներով կրթության իրավունքի իրականացումը և հետազոտություններ կատարելու հնարավորությունը,
ընդգծելով հեղինակային իրավունքի պաշտպանության կարևորությունն իբրև խրախուսում և փոխհատուցում գրական և գեղարվեստական ստեղծագործությունների համար և յուրաքանչյուրի, այդ թվում` տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ այլ տպագիր ստեղծագործությունների հասանելիության դժվարություններ ունեցող անձանց՝ հասարակության մշակութային կյանքին մասնակցություն ունենալու, արվեստի ստեղծագործությունները վայելելու և գիտական առաջընթացով ու դրա արդյունքներով կիսվելու հնարավորությունները բարելավելու կարևորությունը,
գիտակցելով տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ այլ տպագիր ստեղծագործությունների հասանելիության դժվարություններ ունեցող անձանց՝ հասարակությունում իրենց հավասար հնարավորություններն իրացնելու համար տպագիր ստեղծագործությունների մատչելիության հարցում առկա խոչընդոտները և մատչելի ձևաչափով այդ ստեղծագործությունների օրինակների քանակը մեծացնելու և այդ ստեղծագործությունների շրջանառությունը բարելավելու անհրաժեշտությունը,
հաշվի առնելով այն, որ տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ տպագիր ստեղծագործությունների հասանելիության այլ դժվարություններ ունեցող անձանց մեծամասնությունն ապրում է զարգացող կամ թույլ զարգացած երկրներում,
գիտակցելով, որ, չնայած հեղինակային իրավունքի ազգային օրենսդրությունների մեջ առկա տարբերություններին, տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների դրական ազդեցությունը տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ այլ տպագիր ստեղծագործությունների հասանելիության դժվարություններ ունեցող անձանց կյանքում կարող է մեծանալ միջազգային մակարդակով ամրապնդված իրավական համակարգով,
գիտակցելով, որ շատ անդամ պետություններ տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ այլ տպագիր ստեղծագործությունների հասանելիության դժվարություններ ունեցող անձանց համար իրենց ազգային օրենսդրությամբ նախատեսում են հեղինակային իրավունքի սահմանափակումներ և բացառություններ, այնուամենայնիվ, այդ անձանց համար դեռևս առկա է մատչելի ձևաչափով ստեղծագործությունների օրինակների սակավություն, և որ այդ անձանց համար ստեղծագործությունների մատչելիությունն ապահովելուն ուղղված պետությունների ջանքերը զգալի ռեսուրսներ են պահանջում, ինչպես նաև՝ որ մատչելի ձևաչափով օրինակների միջսահմանային փոխանակման հնարավորությունների բացակայության հետևանքով առաջանում է այդ ջանքերի կրկնապատկման անհրաժեշտություն,
գիտակցելով տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ այլ տպագիր ստեղծագործությունների հասանելիության դժվարություններ ունեցող անձանց համար իրավատերերի դերի կարևորությունը իրենց ստեղծագործությունների մատչելիությունն ապահովելու հարցում և այդ անձանց համար ստեղծագործությունները հասանելի դարձնելուն ուղղված համապատասխան բացառությունների ու սահմանափակումների կարևորությունը հատկապես այն դեպքում, երբ շուկան անկարող է ապահովել այդ հասանելիությունը,
գիտակցելով հեղինակների իրավունքների արդյունավետ պաշտպանության և լայն հասարակության շահերի միջև հավասարակշռություն պահպանելու անհրաժեշտությունը, մասնավորապես կրթության, հետազոտությունների և տեղեկատվության մատչելիության առումով, և այն, որ այդպիսի հավասարակշռությունը պետք է դյուրացնի ստեղծագործություններին արդյունավետ և ժամանակին հասանելիություն՝ ի նպաստ տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ այլ տպագիր ստեղծագործությունների հասանելիության դժվարություններ ունեցող անձանց,
հաստատելով հեղինակային իրավունքի պաշտպանության առկա միջազգային պայմանագրերով Պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունները և «Գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պաշտպանության մասին» Բեռնի կոնվենցիայի 9(2) հոդվածով սահմանված բացառությունների և սահմանափակումների եռաստիճան ստուգման կարևորությունն ու ճկունությունը և այլ միջազգային փաստաթղթերը,
վերհիշելով 2007 թվականին Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ՄՍՀԿ) գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Զարգացման օրակարգի առաջարկությունների կարևորությունը, որոնց նպատակն է ապահովել, որ զարգացման նկատառումները կազմեն ՄՍՀԿ-ի գործունեության անբաժանելի մասը,
գիտակցելով հեղինակային իրավունքի միջազգային համակարգի կարևորությունը և ձգտելով ներդաշնակեցնել սահմանափակումներն ու բացառությունները՝ նպատակ ունենալով դյուրացնելու տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ այլ տպագիր ստեղծագործություններին հասանելիության դժվարություններ ունեցող անձանց համար ստեղծագործությունների հասանելիությունը և օգտագործումը,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Առնչությունն այլ կոնվենցիաների և պայմանագրերի հետ
Սույն Պայմանագրով չի նվազեցվում որևէ պարտավորություն, որը Պայմանավորվող կողմերն ունեն միմյանց նկատմամբ որևէ այլ պայմանագրով, և չի վնասում որևէ իրավունք, որը Պայմանավորվող կողմերն ունեն որևէ այլ պայմանագրով:
Հոդված 2
Սահմանումներ
Սույն Պայմանագրի նպատակով՝
ա) «ստեղծագործություններ» նշանակում է՝ «Գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պաշտպանության մասին» Բեռնի կոնվենցիայի 2(1) հոդվածի իմաստով գրական և գեղարվեստական ստեղծագործություններ՝ տեքստի, նոտագրման և (կամ) դրանց հետ կապակցված նկարազարդումների ձևով՝ լինեն դրանք հրապարակված, թե այլ ձևով հանրությանը մատչելի դարձված ցանկացած ԶԼՄ-ով,
բ) «մատչելի ձևաչափով օրինակ» նշանակում է՝ ստեղծագործության օրինակն այլընտրանքային եղանակով կամ ձևով, որն ապահովում է շահառուի համար ստեղծագործության հասանելիությունը, ներառյալ՝ թույլ է տալիս նրան ունենալ նույնքան դյուրին և հարմարավետ հասանելիություն, որքան այն անձին, ով չունի տեսողությունից հաշմանդամություն կամ այլ տպագիր ստեղծագործություններին հասանելիություն ունենալու դժվարություններ: Մատչելի ձևաչափով օրինակն օգտագործվում է բացառապես շահառուների կողմից, և այն պետք է պահպանի բնօրինակ ստեղծագործության ամբողջականությունը` պատշաճ կերպով հաշվի առնելով այլընտրանքային ձևաչափով ստեղծագործությունը մատչելի դարձնելու համար անհրաժեշտ փոփոխությունները և շահառուների համար մատչելիության կարիքները,
գ) «լիազոր մարմին» նշանակում է՝ մարմին, որը լիազորված կամ ճանաչված է կառավարության կողմից՝ շահառուներին ոչ առևտրային հիմունքներով տրամադրելու կրթություն, ուսումնական վերապատրաստում, հարմարեցված ընթերցանություն կամ տեղեկատվության հասանելիություն: Այն ներառում է նաև պետական հաստատությունը կամ շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որը, որպես իր հիմնական գործունեություն կամ ինստիտուցիոնալ պարտավորություն, շահառուներին տրամադրում է նույն ծառայությունները:
Լիազոր մարմինը սահմանում և հետևում է իր սեփական գործելակերպին՝ նպատակ ունենալով.
i) հաստատելու, որ սպասարկվող անձինք իսկապես շահառուներ են,
ii) սահմանափակելու շահառուների և (կամ) լիազորված անձանց կողմից մատչելի ձևաչափով օրինակների տարածումը և հասանելի դարձնելը,
iii) կանխելու անօրինական օրինակների վերարտադրումը, տարածումն ու մատչելի դարձնելը, և
iv) ստեղծագործության օրինակները կառավարելու ընթացքում պատշաճ հոգատարություն ցուցաբերել և հաշվառել դրանք՝ հարգելով շահառուների անձնական տվյալների անձեռնմխելիությունը՝ 8-րդ հոդվածին համապատասխան:
Հոդված 3
Շահառուներ
Շահառուն այն անձն է, ով.
ա) կույր է,
բ) ունի տեսողության խանգարում կամ ընկալելու կամ կարդալու սահմանափակ ունակություն, որն անհնար է ուղղել այնպես, որ տեսողության ֆունկցիան էապես համարժեք դառնա այն անձի տեսողության ֆունկցիային, ով չունի այդպիսի խանգարում կամ ունակությունների այդպիսի սահմանափակում, և ով ի վիճակի չէ տպագիր ստեղծագործությունը կարդալ հիմնականում այն չափով, որքանով առանց տեսողության խանգարումներ կամ սահմանափակումներ ունեցող անձը, կամ
գ) այլ պատճառներով ֆիզիկական հաշմանդամության հետևանքով ի վիճակի չէ գիրքը ձեռքում պահել կամ վարվել դրա հետ, կամ կենտրոնացնել հայացքը, կամ աչքերը շարժել այնպես, ինչպես սովորաբար ընդունելի է կարդալու համար:
Հոդված 4
Ազգային օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և բացառություններ մատչելի ձևաչափով օրինակների նկատմամբ
1. ա) Պայմանավորվող կողմերն իրենց հեղինակային իրավունքը կարգավորող ազգային օրենսդրությամբ նախատեսում են վերարտադրման իրավունքի, տարածման իրավունքի և հանրությանը մատչելի դարձնելու իրավունքի սահմանափակում կամ բացառություն, ինչպես նախատեսված է ՄՍՀԿ Հեղինակային իրավունքի պայմանագրով (WCT), դյուրացնելու ստեղծագործությունների մատչելի ձևաչափով օրինակների մատչելիությունը շահառուների համար: Ազգային օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումը կամ բացառությունը պետք է թույլ տա կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ ստեղծագործությունը այլընտրանքային ձևաչափով մատչելի դարձնելու համար:
բ) Պայմանավորվող կողմերը կարող են նախատեսել նաև հրապարակային կատարման իրավունքի սահմանափակում կամ բացառություն՝ շահառուների համար ստեղծագործության հասանելիությունը դյուրացնելու նպատակով:
2. Պայմանավորվող կողմը կարող է իրականացնել 4(1) հոդվածի դրույթը հոդվածով սահմանված բոլոր իրավունքների համար՝ հեղինակային իրավունքի իր ազգային օրենսդրության մեջ նախատեսելով այնպիսի սահմանափակում կամ բացառություն, որով.
ա) լիազոր մարմիններին թույլատրվում է, առանց հեղինակային իրավունքի իրավատիրոջ համաձայնության, պատրաստել ստեղծագործության մատչելի ձևաչափով օրինակ, այլ լիազոր մարմնից ձեռք բերել մատչելի ձևաչափով օրինակ և ցանկացած միջոցով տրամադրել այդ օրինակները շահառուներին, ներառյալ՝ ոչ առևտրային նպատակով փոխատվության կամ հաղորդալարով կամ առանց հաղորդալարի էլեկտրոնային հաղորդման միջոցներով, և ձեռնարկել ցանկացած միջնորդական քայլ՝ այդ նպատակներին հասնելու համար, երբ պահպանված են հետևյալ բոլոր պայմանները.
i) լիազոր մարմինը, որը ցանկանում է իրականացնել նշված գործունեությունը, ունի օրինական հասանելիություն այդ ստեղծագործությանը կամ այդ ստեղծագործության օրինակին,
ii) ստեղծագործությունը փոխակերպվում է մատչելի ձևաչափով օրինակի, որը կարող է ներառել ցանկացած միջոց, որն անհրաժեշտ է մատչելի ձևաչափով տեղեկատվության կառավարման համար, սակայն չի նախատեսում փոփոխություններ՝ բացի նրանցից, որոնք անհրաժեշտ են ստեղծագործությունը շահառուին մատչելի դարձնելու համար,
iii) այդպիսի մատչելի ձևաչափով օրինակները տրամադրվում են՝ բացառապես շահառուների կողմից օգտագործվելու համար, և
iv) գործունեությունն իրականացվում է շահույթ չհետապնդելու նպատակով,
և
բ) շահառուն կամ նրա անունից գործող այլ անձը, ներառյալ հիմնական խնամակալը կամ խնամք իրականացնող այլ անձը, շահառուի անձնական օգտագործման համար կարող է պատրաստել ստեղծագործության մատչելի ձևաչափով օրինակ կամ կարող է շահառուին աջակցել այլ կերպ մատչելի ձևաչափով օրինակներ պատրաստելու և օգտագործելու համար, եթե շահառուն ունի օրինական հասանելիություն այդ ստեղծագործությանը կամ այդ ստեղծագործության օրինակին:
3. Պայմանավորվող կողմը կարող է իրականացնել 4(1) հոդվածի դրույթը՝ նախատեսելով հեղինակային իրավունքը կարգավորող իր ազգային օրենսդրության մեջ այլ սահմանափակումներ կամ բացառություններ՝ համաձայն 10-րդ և 11-րդ հոդվածների:
4. Պայմանավորվող կողմը կարող է սահմանափակել սույն հոդվածով նախատեսված սահմանափակումների և բացառությունների կիրառումն այն ստեղծագործությունների նկատմամբ, որոնք համապատասխան մատչելի ձևաչափով չեն կարող առևտրային ճանապարհով ձեռք բերվել շահառուների համար ողջամիտ պայմաններով այդ շուկայում: Այս հնարավորությունից օգտվող յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ այդ մասին հայտնում է ՄՍՀԿ գլխավոր տնօրենին ի պահ հանձնված ծանուցման մեջ՝ սույն Պայմանագիրը վավերացնելու, ընդունելու կամ դրան միանալու ժամանակ կամ դրանից հետո՝ ցանկացած ժամանակ:
5. Ազգային օրենսդրությամբ է սահմանվում` արդյոք սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները կամ բացառությունները ենթակա են վարձատրության վճարման, թե ոչ:
Հոդված 5
Մատչելի ձևաչափով օրինակների միջսահմանային փոխանակում
1. Պայմանավորվող կողմերը նախատեսում են, որ եթե մատչելի ձևաչափով օրինակը պատրաստված է սահմանափակման կամ բացառության համապատասխան կամ ըստ օրենքի, ապա այդ մատչելի ձևաչափով օրինակը կարող է լիազոր մարմնի կողմից տարածվել կամ մատչելի դարձվել շահառուին կամ այլ Պայմանավորվող կողմի լիազոր մարմնին:
2. Պայմանավորվող կողմը կարող է իրականացնել 5(1) հոդվածը՝ հեղինակային իրավունքը կարգավորող իր ազգային օրենսդրության մեջ նախատեսելով սահմանափակում կամ բացառություն, որի համաձայն.
ա) լիազոր մարմիններին թույլատրվում է, առանց իրավատիրոջ համաձայնության, մատչելի ձևաչափով օրինակները տարածել կամ մատչելի դարձնել մեկ այլ Պայմանավորվող կողմի լիազոր մարմնին՝ բացառապես շահառուների օգտագործման համար, և
բ) լիազոր մարմիններին թույլատրվում է, առանց իրավատիրոջ համաձայնության, և 2(գ) հոդվածի համաձայն՝ հասանելի ձևաչափով օրինակները տարածել կամ մատչելի դարձնել մեկ այլ Պայմանավորվող կողմի շահառուներին՝
պայմանով, որ նախքան տարածելը կամ մատչելի դարձնելը առաջնային լիազոր մարմինը չի իմացել կամ չի ունեցել բավարար հիմքեր՝ իմանալու, որ հասանելի ձևաչափով օրինակը կարող է օգտագործվել շահառու չհանդիսացող այլ անձանց կողմից:
3. Պայմանավորվող կողմը կարող է իրականացնել 5(1) հոդվածը՝ հեղինակային իրավունքը կարգավորող իր ազգային օրենսդրության մեջ նախատեսելով սահմանափակումներ կամ բացառություններ` համաձայն 5(4), 10-րդ և 11-րդ հոդվածների:
4. ա) Եթե Պայմանավորվող կողմի լիազոր մարմինը 5(1) հոդվածի համաձայն ստանում է մատչելի ձևաչափով օրինակներ, և այդ Պայմանավորվող կողմը Բեռնի կոնվենցիայի 9-րդ հոդվածով պարտավորություններ չունի, ապա, համաձայն իր իրավական համակարգի և գործելակերպի, ապահովում է, որ հասանելի ձևաչափով օրինակները վերարտադրվեն, տարածվեն կամ մատչելի դառնան միայն շահառուների շահերի համար՝ այդ Պայմանավորվող կողմի իրավազորության սահմաններում։
բ) 5(1) հոդվածի համաձայն` լիազոր մարմնի կողմից մատչելի ձևաչափով օրինակների տարածումը և մատչելի դարձնելը սահմանափակվում է այդ իրավազորության սահմաններում, եթե Պայմանավորվող կողմը ՄՍՀԿ Հեղինակային իրավունքի պայմանագրի կողմ չէ կամ այլ կերպ չի սահմանափակում սույն Պայմանագրով կիրառվող տարածման իրավունքի և հանրության համար մատչելի դարձնելու իրավունքի սահմանափակումներն ու բացառությունները որոշ հատուկ դեպքերում, որոնք չեն վնասում ստեղծագործության բնականոն օգտագործմանը և անհիմն կերպով չեն ոտնահարում իրավատիրոջ օրինական շահերը:
գ) Սույն հոդվածում ոչինչ չի ազդում՝ սահմանելու, թե որոնք են համարվում տարածման կամ հանրությանը մատչելի դարձնելու իրավունքները:
5. Սույն Պայմանագրում ոչինչ չի օգտագործվում անդրադառնալու իրավունքների սպառման հարցի լուծմանը:
Հոդված 6
Մատչելի ձևաչափով օրինակների ներմուծում
Այնքանով, որքանով Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությունը թույլ է տալիս շահառուին, նրա անունից գործող անձին կամ լիազոր մարմնին պատրաստել ստեղծագործության մատչելի ձևաչափով օրինակներ, այդ Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրության համաձայն՝ նրանց թույլատրվում է նաև, առանց իրավատիրոջ համաձայնության, ներմուծել մատչելի ձևաչափով օրինակներ` ի շահ շահառուների:
Հոդված 7
Տեխնիկական միջոցների վերաբերյալ պարտավորություններ
Պայմանավորվող կողմերը անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ են ձեռնարկում` ապահովելու համար, որ երբ իրենք նախատեսում են համարժեք իրավական պաշտպանություն և արդյունավետ տեխնիկական միջոցների շրջանցման դեմ արդյունավետ իրավական միջոցների իրականացում, այդ իրավական պաշտպանությունը չխոչընդոտի շահառուներին օգտվել սույն Պայմանագրով նախատեսված սահմանափակումներից և բացառություններից:
Հոդված 8
Անձնական տվյալների անձեռնմխելիությունը
Սույն Պայմանագրով նախատեսված սահմանափակումների և բացառությունների կիրառման ընթացքում Պայմանավորվող կողմերը ջանքեր են գործադրում պաշտպանելու շահառուների անձնական տվյալների անձեռնմխելիությունը, ինչպես մյուսներինը՝ հավասար հիմունքներով:
Հոդված 9
Միջսահմանային փոխանակումը հեշտացնելու համար համագործակցություն
1. Պայմանավորվող կողմերը փորձում են նպաստել մատչելի ձևաչափով օրինակների միջսահմանային փոխանակմանը` խրախուսելով տեղեկատվության կամավոր փոխանակումը լիազոր մարմինների միջև՝ մեկը մյուսին նույնականացնելու նպատակով: ՄՍՀԿ միջազգային բյուրոն այս նպատակով հիմնադրում է տեղեկատվության հասանելիության կետ:
2. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են 5-րդ հոդվածով նախատեսված գործունեությամբ զբաղվող իրենց լիազոր մարմիններին աջակցել 2(գ) հոդվածի համաձայն իրենց գործելակերպին վերաբերող տեղեկատվությունը հասանելի դարձնելու հարցում, փոխանակվել տեղեկատվությամբ լիազոր մարմինների միջև և իրենց քաղաքականության և գործելակերպի մասին տեղեկատվություն տրամադրելու միջոցով, ներառյալ մատչելի ձևաչափի օրինակների միջսահմանային փոխանակման մասին տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում շահագրգիռ կողմերի և հանրության անդամների համար:
3. ՄՍՀԿ միջազգային բյուրոյին առաջարկվում է տրամադրել տեղեկատվություն, եթե կա այդպիսին՝ սույն Պայմանագրի գործողության համար։
4. Պայմանավորվող կողմերն ընդունում են միջազգային համագործակցության և դրա խթանման կարևորությունը՝ որպես աջակցություն սույն Պայմանագրի նպատակների և խնդիրների իրականացման համար տարվող ազգային ջանքերի:
Հոդված 10
Կիրառման ընդհանուր սկզբունքները
1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն Պայմանագրի կատարման համար:
2. Ոչինչ չի խոչընդոտում Պայմանավորվող կողմերին սահմանել սույն Պայմանագրի դրույթների կատարման համապատասխան մեթոդ՝ իրենց իրավական համակարգի և գործելակերպի համաձայն:
3. Պայմանավորվող կողմերը կարող են սույն Պայմանագրով սահմանված իրենց իրավունքներն ու պարտավորություններն իրականացնել իրենց ազգային իրավական համակարգի և գործելակերպի շրջանակներում՝ հատկապես հօգուտ շահառուների համար սահմանված սահմանափակումների կամ բացառությունների, այլ սահմանափակումների կամ բացառությունների միջոցով կամ դրանց համադրությամբ: Դրանք կարող են ներառել դատական, վարչական կամ այլ նորմատիվ կարգավորումներ հօգուտ շահառուների՝ բարեխիղճ գործելակերպի, համաձայնությունների կամ օգտագործման փոխհարաբերությունների նկատմամբ՝ ուղղված նրանց կարիքների բավարարմանը՝ համաձայն Բեռնի կոնվենցիայով, այլ միջազգային պայմանագրերով և 11-րդ հոդվածով սահմանված՝ Պայմանավորվող կողմերի իրավունքների և պարտավորությունների:
Հոդված 11
Սահմանափակումների և բացառությունների վերաբերյալ ընդհանուր պարտավորություններ
Սույն Պայմանագրի կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների ընդունման ժամանակ Պայմանավորվող կողմերը կարող են իրականացնել այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք տվյալ Պայմանավորվող կողմն ունի՝ համաձայն Բեռնի կոնվենցիայի, Մտավոր սեփականության իրավունքների առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրի և ՄՍՀԿ Հեղինակային իրավունքի պայմանագրի, ներառյալ դրանց մեկնաբանությունների վերաբերյալ համաձայնությունները, այնպես, որ.
ա) համաձայն Բեռնի կոնվենցիայի 9(2) հոդվածի` Պայմանավորվող կողմը կարող է թույլատրել ստեղծագործությունների վերարտադրություն որոշակի հատուկ դեպքերում` պայմանով, որ այդպիսի վերարտադրությունը չի հակասում ստեղծագործության բնականոն օգտագործմանը և անհիմն կերպով չի վնասում հեղինակի օրինական շահերը,
բ) համաձայն Մտավոր սեփականության իրավունքների առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրի 13-րդ հոդվածի` Պայմանավորվող կողմը որոշակի հատուկ դեպքերում բացառիկ իրավունքների նկատմամբ կիրառում է սահմանափակումներ կամ բացառություններ, որոնք չեն հակասում ստեղծագործության բնականոն օգտագործմանը և անհիմն կերպով չեն վնասում իրավատիրոջ օրինական շահերը,
գ) համաձայն ՄՍՀԿ Հեղինակային իրավունքի պայմանագրի 10(1) հոդվածի՝ Պայմանավորվող կողմը կարող է WCT պայմանագրով հեղինակներին տրվող իրավունքների նկատմամբ նախատեսել սահմանափակումներ կամ բացառություններ որոշակի հատուկ դեպքերում, որոնք չեն հակասում ստեղծագործության բնականոն օգտագործմանը և անհիմն կերպով չեն վնասում հեղինակի օրինական շահերը,
դ) համաձայն ՄՍՀԿ Հեղինակային իրավունքի պայմանագրի 10(2) հոդվածի` Պայմանավորվող կողմը Բեռնի կոնվենցիան կիրառելիս նախատեսում է իրավունքների ցանկացած սահմանափակում կամ բացառություն որոշակի հատուկ դեպքերում, որոնք չեն հակասում ստեղծագործության բնականոն օգտագործմանը և անհիմն կերպով չեն վնասում հեղինակի օրինական շահերը։
Հոդված 12
Այլ սահմանափակումներ և բացառություններ
1. Պայմանավորվող կողմերն ընդունում են, որ Պայմանավորվող կողմը կարող է հօգուտ շահառուների իր ազգային օրենսդրությամբ կիրառել սույն Պայմանագրով սահմանվածից բացի հեղինակային իրավունքի այլ սահմանափակումներ և բացառություններ՝ հաշվի առնելով տվյալ Պայմանավորվող կողմի տնտեսական վիճակը և նրա սոցիալական և մշակութային կարիքները, տվյալ Պայմանավորվող կողմի միջազգային իրավունքներին և պարտավորություններին համապատասխան, իսկ թույլ զարգացած երկրի դեպքում՝ հաշվի առնելով նրա առանձնահատուկ կարիքները և հատուկ միջազգային իրավունքներն ու պարտավորությունները և դրանցից բխող ճկունության հնարավորությունը:
2. Սույն Պայմանագիրը չի վնասում հաշմանդամություն ունեցող անձանց համար ազգային օրենսդրությամբ սահմանված այլ սահմանափակումներին ու բացառություններին:
Հոդված 13
Ասամբլեա
1. ա) Պայմանավորվող կողմերն ունեն Ասամբլեա:
բ) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ներկայացված է Ասամբլեայում մեկ պատվիրակով, ում կարող են օգնել փոխարինող պատվիրակները, խորհրդատուները և փորձագետները:
գ) Յուրաքանչյուր պատվիրակության ծախսերը հոգում է այն նշանակող Պայմանավորվող կողմը: Ասամբլեան կարող է դիմել ՄՍՀԿ-ին ֆինանսական աջակցության խնդրանքով՝ օժանդակելու համար այն Պայմանավորվող կողմերի պատվիրակությունների մասնակցությունը դյուրացնելուն, որոնք համարվում են զարգացող երկրներ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից սահմանված գործելակերպի համաձայն, կամ որոնք գտնվում են շուկայական տնտեսության անցման փուլում:
2. ա) Ասամբլեան քննարկում է սույն Պայմանագրի պահպանմանը և զարգացմանը, ինչպես նաև դրա կիրառմանը և գործունեությանը վերաբերող հարցեր:
բ) Ասամբլեան կատարում է 15-րդ հոդվածով իր վրա դրված գործառույթը որոշ միջկառավարական կազմակերպությունների՝ սույն Պայմանագրին անդամակցության թույլտվության վերաբերյալ:
գ) Ասամբլեան որոշում է սույն Պայմանագիրը վերանայելու համար հրավիրել դիվանագիտական համաժողով և տալիս է անհրաժեշտ ցուցումներ ՄՍՀԿ գլխավոր տնօրենին` նման դիվանագիտական համաժողով նախապատրաստելու համար:
3. ա) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը պետություն է, ունի մեկ քվե և քվեարկում է միայն իր անունից:
բ) Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը միջկառավարական կազմակերպություն է, կարող է մասնակցել քվեարկությանը իր անդամ պետությունների փոխարեն, ձայների այն քանակությամբ, որը հավասար է իր անդամ պետությունների քանակին, որոնք սույն Պայմանագրի կողմ են: Նման միջկառավարական կազմակերպությունը չի մասնակցում քվեարկությանը, եթե նրա անդամ պետություններից որևէ մեկն օգտագործում է քվեարկելու իր իրավունքը և հակառակը:
4. Ասամբլեան գումարվում է գլխավոր տնօրենի հրավերով, բացառիկ հանգամանքների բացակայության դեպքում՝ նույն ժամանակահատվածում և նույն վայրում, ինչ ՄՍՀԿ գլխավոր ասամբլեան:
5. Ասամբլեան ձգտում է իր որոշումներն ընդունել կոնսենսուսով և սահմանում է իր ընթացակարգի կանոնները, ներառյալ արտահերթ նիստերի գումարումը, քվորումի պահանջները, և, հաշվի առնելով սույն Պայմանագրի դրույթներից, տարբեր տեսակի որոշումների ընդունման համար պահանջվող ձայների մեծամասնությունը:
Հոդված 14
Միջազգային բյուրո
ՄՍՀԿ միջազգային բյուրոն իրականացնում է սույն Պայմանագրին առնչվող վարչական գործառույթները:
Հոդված 15
Պայմանագրի Կողմ դառնալու իրավունքը
1. ՄՍՀԿ ցանկացած անդամ պետություն կարող է դառնալ սույն Պայմանագրի կողմ:
2. Ասամբլեան կարող է որոշում ընդունել թույլատրելու ցանկացած այնպիսի միջկառավարական կազմակերպության դառնալ սույն Պայմանագրի կողմ, որը հայտարարում է, որ իրավասու է սույն Պայմանագրով կարգավորվող հարցերի կապակցությամբ և ունի սույն Պայմանագրով կարգավորվող հարցերով իր բոլոր անդամ պետությունների համար պարտադիր օրենսդրություն, և որը, իր ներքին ընթացակարգին համապատասխան, պատշաճ կերպով լիազորված է դառնալու սույն Պայմանագրի կողմ:
3. Եվրոպական միությունը, սույն Պայմանագիրն ընդունող դիվանագիտական համաժողովում կատարելով նախորդ կետում նշված հայտարարությունը, կարող է դառնալ սույն Պայմանագրի կողմ:
Հոդված 16
Պայմանագրով սահմանված իրավունքները և պարտավորությունները
Եթե սույն Պայմանագրի որևէ հատուկ դրույթով այլ բան նախատեսված չէ, ապա յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ օգտվում է սույն Պայմանագրով նախատեսված բոլոր իրավունքներից և ստանձնում բոլոր նախատեսված պարտավորությունները:
Հոդված 17
Պայմանագրի ստորագրումը
Սույն Պայմանագիրը բաց է Մարաքեշի դիվանագիտական համաժողովում ստորագրելու համար, իսկ հետո՝ ընդունման պահից մեկ տարվա ընթացքում, ՄՍՀԿ կենտրոնակայան՝ կողմ դառնալու պայմանները բավարարող ցանկացած կողմի միանալու համար:
Հոդված 18
Պայմանագրի ուժի մեջ մտնելը
Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում 15-րդ հոդվածում նշված՝ կողմ դառնալու պայմանները բավարարող 20 կողմի կողմից վավերացման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելուց երեք ամիս հետո:
Հոդված 19
Պայմանագրի կողմ դառնալու օրը
Սույն Պայմանագիրը պարտադիր է.
ա) 18-րդ հոդվածում նշված Պայմանագրին կողմ դառնալու պայմանները բավարարող 20 կողմի համար՝ սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած,
բ) 15-րդ հոդվածում նշված Պայմանագրին կողմ դառնալու պայմաններին բավարարող ցանկացած այլ կողմի համար՝ ՄՍՀԿ Գլխավոր տնօրենին վավերացման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո:
Հոդված 20
Պայմանագիրը չեղյալ հայտարարելը
Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Պայմանագիրը ՄՍՀԿ գլխավոր տնօրենին ուղղված ծանուցմամբ։ Ցանկացած չեղյալ հայտարարում ուժի մեջ է մտնում ծանուցումը ՄՍՀԿ գլխավոր տնօրենի ստանալու օրվանից մեկ տարի հետո։
Հոդված 21
Պայմանագրի լեզուները
1. Սույն Պայմանագիրը ստորագրվում է մեկ բնօրինակով՝ անգլերեն, արաբերեն, չինարեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն, ընդ որում բոլոր լեզուներով տեքստերը հավասարազոր են։
2. Պաշտոնական տեքստն այլ լեզուներով, բացի 21(1) հոդվածում նշված լեզուներից, հաստատում է ՄՍՀԿ գլխավոր տնօրենը, շահագրգիռ կողմի դիմումով՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցելուց հետո։ Սույն կետի նպատակներով «շահագրգիռ կողմ» նշանակում է՝ ՄՍՀԿ ցանկացած անդամ պետություն, որի պաշտոնական լեզուն կամ պաշտոնական լեզուներից մեկը դիմումի առարկան է, ինչպես նաև Եվրոպական միությունը և ցանկացած այլ միջկառավարական կազմակերպություն, որը կարող է դառնալ սույն Պայմանագրի կողմ, եթե նրա պաշտոնական լեզուներից մեկը դիմումի առարկան է:
Հոդված 22
Ավանդապահը
ՄՍՀԿ գլխավոր տնօրենը սույն Պայմանագրի ավանդապահն է։
Ընդունված է Մարաքեշում 2013 թվականի հունիսի 27-ին:
Հայաստանի Հանրապետության հայտարարությունը
«Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության դեմ
Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը պարունակում է առարկայազուրկ և անհիմն մեղադրանքներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը, և խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որը հրահրվել ու շարունակվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության) ժողովրդի՝ մարդու իրավունքների և ինքնորոշման համար խաղաղ պահանջներին ի պատասխան ուժի կիրառման պատճառով:
