«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 մարտի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11208087
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
12 մարտի 2008 թ. |
N 6-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 6014-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը` համաձայն հավելված 1-ի:
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը` համաձայն հավելված 2-ի:
Ոստիկանության գեներալ-գնդապետ՝ |
Հ. Հարությունյան |
Հավելված 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայողներ) վերապատրաստման հետ կապված հարաբերությունները:
2. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է: Վերապատրաստման դասընթացները կազմակերպվում են մինչև մեկ ամիս ժամկետով:
3. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի կազմակերպման պատասխանատուն կադրային ստորաբաժանումն է, իսկ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը համակարգում է պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:
4. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:
5. Բացի սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքի, վերապատրաստումն անցկացվում է նաև քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` քաղաքացիական ծառայողի կամ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ:
6. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է կադրային ստորաբաժանման ղեկավարի անվանական հայտի հիման վրա:
7. Վերապատրաստում իրականացնող ուսումնական հաստատությունների կամ այլ կազմակերպությունների ցանկը հաստատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը: Վերապատրաստման գործընթացին որպես դասախոս կարող են ներգրավվել նաև ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների փորձառու ծառայողներ` պայմանագրային հիմունքներով:
8. Քաղաքացիական ծառայողին վերապատրաստման դասընթացներին ընդգրկելը ձևակերպվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:
9. Վերապատրաստման ընթացքում քաղաքացիական ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից` քաղաքացիական ծառայության իր զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ:
10. Վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին:
11. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հաստատած ծրագրերով:
12. Վերապատրաստողները քաղաքացիական ծառայողների յուրաքանչյուր վերապատրաստման դասընթացի ավարտից հետո` երեք աշխատանքային oրվա ընթացքում, կադրային ստորաբաժանում են ներկայացնում տեղեկանք (Ձև N 1)` վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ:
13. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
14. Կադրային ստորաբաժանումը, եռամսյակը մեկ անգամ, պետական կառավարման մարմնի ղեկավարին է ներկայացնում ամփոփ տեղեկանք` վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ, որոնց հիման վրա տարեվերջին ներկայացնում է հաշվետվություն քաղաքացիական ծառայողների վերապատրաստման տարեկան արդյունքների մասին:
II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
15. Քաղաքացիական ծառայողների պարտադիր վերապատրաստման գործընթացը կազմակերպելու համար կառուցվածքային ստորաբաժանումներում կազմվում են հաջորդ տարում վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների անվանական ցուցակները` համաձայնեցնելով նրանց ղեկավարների հետ:
16. Ցուցակների հիման վրա կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 30-ը կադրային ստորաբաժանում են ներկայացնում վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների անվանական հայտերը:
17. Անվանական հայտերը կադրային ստորաբաժանումը ներկայացնում է այն ուսումնական հաստատություններին կամ կազմակերպություններին, որոնց հետ ունի վերապատրաստում իրականացնելու վերաբերյալ կնքված պայմանագիր:
18. Քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստումը առնվազն պետք է ընդգրկի քաղաքացիական ծառայության, կառավարչական հմտությունների և համապատասխան ստորաբաժանումների ընդհանուր իրավասության (այսուհետ` մասնագիտական) և/կամ համապատասխան ստորաբաժանումների համանման գործառույթներին առնչվող (այսուհետ` ընդհանուր բնույթի) բնագավառների ծրագրեր:
19. Քաղաքացիական ծառայության, կառավարչական հմտությունների և ընդհանուր բնույթի ծրագրերը (մոդուլները) և մասնագիտական ծրագրերը (մոդուլները) ուսումնական հաստատությունների կողմից ներկայացվում են կադրային ստորաբաժանում` պետական կառավարման մարմնի ղեկավարի հաստատման համար` տվյալ վերապատրաստումն անցկացնելուց ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:
20. Սույն կետով նախատեսված ծրագրերը ներկայացվում են ըստ քաղաքացիական ծառայության պաշտոնների խմբերի կամ մասնագիտությունների:
21. Սույն կետով նախատեսված ծրագրերի հետ միաժամանակ պետական կառավարման մարմնի ղեկավարին պետք է ներկայացվի նաև այդ ծրագրերով վերապատրաստողների ցուցակը:
22. Կադրային ստորաբաժանումը կազմակերպում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը` վերապատրաստողին ներկայացնելով անվանական հայտ (Ձև N 2):
23. Պարտադիր վերապատրաստման ծրագրերը իրականացվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների միջոցով:
24. Պարտադիր վերապատրաստման արդյունքում քաղաքացիական ծառայողին տրվում է վկայական (Ձև N 3):
25. Պարտադիր վերապատրաստման դասընթացների ավելի, քան մեկ երրորդին քաղաքացիական ծառայողի անհարգելի բացակայության դեպքում նրան` սույն կարգի 24-րդ կետով նախատեսված վկայական չի տրվում: Սույն կետով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայողին տրվում է տեղեկանք` ծրագրերի ունկնդրած ծավալի և բովանդակության մասին:
26. Պարտադիր վերապատրաստման դասընթացների կեսից ավելիին քաղաքացիական ծառայողի հարգելի բացակայության դեպքում (հիվանդություն, գործուղում և այլն) նրան` կադրային ստորաբաժանման թույլտվությամբ հնարավորություն է տրվում մասնակցելու հաջորդ դասընթացներից որևէ մեկին:
III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
27. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայողի կամ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ վերապատրաստման դեպքերում տվյալ վերապատրաստման ծրագրերը և այդ ծրագրերով վերապատրաստողների թեկնածությունը կադրային ստորաբաժանում է ներկայացվում տվյալ վերապատրաստումն անցկացնելուց ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:
28. Սույն կարգի 27-րդ կետով նախատեսված դեպքերում քաղաքացիական ծառայության, կառավարչական հմտությունների, ընդհանուր բնույթի բնագավառների ծրագրերով վերապատրաստման առաջարկությունը` հիմնավորմամբ, կադրային ստորաբաժանում է ներկայացնում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը: Այդ առաջարկության հիման վրա համապատասխան ծրագրերը և այդ ծրագրերով վերապատրաստողների թեկնածությունը կադրային ստորաբաժանում է ներկայացվում սույն կարգի 19-րդ կետով սահմանված կարգով:
29. Սույն կարգի 27-րդ կետով նախատեսված դեպքերում տվյալ վերապատրաստման ծրագրերով սահմանվում են նաև վերապատրաստման ձևերը և գնահատման մեխանիզմները:
IV. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
30. Քաղաքացիական ծառայող համարված աշխատողների առաջին վերապատրաստումն անցկացվում է կադրային ստորաբաժանման կողմից մշակած և պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված վերապատրաստման ծրագրերին համապատասխան:
31. Առաջին վերապատրաստման արդյունքում քաղաքացիական ծառայողին տրվում է տեղեկանք քաղաքացիական ծառայողի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու մասին, որի պատճենը կցվում է նրա անձնական գործին:
Հավելված 2 |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայողներ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղման հետ կապված հարաբերությունները:
2. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղման դասընթացները կազմակերպվում են մեկ ամսից ավելի ժամկետով:
3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղումը ձևակերպվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի կամ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի հրամանով:
4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել պետական կառավարման մարմնի ղեկավարի կամ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի հայեցողությամբ:
5. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման արդյունքում ստացված փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին:
6. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործուղման դեպքերում գործուղված քաղաքացիական ծառայողը գործուղումից հետո առնվազն մեկշաբաթյա ժամկետում պետական կառավարման մարմնի ղեկավարին կամ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձին է ներկայացնում գործուղման հետ կապված հաշվետվություն` կցելով համապատասխան նյութերը: